«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մանկության տարիներին շատ ակտիվ էր Վարդանս, ամեն տեղ աչքի էր ընկնում՝ մանկապարտեզում, դպրոցում, բակում խաղալիս: Ցանկացած միջոցառման ժամանակ պիտի առաջինը լիներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ռեգինան՝ Վարդանի մայրիկը:

Զրույցների տարբեր հատվածներում տղաների հարազատները չեն կարողանում զսպել իրենց հուզմունքը: Վարդանի մասին զրուցելիս ու նրա մանկություն մտովի տեղափոխվելիս մայրիկի ձայնի մեջ որսացի այնքան բնական հուզմունքը: Վարդանը ծնվել է մայրաքաղաքում, սովորել է թիվ 54 դպրոցում, հետո տեղափոխվել թիվ 82 դպրոց, որն էլ ավարտել է: «Չեմ կարող ասել, թե գերազանցիկ էր, բայց այն առարկաները, որոնք իրեն դուր էին գալիս, սովորում էր, ակտիվ մասնակցում: Սիրում էր մաթեմատիկան, ուսուցիչն ասում էր՝ ամեն ինչ հասկանում է, շուտ կողմնորոշվում: Աշխարհագրությունն էր իրեն հետաքրքիր, նախնական զինվորական պատրաստությունից միշտ իններ էր ստանում: Այդ առարկայի ուսուցիչը մինչ հիմա ասում է, թե Վարդանը որքան ակտիվ էր իր դասերին ու միշտ պատրաստ: Դպրոցից հետո ուսումը շարունակեց Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում: Երգի բաժնում մեկ տարի սովորեց, շատ լավ երգում էր:

Քոլեջում սովորելուն զուգահեռ նաև աշխատում էր ավտոլվացման կետում: Չէր սիրում պարապ մնալ: Ամեն աշխատանք մեծ սիրով անում էր: Երբ արդեն պետք է զորակոչվեր ծառայության, զրույցներից մեկի ժամանակ ասաց. «Մա՛մ, որ բանակից գամ, չեմ կարծում, թե երգով կկարողանամ այնքան գումար վաստակել, որ ընտանիք կազմեմ, ձեզ օգնեմ»: Նպատակներ շատ ուներ: Ավտոլվացման կետում աշխատելու ժամանակ իր նախաձեռնությամբ սուրճի պատրաստման մի փոքրիկ կետ էր բացել: Ամեն ինչ հասցնում էր: Բանակից գալուց հետո մտածում էր իր փոքր բիզնեսն ունենալու, այն ընդլայնելու, նաև սննդի կետ ունենալու մասին: Աշխատասեր էր, անընդհատ ինչ-որ բան էր մտմտում, տանը նստել ու ոչինչ չանել չէր սիրում, գնում-գալիս էր, մեկ էլ կասեր՝ ինձ համար նոր աշխատանք եմ գտել»:

Վարդանը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվում 2022 թ. հունվարի 18ին: Ծառայում էր Կապանի Կարմրաքար զորամասում: «Շատ լավ էր տրամադրված ծառայությանը, առհասարակ լավատես էր: Միշտ ասում էր՝ կծառայեմ, կվերադառնամ: Բայց մի քանի անգամ նաև ինձ ասել է՝ մա՛մ, գիտե՞ս, որ գնամ, հետ չեմ գալու: Բնական է, հարցրեցի. «Վարդան, ինչի՞ ես նման բան ասում, նման մտքեր որտեղի՞ց»: «Չգիտեմ, մա՛մ, ինձ թվում է, որ գնամ, հետ չեմ գալու»: Բայց արդեն ծառայելու ընթացքում, երբ զրուցում էինք, իր տրամադրությունը միշտ բարձր էր, ասում էր՝ ամեն ինչ նորմալ է: Երբեք չի դժգոհել: Ծառայության ութ ամսվա ընթացքում երկու անգամ եկել է, իրեն տեսել եմ: Մենք ենք մի քանի անգամ իր մոտ գնացել: Ասում էր՝ թռնում են օրերը, շուտով մի տարին կլրանա, երկրորդը կգա, երկրորդն ավելի արագ կանցնի: Ես էլ զրույցների ժամանակ իրեն դրական էի տրամադրում, ասում՝ Վարդա՛ն, մի ամիս էլ անցավ:

Պատմում էր, թե որքան լավ տղաների հետ է ծառայում, լավ ընկերներ ուներ: Միշտ տեսանյութեր էր ուղարկում, երգում էին, հաց ուտում, անգամ դիրքերից է ինչ-որ կադրեր ուղարկել այն նպատակով, որ հանգիստ լինեմ, որ ամեն ինչ նորմալ է»: 2022 թ. սեպտեմբերի 12-ի գիշերը թշնամու թիրախում հայտնվեցին Սյունիքը, Գեղարքունիքը, Վայոց ձորը: Պատերազմ էր: «Սեպտեմբերի 12-ին՝ երեկոյան ժամը 10-ի շրջանում իր հետ խոսել եմ, ինձ ասաց՝ ամեն ինչ նորմալ է, հանգիստ քնի, այսօր ես եմ սահմանին կանգնած: Ու հանգիստ քնեցի: Մտքովս չանցավ, թե ինչ է կատարվում: Այն մտքով քնեցի, որ ամեն ինչ լավ է, Վարդանը լավ է, իր հետ խոսել եմ: Գիշերը երկուսին մեր ծանոթներից մեկը զանգահարեց, հարցրեց, թե Վարդանը որտեղ է ծառայում:

Արձագանքեցի՝ Կապանում: Ասաց՝ անմիջապես իրեն զանգի, պատերազմ է սկսվել, ոնց որ թե Կապանից են կրակում: Ու այլևս չկարողացա Վարդանի հետ կապվել: Միշտ այն մտքով էի, որ իմ տղան ճարպիկ է, կկարողանա իջնել դիրքից, բայց իր ընկերոջ պատմելով՝ չի փախել, մինչև վերջ պայքարել է: Վարդանը բավականին ծանր վիրավորում է ունեցել, ընկերն ասում է՝ ձայն տվեցի իրեն, բայց Վարդանն էլ չկար, ընկել էր»: Վարդանն անմահանում է սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում: «Երկար սպասեցինք Վարդանին, փնտրում էինք: Շատ վատ վիճակում էի, չէի կարողանում գնալ ու արյան անալիզ հանձնել, նաև վստահ էի, որ Վարդանը վերադառնալու է: Երկու շաբաթ հետո վերջապես ուժ գտա իմ մեջ գնալու և արյան անալիզ հանձնելու, սեպտեմբերի 30ին զանգահարեցին մեզ, ասացին, որ համընկնում կա, ու Վարդանին «գտել» են:

Իր արարողությունը եղավ հոկտեմբերի 3-ին: Այդ օրերի ընթացքում բոլոր հնարավոր հեռախոսահամարներով զանգահարել ենք, գնացել, հասել Կապան, բայց այնտեղ ոչ մեկին չենք կարողացել գտնել, ոչ ոք չի եղել, բոլորի դռները փակ էին: Ծնողներն էին այնտեղ, ճանապարհը փակ էր, շատերին չէին թողնում: Խառը իրավիճակ էր, սպասման մեջ էինք ապրում: Բոլոր հիվանդանոցները զանգել ենք, մեզ պատասխանում էին, որ այդ անուն-ազգանունով մարդ իրենց մոտ չկա: Ասում էին՝ սպասեք, նորություն կլինի: Գնացին Ուլնեցի փողոցի վրա գտնվող գրասենյակ, տարբեր նկարներ էին նայել, բայց Վարդանին չէին գտել այդ տղաների մեջ: Հետո պարզվեց, որ առաջին կամ երկրորդ խումբ նկարների մեջ Վարդանն էլ է եղել, բայց իրեն չեն ճանաչել: Այդ պատճառով էլ ԴՆԹ համընկնումով «գտանք» Վարդանին»: Վարդանը երեք կրտսեր եղբայր ունի: Երրորդ եղբայրը ծնվել է նրա զոհվելուց հետո: Նրան Վարդան են անվանակոչել: «Վարդանի հետ երազ էի տեսել: Եկավ, փաթաթվեց ինձ, համբուրեց՝ մա՛մ ջան, գիտես, չէ՞, որ դեկտեմբերին գալու եմ, կսպասես, չէ՞:

«Իհարկե, կաղոթեմ, որ դու գաս, Վարդան ջան»: Տղաս պետք է դեկտեմբերին ծնվեր, ինչպես Վարդանն էր ասում, բայց սթրեսային վիճակների պատճառով յոթ ամսական ծնվեց: Այդ երազից հետո եմ իմացել, որ բալիկի եմ սպասում: Բժիշկս ասաց՝ Աստծո պարգևն է: Մեծ և փոքր Վարդանները շատ նման են իրար: Վարդանիս նման ժպտերես է, աշխույժ: Որքան շատ ժամանակ է անցնում, այնքան շատ է մեծ եղբորը նմանվում: Երբ իրեն գրկում եմ, թվում է, թե Վարդանը վերադարձել է: Եռաբլուրում Վարդանին էլ եմ ասում՝ կարծես կողքիս լինես, միշտ հետս ես: Վարդանից հետո շատ էի կոտրվել, բայց նայում էի երկու տղաներիս, մտածում, թե ինչպես են լինելու առանց ինձ, ինչ են անելու, չէի կարող թույլ տալ, որ կոտրվեին: Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար»:

Հ. Գ. - Վարդան Կևորկովը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Մարտական հերթապահություն» մեդալներով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 146 անգամ
Լրահոս
Կարո՞ղ է Հայաստանը դուրս գալ ՀԱՊԿ–ից. ռուս լրագրողը՝ Զախարովային (video) Ոտքի՛ հայ կանայք, հա՛յ մայրեր․ կանանց կոչը (video) Մի հատ էլ էդ ձողերից վերցրեք, ձևի համար Ջերմուկում դրեք. Խաչատրյանի ելույթից հետո իրավիճակը սրվեց (video) Ապուշնե՛ր, ավելի լավ է հիմա մեռնեմ էստեղ, քան թե իմ գերեզմանը պղծեն սրանք․ քաղաքացին՝ ՆԳՆ-ի դիմաց (video) Հարցվածների 54%-ը Անդրանիկ Քոչարյանի խոսքերի համարում է թուրքական ծրագիր (video) Ձեր մեջքի հետևում նստած Արշակյանի բռնությունն արդարացնու՞մ եք․ Աննա Գրիգորյանը՝ գլխավոր դատախազին (video) Աննա Վարդապետյա՛ն, դու հենց հիմա հանցագործություն ես կոծկում․ քաղաքացի (video) 82% հարցված ՀՀ քաղաքացիները Բաքվի հետ պատրաստ չեն ապրել․ «GALLUP»-ի արդյունքները (video) Այո՛, վրիպակ է տեղի ունեցել. Գլխավոր դատախազը՝ Աշոտյանի գործի մասին (video) «Յաշման» եկավ, բրավո՛. Կիրանցում քաղաքացիները դիմավորում են սև բերետավորներին (video) Գլխավոր դատախազը՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ միջադեպի մասին (video) Դրանից հետո էլի կարող եք շարունակել լռել՝ ձևացնելով, թե արտառոց ոչինչ չկա. Վարդան Ոսկանյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին ՇՏԱՊ․ Հենց հիմա կիրանցիները շրջափակման մեջ են․ ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյան (video) Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել Աշխարհի 12 հայկական ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը Կարո՞ղ եք ասել, որ ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ. ընդդիմադիր պատգամավորը՝ գլխավոր դատախազին (video) Այս տվյալները ցույց են տալիս, որ ժողովուրդը դեմ է Հայոց ցեղասպանությունը մոռանալու գնով Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականությանը․ Բենիամին Մաթևոսյան Գլխավոր դատախազի աբսուրդային հայտարարությունը 44-օրյա պատերազմի պարտության վերաբերյալ (video) Շվեդիայի համայնքային խորհուրդը դատապարտում է Փաշինյանի միակողմանի զիջումները «Մալյան, Մախսուդյան․․․հոդվածները ծանր չեն, կալանք է կիրառվել», «Կարծում էի՝ ավելի պատրաստված կլինեք» (video) Մինչ Հայկազն իր մյուս հաստագլուխների հետ ծեծում է նվիրյալ հայերին, ես և ընկերներս ուժեղացնում ենք իր հարազատ Ջիլ գյուղի դիրքերը․ Հոխիկյան Ոտքի՛ կանգնենք, Հայաստանը չպետք է կրկնի Արցախի ճակատագիրը․ «Մայր Հայաստանի» ակցիան՝ Վանաձորում (video) Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․ Գառնիկ Դանիելյան Ռուսաստանի օգնությունից հրաժարվելը Հայաստանի համար մահացու է. Անատոլի Մատվիյչուկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am