Թեհրանի հետաքրքրական մանևրը դեպի Բաքու

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հույս է հայտնել, որ Թեհրանի և Բաքվի միջև համագործակցությունը կընդլայնվի։ «Հաշվի առնելով մեր երկրների լայն ներուժը, հուսով եմ, որ մենք ականատես կլինենք երկկողմ համագործակցության և հարաբերությունների հետագա ընդլայնմանը՝ ելնելով մեր ժողովուրդների փոխադարձ շահերից», - ասել է Իրանի ղեկավարն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված Անկախության տոնի առիթով շնորհավորական ուղերձում, որը Ադրբեջանում նշվեց մայիսի 28-ին։

Ըստ Ռաիսիի՝ «Ադրբեջանն առանձնահատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ»։ «Մեր երկրների մահմեդական ժողովուրդների ընդհանուր պատմությունը, նրանց միջև անքակտելի կրոնական և մշակութային կապերը համարվում են շատ արժեքավոր ներդրում երկու երկրների հարաբերությունների զարգացման համար»,- գրել է Իրանի նախագահը։ «Այդ շրջանակներում Իրանը միշտ լիովին աջակցել է Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- ընդգծել է Ռաիսին։

Թեհրան-Բաքու դիվանագիտական փոխհրաձգությունն անցած ամիսներին գագաթնակետին էին հասել

Բաքու-Թեհրան դիվանագիտական մենամարտն ու մեղադրանքները թափ էին առել դեռ ապրիլի սկզբին: Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը ադրբեջանցի պատգամավորի դեմ զինված հարձակման համար մեղադրում է Իրանին, որի հարաբերությունները Բաքվի հետ անշեղորեն վատթարանում են:
Մահափորձից մեկ շաբաթ անց Ադրբեջանի իրավապահները հայտարարեցին, որ Ֆազիլ Մուստաֆայի դեմ հարձակման հեղինակների ինքնությունը բացահայտված է։ Հաղորդվում էր վեց ձերբակալվածների մասին։ Ադրբեջանի հատուկ ծառայությունների պնդմամբ՝ մահափորձի կազմակերպիչը 47-ամյա կրոնական ակտիվիստ Ազեր Սարիջանովն է։ Նա, ըստ քննության, կրթություն է ստացել Իրանի կրոնական կենտրոն համարվող Ղոմ քաղաքում, հետագայում ևս հաճախ է այցելել հարևան երկիր։
Մուստաֆայի դեմ մահափորձի անմիջական իրականացնողը, հատուկ ծառայությունների պնդմամբ, 1986-ին Աղդամի շրջանում ծնված Սաբուհի Շիրինովն է, որը վերջին տարիներին 15 անգամ այցելել է Իրան, որտեղ հավաքագրվել է այդ երկրի հատուկ ծառայությունների կողմից։ «Բացի այդ, նա Իրանում մարտական պատրաստության դասընթացներ է անցել»,- Ադրբեջանի անվտանգության ծառայության հայտարարությունն է մեջբերում «Թուրան» գործակալությունը։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ «պատգամավորի դեմ ահաբեկչական հարձակումն իրականացվել է Իրանի հատուկ ծառայությունների պատվերով՝ նրանց ֆինանսական և կազմակերպչական աջակցությամբ»։

Հակաիրանական հայացքներով հայտնի ադրբեջանցի քաղաքական գործչի դեմ մահափորձը տեղի է ունեցել այսպես, պաշտոնական աղբյուրների համաձայն՝ անհայտ անձը «Կալաշնիկով» ինքնաձիգով կրակոցներ է արձակել մեքենայում գտնվող պատգամավորի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս հրազենային վնասվածքներ է ստացել։ Դեպքից ժամեր անց Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը տեղի ունեցածը ահաբեկչություն է որակել, մի քանի օր անց էլ պաշտոնական Բաքուն պնդել է, թե մահափորձի հետքերը տանում են դեպի Իրան։ 57-ամյա Ֆազիլ Մուստաֆան իշխող կուսակցության անդամ չէ, սակայն, խորհրդարանի մյուս բոլոր օրենսդիրների պես աջակցում էր նախագահ Իլհամ Ալիևի կառավարությանը։ Պատգամավորը Իրանի կոշտ քննադատներից է, խորհրդարանում իր վերջին ելույթներից մեկում իշխանությանը կոչ էր անում հատուկ օրենսդրություն ընդունել, որը թույլ կտա վերահսկել Իրանի և Իրաքի շիա սրբավայրեր այցելող ուխտավորներին. - «Ադրբեջանի ներսում Իրանի լրտեսական ցանցերում ներգրավում են նրանց, ովքեր ուխտագնացությունների են մեկնում Մաշհադ, Քարբալա և Ղոմ: Հետևաբար, մենք պետք է օրենսդրորեն ամրագրենք, որ կրոնական այցերը պետք է տեղի ունենան ադրբեջանական պետության ամբողջական վերահսկողության ներքո, և որ այդ այցելուներին բնութագրել որպես բարձր ռիսկային խմբեր»։

Վերջին 27 տարվա ընթացքում Ադրբեջանում պատգամավորի դեմ առաջին զինված հարձակումը իրանա-ադրբեջանական հարաբերություններում առկա ճգնաժամն էլ ավելի էր խորացրել։ Ադրբեջանական մամուլի գնահատմամբ՝ երկու երկրների միջև գերլարվածությունը մոտենում է վտանգավոր սահմանագծի, Բաքու-Թեհրան դիվանագիտական մենամարտը օր օրի թափ է հավաքում։

Բաքվում Իրանի դեսպանատունը բողոքի նոտա էր հղել Ադրբեջանի արտգործնախարարությանը այդ երկրի լրատվամիջոցների կողմից Իրանի դեմ տարվող արշավի կապակցությամբ։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ Թեհրանն իր խիստ բողոքն է արտահայտել և կոչ արել անհապաղ վերջ տալ այդ գործողություններին։ Իրանի դիվանագիտական առաքելությունը զգուշացրել է՝ երկու երկրների հարաբերությունների համար անհարգալից գործողությունները վնասակար հետևանքներ կարող են ունենալ։ Ապա հայտնի էր դարձել, որ ադրբեջանական կողմն, իր հերթին, Իրանի դեսպանին է կանչել Արտգործնախարարություն ու նույնաբովանդակ բողոք ներկայացրել Աբբաս Մուսավիին։ «Միաժամանակ նշվել է, որ մեր երկրների հարաբերություններում թյուրըմբռնումը միշտ պայմանավորված է Իրանի միակողմանի պահվածքով և քայլերով, ադրբեջանական կողմի հետևողական և բարեհամբույր քայլերը Իրանի կողմից պատշաճ արձագանքի չեն արժանացել», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։

Իրանական աղբյուրներն, ի դեպ, գրում էին, որ երկրի իշխանությունները մտադիր են փոխել Ադրբեջանում իրանցի դեսպանին։ «Թասնիմ» գործակալության տվյալներով՝ Աբբաս Մուսավիին կփոխարինի Ղազախստանում Իրանի նախկին դեսպան Մոջթաբ Դեմիրչիլուն։ Մուսավիի պաշտոնավարման ավելի քան երկուսուկես տարին ուղեկցվել է իրանա-ադրբեջանական աննախադեպ լարվածությամբ։ Դիվանագետների միջև հեռակա բանավեճին հաճախ միանում են նաև երկու երկրների բարձրաստիճան զինվորականները՝ հնչեցնելով փոխադարձ սպառնալիքներ։

Ավանդաբար սառը հարաբերություններ ունեցող հարևանների միջև լարվածությունը սրվեց ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանը սկսեց փակել Իրանից Հայաստան տանող ճանապարհը, հետո էլ պահանջեց Հայաստանից «Զանգեզուրի միջանցք» տրամադրել։ Թեհրանը շարունակաբար ամենաբարձր մակարդակով հայտարարում է, թե տարածաշրջանում սահմանների փոփոխությունն անթույլատրելի է համարում, հետո էլ լայնածավալ զորավարժություններ անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին։ Թեհրանը դատապարտում է նաև Ադրբեջանի և իր վաղեմի հակառակորդ Իսրայելի միջև դիվանագիտական մերձեցումը՝ Բաքվին մեղադրելով Իրանի դեմ դավադրություններում ներքաշվելու մեջ։

Բաքուն, իր հերթին, պնդում էր, թե հարևան երկրից իր դեմ ապակայունացնող գործողություններ են ծրագրվում՝ անցած ամիսներին այդ մեղադրանքով ձերբակալելով տասնյակ իրանամետ գործիչների։ Ավելի քան երկու ամիս առաջ էլ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան զինված միջադեպ էր տեղի ունեցել, որը Բաքուն ահաբեկչություն էր որակել՝ երկրից տարհանելով դեսպանատան անձնակազմին։ Այս լարվածության ֆոնին՝ անցած շաբաթ Ռուսաստանի արտգործնախարարը Թեհրանին և Բաքվին Մոսկվայի միջնորդական ծառայություններն է առաջարկել պատրաստակամություն հայտնելով օգնել կողմերին հաղթահարելու տարաձայնությունները։

Ադրբեջանը լայնածավալ նոր ռազմական գործողությունների չի գնա, Իրանը հակամարտության մեջ ուղիղ չի ներգրավվի. «Ստրատֆոր»

Անցյալ ամիս «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնի հրապարակած զեկույցի համաձայն՝ Ադրբեջանը Ղարաբաղում կամ Հայաստանի սահմաններին լայնածավալ նոր ռազմական գործողությունների չի գնա, քանի որ իր նպատակներին հասնում է փոքր քայլերով, իսկ Իրանը, չնայած մտահոգված է առևտրային ուղիներ կորցնելու հեռանկարից, հակամարտության մեջ ուղիղ չի ներգրավվի։

Նման եզրակացությունների հանգելու համար «Ստրատֆորի» վերլուծաբանները մի շարք հանգամանքներ էին նշում։ Ըստ «Ազատության», առաջինը՝ նրանք նշում էին բանակցային գործընթացի փաստացի դադարը։ Ավելի հավանական են դառնում Լեռնային Ղարաբաղում կամ հայ-ադրբեջանական ընդհանուր սահմանին բռնությունների բռնկումները, բայց «Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողություն կամ հակամարտությանը Իրանի ուղիղ միջամտությունը մնում է քիչ հավանական», գտնում են վերլուծաբանները՝ գնահատելով Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացման ռիսկերը։
Լեռնային Ղարաբաղի ներսում և Հայաստանի սահմաններին Ադրբեջանի գործողությունները և Երևանի զգուշացումնեը նրանք համարում են երկու երկրների միջև լարվածության աճի վերջին նշաններ, գտնելով, որ 2020-ին ձեռք բերված հրադադարի ռեժիմի ապահովումը կարծես չի գործում։ «Քանի դեռ բանակցությունները կանգ են առել, Ադրբեջանը ավելի հավանական է՝ կդիմի հրադադարի փոքր մասշտաբների խախտումների՝ Լեռնային Ղարաբաղում մարտավարական շահավետ դիրքեր գրավելու, կամ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով նմանատիպ գործողություններ կատարելու համար»,- գրում են «Ստրատֆորի» վերլուծաբանները։

«2020-ի նոյեմբերին կրակի դադարեցման համաձայնագիրը ստորագրելուց ի վեր Բաքուն բազմիցս կիրառել է այդ ռազմավարությունը՝ ստիպողաբար առաջ մղելով դիվանագիտական գործընթացը, միաժամանակ ցուցադրելով ու մեծացնելով իր ազդեցության լծակները։ Լայնածավալ ռազմական գործողություն Ղարաբաղում կամ Հայաստանի սահմանին Ադրբեջանը դժվար թե սկսի, որովհետև ավելի քիչ ծախսատար մեթոդները Բաքվին կարող են հնարավորություն տալ պահպանելու առաջընթացը իր նպատակներին հասնելու համար։

Ամեն անգամ, երբ ադրբեջանական ուժերը առաջընթաց են ունենում, դա բարելավում է նրանց մարտավարական դիրքերը, նույնիսկ եթե տարածքային այդ առաջխաղացումը մի քանի մետր է։ Այդ մանովրները նաև մեծացնում են Ադրբեջանի կառավարության բանակցային դիրքերը»,- նշում են «Ստրատֆորի» վերլուծաբանները։ Նրանց գնահատմամբ՝ մեծ տարածքներ գրավելու համեմատ այդ ռազմավարությունը Ադրբեջանին թույլ է տալիս շարունակելու ամրապնդել իր դիրքերն ու նպատակներին հասնելու քայլերը առանց Հայաստանի հետ լայնածավալ պատերազմի մեջ մտնելու և առանց միջազգային հանրության կողմից դատապարտվելու, հավական է նաև պատժամիջոցների տակ ընկնելու ռիսկերի։

«Այսպիսով, Բաքուն քիչ մղումներ ունի պատերազմական գործողություններով Լեռնային Ղարաբաղում մնացած տարածքների մեծ մասը կամ ամբողջությամբ գրավելու, կամ Հայաստանի հարավում որոշ շրջաններ գրավելու համար։ Ավելին, Ադրբեջանը քիչ է շահագրգռված անհարկի վտանգի ենթարկել խաղաղության համաձայնագիրը, որը հավանաբար մեծապես իր օգտին կլինի»,- նշված է «Ստրատֆորի» զեկույցում։

Վերլուծական կենտրոնի փորձագետները նկատում էին` չնայած Հայաստանը ջանքեր է գործադրում ընթացիկ նորմալացման գործընթացի միջոցով բարելավելու հարաբերությունները, այդ թվում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության, նույնիսկ Թուրքիայի հետ, այնուամենայնիվ շատ քիչ հավանականություն կա, որ Երևանը կարողանա հասնել մի այնպիսի արտաքին գործընկերության, որը լրջորեն խանգարի Ադրբեջանին հասնելու իր նպատակներին։

Սա ևս մեկ հանգամանք է համարվում, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղ կամ Հայաստան լայնածավալ ներխուժման հրատապ անհրաժեշտություն չի տեսնում։ «Ստրատֆորը» գտնում է, որ Թեհրանը կշարունակի Ադրբեջանին զսպելու գործողությունները՝ պահպանելով երկու երկրների միջև առանց այդ էլ բարձր լարվածությունը։ «Ադրբեջանի կողմից 2020թ. հրադադարի շարունակաբար խախտումները, զուգորդված Ուկրաինայում ռուսական բանակի անհաջողությունների հետ, խաթարել են ինչպես ռուս խաղաղապահների հեղինակությունը Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ Ադրբեջանի ոտնձգություններից Հայաստանին պաշտպանելու Ռուսաստանի հանձնառության հանդեպ վստահությունը։ Սա անհանգստացրել է հարևան Իրանին, որովհետև Հայաստանի հարավ Ադրբեջանի ներխուժումը կարող է արգելափակել Սև ծովի հետ Իրանին կապող առևտրային ուղիները»,- գրում էին փորձագետները՝ նշելով նաև, որ Իրանը ակտիվացրել է Ադրբեջանին սպառնալու փորձերը, հուսալով նրան հետ պահել Հայաստանի հարավի վրա հարձակվելուց։
Սակայն, նրանք քիչ հավանական էին համարում հակամարտությանը Իրանի ուղիղ միջամտությունը՝ հաշվի առնելով դրա ներքաղաքական հետևանքները Իրանի ռեժիմի վրա, ինչպես նաև հնարավոր պատերազմը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2679 անգամ
Լրահոս
Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել. Ղազարյան Դատախազությունը Քաջարանի համայնքապետ Փարամազյանից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք, 1 միլիարդ 13 միլիոն դրամ Բլոգեր Միկա Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Մոլդովա Հովիկ Աղազարյանը պատրաստ է Նիկոլ Փաշինյանի փոխարեն Բաքու մեկնել ԱԱԾ աշխատակիցները Կիրանցում փորձում են խոչընդոտել լրագրողներին, իսկ բնակիչներին՝ վախեցնել. Անի Գևորգյան Արտերկրում որոշ ուժերի զայրացրել է այն, որ Վրաստանը մինչ օրս Ռուսաստանի հետ դիմակայության «երկրորդ ճակատ» չի բացել․ Կոբախիձե Օլիմպիական խաղերից առաջ իրաքցի մարզիկը որակազրկվել է՝ դոպինգ ընդունելու համար Բելգիան ողջունում է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելու որոշումը Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Միրզոյանը Կիպրոս կմեկնի Սպասվում է անձրև և ամպրոպ Ալավերդի համայնքի՝ ՌԴ քաղաքացի ղեկավարը Ռուսաստանում սնանկ է ճանաչվում․ մոտ մեկ տասնյակի գույք չի հայտարարագրել. «Հետք» 53-ամյա տղամարդը փոստային բաժանմունքում, օգտվելով աշխատակցի բացակայությունից, աշխատասեղանի վրայից գումար էր գողացել Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության 5 անդամ մանդատը վայր է դրել Հերթական անկրակոց, գաղտնի զիջումն է արվել․ Երասխի հատվածում մեր մարտական հենակետի վրա ծածանվում է թշնամու դրոշը․ Րաֆֆի Ասլանյան Սյունիքի ճանապարհներին բեռնատարները չեն կարողացել շարունակել ընթացքը, առաջացել է խցանում Փարիզի Օլիմպիական խաղերի բյուջեն 11 միլիարդ եվրո է կազմում Սանկտ-Պետերբուրգից գրեթե հազար աշխատանքային միգրանտ կարտաքսվի Թշնամուն հողեր հանձնելով՝ ոչ միայն Կիրանցը դարձրին խիստ վտանգված, այլև Աճարկուտը․ Ավագանու անդամ Վեհափառ Հայրապետը ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին Կամրջի վրա է ,,սրանց արձակուրդ գնալը բռնել,, Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին․ ՆԳՆ Ռոբերտ Քոչարյանը, ըստ ամենայնի, կրկին կկանգնի դատարանի առջև, բայց եթե նույնիսկ նա մեղավnր ճանաչվի, նա չի ազատազրկվի․ փաստաբան ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակարանային ապահովման ծրագիրը ժամանակավորապես դադարեցվել է Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է՝ ինչպես է Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակը երեխային ծեծում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Նոր ձևաչափ՝ արցախցիների խնդիրները հայաստանյան պետական մարմիններում ներկայացնելու համար Հուլիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բենիամին Մաթևոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am