ԱՄՆ-ն միջամտում է իր հետ կապ չունեցող հարցերին. Իրանի ԱԳՆ խոսնակ
Թեհրանի և տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի համագործակցությունը շարունակվում է, և ամերիկացիներն իրավունք չունեն միջամտելու Իրանի և նրա հարևան երկրների բարեկամական հարաբերություններին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանաանին, գրում է Mehr գործակալությունը:
Քանաանին այսպես է արձագանքել Հարավային Կովկասում միջանցքի ստեղծմանը Իրանի մասնակցության վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի հայտարարությանը։
«ԱՄՆ-ն ամպագոռգոռ հայտարարություններ է անում և միջամտում իր հետ կապ չունեցող հարցերին. Իրանի և տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ համագործակցությունը շարունակվում է, և ԱՄՆ-ն իրավունք չունի միջամտելու Իրանի և հարևան պետությունների բարեկամական հարաբերություններին։ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի միջամտությունը տարածաշրջանի ներքին գործերին և դասեր քաղի անցյալից: Նման միջամտությունները ԱՄՆ-ին ոչ մի օգուտ չեն բերի»,- հավելել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը: