Մեկ շաբաթից խնդիրն ահռելի լուրջ է լինելու, 400-500 տոննա ծիրան, մի քանի տոննա բալ գյուղացին չգիտի ինչպես իրացնի. Թեհմինե Ենոքյան

Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղում բնակիչները կանգնել են ծիրանի և բալի բերքի իրացման խնդրի առաջ։ «Փաստինֆոյի» հետ զրույցում Գնդեվազի բնակիչ, բնապահպան Թեհմինե Ենոքյանը պատմեց, որ սովորաբար բերքը արտահանում էին՝ հիմնականում ՌԴ, բայց այս տարի կարկուտի պատճառով բերքը վնասվել է, արտահանմամբ զբաղվողներն էլ այս տարի գյուղ չեն եկել։
«Տարի է եղել, որ մոտ 400-500 տոննա բերք ենք արտահանել, այսինքն, այդքան բերք ենք ունենում։ Խնդիրն այն է, որ ունենք հակակարկտային կայաններ, Հայաստանի շատ մարզերում է այս տարի կարկուտ եկել, ու ես գյուղեր գիտեմ, որ բավական խոշոր չափի։ Մեր դեպքում՝ ամեն օր կրակում է մեր կայանը, բայց չի կարողացել ամբողջությամբ պաշտպանել։ Մեծ չափի կարկուտը հնարավոր է եղել չեզոքացնել, բայց կարկուտն ավելի մանր է եկել ու բերքը վնասված է, ամեն ծիրանի վրա թեկուզ փոքր հետք կա։
Եթե անցած տարիներին բոլորը կարողանում էին տեսակավորել ու արտահանել միրգը, ապա այս տարի ծիրան արտահանողները գրեթե չեն եկել գյուղ։ Բացի ծիրանից՝ հիմա այստեղ երևի ամեն տուն 50-100 կգ բալ ունի, որը նույնպես մարդիկ չեն կարողանում իրացնել, կարկուտը բալը եւս վնասել է։
Բոլոր հյութ արտադրող գործարաններին առաջարկել եմ, ասում են՝ իրենք կոմպոտ են պատրաստում, իսկ դրա համար պտուղը պետք է իդեալական վիճակում լինի։ Ծիրանի պարագայում մթերողներից դեռ արձագանք չունենք, խնդիրն ահռելի լուրջ է լինելու հատկապես մեկ շաբաթից, երբ ամբողջ բերքը հասունանա, ընդ որում, տեղեր կան, որ մթերում է են 1 ԿԳ-ի համար 80-100 դրամով, այս գինն էլ այնքան ցածր է, որ մարդկանց մի մասն ասում է՝ ավելի լավ է օղի քաշենք, բայց 400 տոննա օղի քաշելը լուրջ չէ»։
Նա նշեց, որ պետությունը փոխհատուցման համակարգ ունի կարկուտից տուժած համայնքների համար, ապահովագրական համակարգից են առաջարկում օգտվել։ «Այսինքն, գյուղացին պետք է ապահովագրի իր ունեցած այգին ծառերի քանակով, բայց ես կդժվարանամ ասել, թե քանիսը ապահովագրած կլինի, ու հիմա չեմ պատկերացնում, թե եթե ամբողջ բերքը հասնի՝ այդ 400 տոննա բերքը ինչ են անելու մարդիկ»։
Ենոքյանի պատմեց, որ շատերն առաջարկում են բերքը բերել Երևան՝ վաճառելու, բայց ոչ ինքը, ոլ էլ որևէ մեկ ուրիշն ամբողջ գյուղի բերքի համար պատասխանատվություն չի վերցնի։ «Դրա համար լոգիստիկ համակարգ է պետք ունենալ, ֆուռեր, բեռնատարներ են պետք, որովհետև մեկ մարդու մասին չի խոսքը, և ամեն սեփականատեր իր գինը կարող է ունենալ»։
Նա նաև ընդգծեց, որ մեծ հաշվով Հայաստանում գյուղատնտեսությունը չի պաշտպանվում, տասնյակ ծրագրեր են իրականացվում սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում, ֆինանսներ են ներդրվում, բայց դրանք գյուղացու աշխատանքը չեն պաշտպանում։ «Խնդիրը գյուղացու արտադրանքը իրացնելու, շուկա, ենթակառուցվածք ստեղծելու մեջ է, երբ դրանք չկան՝ գյուղացին շիվարած է մնում, թե ինչ անի իր արտադրանքի հետ։ Այստեղ ոչ մեկ պատասխանատվություն չի վերցնի՝ հարևանի բերքն էլ հետը վերցնել՝ բերել Երևան վաճառելու։
Նա ընդգծեց, որ այս խնդիրը համատարած է, հատկապես, Արմավիրի մարզում կարկուտն ամբողջությամբ ավիրել է այգիները։ «Կարկուտից պաշտպանվելու համար հակակարկտային կայանները ամբողջապես խնդիրը չեն լուծում, մյուս տարբերակը հակակարկտային ցանցերն են, որոնք թանկ հաճույք են, ու գյուղացին չի կարող դա ինքնուրույն անել։ Այսինքն, մենք մի կողմից ամեն տարի Սևանից ջուր են բաց թողնում, որ Արարատյան դաշտը ոռոգի, մյուս կողմից այդ ջուրը չի ծառայում նպատակին։ Եթե կարկուտը ամբողջ բերքն ավիրի՝ էլ ինչն են ջրելու»։