Արարատի մարզում 27-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:05-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Սամվել Մ.-ն, իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, Այգավան գյուղի Երևանյան խճուղու 43 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Կարինե Թ.-ին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Վեդու բժշկական կենտրոն, օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել Վեդու բժշկական կենտրոն, ապա վարորդը ինքնակամ ներկայացել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին:
Մինչ ոստիկաններն ու պարեկները դեպքի վայրում ծառայություն էին կատարում հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արարատի բաժին, որ վրաերթի ենթարկվածը շտապօգնության ավտոմեքենայում մահացել է: