ՀՀ-ն խորապես մտահոգված է Իրանի հյուպատոսության վրա կատարված հարձակմամբ. ԱԳՆ
Հայաստանը խորապես մտահոգված է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա վերջին հարձակմամբ։
Այս մասին X-ում հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։
«Դիվանագիտական ներկայացուցչությունների անձեռնմխելիությունը պարտավորություն է և չպետք է կասկածի տակ դրվի որևէ պարագայում: Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերին և վիրավորներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ապրիլի 1-ին սիրիական լրատվամիջոցները հայտնել են, որ իսրայելական օդուժը հարձակվել է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաղորդել է յոթ ռազմական խորհրդականների, այդ թվում՝ գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդիի և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմիի և հինգ սպայի նահատակության մասին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի օդուժի հարձակման հետևանքով: