«Դիլիջան ազգային պարկի» տնօրենները դատարանում պարտվելը վատ սովորույթ են դարձրել
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Խլոյանի 2021 թ. հունիսի 25-ի հրամանով Արտակ Հարությունյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, նա ազատվել է ազգային պարկի «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի պետի պաշտոնից։ Վերջինս դիմել է դատարան, կայացել է դատաքննություն։ 2022 թ. ապրիլի 27-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սարգիս Արմենակյանը վճռել է Ա. Հարությունյանի հայցը բավարարել, անվավեր ճանաչել Ա. Խլոյանի 2021 թվականի հունիսի 25-ի թիվ 258-Ա հրամանը՝ «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի պետ Ա. Հարությանյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու եւ նրան աշխատանքից ազատելու մասին, Ա. Հարությունյանին վերականգել իր նախկին աշխատանքում, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից հօգուտ Ա. Հարությունյանի բռնագանձել միջին աշխատավարձը՝ հաշվարկը կատարելով հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ 2021թ. հունիսի 25-ից մինչեւ վերջինիս իր նախկին աշխատանքում վերականգնելու օրն ընկած ամբողջ ժամանակահատվածի համար, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձել 4000 դրամ, ինչպես նաեւ դատարանի վճռով հաշվարկվող գումարի երկու տոկոսը՝ որպես վճարման ենթակա պետական տուրքի գումարներ։ Արտակ Հարությունյանը կրկին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան է դիմել, այս անգամ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտ Ալիխանյանի 2023թ․ մարտի 24-ի թիվ 67-Ա հրամանն անվավեր ճանաչելու պահանջով։ Աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի պետ Արտակ Հարությունյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ խիստ նկատողության ձևով: Դիմելով դատարան՝ հայցվորը հայտնել է, որ: 2023թ. մարտի 23-ին «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Ժ. Սահաբալյանի և «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակցի կողմից ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Ռ. Ալիխանյանին ներկայացվել են զեկուցագրեր, որով հայտնել են, որ 2023թ. մարտի 19-ին «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղում մասնաճյուղի ղեկավար Ա. Հարությունյանը քաղաքացուն թույլատրել է 7-րդ պահաբաժնում իրականացնել փայտանյութի ինքնապատրաստում, որ Ա. Հարությունյանը խախտել է ազգային պարկի տնօրենի բանավոր ցուցումը՝ առանց ղեկավարությանը տեղեկացնելու հանգստյան օրով ինքնագլուխ գործունեություն է ծավալել: Հայցվորը դատարանին հայտնել է, որ 2023թ. մարտի 24-ին ստանալով նշված զեկուցագրերը՝ ինքը բացատրություն է ներկայացել «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Ռ. Ալիխանյանին, որով հայտնել է, որ վերահսկել է փայտանյութի ինքնապատրաստման աշխատանքները, իսկ նշված օրն աշխատելը բխել է բացառապես իր աշխատանքային պարտականություններից: Մայիսի 18-ին դատարանում մուտքագրվել է հայցադիմումի պատասխան, որով «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Ռ. Ալիխանյանը հայտնել է, որ հայցապահանջն անհիմն է, զուրկ է փաստական և իրավական հիմնավորումներից: 2023թ, հուլիսի 31-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Նոյեմբերյանի նստավայրում դատավոր Նարինե Անանյանը վճռել է քաղաքացիական հայցը բավարարել,անվավեր ճանաչել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռ. Ալիխանյանի 24.03.2023թ. թիվ 67-Ա հրամանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ից հօգուտ Արտակ Հարությունյանի բռնագանձել 50.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար․ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար: Այդ վճռի դեմ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը վերաքննիչ բողոք է ներկայացրել․այն վերաքննիչ դատարանի վարույթ է ընդունվել։
Լուսանկարում՝«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Ալիխանյանը (աջից)
Ոսկան Սարգսյանի գրառումը