Մարդասիրական օգնություն Ստեփանակերտ՝ և՛ Լաչինով, և՛ Աղդամով. հայկական կողմը համաձայնեց 2 ճանապարհներով բեռների զուգահեռ գործարկմանը

Պաշտոնական Ստեփանակերտը երեկ համաձայնեց Աղդամի ճանապարհով ու Լաչինի միջանցքով հումանիտար բեռների միաժամանակ տեղափոխմանը։ Արցախի տեղեկատվական շտաբը երեկ հայտարարեց՝ ընդունել են Կարմիր Խաչի Ստեփանակերտի գրասենյակի ու ռուս խաղաղապահների առաջարկը՝ հաշվի առնելով խորացող աղետն ու անվտանգային իրադրությունը։ «Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման հետևանքով առաջացած ճգնաժամն օրեցօր խորանում է: Հացահատիկի հայթայթման և հացի արտադրամասերին ալյուրի մատակարարման գործընթացը կառավարությունը կազմակերպում է սուղ պայմաններում և, ցավոք սրտի, ոչ միշտ է հաջողվում ամեն օր ապահովել կտրոնային համակարգով նախատեսված քաղաքացուն օրական հասանելիք 200 գրամ հացը», - մասնավորապես նշվեց Տեղեկատվական շտաբի հաղորդագրությունում:

Հացի վաճառքը կտրոնով դարձնելը ճգնաժամը չի մեղմել, որովհետև Արցախում ալյուրի խնդիր կա։ Կառավարությունը խոստովանում է՝ կարողանում են մատակարարել հացի պահանջարկի միայն 20 տոկոսը։ Տասնյակ հազարավոր ընտանիքներ սոված են։ Ստեփանակերտը հայտարարում է նաև. - «Միջնորդներն աշխատանք են տանում Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ՝ հանրապետությունում լարված հումանիտար և անվտանգային իրավիճակը թոթափելու նպատակով»:

Մյուս կողմից, շաբաթներ շարունակ հայկական կողմն ահազանգում է՝ ադրբեջանական զինուժի կուտակումներ ու տեղաշարժեր են Հայաստանի ու Արցախի առաջնագծի երկայնքով։ Երեկ երեկոյից Մարտակերտից էին տեղեկություններ հասնում, թե իրադրությունը լարված է։ Արցախի պաշտպանական գերատեսչությունը տագնապային տրամադրությունները փորձեց մեղմել: «Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակն իրականացնում է իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և որևէ էական զարգացման դեպքում անհապաղ իրազեկում է հանրությանը», - վստահեցրեց ԼՂ Պաշտպանության նախարարությունը:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ երեկ կեսօրից սկսած Սրխավենդի, Կիչան-Նոր Ղազանչի ուղղությամբ է ադրբեջանական կողմը զորք ու զինտեխնիկա կուտակել, որպես թիրախ շրջանառվում էր նաև Սարսանգի ջրամբարի ուղղությունը:

Արցախը դեկտեմբերից շրջափակման մեջ պահող Բաքուն երեկ հաղորդեց, թե «պատրաստ է կազմակերպել Աղդամ-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների զուգահեռ օգտագործումը՝ ադրբեջանական օրենսդրության պահանջներին համապատասխան», հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։

Պաշտոնական Բաքվի ներկայացուցիչը նշել է, որ դիմելով ադրբեջանական կողմին, ԿԽՄԿ-ն նախնական տեղեկություն է տրամադրել, որ հայկական կողմը համաձայնել է երկու ճանապարհներից բեռների զուգահեռ ընդունմանը սեպտեմբերի 18-ին։ «Ակնկալվում է, որ մոտ ապագայում ԿԽՄԿ-ն պաշտոնական նոտա կներկայացնի ադրբեջանական կողմին այս հարցով»,- ասել է Հաջիզադեն։

Ահա այսօր հայտնի դարձավ, Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը բեռնատարներով անհրաժեշտ մարդասիրական օգնություն է հասցրել Ստեփանակերտ՝ և՛ Լաչինով, և՛ Աղդամով: Ըստ APA լրատվական գործակալության` ալյուր է և դեղամիջոցներ: «Մենք շատ գոհ ենք, որ որոշում կայացնողները եկել են մարդասիրական կոնսենսուսի, և այս գործընթացը կայացել է: Մենք հուսով ենք, որ մարդասիրական կոնսենսուսը թույլ կտա անհրաժեշտ օգնություն տրամադրել կարիքավորներին շարունակական հիմունքներով», - նշել է ԿԽՄԿ ներկայացուցիչը:

ԿԽՄԿ-ը մարդասիրական գործունեություն է ծավալում անցյալ տարվա դեկտեմբերից։ Դեկտեմբերից մինչ այսօր ավելի քան 800 մարդ է տարհանվել բուժական նպատակներով։ «Նաև այս բժշկական տարհանումների ընթացքում որոշ բժշկական պարագաներ առաքվել են Լաչինի ճանապարհով։ Այնուամենայնիվ, վերջին շրջանում մեծածավալ բժշկական պարագաներ կամ մեծածավալ մարդասիրական օգնություն չէր հաջողվում մատակարարել: Այսօր մեզ հաջողվեց իրականացնել այս առաքելությունը։ Որպեսզի ԿԽՄԿ-ն իրականացնի իր գործունեությունը, պետք է լինի որոշում կայացնողների համաձայնությունը», - նշել է ԿԽՄԿ ներկայացուցիչը։

Այսօր առավոտյան ապահովվել է Կարմիր Խաչի բեռնատարների միաժամանակ մուտքը Լեռնային Ղարաբաղ Լաչինի և Աղդամի ճանապարհներով, հաղորդում է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: «Աղդամ-Խանքենդի (Ստեփանակերտ) ճանապարհը բաց է, ֆունկցիոնալ և պետք է այդպես լինի: Դա Ադրբեջանի արդար, սկզբունքային, օրինական և անբեկանելի դիրքորոշումն է», X-ում գրել է Հաջիևը՝ պնդելով, թե «ամբողջ միջազգային հանրությունը ևս մեկ անգամ ականատես եղավ, որ չկա այսպես կոչված շրջափակում»:

Իր հերթին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այսօր հաղորեց, որ Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով ալյուր և բժշկական կարևոր պարագաներ է հասցրել Լեռնային Ղարաբաղում կարիքի մեջ գտնվող անձանց։ ԿԽՄԿ-ի հայտարարության մեջ նշվում է, որ սա հնարավոր է դարձել «որոշում կայացնողների միջև հումանիտար փոխհամաձայնության հասնելու դիվանագիտական ջանքերի շնորհիվ»: «Մեզ մեծապես մխիթարում է այն, որ շատ մարդիկ, որոնք ապավինում են մարդասիրական օգնությանը, առաջիկա օրերին, վերջապես, կստանան այդքան անհրաժեշտ աջակցությունը։ Առողջապահական կառույցները չունեն բժշկական պարագաներ: Մարդիկ հացի համար ժամերով հերթ են կանգնում: Նրանք կանոնավոր մարդասիրական առաքումների միջոցով կայուն օգնության կարիք ունեն: Այս կոնսենսուսը մեր թիմերին թույլ է տվել վերսկսել այս կյանքեր փրկող աշխատանքը», - ասել է ԿԽՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Արիան Բաուերը:

Հայտարարությունում նշվում է, որ ԿԽՄԿ-ն վերջին շաբաթների ընթացքում բանակցություններ էր վարում «որոշում կայացնողների հետ»՝ քննարկելով տարբեր ճանապարհներով տարածաշրջան օգնություն հասցնելու տարբերակները, այդ թվում՝ Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով։

«Երկուշաբթի օրվա գործողությունը ներառում է երկու բեռնատար, որոնք միաժամանակ ապրանքներ են մատակարարել Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով», - նշված է հայտարարությունում։

ԿԽՄԿ-ի տարածաշրջանային տնօրենը հույս է հայտնել, որ հումանիտար բեռի մատակարարումները շարունակական կլինեն։ «Հուսով եմ, որ այս կոնսենսուսը թույլ կտա, որ մեր խիստ հումանիտար շարասյուները վերսկսեն մատակարարումները ոչ միայն այսօր, այլև հաջորդ շաբաթներին, որպեսզի մենք կարողանանք կանոնավոր օգնություն հասցնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Մեր նպատակն է հասնել նրանց, ովքեր օգնության կարիք ունեն՝ չեզոքության, անկողմնակալության և անկախության մեր հիմնարար սկզբունքներին համապատասխան», - նշել է Արիան Բաուերը։

Այսպես, մարդասիրական օգնությունը Ստեփանակերտ հասավ՝ և՛ Լաչինով, և՛ Աղդամով: Հայկական կողմը համաձայնեց 2 ճանապարհներով բեռների զուգահեռ գործարկմանը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1197 անգամ
Լրահոս
Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել. Ղազարյան Դատախազությունը Քաջարանի համայնքապետ Փարամազյանից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք, 1 միլիարդ 13 միլիոն դրամ Բլոգեր Միկա Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Մոլդովա Հովիկ Աղազարյանը պատրաստ է Նիկոլ Փաշինյանի փոխարեն Բաքու մեկնել ԱԱԾ աշխատակիցները Կիրանցում փորձում են խոչընդոտել լրագրողներին, իսկ բնակիչներին՝ վախեցնել. Անի Գևորգյան Արտերկրում որոշ ուժերի զայրացրել է այն, որ Վրաստանը մինչ օրս Ռուսաստանի հետ դիմակայության «երկրորդ ճակատ» չի բացել․ Կոբախիձե Օլիմպիական խաղերից առաջ իրաքցի մարզիկը որակազրկվել է՝ դոպինգ ընդունելու համար Բելգիան ողջունում է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելու որոշումը Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Միրզոյանը Կիպրոս կմեկնի Սպասվում է անձրև և ամպրոպ Ալավերդի համայնքի՝ ՌԴ քաղաքացի ղեկավարը Ռուսաստանում սնանկ է ճանաչվում․ մոտ մեկ տասնյակի գույք չի հայտարարագրել. «Հետք» 53-ամյա տղամարդը փոստային բաժանմունքում, օգտվելով աշխատակցի բացակայությունից, աշխատասեղանի վրայից գումար էր գողացել Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության 5 անդամ մանդատը վայր է դրել Հերթական անկրակոց, գաղտնի զիջումն է արվել․ Երասխի հատվածում մեր մարտական հենակետի վրա ծածանվում է թշնամու դրոշը․ Րաֆֆի Ասլանյան Սյունիքի ճանապարհներին բեռնատարները չեն կարողացել շարունակել ընթացքը, առաջացել է խցանում Փարիզի Օլիմպիական խաղերի բյուջեն 11 միլիարդ եվրո է կազմում Սանկտ-Պետերբուրգից գրեթե հազար աշխատանքային միգրանտ կարտաքսվի Թշնամուն հողեր հանձնելով՝ ոչ միայն Կիրանցը դարձրին խիստ վտանգված, այլև Աճարկուտը․ Ավագանու անդամ Վեհափառ Հայրապետը ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին Կամրջի վրա է ,,սրանց արձակուրդ գնալը բռնել,, Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին․ ՆԳՆ Ռոբերտ Քոչարյանը, ըստ ամենայնի, կրկին կկանգնի դատարանի առջև, բայց եթե նույնիսկ նա մեղավnր ճանաչվի, նա չի ազատազրկվի․ փաստաբան ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակարանային ապահովման ծրագիրը ժամանակավորապես դադարեցվել է Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է՝ ինչպես է Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակը երեխային ծեծում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Նոր ձևաչափ՝ արցախցիների խնդիրները հայաստանյան պետական մարմիններում ներկայացնելու համար Հուլիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բենիամին Մաթևոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am