Կիրանց գյուղի բնակիչները թույլ չեն տալիս սկսել ականազերծման աշխատանքները
Տավուշի մարզի Կիրանց գյուղի ճանապարհը բնակիչները քիչ առաջ դարձյալ փակել են։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Կիրանցի գյուղացիները չեն թողնում, որպեսզի մեկնարկեն ականազերծման աշխատանքները, որոնք իրականացվում են Տավուշից հայկական զորքերի հետ քաշման համար»։ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն էլ տեղեկացրել է, որ Ոսկեպարի բնակիչները խոչընդոտել են գյուղի եկեղեցու շրջակայքում ականազերծման աշխատանքների իրականացմանը։ «Այստեղից պարզ երեւում է, որ իշխանությունը կրկին ու կրկին խաբել է, եւ սա մեծագույն կեղծիք է, թե կան պայմանավորվածություններ, սահմանն այստեղով չի անցնելու, որովհետև հստակ երեւում է, որ միակողմանի հանձնման գործընթացը շարունակվում է։ Հակառակ դեպքում որեւիցե պատճառ չէր լինի, որ Ոսկեպար գյուղի եկեղեցու շրջակա հատվածը փորձեին ականազերծել»,- Ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց Սուրեն Պետրոսյանը։