Բլինքենը կոչ է արել Ալիևին հնարավորինս շուտ ազատ արձակել հայ ձերբակալվածներին

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրն անհապաղ ավարտին հասցնելու և կնքելու կարևորությունը։
Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի տարածած հաղորդագրության մեջ։
«Պետքարտուղարն ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի շարունակական առաջընթացը խաղաղության համաձայնագրի ուղղությամբ և ընդգծել համաձայնագրի անհապաղ կնքման կարևորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հեռախոսազրույցի ընթացքում Բլինքենը նորից կոչ է արել Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին և ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին։
«Նա Ադրբեջանին կոչ է արել դա անել հնարավորինս շուտ»,- ասվում է ԱՄՆ պետքարտուղարի ներկայացուցչի հայտարարության մեջ: