«Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սահմանագծումն ու սահմանազատումը Հայաստանի Հանրապետության համար անվտանգության նոր ռիսկեր են առաջ բերելու: Այս գործընթացի բացասական ազդեցության թիրախում է հայտնվելու տնտեսությունը: Արդյոք արտաքին և ներքին ներդրողների համար Հայաստանը կլինի՞ գրավիչ ու անվտանգ երկիր: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն առաջարկում է պոտենցիալ ներդրողներին բաժանել երեք խմբի՝ տեղական, օտարերկրյա, բացառությամբ Թուրքիայի և Ադրբեջանի, և Թուրքիան ու Ադրբեջանը միասին վերցրած:

«Տեղական ներդրողները, տեղական բիզնեսին և որոշակի կապիտալին տիրապետողները, վստահեցնում եմ, որ կապիտալն արտահանում են Հայաստանի Հանրապետությունից: Իմ ճանաչած մարդկանց շրջանակում չեմ ճանաչում միջին բիզնեսից սկսած մինչև խոշոր, որ կապիտալը չարտահանի Հայաստանից՝ գոնե այս պահին դիվերսիֆիկացիան ապահովելու համար: Օտարերկրյա ներդրումները բացակայում են Հայաստանում, դա ցույց են տալիս 2020 թ.-ից մինչ այսօր բոլոր վիճակագրական հետազոտությունները, այդ թվում՝ պաշտոնական վիճակագրական տվյալները: Բացակայում են ոլորտային ներդրումները, բացառությամբ մի քանի ոլորտի՝ գազային, էլեկտրաէներգիայի և հանքարդյունաբերության, վերջերս նաև կապի օպերատորներից «Վիվա ՄՏՍ-ի» բաժնետոմսերի մեջ տեղի ունեցավ փոփոխություն:

Դրանք այնպիսի ոլորտներ են, որոնք կարող են ցանկացած դեպքում, անկախ Հայաստանի Հանրապետության կարգավիճակից, տեղում օգտագործվել և տեղում շահույթներ է գեներացնել: Ինչ վերաբերում է Թուրքիային և Ադրբեջանին, այս «Խաղաղության խաչմերուկ» անվան տակ նրանք պատկերացնում են Հայաստանի Հանրապետությունն իրենց տարածք: Այս ամեն ինչի տակ դրված է տնտեսական սովորական հաշվարկ: Այսինքն, հաշվարկում են, թե որքան կլինեն պատերազմի ծախսերն ամբողջությամբ կամ իրենց հետաքրքրող հատվածը գրավելու համար, և «փափուկ ուժի» ծախսերն են հաշվում: Տեսնում են, որ «փափուկ ուժով» ձեռք բերելը տնտեսապես շատ ավելի ձեռնտու է և էֆեկտիվ, գնում են դրա հետևից:

Ի՞նչ են անում «փափուկ ուժով»: Նախ՝ Ադրբեջանը հայտարարում է, որ երեք հարյուր հազար ադրբեջանցի պետք է վերադառնա Հայաստանի Հանրապետություն վերաբնակեցման, իսկ դա ահռելի, նույնիսկ կրիտիկական զանգվածը գերազանցող թիվ է: Այդ երեք հարյուր հազարի համար իրենք այստեղ սկսում են իրենց ներդրումները: Դրա վառ օրինակ-ապացույցն ու հիմնավորումն է Հայաստանի Հանրապետությունում ոստիկանական գվարդիա ստեղծելը: Երբ ֆրասիական զրահատեխնիկա էին բերում Հայաստանի Հանրապետություն, գովազդում էին, թե իբր դա սահմանային անվտանգության կամ բանակին ծառայող զինտեխնիկա է, բայց դա ընդամենը ներքին խժդժությունները զսպող, ներքին ուժ ստեղծելու համար զինտեխնիկա է:

Դրան գումարած՝ Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են այս վերաբնակեցման ժամանակահատվածում նաև միջազգային խաղաղարար առաքելություն, ինչը նշանակում է թուրքական զորքերի կամ թուրքական ոստիկանական ուժերի ներկայություն Հայաստանի Հանրապետությունում: Այս պարագայում և այդպիսի վերադասավորումների դեպքում անհնար է լինելու Հայաստանում, բացի թուրք-ադրբեջանական տանդեմից, այլ ներդրումների ներգրավումը: Սա ուղղակի անհնար է, ոչ թե կասկածի տակ է, այլ ուղղակի բացառում ենք: Զուգահեռաբար Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով «Արևմտյան Ադրբեջան» կեղծ անվանումով քարտեզներ է հրապարակում, լրատվամիջոցներ ու ֆակուլտետներ ստեղծում: Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Իսկ ե՞րբ է Հայաստանի տնտեսությունը զգալու կապիտալի արտահոսքը: «Արդեն իսկ զգում ենք, դա պարզ կդառնա, երբ շփվեք որոշակի բիզնես շրջանակների հետ: Հունվարից այս կողմ պարտքերի հավաքագրումը դարձել է լուրջ խնդիր: Վերջերս նույնիսկ օրենսդրական փոփոխություն կատարեցին, իհարկե, դրանք դեռևս փուլային համակարգով են ներդրվում: Սա վերաբերում է «Առևտրի և ծառայությունների մասին» և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքներում փոփոխություն կատարելուն: Չորս մասնաճյուղ և միլիարդը գերազանցող շրջանառություն ունեցող սուպերմարկետները երեսնօրյա ժամկետում պետք է վճարեն իրենց մատակարարներին պարենային ապրանքների, վաթսունօրյա ժամկետում՝ ոչ պարենային ապրանքների համար: Խայտառակ վիճակ է:

2024 թ. հինգերորդ ամիսն է սկսվել, բիզնեսում անպատկերացնելի իրավիճակ է, անընդհատ խնդիրներ ու խնդիրներ են: Սա իրեն արդեն զգալ է տալիս: Սա շուտով կազդի նաև աշխատող խավի վրա, այսինքն՝ աշխատավարձերի ուշացումներ և կրճատումներ կլինեն, այդ ժամանակ բոլորը համատարած կզգան բացասական հետևանքները: Բիզնեսն արդեն զգում է բացասական հետևանքները, աշխատող հատվածը կզգա մի քանի ամսից»,- նշում է մեր զրուցակիցը: Տնտեսության համար կարևոր ենթաճյուղերում տնտեսական ցուցանիշները շարունակում են անկում գրանցել: «Գյուղատնտեսության ոլորտը մի քանի տարի շարունակ անկում է գրանցում, սահմանային այսպիսի իրավիճակն էլ ավելի է խորացնելու այդ անկման արագացումը՝ կապված խոտհարքների, արոտավայրերի, մշակվող հողատարածքների և անասնապահության հետ: Աստված մի արասցե, եթե հասանք «անկլավների» հանձնմանը, գյուղատնտեսության վրա դա շատ վատ ազդեցություն կունենա:

Վերջին մի քանի ամսին անկում է գրանցում սննդի արդյունաբերությունը, որն ուղիղ կապված է գյուղատնտեսության հետ: Ծխախոտի արդյունաբերությունը նվազում է գրանցում, խմիչքների արդյունաբերության ոլորտում փետրվարին հրապարակված տվյալներով որոշակի դրական ցուցանիշ կար, աճել էր, բայց վերջին ամիսներին նույնիսկ խմիչքի արտադրությունն է անկում գրանցում: Դեղագործության ոլորտը, որը Հայաստանի Հանրապետության լրջագույն պոտենցիալներից է հանդիսանում իր թեթևությամբ, ծավալի առումով և այլն, երկնիշ թվերով անկում է գրանցում, մինչդեռ կարող ենք այստեղ աշխարհում առաջին արտահանողներից մեկը լինել: Քիմիական արդյունաբերությունը անկում է գրանցում: Այս պահին տնտեսական այս «աճը», որը նաև վտանգավոր աճ է, բացառապես ապահովում ենք արտաքին առևտրի շրջանակներում՝ դեռևս պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով և որոշակի տուրիստական ներհոսքերի հաշվին ծառայությունների ոլորտում՝ հյուրանոցային, ռեստորանասրճարանային ծառայություններ և այլն:

Այնպես որ, կարողանում ենք դեռևս աճ գրանցել»: Պետական գերատեսչությունները, սակայն, թերևս կհակադարձեն, որ տնտեսության տարբեր ճյուղերում հաջողություններ գրանցելու, տեղական արտադրությունը շահագրգռելու համար նախագծեր ու պիլոտային ծրագրեր են իրականացնում: Կարելի՞ է խոսել դրանց արդյունավետության մասին: «Անկման ցուցանիշները ապացուցում են նրանց ծրագրերի անարդյունավետությունը: Իրականացվող ծրագրերը որևէ կերպ հաշվարկված չեն: Ասեք, թե ովքեր են հաշվարկողները՝ ասեմ, դրանք ճիշտ են, թե ոչ: Էկոնոմիկայի նախարարությունը շարունակաբար ցույց է տալիս դրա հաշվարկները, բայց դեռևս չենք ունեցել նախարարության այնպիսի հաշվարկող, որ կարողանանք վստահ լինել՝ նրանք կարող են արդյունավետ ծրագիր ներդնել»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 252 անգամ
Լրահոս
Մենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին, իր առաջնորդած շարժմանը. Մեսրոպ Առաքելյան Ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն ՔՊ պատգամավորներ, կառավարության անդամներ, փորձագետ կոչվածներ, ծախու գրչակներ ֆեյք- մեյք, բոլորդ․ Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, դե խոսեք, տղամա՞րդ չեք․ Հազիվ հարձակվում եք էս ժողովրդի վրա Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. այն կքննարկվի այսօր. փաստաբան Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է Մեսչյանը չկա, չկա Երնջակյանը, Խանդիկյանը եւ էլի շատ վախկոտներ ու նիկոլական գործիչներ Վախենալու բանից պետք է վախենալ Սլովակիայի վարչապետի վրա կրակողը կալանավորվել է Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում․ 47-ամյա ծննդկան է մահացել Թուրքիան ավարտել է հարվածային ԱԹՍ-ների մատակարարումը Լեհաստանին Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է Ոստիկանական որոշ բաժիններում անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցվել․ Փաստաբան Սև ծովում նավ է խորտակվել «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին Մեր երկրում իշխանությունը զավթված է սատանայի կողմից, ուստի բնական է, որ նրա դեմ պայքարը պիտի հենց Արբազան կոչվեր․ Արմեն Աշոտյան Սահմանապահները նախնական տեղազննում են իրականացնում Կիրանցում Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան Ալիևն ուզում է ամբողջը և միանգամից, Նիկոլը տալիս է մաս-մաս և փուլերով․ Սա է «բանակցությունների» ողջ բովանդակությունը․ Արմեն Աշոտյան 35-40 տարեկան տղամարդը ռեստորանային համալիրի տանիքից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին․ Նոյեմբերյանի համայնքապետ (168.am) Քաղաքական ուժերի, զինվորականների, մշակույթի գործիչների հետ այսօրվա հանդիպումները Բագրատ Սրբազանը շատ դրական և խոստումնալից գնահատեց Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. Գեւորգ Դանիելյան Սա հակառակորդի թելադրանքը կատարելու մոտեցում է. Տիրան Խաչատրյանը` Տավուշում իրականացվող սահմանազատման մասին Եղանակը Հայաստանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am