Գործող քպ-ական իշխանությունը որդեգրել է «թքած՝ քաղաքացին ում է ընտրել, վերջում իշխանությունը մենք կվերցնենք». Մարգարյան

Ալավերդի համայնքում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը կարելի է նկարագրել որպես բռնի իշխանափոխություն, համայնքի բնակչի կողմից արդար և ազատ ընտրությունների արդյունքում ձևավորված համայնքային իշխանության տապալում՝ պետական ուժային կառույցների ապօրինի գործողություններով ու ԱԺ իշխանական պատգամավորի դիրիժորության բարձր հովանու ներքո։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամ Դավիթ Մարգարյանը՝ անդրադառնալով այսօր Ալավերդիում տեղի ունեցած իրադարձություններին:

«Վրդո, մեզ բաստիոն պետք չի...»

Շատերը, թերևս, հասցրել են այսօր տեղեկանալ, որ Ալավերդիում լուսաբացը սովորական չէր։

Սովորական չէր, քանի որ տեղի էր ունենալու մի իրադարձություն, որը անկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում լինելու էր բացառիկ, աննախադեպ, չլսված ու չտեսնված։ Ու ինչքան էլ թվա, թե խոսքը կարող էր ինչ-որ դրական ու հույս ներշնչող բանի մասին լինել, սակայն իրականությունը շատ ավելի մռայլ էր, դժգույն ու դժբախտ (©)։

Ալավերդի համայնքում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը կարելի է նկարագրել որպես բռնի իշխանափոխություն, համայնքի բնակչի կողմից արդար և ազատ ընտրությունների արդյունքում ձևավորված համայնքային իշխանության տապալում՝ պետական ուժային կառույցների ապօրինի գործողություններով ու ԱԺ իշխանական պատգամավորի դիրիժորության բարձր հովանու ներքո։ Այո, այո, դուք չեք սխալվում. այս ամենը ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված տեղական ինքնակառավարման համակարգում, որը, թվում էր՝ անկախ է պետական կառավարումից։

Տարբեր գնահատականներով՝ այսօր առավոտյան Ալավերդի քաղաքում էր մոբիլիզացվել ոստիկանության տարբեր ստորաբաժանումների 800-ից 1000 աշխատակից (սկսած պարեկային ծառայությունից, վերջացրած՝ ոստիկանության սև ու կարմիր բերետավոր զորքերով, այդ թվում՝ Երևանից)։ Եվ այս ամենը տեղում անձամբ համակարգում էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալը։ Տպավորություն էր, թե ինչ-որ հատուկ հակաահաբեկչական գործողություն էր իրականացվում, բայց առանձնապես պարզ չէր, թե «ահաբեկիչները» ովքեր էին, իսկ վտանգվածները՝ ովքեր։

Հարց կծագի, թե՝ լավ, բա էսքան զորքը ինչի՞ էր հավաքվել։ Պատասխանը մեկն է՝ կենդանի խիտ պատ կազմելով լցնել համայնքապետարանի մուտքը, հարկերը, աստիճանավանդակները և ապահովել Ալավերդի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու ապօրինի և ոչ լեգիտիմ գործընթացը։ Եվ ամենահետաքրքիրը, որ նույնիսկ համայնքի ղեկավարին և ավագանու ոչ քպ-ական անդամներին չէին թողնում ներս մտնել համայնքապետարան։ Այո, այո, այս անգամ էլ չեք սխալվում. համայնքի գործող ղեկավարին և ավագանու անդամներին թույլ չէին տալիս մտնել իրենց իսկ աշխատավայր։

Սակայն, դրան հակառակ, առավոտյան ժամը 06։00-ից քպ-ական ավագանու անդամները, քպ-ական ԱԺ պատգամավորն ու ոստիկանության մեծաթիվ ծառայողներ առանց խոչընդոտ արդեն իսկ տեղավորվել էին համայնքապետարանում։

Այնուհետ, ոստիկանության և արտակարգ իրավիճակների ծառայության օգնությամբ, կոտրելով ավագանու նիստերի դահլիճի դուռը՝ սկսվեց ու անցկացվեց նիստը՝ ՀՀ օրենսդրության խայտառակ խախտումներով։ Իսկ թե ինչ «օրինակելի» վարք էր ցուցաբերում ոստիկանության աշխատակիցների թիկունքում ապահով հանգրվանած ԱԺ պատգամավորը, սա թերևս առանձին քննարկման առարկա է։ Եվ այո, դուք երրորդ անգամ չեք սխալվում։ Խոսքը Ալավերդի համայնքի ավագանու նիստի մասին է, որի անցկացման «հասարակական կարգը» պաշտպանելու համար մոբիլիզացվել էր մի ամբողջ զորք։ Ի դեպ, ոստիկանությանը նման համեստ խնդրանքով դիմել էին քպ-ականները։

Արդյունքում, չտեսնված զոռբայությամբ ավագանու քպ-ական անդամները՝ ճամբարափոխ հերոսի հետ միասին, իրենք իրենցով համայնքի ղեկավար ընտրեցին։

Այն, որ այս ապօրինությունները իրենց պատասխանը ստանալու են, կասկած չպետք է ունենալ։ Սակայն արդեն փաստ է, որ գործող քպ-ական իշխանությունը որդեգրել է «թքած, թե քաղաքացին ում է ընտրել, վերջում իշխանությունը մենք կվերցնենք» գործելաոճը, և այս ամենը լեգիտիմացվում է բարեփոխված ոստիկանության ապօրինի գործողություններով։

Թերևս Հայաստանում հիմք է դրվում պետական կառավարման շատ յուրօրինակ ձևի, որտեղ ժողովրդավարության կարիք չկա. մենք տեղով մեկ ժողովրդավարության մարմնավորումն ենք, իսկ եթե չեք հավատում՝ ոստիկանությունը կհամոզի ձեզ հակառակում»,- գրել է նա։

դիտվել է 264 անգամ
Լրահոս
Կարսում ադրբեջանա-թուրքական զորավարժություններ կանցկացվեն Զախարովան խոսել է այն իրադարձության մասին, որը «բացահայտեց ԱՄՆ-ի խնդիրները» Վաշինգտոնյան փաստաթուղթն ԱՄՆ-ին թույլ է տալիս մեծացնել ներկայությունը ՀՀ-ում․ վերլուծաբան Վովայի Արշակն արդարացվել է Քաղաքականության մեջ «ազարտը» հաճախ բերում է ոչ այնքան սպասված արդյունքների․ Կարասին Արդյո՞ք ԱՄՆ–ը երաշխավորում և պատրաստակամ է պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ Արթուր Խաչիկյան Վթար՝ ՇՕ մեքենայի մասնակցությամբ․ վարորդները, բժիշկը, բուժքույրը, բուժառուն հոսպիտալացվել են Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին՝ այս պահի դրությամբ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությանը Ռուսական բիզնեսը սկսել է զգույշ վերաբերվել ՀՀ-ի հետ համագործակցությանը. Օվերչուկ Երևանի որոշ թաղամասերում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Գեղարքունիքի պարեկները ձկնագողության դեպքեր են հայտնաբերել Պաշտպանության ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը ոչ մեկի համար սպառնալիք չի հանդիսանում․ Իրանի արտգործնախարար Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացրին Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի, Թալինի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է Մոսկվայի զորահանդեսին հրավիրվել են 19 բարեկամ երկրների ստորաբաժանումներ․ ՌԴ ՊՆ Մեր ամուր գործընկերության միջոցով կարող ենք կառուցել կայուն տարածաշրջանային անվտանգություն․ Բլինքեն Բայդենն ու Բլինքենը չօգնեցին, հակառակը` նախընտրեցին ԱՄՆ ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Ադրբեջանին․ Արամ Համբարյան Դատարանի որոշմամբ՝ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր ճանաչվեց ԱՄՆ-Հայաստան համաձայնագիրն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է. Օսկանյան Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց Չեմ հասկանում, թե կոնկրետ որ արտահայտությունն է վիրավորել հայ եղբայրներին․ Դմիտրի Կիսելյով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունվարի 16-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 16-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am