Ալեն Սիմոնյանը հակադարձում է Զախարովային (video)
Ռուսական առաջարկները, որոնք մինչ օրս եղել են, Հայաստանը 99 տոկոս դեպքերում տվել է իր համաձայնությունը։ Խնդիրը եղել է ադրբեջանական կողմի անհամաձայնության մեջ և կարծում եմ՝ նույն Պրահայի փաստաթղթի, նույն ռուսական առաջարկների առումով ՌԴ ԱԳՆ-ն պետք է ավելի ուշադիր լինի Ադրբեջանի արձագանքին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով ՌԴ ԱԳն հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանն առ այն, որ Հայաստանի ղեկավարության խղճին են թողնում Լեռնային Ղարաբաղի ճակատագրի համար պատասխանատվությունը երրորդ երկրների վրա բարդելու փորձերը։
«ՀՀ կողմից մշտապես ընդունել է ռուսական առաջարկները։ Ցավալի է, որ տիկին Զախարովան չի անդրադառնում Ադրբեջանի արձագանքին, լավ, հայկական կողմի խղճին է թողնում, իսկ ի՞նչ արձագանք է եղել Ադրբեջանի կողմից»,- նշեց Սիմոնյանը՝ հավելելով, որ Ռուսաստանն ինքն է ստորագրել այդ փաստաթուղթը և ստանձնել Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու պարտավորությունները։
ԱԺ նախագահի խոսքով՝ Արցախը հանդիսանում է Ռուսաստանի և ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի։
«Ինչու էր ՌԴ նախագահը ստորագրում այդ փաստաթուղթը, և ինչու են այնտեղ ռուս խաղաղապահները կանգնած, այսինքն՝ այնտեղ կանգնած են, ենթադրենք, Չինաստանի խաղաղապահները, բայց պատասխանատվությունը ստանձնում է Ռուսաստանը՞»,- հակադարձեց ԱԺ խոսնակը։