Համախմբվենք հայոց անկախ պետականության լուսավոր գաղափարի շուրջ. Մայր Աթոռ

Մայիսի 9-ին` Հաղթանակի ու խաղաղության տոնին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը, որի ընթացքում հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Սուրբ Էջմիածին փոխադրման պատմական օրը: Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ Մայր Աթոռի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։

Սուրբ Պատարագի ընթացքում Հայոց Հովվապետի նախագահությամբ կատարվեց Հայրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասն ու ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Հայրապետության անսասանության, պայծառության ու շենացման համար:

Արարողության ավարտին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով, ներկա հավատացյալ ժողովրդին ու համայն հայությանն ուղղեց իր պատգամը․

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ հայոց,

Հաղթական անցյալի ներշնչանքով և լուսավոր ապագայի հույսով, բայց նաև ծանր զգացումներով ենք այսօր դիմավորում Հաղթանակի և խաղաղության տոնը, տոնը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի: Այս տարի խորհրդանշական զուգադիպությամբ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին տոնախմբում է նաև մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Համբարձումը և Հայրապետական Աթոռի Սուրբ Էջմիածնում վերահաստատվելու հիշատակի օրը: Ազգային, պետական ու եկեղեցական կարևորագույն այս տոների համընկնումով Մայիսի 9-ը ամբողջացնում է խորհուրդը հաղթանակի:

Այսօր մեր երկիրն ու ժողովուրդը դիմագրավում են գոյաբանական ծանրագույն փորձություններ: Անհուն զրկանքների ու զոհողությունների գնով ազատագրված Արցախը բռնազավթված է ու հայաթափված, մեր սրբավայրերն ու շիրիմները՝ լքված ու ավերակված: Վտանգված են Հայաստանի սահմանները, և սպառնալիքների տակ՝ հայրենաբնակ մեր ժողովրդի կյանքը, կորսված է մեր անդորրը, և խոցոտված՝ մեր ազգային արժանապատվությունը:

Ցավալի կորուստների և դառն պարտությունների մեջ մենք վերստին դառնում ենք դեպի Կյանքի Աղբյուրը, դեպի Ամենախնամն Աստված, որ հազարամյակների փորձությունների ու մաքառումների, արհավիրքների ու աղետների մեջ կյանքի ու հարատևության շնորհով օրհնեց մեզ և ոգեշնչեց՝ ասելով. «Քաջալերվեցեք, որովհետև Ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16.33): Մենք ժառանգներն ենք մի ժողովրդի, որ մահվան ու տառապանքների դեմ գոտեմարտում երբեք չկորցրեց իր հավատն առ Աստված, պահեց հավատարմությունը իր հոգևոր-ազգային արժեքներին և չհրաժարվեց իր ինքնությունից: Մենք հետնորդներն ենք մեր հերոս նախնյաց, որոնց փառապանծ գործերով հզորացել ու պայծառացել է ազգն ու հայրենիքը, դպրությունը, գիտությունն ու մշակույթը։ Հայրենի հողը շենացնելու, հայոց պետականությունը վերականգնելու նվիրական տեսիլքը վառ պահելու համար մեր հայրերը 1441 թվականին Սսից Սուրբ Էջմիածին փոխադրեցին Հայոց Հայրապետական Աթոռը:

Քրիստոսահիմն Սուրբ Էջմիածինը համայն հայության հոգևոր տունն է, հայոց անկախ պետականության կերտման դարբնոցը, մեր ժողովրդի հաղթանակների ու հարատևության խորհրդանիշը և ազգային մեր անաղարտ ինքնության ջահակիրն ու պահապանը: Սուրբ Էջմիածնի տեսիլքը այսօր ևս շարունակում է մնալ հոգևոր ներուժն ու ակունքը հաղթանակների: Հաղթանակ՝ փորձությունների դեմ, հաղթանակ՝ ինքնության ու արժանապատվության համար մղվող պայքարում, հաղթանակ՝ առ հայրենին ու առ սրբազան արժեքները հավատարմության: Մեր հաղթանակները չունեն թշնամանքի ու ատելության կնիք, այլոց արժանապատվությունը նսեմացնելու, սրբությունները ոտնահարելու և ինքնությունը ոչնչացնելու չարորակ նկրտում: Մեր հաղթանակները ամրապնդում են կամքն ու վճռականությունը՝ հասնելու խաղաղության, անվտանգ պահելու մեր ժողովրդին, վերահաստատելու համազգային սերն ու համերաշխությունը:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մեր սիրտը հուզում են նույն մտահոգություններն ու ցավերը, որոնք ալեկոծում են հոգիները հայրենիքի ծանր մարտահրավերներով անհանգստացած աշխարհասփյուռ Մեր զավակների։ Այդ տագնապներով են նաև այս օրերին իրենց ընդվզումի ձայնը բարձրացնում «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման մասնակիցները։ Մեր մաղթանքն է, որ շուտափույթ հանգուցալուծում գտնեն առկա հիմնախնդիրները, և մեր ժողովուրդը պատվով հաղթահարի մեզ պատուհասած արհավիրքները։ Արդ, հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք դժվարությունների առջև, հիշենք մեր նախնիների սխրանքները, թոթափենք վախի ու անտարբերության կործանարար զգացումները, լինենք միակուռ ու միաբան: Համախմբվենք հայոց անկախ պետականության լուսավոր գաղափարի շուրջ՝ Աստծո օրհնությամբ անկասելի դարձնելու մեր ժողովրդի ընթացքը դեպի նոր հորիզոնները մեր լուսավոր գալիքի։

Աղոթենք միասնաբար, որ Աստված խաղաղություն պարգևի համայն աշխարհին, նոր կորուստներից ու աղետներից հեռու պահի մեր հայրենիքն ու ազգը և Իր ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո շնորհի անվտանգ կյանք ու ստեղծարար հաջողություններ այսօր և միշտ. ամեն»։

Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Հայրապետի, կատարվեց հոգեհանգստյան կարգ։ Եկեղեցականներն ու ներկա հավատավոր ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտերում զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության ու հանգստության համար»:

դիտվել է 847 անգամ
Լրահոս
Ուժայինները շրջափակել են ոչ միայն Կիրանցը, այլև հարևան գյուղերը. Կարեն Վրթանեսյան Այս ամբողջն անցնում է Ադրբեջանին․ Ագնեսա Խամոյանը՝ Կիրանցից մանրամասներ է հայտնում (video) Չափդ ճանաչի՛ր․ Կիրանցի մոտ սևբերետավորները բախում հրահրեցին (video) Պատահական թե՞ սարքված էր ուղղաթիռի կործանումը․ Արա Պողոսյան Խայտառակություն․Կիրանցի սկզբից մինչև Ադրբեջանի հետ առաջին սահմանային սյունը 2 րոպեի հեռավորություն է (video) 2 տուն, 3 վագոն-տնակ մնում են Ադրբեջանի վերահսկողության տակ. 6 տուն էլ կա, որ հնարավոր չէ ապրել. Կիրանցի գյուղապետ «Հերիք էղավ, բոլ եղավ, փոշմանելու եք ձեր արածի համար»․ Կիրանցի մոտ իրավիճակը դեռ լարված է (video) Խոշոր ավտովթար Զովունիում․ վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ավինյանը «վառեց» իրենց անորակ ասֆալտի գործը (video) Լարված իրավիճակ․ Բերետավորները պատ են կազմել Կիրանցում (video) Եթե անկլավների խնդիրը բացվեց, մոռացե'ք, ո'չ Տավուշ կլինի, ո'չ Հայաստան. Սրբազան (video) Ռաիսիի ուղղաթիռում գտնվողները մահացել են վթարի առաջին իսկ վայրկյաններին. կարմիր մահիկ Դժվարին այս պահին մեր բոլոր մտքերն ու աղոթքներն ԻԻՀ բարեկամ պետության և եղբայրական ժողովրդի հետ են․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցավակցական ուղերձը ՇՏԱՊ․ Կիրանցում սահմանային վերջին հենասյուները ոստիկանական զորքի հսկողությամբ ԱԱԾ-ն տեղադրեց (video) Բացահայտվել է Ոստան գյուղում տեղի ունեցած սպանության դեպքը. մեկ անձ կալանավորվել է Ագրեսիա չե՛նք կիրառելու, մենք մշակույթի մարդ ենք․ Արսեն Գրիգորյան (video) Ալիևի հրահանգով ճանապարհները 2 օր փակ կմնան․ Գառնիկ Դանիելյան (video) Մեր գործընկերներին խնդրում ենք գրանցվել «երկրորդ հերթափոխին. «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն Փաշինյանը զարմացած է` Ադրբեջանը հայկական եկեղեցին թողել է մեր տարածքում․ Օսկանյան (video) ՀՐԱՏԱՊ․ Կիրանց գյուղի ներսում տեղադրվեցին սահմանային հենասյուները, գյուղը կիսվեց (video) Իրանում համազգային սուգ է հայտարարվել Սրբազանի հաղթարշավն ու Նիկոլի ցնցումները․ Էդգար Ղազարյան (video) Սա միայն Իրանի ցավը չէ, սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն. Տիգրան Աբրահամյան Կիրանցում սահմանազատող սյունը տեղադրվեց գյուղի մեջ Աբովյան քաղաքում մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու այրված դի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am