Գործարար Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ․ «Հետք»

Հայտնի գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի ինքնաթիռը ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին 2022 թ. աշնանը հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ: Ռուսաստանցի հայ գործարարն անմիջական կապ չունի այս պատժամիջոցների հետ, սակայն նրան պատկանող օդանավը հայտնվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության թիրախում։ Այս մասին գրում է «Հետքը»։

Կարապետյանի բորտը հայտնվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության (դեպարտամենտի) արտասահմանյան ակտիվների վերահսկման վարչության (OFAC) «սեւ ցուցակում»: Ավելի կոնկրետ՝ այդ ցուցակում հայտնվել է մալթայական այն մասնավոր ավիաընկերությունը, որը շահագործում է բիզնես դասի օդանավեր: Խոսքը Մալթայի «Emperor Aviation» ընկերության մասին է, որը 2013 թ. հիմնադրել է վրացի Իրակլի Լիտանիշվիլին: Ընկերությունը գրասենյակներ ունի Մալթայի Բիրկիրկարա քաղաքում եւ Մոսկվայում:

Նկատենք, որ OFAC-ի «սեւ ցուցակում» ներառված ֆիզիկական ու իրավաբանական անձանց ամերիկյան բոլոր ակտիվները, եթե այդպիսիք կան, սառեցվում են, մյուս կողմից՝ ԱՄՆ քաղաքացիներին եւ կազմակերպություններին արգելվում է նրանց հետ որեւէ գործարք կնքել:

Ամերիկյան կողմի հակառուսական պատժամիջոցների տակ են հայտնվել թե՛ «Emperor Aviation»-ը, թե՛ դրա ավիապարկում գտնվող 8 շքեղ ինքնաթիռները, որոնք բոլորը գրանցված են Մալթայում՝ 4 հատ «Bombardier Global Express», 2 հատ «Gulfstream G650» եւ 1-ական «Cessna Citation XLS+» ու «Bombardier Challenger 650»:

Սրանցից «Gulfsream»-ներից մեկը հենց Ս. Կարապետյանին պատկանող օդանավն է, որը Մալթայի օդանավերի ռեգիստրում գրանցված է որպես 9H-SSK:

9H-ն Մալթայի ավիացիոն ազգային նիշն է, այսինքն՝ այդ երկրում գրանցված բոլոր օդանավերը կրում են հենց այս նիշը, իսկ SSK-ն կոնկրետ օդանավի գրանցման համարն է: Իրականում դա հայ գործարարի անուն-հայրանուն-ազգանվան սկզբնատառերի համադրությունն է՝ Սամվել Սարգսի Կարապետյան կամ Samvel Sargis(ovich) Karapetyan: Անվան սկզբնատառերի կիրառումը սեփական օդանավերի գրանցման համարներում տարածված պրակտիկա է մեծահարուստների շրջանում: Ինքը՝ «Emperor Aviation»-ը, իր ավիապարկի օդանավերի գրանցման համարներում կիրառում է տարբեր «գրավիչ» համադրություններ՝ VIP, CEO, LUX, BOY:

Մալթայական ավիաընկերության նման փոխադրողները մեծահարուստ սեփականատերերի օդանավերը շահագործում են ոչ միայն վերջիններիս կարիքների համար, այլեւ դրանցով, տերերի համաձայնությամբ, իրականացնում են չվերթեր տարբեր պատվիրատուների համար, ինչը եկամուտ է ապահովում թե՛ ավիաընկերությանը, թե՛ օդանավի տիրոջը:

«Զվարթնոց» օդանավակայան, 19.05.2021

Ինչպես ասվեց, Ս. Կարապետյանի օդանավը ամերիկյան պատժամիջոցների տակ է հայտնվել շահագործող «Emperor Aviation»-ի «պատճառով»: Վերջինս իր հերթին ամերիկյան իշխանությունների թիրախում է հայտնվել, քանի որ կապ է ունեցել ՌԴ նախագահ Վ. Պուտինի մերձավորներից դաղստանցի միլիարդատեր Սուլեյման Քերիմովի ընտանիքի հետ:

Դեռ 2022-ի սեպտեմբերին OFAC-ը «սեւ ցուցակ» էր գցել Ս. Քերիմովին՝ ՌԴ իշխանությունների հետ ունեցած սերտ կապերի հիմքով: Ընդ որում՝ 2018-ին եւս ռուսաստանցի միլիարդատերը հայտնվել էր այդ ցուցակում: 2022-ի նոյեմբերին «հերթը հասել էր» Քերիմովի ընտանիքի չափահաս անդամներին. կնոջը՝ Ֆիրուզային, դուստրերին՝ Գյուլնարային ու Ամինային, ինչպես նաեւ որդուն՝ Սաիդին: Վերջինիս դեմ պատժամիջոցներ են կիրառել նաեւ ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան ու Շվեյցարիան:

Բացի դրանից՝ OFAC-ի «սեւ ցուցակում» են հայտնվել Գյուլնարա Քերիմովայի ֆրանսիական 4 ընկերությունները, դրանց շվեյցարացի ղեկավարն ու վերջինիս շվեյցարական ընկերությունը: Ցանկը, սակայն, այսքանով չի սահմանափակվում. Քերիմովներին առնչվող այլ անձինք ու ընկերություններ եւս հայտնվել են ամերիկյան ցուցակում:

Դրանցից մեկը «Emperor Aviation»-ն է՝ իր 8 օդանավերով: 2022 թ. նոյեմբերի 14-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ Մալթայում ու Ռուսաստանում գրասենյակներ ունեցող այս ընկերությունը շքեղ ճամփորդություններ է իրականացրել Սուլեյման Քերիմովի ընտանիքի անդամների, այդ թվում՝ Գյուլնարայի համար նույնիսկ այն բանից հետո, երբ Ռուսաստանը 2022-ի փետրվարի 24-ին ներխուժել է Ուկրաինա:

Ամերիկյան կողմը չի հայտնել, թե կոնկրետ որ ինքնաթիռներն են ծառայություններ մատուցել Քերիմովներին, սակայն նշել է, որ «Emperor Aviation»-ը հայտնվել է «սեւ ցուցակում», քանի որ գործունեություն է ծավալել Ռուսաստանի տնտեսության ավիացիոն սեգմենտում, ինչպես նաեւ նյութապես աջակցել, հովանավորել կամ ֆինանսական, նյութական կամ տեխնոլոգիական աջակցություն է ցույց տվել կամ էլ ծառայություններ մատուցել Գյուլնարա Քերիմովային:

Ինչպես վերեւում ասվեց, ամերիկյան իշխանություններն արգելում են ԱՄՆ քաղաքացիներին եւ կազմակերպություններին որեւէ գործարք կնքել OFAC-ի «սեւ ցուցակում» ներառված ընկերությունների եւ անձանց հետ: Սակայն նույն OFAC-ը 2022-ի նոյեմբերի 14-ին թողարկել է ընդհանուր լիցենզիա (General License (GL) 40C), որը սահմանափակ բացառություններ է անում «սեւ ցուցակում» ներառված մի շարք ընկերությունների, այդ թվում՝ «Emperor Aviation»-ի համար: Ըստ այդմ՝ «Emperor Aviation»-ն իրավունք ունի ամերիկյան կողմից ձեռք բերել որոշակի ապրանքներ, տեխնոլոգիաներ կամ ծառայություններ, որոնք անհրաժեշտ են քաղաքացիական ավիացիայում անվտանգությունն ապահովելու համար: Այս պարագայում, սակայն, պայմանն այն է, որ օդանավերը պետք է գրանցված լինեն բացառապես Ռուսաստանի սահմաններից դուրս, իսկ ապրանքներն ու տեխնոլոգիաները արտահանվեն, վերաարտահանվեն, ծառայություններն էլ մատուցվեն միայն քաղավիացիայի կարիքների համար:

Ch-aviation.com մասնագիտական կայքը նկատել է, որ սա «Emperor Aviation»-ին թույլ կտա իր 8 օդանավերը պահել թռիչքների համար պիտանի վիճակում այնքան ժամանակ, քանի դեռ փոխադրողի գործարքները չեն ներառի պատժամիջոցների տակ հայտնված ռուսական ֆինանսական ծառայությունները կամ անձանց: Նույն կայքի փոխանցմամբ՝ OFAC-ի լիցենզիայով նախատեսված բացառությունները տարածվում են նաեւ ռուսական ինքնաթիռաշինական ընկերությունների եւ լիզինգատուների, բայց ոչ ավիափոխադրողների վրա:

Նշենք, որ մալթայական օպերատորի ավիապարկում առկա «Bombardier»-ները կանադական օդանավեր են, իսկ «Gulfstream»-ներն ու «Cessna»-ն՝ ամերիկյան: Սա նշանակում է, որ եթե չլինեին բացառություններ, ապա պատժամիջոցների տակ հայտնված «Emperor Aviation»-ի օդանավերը, զրկվելով պատշաճ տեխսպասարկումից, թռիչքների համար առժամանակ անպիտան կդառնային: Այդուհանդերձ, համաձայն թռիչքներին առցանց հետեւող կայքերի, «Emperor Aviation»-ի 8 ինքնաթիռները 2022-ի նոյեմբերից հետո երկինք չեն բարձրացել:

Ս. Կարապետյանին պատկանող «Gulfstream G650»-ը (9H-SSK), ըստ այդ տեղեկատուների, վերջին անգամ 2022-ի օգոստոսի 29-ին Երեւանից թռել է գերմանական Հանովեր: Ընդ որում՝ օդանավը մինչ օրս գրանցված է Մալթայում:

«Emperor Aviation»-ի եւ Սամվել Կարապետյանի ինքնաթիռի մասին «Հետքը» գրել էր 2018-ին, երբ պատմել էինք, որ 9H-SSK-ն 2018-ի հունվարին ՀՀ այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությանը Երեւանից տեղափոխել է շվեյցարական Ցյուրիխ՝ մասնակցելու Դավոսի տնտեսական համաժողովին, իսկ մինչ այդ՝ 2017-ի հուլիսին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին տեղափոխել էր Թեհրան՝ մասնակցելու Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը:

դիտվել է 445 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞ Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am