Իրանի, ՌԴ, Թուրքիայի եւ Սիրիայի փոխարտգործնախարարները կքննարկեն Անկարայի եւ Դամասկոսի հարաբերությունները. Չավուշօղլու
Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Սիրիայի փոխարտգործնախարարներն առաջիկայում հանդիպում կունենան եւ կքննարկեն Անկարայի եւ Դամասկոսի հարաբերությունների կարգավորումը, ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն։
Ելույթ ունենալով NTV թուրքական հեռուստաալիքով՝ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիայի, Սիրիայի, Ռուսաստանի եւ Իրանի ներկայացուցիչներն առաջիկայում կհանդիպեն փոփխարտգործնախարարների մակարդակով՝ քննարկելու համար Անկարայի եւ Դամասկոսի հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը։
Նրանք ջանքեր կգործադրեն Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ հարաբերությունները կարգավորելու համար, ասել է նա։
Անդրադառնալով Մոսկվայում վերջերս տեղի ունեցած քառակողմ հանդիպմանը՝ Չավուշօղլուն ասել է. «Այդ հանդիպմանը մենք պայմանավորվել ենք պատրաստել ենթակառուցվածք սիրիացի փախստականներին անվտանգ վերադարձնելու համար այն շրջաններում, որոնք գտնվում են Սիրիայի կենտրոնական իշխանության վերահսկողության տակ»։
Թուրքիայում ապրող սիրիացի շատ փախստականներ ցանկանում են վերադառնալ իրենց երկիր, բայց այդ գործընթացը պետք է տեղի ունենա միջազգային օրենքների շրջանակում եւ Թուրքիայի՝ որպես ընդունող երկրի պլանի հիման վրա, ասել է նա։
Քառակողմ հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում մայիսի 10-ին։