ՔՊ-ի գրասենյակի դիմացի մայթը վերանորոգվող մայթերի ցանկում է հայտնվել
«Հետքը» գրում է․ «Երեւանի Հանրապետության 47 հասցեում գտնվող շենքի դիմացի մայթն այս պահին քանդված է՝ նորոգման աշխատանքներով պայմանավորված։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2022-ին վարձակալել է Հանրապետության 47 հասցեի շենքը։ Շինաշխատանքների հրապարակում կախված է ցուցանակ, որտեղ նշված է շինաշխատանքների համար կնքված պայմանագրի ծածկագիրը։ Մենք ուսումնասիրեցինք այս պայմանագրի կետերը։
Պայմանագիրը կնքվել է «Առնա» ՍՊ և «Աբաջյան շին» ՍՊ ընկերությունների կոնսորցիումի (համընկերություն) և Երևանի քաղաքապետարանի միջև: Պայմանագրի համաձայն՝ կապալառուն պարտավորվում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարածքում մայթերի վերանորոգման աշխատանքներ կատարել։ Վերանորոգման աշխատանքներ կատարվելու են 100-ից ավելի փողոցներում, այդ թվում՝ Հանրապետության փողոցում։ Պայմանագրի գինը 39 մլն 200 դրամ է։ Հանրապետության փողոցում նորոգվում է 47 հասցեում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նոր գրասենյակի դիմացի մայթը։
Մրցույթին դիմել է միայն «Աբաջյան շին» ՍՊ ընկերությունը և հաղթող ճանաչվել, իսկ պայմանագիրը կնքվել է «Առնա» ՍՊ ընկերության հետ։ Այս երկու կազմակերպությունները, համընկերության սկզբունքով, պայմանագրով սահմանված աշխատանքը կատարում են միասին։ «Առնա» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2023թ․-ի հոկտեմբերի 31-ին: Երևանի քաղաքապետարանի իրականացրած մրցույթի հրավերը gnumner.am-ում հրապարակել է 2023թ․-ի հոկտեմբերի 23-ին, իսկ հայտերի ընդունման և վերջնաժամկետի օրը նոյեմբերի 2-ն է եղել:
Պայմանագրի համաձայն՝ պետք է կատարվեն քանդման և կառուցապատման աշխատանքներ, ինչպես օրինակ կարող եք տեսնել լուսանկարներում, որտեղ քանդվել է ասֆալտը։ Պայմանագրում հստակ գրված չէ, թե որ փողոցի որ հասցեում գտնվող մայթը պետք է վերանորոգվի, և ինչ սկզբունքով է ընտրվում, թե փողոց որ հատվածի մայթը պետք է վերանորոգվի։ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից տեղեկացրին, որ վերանորոգման աշխատանքները իրականացվում են փողոցների այն հատվածներում, որտեղ մայթը վնասված է։ Նաև նախապատվություն է տրվում այն հատվածներին, որոնք ասֆալտապատ են, քանի որ ռազմավարություն է որդեգրվել ասֆալտը փոխարինել սալիկներով։ Ըստ լրատվության վարչության՝ Հանրապետության փողոցում 47 հասցեի դիմացի մայթն է ընտրվել, քանի որ այն վնասված է եղել։ Մայթի լուսանկարները մինչ վերանորոգման աշխատանքների սկսելը կարող եք տեսնել լուսանկարներում»։