Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունը՝ Կապան-Զանգելան հատվածում հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է․ ՊՆ
![Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունը՝ Կապան-Զանգելան հատվածում հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է․ ՊՆ](/timthumb.php?src=/disc/12-02-24/a9369578bada2d262b9a750f169fded3.jpg&w=708)
Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս/թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը։
Վերադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը, իրադրությունը գնահատելով, կարող է եւ/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել: Նախնական տեղեկատվությամբ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: Այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության: