Ռուսաստանն էլ ի՞նչ պետք է անի, հարձակվի՞ մեզ վրա․ Ալեն Սիմոնյան (video)
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խոսեց ժողովրդական լեզվով ու ասաց՝ Հայաստանը Թուրքիայից ու Ադրբեջանից ավելի ուժեղ չէ։
«Մենք չենք կարող դիմակայել, առավել ևս, երբ դաշնակիցը, որ պետք է մեզ պաշտպաներ, լավագույն դեպքում չի պաշտպանել, եթե ոչ համատեղ ինչ-որ գործընթացի մեջ է, իսկ ես վստահ եմ, որ համատեղ ինչ-որ գործընթաց կա ու շատ վաղուց»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Ըստ Սիմոնյանի՝ Ուկրաինայի պատերազմը սկսվել է Լեռնային Ղարաբաղի պատերազմով։
«Այստեղ պետք էր այլընտրանքային ճանապարհ ստանալ՝ խուսափելու հնարավոր պատժամիջոցներից, ինչը հիմա արվում է, ռուսական գազը հիմա Ադրբեջանը վաճառում է Եվրոպային, դա փաստ է, իմ հնարածը չէ»,- ընդգծեց նա։
ԱԺ նախագահն ասաց, թե Հայաստանը մտահոգված է, որ հնարավոր է պայմանավորված էսկալացիա լինի։
«Իհարկե, մտահոգված ենք, մեր ամենամեծ մտահոգությունն այն է, թե որտեղից է հարվածը լինելու, ակնհայտ է, որ այդ հարվածն արվում է Ադրբեջանի ձեռքերով ու ուղղված է մեր ինքնիշխանության դեմ»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը։