ՔՊ-ն Ալավերդու քաղաքապետին իմպիչմենտ հայտնելու գործընթաց է սկսել
«Հրապարակ» թերթը գրում է. «Ալավերդին զավթելու իշխանության մեկամյա օպերացիաները վճռորոշ փուլ են մտել: Երեկ Ալավերդու ՔՊ-ական ավագանին «Ապրելու երկիր» կուսակցության քվոտայով համայնքի ղեկավար ընտրված Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու նախագիծ է շրջանառության մեջ դրել:
Անցած տարի սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններում կրած պարտությունը ՔՊ-ում չէին մարսում,սկզբում քրեական գործերով փորձեցին ճնշել Թամազյանին, բայց ապարդյուն,ապա անցան փորձված մարդագողության մեթոդին եւ քաղաքի հիվանդանոցի բժիշկ, ավագանու ԱԵ անդամ Սիմոն Զախարովին իրենց դաշտ բերեցին, ում ըստ լուրերի հիվանդանոցի գլխավոր բժշկի պաշտոն են խոստացել:
Զախարովը, որին թիմում «առնետ» են անվանում, նույնպես ստորագրել է անվստահության նախագծի տակ: Ըստ օրենքի, շրջանառության մեջ դրվելուց հետո երրորդ օրը, ժամը 10.00-ին ավագանին պետք է նիստ գումարի եւ քննարկի նախագիծը:
Սակայն մեր տեղեկություններով, Ալավերդու ընդդիմադիր իշխանությունը չի պատրաստվում հանգիստ զիջել, բանն այն է, որ շաբաթներ առաջ Թամազյանի թիմակիցները ֆիկտիվ իմպիչմենտի գորրծընթաց սկսեցին, իհարկե, այն ավարտին չհասավ, քանի որ իշխանությունը Զախարովին, ինչպես նշեցինք, հաջողեց պոկել ընդդիմությունից, իմպիչմենտի գործընթացից հետո առնվազն մեկ տարի օրենքը թույլ չի տալիս կրկին իմպիչմենտ հայտնել, ընդ որում օրենքում չկա հստակեցում՝ գործընթացը ավարտին հասցվել է, թե ոչ:
Ուստի Ալավերդու իշխանությունները չեն զիջելու` գործընթացը տանելով դատական ատյաններ, որտեղ կորոշեն կա՞ իրավունք մեկ տարին չլրացած համայնքապետին անվստահության գործընթաց սկսելու, թե ոչ: ՔՊ քաղաքապետի թեկնածուն նախկին ՀՀԿ-ական Դավիթ Ղումաշյանն է, որի մասին մամուլում աղմկահարույց նյութերի պակաս չկա, նա է ղեկավարում Ալավերդու ՔՊ ավագանին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում