Մարդասիրական օգնություն Ստեփանակերտ՝ և՛ Լաչինով, և՛ Աղդամով. հայկական կողմը համաձայնեց 2 ճանապարհներով բեռների զուգահեռ գործարկմանը

Պաշտոնական Ստեփանակերտը երեկ համաձայնեց Աղդամի ճանապարհով ու Լաչինի միջանցքով հումանիտար բեռների միաժամանակ տեղափոխմանը։ Արցախի տեղեկատվական շտաբը երեկ հայտարարեց՝ ընդունել են Կարմիր Խաչի Ստեփանակերտի գրասենյակի ու ռուս խաղաղապահների առաջարկը՝ հաշվի առնելով խորացող աղետն ու անվտանգային իրադրությունը։ «Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման հետևանքով առաջացած ճգնաժամն օրեցօր խորանում է: Հացահատիկի հայթայթման և հացի արտադրամասերին ալյուրի մատակարարման գործընթացը կառավարությունը կազմակերպում է սուղ պայմաններում և, ցավոք սրտի, ոչ միշտ է հաջողվում ամեն օր ապահովել կտրոնային համակարգով նախատեսված քաղաքացուն օրական հասանելիք 200 գրամ հացը», - մասնավորապես նշվեց Տեղեկատվական շտաբի հաղորդագրությունում:

Հացի վաճառքը կտրոնով դարձնելը ճգնաժամը չի մեղմել, որովհետև Արցախում ալյուրի խնդիր կա։ Կառավարությունը խոստովանում է՝ կարողանում են մատակարարել հացի պահանջարկի միայն 20 տոկոսը։ Տասնյակ հազարավոր ընտանիքներ սոված են։ Ստեփանակերտը հայտարարում է նաև. - «Միջնորդներն աշխատանք են տանում Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ՝ հանրապետությունում լարված հումանիտար և անվտանգային իրավիճակը թոթափելու նպատակով»:

Մյուս կողմից, շաբաթներ շարունակ հայկական կողմն ահազանգում է՝ ադրբեջանական զինուժի կուտակումներ ու տեղաշարժեր են Հայաստանի ու Արցախի առաջնագծի երկայնքով։ Երեկ երեկոյից Մարտակերտից էին տեղեկություններ հասնում, թե իրադրությունը լարված է։ Արցախի պաշտպանական գերատեսչությունը տագնապային տրամադրությունները փորձեց մեղմել: «Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակն իրականացնում է իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և որևէ էական զարգացման դեպքում անհապաղ իրազեկում է հանրությանը», - վստահեցրեց ԼՂ Պաշտպանության նախարարությունը:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ երեկ կեսօրից սկսած Սրխավենդի, Կիչան-Նոր Ղազանչի ուղղությամբ է ադրբեջանական կողմը զորք ու զինտեխնիկա կուտակել, որպես թիրախ շրջանառվում էր նաև Սարսանգի ջրամբարի ուղղությունը:

Արցախը դեկտեմբերից շրջափակման մեջ պահող Բաքուն երեկ հաղորդեց, թե «պատրաստ է կազմակերպել Աղդամ-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների զուգահեռ օգտագործումը՝ ադրբեջանական օրենսդրության պահանջներին համապատասխան», հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։

Պաշտոնական Բաքվի ներկայացուցիչը նշել է, որ դիմելով ադրբեջանական կողմին, ԿԽՄԿ-ն նախնական տեղեկություն է տրամադրել, որ հայկական կողմը համաձայնել է երկու ճանապարհներից բեռների զուգահեռ ընդունմանը սեպտեմբերի 18-ին։ «Ակնկալվում է, որ մոտ ապագայում ԿԽՄԿ-ն պաշտոնական նոտա կներկայացնի ադրբեջանական կողմին այս հարցով»,- ասել է Հաջիզադեն։

Ահա այսօր հայտնի դարձավ, Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը բեռնատարներով անհրաժեշտ մարդասիրական օգնություն է հասցրել Ստեփանակերտ՝ և՛ Լաչինով, և՛ Աղդամով: Ըստ APA լրատվական գործակալության` ալյուր է և դեղամիջոցներ: «Մենք շատ գոհ ենք, որ որոշում կայացնողները եկել են մարդասիրական կոնսենսուսի, և այս գործընթացը կայացել է: Մենք հուսով ենք, որ մարդասիրական կոնսենսուսը թույլ կտա անհրաժեշտ օգնություն տրամադրել կարիքավորներին շարունակական հիմունքներով», - նշել է ԿԽՄԿ ներկայացուցիչը:

ԿԽՄԿ-ը մարդասիրական գործունեություն է ծավալում անցյալ տարվա դեկտեմբերից։ Դեկտեմբերից մինչ այսօր ավելի քան 800 մարդ է տարհանվել բուժական նպատակներով։ «Նաև այս բժշկական տարհանումների ընթացքում որոշ բժշկական պարագաներ առաքվել են Լաչինի ճանապարհով։ Այնուամենայնիվ, վերջին շրջանում մեծածավալ բժշկական պարագաներ կամ մեծածավալ մարդասիրական օգնություն չէր հաջողվում մատակարարել: Այսօր մեզ հաջողվեց իրականացնել այս առաքելությունը։ Որպեսզի ԿԽՄԿ-ն իրականացնի իր գործունեությունը, պետք է լինի որոշում կայացնողների համաձայնությունը», - նշել է ԿԽՄԿ ներկայացուցիչը։

Այսօր առավոտյան ապահովվել է Կարմիր Խաչի բեռնատարների միաժամանակ մուտքը Լեռնային Ղարաբաղ Լաչինի և Աղդամի ճանապարհներով, հաղորդում է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: «Աղդամ-Խանքենդի (Ստեփանակերտ) ճանապարհը բաց է, ֆունկցիոնալ և պետք է այդպես լինի: Դա Ադրբեջանի արդար, սկզբունքային, օրինական և անբեկանելի դիրքորոշումն է», X-ում գրել է Հաջիևը՝ պնդելով, թե «ամբողջ միջազգային հանրությունը ևս մեկ անգամ ականատես եղավ, որ չկա այսպես կոչված շրջափակում»:

Իր հերթին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այսօր հաղորեց, որ Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով ալյուր և բժշկական կարևոր պարագաներ է հասցրել Լեռնային Ղարաբաղում կարիքի մեջ գտնվող անձանց։ ԿԽՄԿ-ի հայտարարության մեջ նշվում է, որ սա հնարավոր է դարձել «որոշում կայացնողների միջև հումանիտար փոխհամաձայնության հասնելու դիվանագիտական ջանքերի շնորհիվ»: «Մեզ մեծապես մխիթարում է այն, որ շատ մարդիկ, որոնք ապավինում են մարդասիրական օգնությանը, առաջիկա օրերին, վերջապես, կստանան այդքան անհրաժեշտ աջակցությունը։ Առողջապահական կառույցները չունեն բժշկական պարագաներ: Մարդիկ հացի համար ժամերով հերթ են կանգնում: Նրանք կանոնավոր մարդասիրական առաքումների միջոցով կայուն օգնության կարիք ունեն: Այս կոնսենսուսը մեր թիմերին թույլ է տվել վերսկսել այս կյանքեր փրկող աշխատանքը», - ասել է ԿԽՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Արիան Բաուերը:

Հայտարարությունում նշվում է, որ ԿԽՄԿ-ն վերջին շաբաթների ընթացքում բանակցություններ էր վարում «որոշում կայացնողների հետ»՝ քննարկելով տարբեր ճանապարհներով տարածաշրջան օգնություն հասցնելու տարբերակները, այդ թվում՝ Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով։

«Երկուշաբթի օրվա գործողությունը ներառում է երկու բեռնատար, որոնք միաժամանակ ապրանքներ են մատակարարել Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով», - նշված է հայտարարությունում։

ԿԽՄԿ-ի տարածաշրջանային տնօրենը հույս է հայտնել, որ հումանիտար բեռի մատակարարումները շարունակական կլինեն։ «Հուսով եմ, որ այս կոնսենսուսը թույլ կտա, որ մեր խիստ հումանիտար շարասյուները վերսկսեն մատակարարումները ոչ միայն այսօր, այլև հաջորդ շաբաթներին, որպեսզի մենք կարողանանք կանոնավոր օգնություն հասցնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Մեր նպատակն է հասնել նրանց, ովքեր օգնության կարիք ունեն՝ չեզոքության, անկողմնակալության և անկախության մեր հիմնարար սկզբունքներին համապատասխան», - նշել է Արիան Բաուերը։

Այսպես, մարդասիրական օգնությունը Ստեփանակերտ հասավ՝ և՛ Լաչինով, և՛ Աղդամով: Հայկական կողմը համաձայնեց 2 ճանապարհներով բեռների զուգահեռ գործարկմանը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1197 անգամ
Լրահոս
Իրաքը նախազգուշացնում է ԱՄՆ-ին Vivaro-Bet-ի աշխատակիցները թմրանյութ են օգտագործում. ինչ են բացահայտել իրավապահները Երևանում՝ «Ապագա տուն» ՍՊԸ-ին պատկանող վթարային շենքի պահեստային հատվածում, հրդեհ է բռնկվել Ո՞նց է կոչվում էս աղյուսակը՝ ճարտարցի Քամալյանի՞. դասագրքային զավեշտների շարքից Ադրբեջանը գործողությունների գնալու ծրագիր ունի. Հայրապետյան Ասում եմ՝ արեք. Է. Անդրեասյան Մեր ժամանակի հերոսները «Վանաձոր» ՔԿՀ-ում պահվող երկու դատապարտյալ հարձակվել են ՔԿՀ աշխատակցի վրա Ամենամեծ վտանգը սպառնում է հենց արցախյան ոչ նյութական մշակութային ժառանգությանը Ուժեղ երկրաշարժ Ֆիլիպիններում. ցունամի է սպասվում Վրաերթի ենթարկված 34-ամյա կինը մահացել է Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին քննարկում այս պահին չկա. Ռուբինյան Հրապարակվել են Հայաստանի 10 լավագույն շախմատիստների անունները Տրանսգենդերի սպանության համար մեղադրվողը պարբերաբար մեկնել է Գերմանիա. նոր մանրամասներ՝ աղմկահարույց դեպքի մասին Արցախը հանձնել են ու հիմա երազում են փող աշխատելու մասին․ թուրքերն ու ադրբեջանցիներն էլ այնքան միամի՞տ են Նիկոլի իրական այլընտրանքը Բոլորը խոստովանեցին, որ «Զանգեզուրի միջանցք» գաղափարը չի իրականանա․ Բաքվում Իրանի դեսպան Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 15.000-ը Ոստիկանությունը բերման ենթարկեց «Զանգ» շարժման ակցիայի 13 մասնակցի The Financial Times: Верховный суд России признал глобальное движение за права геев «экстремистской организацией» The Economist: Впервые с 24 февраля 2022 Владимира Путина выглядит так, будто может победить Աշխարհի ցանկացած կետում միջազգային իրավունքի խախտումը պետք է դատապարտվի. ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է ԵԱՀԿ նախարարական համաժողովին Միրզոյանի մասնակցությունը Associated Press взяло интервью у президента Украины Владимира Зеленского. Основные тезисы Կառավարությունը 900.000 դոլարով հերթական միջոցառումը կկազմակերպի. 168.am ԱՄՆ-ն մտահոգված է Ադրբեջանում լրագրողների շարունակական ձերբակալությունների կապակցությամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 1-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 30-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ստեփան Հասան-Ջալալյանը Նոյեմբերի 30-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 30-ին, ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Նոյեմբերի 30-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Նոյեմբերի 30-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am