Արարատի մարզում ռեստորանի տերն այրել է նախկին կնոջ «Hyundai Elantra»-ն
Այսօր՝ մայիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 12։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հրդեհ է բռնկվել «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայում։
Իրավապահներն Արարատի մարզում հայտնաբերում և ձերբակալում են ավտոմեքենան հրկիզած կասկածյալին։ Նա Երևանի բնակիչ 65-ամյա Ռ․ Երեմյանն է, ով ժամը 12։30-ի սահմաններում հանդիպել է ավտոմեքենայի սեփականատեր, իր նախկին կնոջը՝ Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Ալինա Մ․-ին և զրուցելու նպատակով նստել է Ալինա Մ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան։
Երևան-Երասխ ավտոճանապարհի Ազատավան գյուղի կամրջի մոտ նրանց միջև վիճաբանություն է սկսվել, ինչից հետո Ռ․ Երեմյանը նախապես իր մոտ եղած բենզինի շշից բենզինը լցրել է ավտոմեքենայի մեջ և այրել։
Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ նա փորձել է վնասել Ալինա Մ․-ին, սակայն վերջինս կարողացել է փախչել, իսկ Արարատի մարզի ոստիկանները վնասազերծել են Ռ․ Երեմյանին և բերման ենթարկել ոստիկանության Արտաշատի բաժին։
Երեմյանը հայտնի է «Ռազո» մականվամբ, «Ռալինա» ռեստորանային համալիրի տերն է։