Դե մտեք Լֆիկի շուկան․ խեղճ առևտրականներից ի՞նչ եք ուզում․ քաղաքացիները վիճում են պաշտոնյաների հետ (video)
Երեւանի քաղաքապետարանի եւ ոստիկանության աշխտկիցները առավոտից շրջում են Երեւանի փողոցներով եւ առգրավում փողոցում առեւտուր անողների ապրանքը, նաեւ տուգանում են այդ մարդկանց:
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Հասարակական կարգի պահպանության ծառայություն պետ Արամ Գյուրզադյանը, որը համակարգում է այդ աշխատանքները, լրագրողների հետ զրույցում ասաց, որ օրենքն է այդպես պահանջում. «Ապրանքը հիմա բռնագրավվում է: Վարչական իրավախախտումների օրենսգիրքը նախատեսում է, որ փողոցային առեւտուրն արգելված է: Ապրանքն առգրավում ենք, այն տարվում է հատուկ վայր:
Իրենց բազմաթիվ անգամ զգուշացվել է, որ չի թույլատրվում: Այս միջոցառումները շարունակական են լինելու»,-ասաց նա:
Քաղաքացին, որի ապրանքը (լոլիկ) առգրավեցին, լրագրողներին ասաց. «Շուկայում առեւտուր չկա, ես գնացել եմ, փորձել եմ: Չեմ կարողանում առեւտուր անել: Հարցը վարձավճարը չի: Իսկ այստեղ շենքի բնակիչն ասում է՝ ավելի լավ է այստեղից առնեմ, թեկուզ 50 դրամ թանկ, քան տրանսպորտով գնամ հասնեմ շուկա:
Ստիպում են, որ երկրից թողնեմ, գնամ: Երկու տղա եմ մեծացրել, ուղարկել բանակ, հիմա ինձ չեն թողնում ապրեմ իմ երկրում: Եթե վաղը պատերազմ լինի, երեխեքիս պետք է գան, տանեն: Դուք ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում: Սրանո՞վ եք փող աշխատում»: