ՀՀ իշխանությունները տեր չեն կանգնում Ադրբեջանում գերության մեջ պահվող Արցախի նախկին ղեկավարներին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին․ Զուրաբյան
ՀՀ իշխանությունները տեր չեն կանգնում Ադրբեջանում գերության մեջ պահվող Արցախի նախկին ղեկավարներին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«ԼՂ նախկին ղեկավարների ճակատագրի համար նրանք որևէ գործ չեն անում, որևէ պահանջ չեն ներկայացնում Ադրբեջանի իշխանություններին»,- ասաց Զուրաբյանը։
Նրա գնահատմամբ՝ իշխանություններն անբարոյական կեցվածք են դրսևորում այն հարցերում, որոնք վերաբերում են Ռուբեն Վարդանյանին, քանի որ Ալավերդիում «Ապրելու երկիր» կուսակցության և ՀԱԿ դաշինքի միջոցով ընտրված քաղաքապետին շանտաժների միջոցով անվստահության գործընթաց են սկսում։
«Հաշվի առնելով այս հանգամանքը, այսօր իրենք գոնե մի քիչ համերաշխության դրսևորում ունենային, և այս կեղտոտ և ստոր ծրագիրն ինչ-որ չափով «ստոպ» անեին, չգնային առաջ։ Սա սրիկայություն է, անբարոյական կեցվածք է։ Այն նվաճումը, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ամբողջ աշխարհին, մեր հանրությանը, իբր, ժողովրդավարության առումով ունենք նվաճումներ, սա բացարձակ կեղծիք է, այս իշխանություններն իրենց կեցվածքով ցույց են տալիս, որ պատրաստ չեն ընդդիմադիր որևէ իշխանությանը հանդուրժել ՀՀ-ում»,- հայտարարեց Զուրաբյանը։