Ի՞նչ է ամբոխը, ինչո՞ւ է նա տենդորեն նոր առաջնորդ փնտրում
Վստահ եմ, որ այս բառերը լսողներից յուրաքանչյուրն անմիջապես մտաբերեց մեր օրերում հնչող, այսպես ասած, «ամենաօրակարգային» խոսքերը՝ «Լավ, բա ո՞վ գա սրանց փոխարեն…»: Եթե, օրինակ, կոնկրետ անուն տաս, տվյալ «գիտունիկը» առաջ կմղի իր քաղաքագիտական, դիվանագիտական և «ազգագիտական» ողջ «հանճարեղ զինանոցը» և տարբեր բնութագրումներ տալով՝ գետնին կփռի առաջարկված մարդու կերպարը: Սա ի՞նչ է նշանակում, սա պատահակա՞ն բան է, թե՞ դիտավորություն: Այս վարքագիծը հասկանալու համար նախ՝ պետք է լավ պատկերացնել, թե ի՞նչ ասել է «ամբոխ», ինչպե՞ս է կազմավորվում ամբոխը, ինչպիսի՞ վարք է դրսևորում մարդը ամբոխի մեջ և վերջապես ինչերի՞ է այն ընդունակ: Սա շատ հիմնարար հարց է, և դրա որոշակիացումը մի շարք երևույթների և հանգամանքների վրա լույս կսփռի: Եվ այսպես, երբ ասում ենք «հասարակություն» և փորձում ենք այն պատկերացնել, ակամայից դեմ ենք առնում մի մեծ աբստրակտ պատկերի, քանի որ միայն հասարակության սոցիալ-քաղաքական շերտերի, նրանց պատկերացումների և վարքագծի միաժամանակյա առկայությունը արդեն նշանակում է, որ այդպես էլ կարող են չգտնվել հստակ բնութագրիչներ:
Ամբոխի պարագայում փոքր-ինչ այլ է․ ամբոխը հասարակության առավել կոնկրետ, անխելք ու ագրեսիվ հատվածն է, որը երբեք չի ստեղծում, չի արարում, այն միայն ավերում է: Ամբոխը կոլեկտիվ անգիտակցականի նյութեղեն մարմնացումն է, այն հիմնականում կազմավորվում է տարերայնորեն՝ լուծելու համար այս կամ այն խնդիրը: Ամբոխը, ի տարբերություն անհատականությունների, հակված չէ ինքնուրույն եզրահանգումների, մտածելու, փնտրելու, քննելու և վերջապես գիտակցելու: Սովորաբար ամբոխ ասելով՝ առաջին հերթին պատկերացնում ենք միտինգներն ու փողոցային երթերը:
Իրականում ամբոխը կամ ամբոխայինը մտածողության կերպ է, որը ենթադրում է մտքի և վարքի նույնացված և շաբլոնացված վիճակներ: Ամբոխային պատկերացումների ներկապնակը ներառում է բոլոր ոլորտները՝ սկսած սոցիալ- քաղաքական հայացքներից, հանրային ընկալումներից մինչև անգամ նորաձևություն և կենցաղ: Չկա մի տեղ, ուր ամբոխային մտածողությունն իր արմատները չունենա:
Անգամ խիստ անհատականացված թվացող պարագաներում, օրինակ՝ մոդա, սեփական տան կահավորում և այլն, այս մտածողությունը գերիշխող է: Այսինքն՝ոչ թե հատկապես ես ինչ եմ ուզում, այլ ինչպես են վարվում բոլորը: Ահա այսպես ամենուրեք մարդիկ վախենում են տեր լինել իրենց անհատականությանը և մեխանիկորեն հետևում են ընդունված ձևերին և չափանիշներին: Հետաքրքիր է, որ մարդիկ մի տեսակ նույնիսկ իրենց երջանիկ են զգում ամբոխի մեջ: Ինչո՞ւ է այդպես: Ինչո՞ւ է ամբոխային երջանկությունը այդպես վարակիչ: Պարզվում է՝ ամբոխի մեջ մարդն ավելի է գահավիժում, դառնում անգիտակից: Սա մասամբ նման է թմրադեղի: Այստեղ մարդիկ հիմնավորապես կորցնում են իրենց սեփական անհատականությունը: Այլևս չկա անհանգստանալու պատճառ, այլևս չկա պատասխանատվություն կրելու անհրաժեշտություն: Մտաբերենք թեկուզ 2018 թ. դեպքերը, երբ մարզերից ու Երևանի թաղամասերից մարդկանց հոծ խմբերը աննկարագրելի հրճվանքով գնում էին կենտրոնական հրապարակ: Մարդիկ ասես կորցրել էին ռացիոնալ մտածողությունը և ինքնամոռաց տրվել էին հույզերին: Գաղափարներ ու նպատակներ այս գործընթացում անհրաժեշտ չեն, էմոցիաները բավարար են քաղաքական էքստազն ապահովելու համար: Իսկ թե ինչ իրադարձություն է տեղի ունենում, կարևոր չէ, այդ մասին ամենալավը գիտի լիդերը, իսկ իրենք հավատում են նրան: Այլ կերպ ասած՝ ամբոխը շատ նման է այն ծույլիկ աշակերտին, որը մաթեմատիկական խնդիրը գրելուց հետո ալարում է ուղեղը շարժել և իսկույն բացում է վերջին էջերում գրված պատասխանը և արտագրում է:
Կամ էլ՝ վիզը ծռում դեպի կողքի նստածը և նրանից «թխում» գրածը, իսկ դա իր տարբերակն է, թե ոչ, շատ էլ կարևոր չէ: Ամբոխը միայն պատրաստի մտքեր ու գնահատականներ է ընկալում, նա չի կարողանում ինքնուրույն հասնել եզրահանգումների: Ամբոխը չի սիրում միայնակներին, նա ընդունում է միայն կեղծ մարդկանց, որոնք նմանակում են մեկը մյուսին: Ամբոխը նաև ատում է նրան, ով իրեն պահում է արժանապատիվ, պնդում է իր իրավունքների մասին, պաշտպանում իր ազատությունը, գործում է իր հայեցողությամբ՝ անկախ նրանից, թե ինչ հետևանքներ են լինելու: Իսկ ընդհանրականը այն է, որ նա միշտ ագրեսիվ է բոլոր իրադրություններում: Բոլորս տեսել ենք, թե ինչպես են ցուցարարները նույնիսկ եվրոպական, այսպես կոչված, քաղաքակիրթ երկրներում գլխավերևում տանելով «Խաղաղություն և համերաշխություն» կարգախոսով պաստառներ՝ միաժամանակ պատրաստ են իրենց հակառակորդների կոկորդները կրծել, ոտքերի տակ տրորել նրանց:
Անհնար է ամբոխին ակտիվացնել ու մղել «սխրանքների» դրական, մարդասիրական կոչերով: Նրան հարկավոր է տալ թունավոր հրահանգներ: Օրինակ՝ 2008 թ. մարտի 1- 2-ի դեպքերի ժամանակ Ալիկ Արզումանյանը և նրա Նիկոլ անունով ճարպիկ տղան հատուկ հետևում էին, որ ամբոխի տոնուսը չթուլանա, գործը հասնի արյունոտ բախումների: Հետո կանցնեն տարիներ, և ճարպիկ տղուն «ՀԱԿ-ի ակսակալը» իր դեմքը փրկելու համար կանվանի «ազգակործան պատուհաս»: Օտար կենտրոնների տեխնոլոգները լավ էին հաշվարկել, երբ հրապարակ էին նետել «Քայլ արա, մերժիր Սերժին» կոչը: Բարի և դրական խոսքը կարող է նույնիսկ նյարդայնացնել ամբոխին, նրա վառելիքը, նրա «բենզինը» բացասական հույզերն են, վրեժն ու արյուն պահանջող հրահանգները: Ամբոխին պետք է հրամցնել մի քանի պարզեցված ֆրազ և ապա մատների վրա խաղացնել կամ ինչպես հիմա են ասում՝ մանիպուլյացիայի ենթարկել:
Հիշենք թեկուզ այն, թե ինչպես են մտքի պատրաստի կաղապարները արագ տարածվում և տեղավորվում ամբոխի ուղեղում: Այդպես վարվեց, օրինակ, Լենինը իր պրոլետարական հեղափոխությունը իրականացնելիս («հողը՝ գյուղացուն, կորչեն բուրժուաները»), այդպես արեց Ադոլֆ Հիտլերը իր նացիոնալ-սոցիալիզմի գաղափարը կյանքի կոչելիս («գերմանացիները ընտրյալ ազգ են, մարդկության սանիտարներ»), կամ երբ Ժիրինովսկին էր քարոզարշավներին հրապարակ նետում իր «ավազակները պետք է նստեն բանտերում» կոչը, որով նրանք ահռելի քանակի ձայներ էին ապահովում, և վերջապես մեր օրերում Նիկոլի «թավշյա զառանցանքը» («կոռուպցիան մեր թշնամին է, մերժի՛ր Սերժին») և այլն: Այն գործիչները, որոնք ելնելով իրենց մարդկային պարկեշտ նկարագրից, ընտրություններին առաջարկել են ռացիոնալ, կառուցողական և մարդասիրական կարգախոսներ, դաժանորեն պատժվել են ամբոխի կողմից: Դրանք ամբոխին հետաքրքիր չեն, այդտեղ ադրենալին չկա:
Խոստումները մարդկանց պահում են ամբոխի մեջ, քանի որ այդ խոստումները տառացիորեն ոչինչ չեն նշանակում: Կարելի է խոստանալ ամեն ինչ և ինչքան շատ ու ճոխ, այնքան լավ, որովհետև «խոստում» նշանակում է վաղը, իսկ վաղը երբեք էլ չի գալիս, վաղը երբևիցե պատասխանատվություն չի ենթադրել: Ամբոխները հեղափոխությունների և լիդերների համար խաղալիք են, հույժ պիտանի զենք, առանց նրա հասարակական ու քաղաքական համակարգերը ցնցելն անկարելի է: Բայց ամբոխն առանց ավանտյուրիստ լիդերի քանի՞ գրոշ արժե… Եթե գերմանացի բանաստեղծ Հայնրիխ Հայնեն մի պահ հայտնվեր մեր օրերի Հայաստանում, իր աչքով կտեսներ, թե ժամանակին ինչքան ճիշտ է բնութագրել լիդերին, ասելով․ «Նա, ով ուզում է ազդել ամբոխի վրա, պետք է տիրապետի շառլատանի հմտություններին…»: Կրկին մտաբերենք հազար անգամ ասված ճշմարտությունը, այն է՝ Ամբոխի լիդեր լինելու ցանկությունը ծնվում է այն մարդկանց մոտ, որոնք ակնհայտորեն ունեն թերարժեքության բարդույթ: Մոլի ձգտումը դեպի իշխանություն բացարձակ ցուցիչն է այն բանի, որ մարդն իրեն մյուսներից ցածր է զգում և փորձում աշխարհին ապացուցել, որ դա այդպես չէ:
Նիկոլի ապրած կյանքն ու վարքագիծը ամենայն ճշգրտությամբ հաստատում են այս միտքը: Պատեհապաշտ ու վախկոտ այս մարդկային տեսակին բավական լավ է բնութագրել Ֆրիդրիխ Նիցշեն․ նա ծաղրանքով ասել է. «Նայեք, նա փախչում է մարդկանցից, իսկ մարդիկ վազում են նրա հետևից, որովհետև նա առջևում է, առաջնորդ է, իսկ հետապնդողներն էլ հոտ են….»: Կա ևս մի ուշագրավ բան, որ շատ բնորոշ է «ամբոխ և լիդեր» սիրախաղին: «Ամբոխի սերը, — ինչպես նկատել է քաղտեխնոլոգներից մեկը, — շատ նման է արաբական հեքիաթներում ապրող կախարդ ու ցանկասեր կնոջը, որը ոչ միայն լքում է իր սիրեկաններին, այլև երբ լրանում է քառասուն օրը, նա ստիպում է առաջնորդին դաժան ձևերով քավել սեփական մեղքերը այն բանի համար, որ ինչ-որ պահի նա իրեն դուր է եկել»: Նիկոլ փառաբանելու և Նիկոլ հայհոյելու միջև եղած տարածությունը, ինչպես տեսանք, կես քայլ է և հաստատում է այս կեղտոտ «սիրո» գոյության փաստը: Ներկայում ապրում ենք ավելի բարդ ժամանակներում, երբ ամբոխը գրեթե փոխել է թե՛ իր գրանցումը և թե՛ իր բնակության վայրը: Ամբոխն արդեն ապրում է նաև սոցցանցերում՝ «Twitter»-ում, «Facebook»-ում, «Telegram» ալիքներում և այլուր: Սրանք ամբոխի ինքնարտահայտման առավել վտանգավոր գոտիներն են: Այստեղ արդեն ամենատարրական պատասխանատվության մասին խոսելն ավելորդ է:
Պատահական չէ, որ քաղաքական գործիչների «հին գվարդիան» այլևս չի կարողանում գլուխ հանել սոցցանցերում ապրող ամբոխից, էլ չենք խոսում նրան կառավարելու, զսպելու և անհրաժեշտության դեպքում՝ ուղղորդելու մասին: Սոցցանցերի ամբոխը առանձին ու բարդ թեմա է՝ արժանի հատուկ վերլուծության: Կփորձենք առաջիկայում դրան ևս անդրադառնալ: Հիմա միայն ասենք հետևյալը:
Ամբոխը, ինչպես ասացինք հոդվածի սկզբում, կոլեկտիվ անգիտակցականն է, և մարդիկ միայն իրենց կամքով են դրան մաս կազմում: Բայց մեծ հաշվով պրոբլեմը ամբոխի մեջ չէ, պրոբլեմը մարդն է՝ ես, դուք, մյուսները… Եվ քանի դեռ մենք չենք համագործակցում նրա հետ, ամբոխը ոչինչ չի կարող անել մեզ: Ամբոխը չէ, որ մեզ իր գիրկն է քաշում, այդ մենք ենք մեզ նետում նրա գիրկը, միայն մարդկանց սեփական անգիտակցականն է դրա պատճառը: Ու պետք է հիշել, որ պատասխանատվությունը դնելով մեկ ուրիշի վրա, մարդը երբեք չի ազատագրվի տառապանքից: Հրաժարվելով ամբոխի հետ համագործակցելուց՝ մարդն արդեն ապրում է կոլեկտիվ գիտակցականի տիրույթում, նրա արարքները ձեռք են բերում այլ որակ, նոր ու լուսավոր իմաստ, դրանք ամբողջովին պարուրված են պատասխանատվության զգացումներով, խորունկ սիրով դեպի իր մերձավորը, իր երկիրն ու պետությունը: Կոլեկտիվ գիտակցականով ապրող մարդը երբեք չի ասի՝ «Կոտրվի այս ձեռքը, որ Նիկոլ ընտրեց…»: Նա չի անում բաներ, որոնց համար հետո գլխին կտա, նա լավ գիտի ինչ է անում և ինչու: Եվ վերջապես ամենակարևորը, ինչն այս օրերին խիստ արդիական է մեզ համար, հենց ամբոխն է ապազգայնության հումքը, նրա սուբստրատը:
Մանվել Մկրտչյան
«Դրօշակ» թիվ 3, 2024թ.