Պուտինն ընդդեմ բոլորի. նա վերցրել է իրեն նետված ձեռնոցը

Պուտինը վստահեցնում է, որ Մոսկվան հաշվի կառնի ՆԱՏՕ-ի միջուկային հնարավորությունները, ՄԱԿ-ը բանաձև ընդունեց, և չնայած այդ բանաձևը կատարելու պարտադիր ուժ չունի, այնուամենայնիվ, այն ընդգծում է Ռուսաստանի մեկուսացումը և պատերազմը դադարեցնելու՝ միջազգային հանրության բացարձակ մեծամասնության դիրքորոշումը։

Իսկ Պուտինն արձանագրեց, որ Արևմուտքը ոչ միայն ընդդեմ Ռուսաստանի է, այլև` նախկին Խորհրդային Միության: Հետևաբար Պուտինը վերցրել է իրեն նետված ձեռնոցը և ուղենշում, որ պայքարում է բոլորի դեմ` հանուն Ռուսաստանի և Ռուսաստանի դաշնակիցների:

Ռուսաստանը պետք է հաշվի առնի ՆԱՏՕ-ի միջուկային հնարավորությունները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի օրը հայտարարեց, որ Ռուսաստանն այլ ելք չունի, քան հաշվի առնել ՆԱՏՕ-ի միջուկային հնարավորությունները, քանի որ ԱՄՆ-ի գլխավորած ռազմական դաշինքը ձգտում է պարտության մատնել Ռուսաստանին: «Այսօրվա պայմաններում, երբ ՆԱՏՕ-ի բոլոր առաջատար երկրները իրենց հիմնական նպատակն են հայտարարել մեզ ռազմավարական պարտության հասցնելը, որպեսզի մեր ժողովուրդը տուժի, ինչպես իրենք ասում են, ինչպե՞ս կարող ենք այս պայմաններում անտեսել նրանց միջուկային հնարավորությունները», - ասել է Պուտինը։

Արևմուտքը, Պուտինի խոսքերով, ցանկանում էր լիկվիդացնել Ռուսաստանը: «Նրանք մեկ նպատակ ունեն՝ լուծարել նախկին Խորհրդային Միությունը և նրա հիմնարար մասը՝ Ռուսաստանի Դաշնությունը»,- նշել է Պուտինը։ Արևմուտքը, նրա պնդմամբ, անուղղակի մեղսակից է եղել Ուկրաինայի «հանցագործություններին»։

Ռուսաստանն այս տարի կմեծացնի միջուկային զինանոցը

Օրերս առաջ, Ուկրաինայի դեմ սկսած լայնածավալ պատերազմի տարելիցի նախօրյակին, Պուտինը, շնորհավորելով ռուսաստանցիներին «Հայրենիքի պաշտպանի» օրվա կապակցությամբ, հայտարարել է, որ Ռուսաստանը այս տարի կմեծացնի միջուկային զինանոցը։ «Այս տարի մարտական հերթապահություն են մտել «Սարմատ» հրթիռային համակարգի առաջին արձակողները՝ նոր ծանր հրթիռով։ Մենք կշարունակենք «Կինժալ» օդային արձակման հիպերձայնային համակարգերի սերիական արտադրությունը և կսկսենք «Ցիրկոն» ծովային հիպերձայնային հրթիռների զանգվածային մատակարարումները», - ասել է նա։ Բացի դրանից, առաջիկա տարիներին Ռուսաստանի ռազմածովային ուժերը կհամալրվեն միջուկային էներգիայով աշխատող ևս երեք սուզանավերով, խոստացել է Պուտինը, իսկ զորքերը կստանան նաև «հարվածային նոր համակարգեր, հետախուզական և կապի սարքավորումներ, անօդաչու թռչող սարքեր և հրետանային համակարգեր»։ Միջուկային զինանոցը մեծացնելու խոստումներից երկու օր առաջ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կասեցնում է մասնակցությունը միջուկային զենքի սահմանափակման պայմանագրին, խորհրդարանն էլ շատ արագ հաստատել էր օրինագիծը։

Ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագիրը սահմանում է միջուկային մարտագլխիկների առավելագույն քանակը, արգելում է Միացյալ Նահանգներին և Ռուսաստանին ռազմավարական միջուկային զենք տեղակայել իրենց տարածքներից դուրս, պարտավորեցնում է նրանց չթաքցնել միջուկային հրթիռները հետախուզական սարքավորումներից և ապահովել միմյանց տեսուչների մուտքը այն ռազմաբազաներ, որտեղ միջուկային զենք կա։

Երկու օր առաջ Դաշնային ժողովին հղած իր ուղերձում Պուտինը շեշտել էր՝ Մոսկվան ոչ թե դուրս է գալիս պայմանագրից, այս սառեցնում է իր մասնակցությունը, հաջորդ օրն էլ Կրեմլի խոսնակը պարզաբանել էր՝ Մոսկվան կվերադառնա պայմանագրին, եթե ՆԱՏՕ-Ն ու Միացյալ Նահանգները հաշվի նստեն Ռուսաստանի շահերի հետ։
Ռուսաստանի այս քայլն արժանացավ Արևմուտքի կոշտ քննադատությանը, արևմտյան առաջնորդները հայտարարեցին, որ Պուտինը միտումնավոր ոչնչացնում է միջազգային անվտանգության համակարգը։

Ամերիկացի փորձագետ Ջասթին Բրոնքի համոզմամբ՝ Մոսկվան ժամանակ առ ժամանակ կիրառում է միջուկային զենքի սպառնալիքը, քանի որ Արևմուտքը դրան ցավոտ է արձագանքում․ - «Միջուկային զենքի շուրջ ընդհանուր առմամբ հետաքրքիր դինամիկան այն է, որ դրանց կիրառման սպառնալիքը դեռևս օգտակար քաղաքական գործիք է ռուսների համար, քանի որ մենք դեռևս արձագանքում ենք դրան: Իրականում միջուկային զենքի օգտագործումը գործնականում բացարձակապես ոչ մի օգուտ Ռուսաստանին չի բերի»։

Բացելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտակարգը նիստը՝ միջուկային սպառնալիքին է անդրադարձել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը. - «Այսպես կոչված մարտավարական միջուկային զենքի կիրառումը լիովին անընդունելի է, ժամանակն է նահանջելու եզրագծից։ Վերջին մեկ տարվա ընթացքում մենք ոչ միայն ականատես եղանք տառապանքների և ավերածությունների, այլ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ իրավիճակը կարող է դեպի ավելի վատը փոխվել»։

ՄԱԿ-ը ՌԴ-ին կոչ արեց դուրս բերել զորքերը Ուկրաինայից․ Հայաստանը ձեռնպահ երկրների շարքում է

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան արտահերթ նիստում բանաձև ընդունեց՝ Ռուսաստանին կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում և դուրս հանել իր զորքերը։ 141 երկիր կողմ է քվեարկել, 32-ը` ձեռնապահ, այդ թվում` Հայաստանը։

Ձեռնպահների թվում են Չինաստանը, Հնդկաստանը, ԱՊՀ անդամ Կենտրոնական Ասիայի երկրները։ Ընդամենը 6 երկիր է կանգնել Ռուսաստանի կողքին՝ նրա հետ դեմ քվեարկելով բանաձևին` Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Սիրիան, Մալին, Էրիթրեան ու Նիկարագուան։ Մի քանի երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանը, բացակայել են՝ քվեարկությանը չեն մասնակցել։

Մինչ քվեարկությունը ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդն ասել է, որ այս քվեարկությունը կմնա պատմության մեջ։

«Հակամարտության մեկամյա տարելիցին մենք կտեսնենք, թե աշխարհի ժողովուրդները որտեղ են կանգնած Ուկրաինայի խաղաղության հարցում», - նշել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը։

Ծավալված քննարկումներում ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ասել է, թե արևմտյան ճամբարի համար շատ ավելի դժվար է դարձել մոբիլիզացնել ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ աջակցելու Ռուսաստանի դեմ իրենց «խաչակրաց արշավանքին»: Նա պնդել է, որ քվեարկության դրվող բանաձևը հակառուսական է և վնասակար։

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ՄԱԿ-ի ամբիոնից ասել է, որ նորագույն պատմության մեջ երբեք այսքան հստակ չի եղել բարու և չարի սահմանը. - «Մի երկիր պարզապես ցանկանում է հեռանալ, մյուսն ուզում է սպանել ու ոչնչացնել»։ «Արդյոք այս սրահում կա՞ մեկը, ով պատրաստ է իր տարածքի մեկ քառակուսի մետրը նվիրել արյունարբու հարևանին։ Պատասխանը բոլորս գիտենք՝ չկա։ Ուկրաինան ձեզանից մեկն է։ Աշխարհը կընկղմվի քաոսի մեջ, եթե մենք թույլ տանք ուժով փոխել սահմանները՝ քողարկվելով քաղաքական նպատակահարմարության կամ ագրեսորի նկատմամբ համակրանքի քողի տակ։ Աշխարհի աջակցությամբ Ուկրաինան կարող է վերականգնել իր տարածքային ամբողջականությունը և ՄԱԿ-ի Կանոնադրության հանդեպ հարգանքը և կանի դա», - ասել է Կուլեբան: «Ամբողջ տարին Գլխավոր ասամբլեան, գլխավոր քարտուղարը և միջազգային հանրությունը հետևողականորեն և բարձրաձայն կոչ են արել դադարեցնել այս պատերազմը և հարգել ՄԱԿ-ի Կանոնադրությունն ու միջազգային իրավունքը։ Այսօր ևս հարկ է կրկնել՝ ագրեսիան անօրինական է, հարևանների տարածք ներխուժելն անօրինական է, բռնազավթել ուրիշ երկրի տարածք՝ անօրինական է» ,- իր ելույթում ասել է ՄԱԿ-ի նստաշրջանը նախագահող Չաբա Կյորոշին։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ասել է, որ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժելու տարելիցը մռայլ հանգրվան է Ուկրաինայի ժողվորդի և միջազգային հանրության համար․ - «Այդ ներխուժումը վիրավորանք է մեր հավաքական խղճին։ Դա ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային օրենքի խախտում է։ Այն հումանիտար և մարդու իրավունքների դրամատիկ հետևանքներ ունի, իսկ ազդեցությունը զգացվում է Ուկրաինայից շատ հեռու»։ Գուտերեշն ասել է, որ ռուս - ուկրաինական պատերազմը նաև հրահրում է տարածաշրջանային անկայունություն, գլոբալ լարվածություն և տարաձայնություններ, ուշադրությունն ու ռեսուրսները շեղում մյուս ճգնաժամերից ու հրատապ գլոբալ խնդիրներից։

«Մինչդեռ մենք լսել ենք միջուկային զենք օգտագործելու անուղղակի սպառնալիքներ։ Միջուկային զենքի այսպես կոչված տակտիկական կիրառումը բացարձակապես անընդունելի է։ Ժամանակն է նահանջել եզրագծից», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ նշելով, որ թեև այսօր հեռանկարները կարող են մռայլ թվալ, բայց բոլորը պետք է աշխատեն՝ գիտակցելով, որ իրական կայուն խաղաղությունը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային իրավունքի վրա։ «Որքան երկար շարունակվեն մարտական գործողությունները, այնքան դժվարին կլինի այդ աշխատանքը։ Մենք ոչ մի րոպե չպետք է կորցնենք», - ըստ «Ազատության», նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

«Մեկ տարի առաջ այս օրը առավոտյան հասկացա՝ պատմության էջը շրջվում է», ասում է ԵՄ պաշտոնյան

«Մեկ տարի առաջ առավոտյան ժամը 5-ին զանգ եմ ստանում՝ «Կիևը ռմբակոծում են»: Հասկացա, որ պատմության էջը շրջվում է, և մենք մտնում ենք դրամատիկ իրավիճակ», - Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը պատմել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում: Ռուս - ուկրաինական պատերազմի լույսի ներքո վերլուծելով անցած մեկ տարին՝ Եվրամիության պաշտոնյան փաստեց՝ զոհվում են ուկրաինացիներն ու ռուսները, բայց նաև եվրոպացիներն են տառապում գնաճի հետևանքով: Երբ է ավարտվելու պատերազմը՝ Բորելը չգիտի, բայց վստահ է՝ պատերազմի ավարտից հետո էլ Ռուսաստանը չի վերանա, և Եվրոպան պետք է մտածի՝ ինչպես կառուցել հարաբերություններն այդ երկրի հետ:

Վերահաստատելով, որ Եվրամիությունը երրորդ համաշխարհային պատերազմ չի ուզում, Ժոզեպ Բորելն ընդգծեց. - «Մենք պատերազմող կողմ չենք, մենք աջակցում ենք մեկ կողմին, բայց չենք մասնակցում պատերազմին»։

Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարը հայտարարեց՝ դաշինքը պետք է շարունակի իր աջակցությունն Ուկրաինային և թափ հաղորդի, քանի որ երկիրը պայքարում է Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից իրեն պաշտպանելու համար։ Բորելի խոսքով՝ դաշինքի աջակցությունն Ուկրաինային պետք է լինի ավելի շատ և ավելի արագ, բոլոր ուղղություններով՝ ներառյալ տնտեսական, ռազմական, հումանիտար, զինծառայողների պատրաստում, դիվանագիտական կապերի հաստատում երրորդ կողմերի, այլ երկրների հետ՝ զրկելու Ռուսաստանին պատերազմը ֆինանսավորելուց. - «Սա ենք մենք փորձել անել և պետք է շարունակենք անել»: Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան ընդունում է՝ այդ մոտեցման համար եվրոպացիները, հատկապես՝ էներգակիրների և պարենի գնաճի տեսանկյունից, թանկ են վճարել. - «Մենք դրա համար վճարել ենք, բայց շատ ավելի ցածր, քան այն գինը, որ վճարում են ուկրաինացիները և, կներեք, որ սա ասում եմ՝ նաև ռուսները»։

Բորելը տեղեկացրեց, որ առաջիկայում Մոսկվայի դեմ սահմանված Եվրամիության պատժամիջոցների մի քանի փաթեթ կսկսի ուժի մեջ մտնել, միևնույն ժամանակ խոստովանեց՝ չնայած նախկինում սահմանված պատժամիջոցներին, անցած մեկ տարվա պատերազմի ընթացքում Ռուսաստանը կարողացել է շահույթ ապահովել։

Այդուհանդերձ, ինչպես պնդեց Բորելը, Ռուսաստանը կորցրել է բնական գազի իր հիմնական գնորդին, և արդեն այս տարվա հունվարին երկրի պետբյուջեի պակասուրդը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 14 անգամ մեծ էր: Եվրամիության դիվանագիտության ղեկավարի համոզմամբ՝ դա արևմտյան պատժամիջոցների հետևանքն է, բայց, ասաց՝ ցանկալի արդյունքի հասնելու համար ժամանակ է պահանջվում։ Դիվանագետի կարծիքով՝ բացի տնտեսական կորուստներից, փոքր չեն նաև պատերազմի դաշտում Մոսկվայի կորուստները՝ այդ թվում 1600 ոչնչացված տանկ․ - «Սա Պուտինը երբեք չէր էլ կարող պատկերացնել ։Բայց, դժբախտաբար, երևում է՝ նրանք պատրաստ են շարունակել այս պատերազմը, 300 հազար զինվոր են կենտրոնացրել շփման գծում, ինչը կրկնակի ավելի է այն անձնակազմից, որը սահմանին էր մեկ տարի առաջ՝ պատերազմի մեկնարկի նախաշեմին»:

Եվրոպական միության դիվանագիտության ղեկավարը դժվարացավ կանխատեսել պատերազմի ավարտի ժամկետները և այն, թե ինչպիսին կլինեն Ռուսաստանի հետ հարաբերությունները պատերազմի ավարտից հետո: «Դե, Ռուսաստանը չի վերանա», - շեշտեց դիվանագետը՝ հավելելով, որ Եվրոպան պետք է սկսի մտածել, թե ինչպես կարելի է վերականգնել խաղաղությունն ու անվտանգությունը Եվրոպայում։ «Մեկ տարվա՞, թե՞ առաջիկա տասնամյակների մասին է խոսքը», - լրագրողի այս հարցին Բորելն արձագանքեց. - «Անկեղծ ասած չգիտեմ: Ձեր հարցին ես չեմ կարող պատասխանել»։

Չինաստանը հրապարակեց «Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու» իր դիրքորոշումը

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկամյա տարելիցի կապակցությամբ Պեկինը հրապարակեց Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու 12 կետից բաղկացած իր դիրքորոշումը։ Արտգործնախարարության հրապարակած փաստաթուղթը կոնկրետ առաջարկներից չի ներկայացնում, ինչը սպասվում էր Մյունխենում Չինաստանի ներկայացուցչի ելույթից հետո, ավելի շուտ շարադրված են Չինաստանի մոտեցումներն ու կոչերը։

Առաջին կետում նշված է, որ պետք է խստորեն պահպանել համընդհանուր ճանաչված միջազգային սկզբունքները, ներառյալ ցանկացած երկի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության երաշխավորումը։ Երկրորդ կետը, ըստ էության, ռուսական հռետորաբանության արտացոլումն է, թե իբր Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինայի միջոցով սպառնում են իրեն։ «Երկրի անվտանգությունը չպետք է ապահովվի ուրիշների անվտանգության հաշվին։ Տարածաշրջանի անվտանգությունը չպետք է ապահովվի ռազմական բլոկների ուժեղացմամբ, առավել ևս ընդլայնմամբ»,- նշված է երկրորդ կետում։

Մնացած կետերով Չինաստանը բոլոր կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, չբորբոքել կրակը և օգնել Ռուսաստանին և Ուկրաինային որքան հնարավոր է շուտ վերականգնել երկխոսությունը։ Անթույլատրելի են համարվում միակողմանի պատժամիջոցները, միջուկային զենք կիրառելու սպառնալիքները։ Կոչեր են արվում հաղթահարել հումանիտար ճգնաժամը, պաշտպանել շարքային քաղաքացիների իրավունքները, չկրակել ատոմակայանների վրա, պահպանել հացահատիկի արտահանման երթուղիները, օգնել վերականգնելու հակամարտության հետևանքները։
Չնայած Պեկինը հայտարարեց իր չեզոքության մասին, արևմտյան մամուլը գրում է , որ Չինաստանը պատրաստվում է ռազմական օգնություն ցուցաբերել Ռուսաստանին։

Մասնավորապես գերմանական Spiegel-ը պնդում է, որ Ռուսաստանն ու Չինաստանը համաձայնեցնում են չինական հարվածային ԱԹՍ-ն մատակարարելու հարցը։ Ըստ հրապարակման՝ արդեն գալիք ապրիլին Չինաստանը պատրաստվում է 100 կամիկաձե դրոններ տրամադրել Ռուսաստանին։ Նախօրեին ամերիկյան մամուլը գրել էր, որ Բայդենի վարչակազմը դիտարկում է հետախուզական տվյալների հրապարակման նպատակահարմարությունը, ըստ որի Պեկինը ծանրութեթև է անում Ռուսաստանին զենք մատակարարելու կողմ և դեմ փաստարկները։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նույնպես ասել է, որ նման տվյալներ կան նաև ՆԱՏՕ-ի տրամադրության տակ։

Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը այսօր ճեպազրույցում ասել է, որ նման հրապարակումներից տեղյակ չէ։ «Այն, ինչ գիտեմ, վերջին շրջանում մեծ ծավալի ապատեղեկատվություն է տարածվել այդ հարցի շուրջ, և մենք պետք է զգոն լինենք դրա ետևում ընկած մտադրությունների հանդեպ։ Չինաստանը միշտ խոհեմ ու պատասխանատու է վերաբերվել զենքի արտահանմանը և որևէ զենքի վաճառք չի իրականացնում հակամարտ տարածաշրջաններում կամ պատերազմող կողմերին։ Այն ամենը, ինչ արել է Չինաստանը, կարելի է ամփոփել մեկ նախադասությամբ՝ խթանել խաղաղությունը և երկխոսությունը»,- ասել է Վան Վենբինը։ Նա պնդել է, որ Չինաստանը շարունակելու է աշխատել միջազգային հանրության հետ կառուցողական դեր խաղալու Ուկրաինայի ճգնաժամի քաղաքական կարգավորման համար՝ հիմնված Չինաստանի հրապարակած դիրքորոշման վրա։

Ի դեպ, Պեկինը մինչ հիմա չի դատապարտել Ռուսաստանի ներխուժումը հարևան Ուկրաինա։

Մակրոնը կմեկնի Չինաստան

Ի դեպ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրեին հայտարարեց, որ ապրիլի սկզբին կայցելի Չինաստան, մասնավորապես, որպեսզի Պեկինից օգնություն խնդրի «Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը դադարեցնելու հարցում»: «Այն փաստը, որ Չինաստանը մասնակցում է խաղաղության ջանքերին, լավ է»,-Փարիզում գյուղատնտեսական տոնավաճառում լրագրողների հետ զրույցում ասել է Մակրոնը: «Չինաստանը պետք է օգնի մեզ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որպեսզի նա երբեք չօգտագործի քիմիական կամ միջուկային զենք և որպեսզի դադարեցնի իր ագրեսիան՝ որպես բանակցությունների նախապայման»,-հավելել է նա:

Նա վստահություն է հայտնել, որ ուկրաինական հակամարտության կարգավորումն անհնար է առանց ռուսական «զորքերի դուրսբերման և Ուկրաինայի ժողովրդի տարածքային ինքնիշխանության պահպանման»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3352 անգամ
Լրահոս
Հարցեր Մոսկվային ՌՈւՍԱՍՏԱՆԸ ՀԻԱՍԹԱՓԵՑՆՈւՄ Է ԱՐՑԱԽԻՆ Միգուցե հենց Փաշինյանն է գլխավորում այդ «5-րդ շարասյունը»․ Սերժ Սարգսյան Մենք միակն էինք տարածաշրջանում, որ ունեինք С-300-ի դիվիզիոններ, արդեն ձեռք էինք բերել մեծ հեռահարության հրթիռներ, ժամանակակից ՀՕՊ միջոցներ, նաև «Իսկանդեր», այլ հզոր զենքեր․ Սերժ Սարգսյան Մեր ժամանակ ֆուտբոլային դիվանագիտության ընթացքում գնդակը մնաց Թուրքիայի դաշտում, սրանց դեպքում, ցավոք, թուրքական բայրաքթարները հայտնվեցին մեր երկրում. Սերժ Սարգսյան Մեդվեդևը սպառնացել է․ Եթե Ուկրաինան փորձի Ղրիմը վերադարձել, Ռուսաստանը կկիրառի ցանկացած, այդ թվում՝ միջուկային դոկտրինով նախատեսված զենք ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի չի ձգտում. Սպիտակ տուն Չինաստանը սպառնացել է ԱՄՆ-ին Ադրբեջանը կեղծ թեզերով փորձում է թիրախավորել նաև Արցախի միջհամայնքային ճանապարհները. Արցախի ՏԿԵՆ Այգիներում 10-15 բնակիչ էր աշխատում, ու ադրբեջանական կողմը սկսեց անկանոն կրակ բացել. Մաճկալաշենի գյուղապետ Արդարադատության միջազգային դատարանից որեւէ արձագանք ակնկալել պետք չէ․ փաստաբան Ադրբեջանում պահվում է 33 հայ ռազմագերի․ ԱԳ նախարար Ադրբեջանական կողմը մոլորեցնում է միջազգային հանրությանը. Արցախի ՆԳՆ Ակադեմիական քաղաքի կառուցման նախահաշիվ, ֆինանսավորման աղբյուրներ ունե՞ք Կա՞ մի հարց, որի շուրջ հաջողվել է հասնել համաձայնության Ադրբեջանի հետ․ Խամոյանը՝ Միրզոյանին SOCAR-ը սկսել է ղազախական նավթի տարանցումը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով Երեւանը Բաքվից ստացել է առաջարկների չորս փաթեթ, ի պատասխան ուղարկել է երեքը․ ՀՀ ԱԳՆ Փարիզը մինչեւ տարեվերջ կկրկնապատկի ռազմական արտադրությունը Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն էժանացել է ավելի քան 6 դրամով Այսօրվանից սկսվում են հանրակրթության ոլորտում բարեփոխումների հանձնաժողով ձևավորելու աշխատանքները․ Արցախի պետնախարար Ոստիկանական ուժեր են բերվել․ որ հյուրանոցում են թուրք ֆուտբոլիստները Մեքենան ընկել է ձորը. 24-ամյա վարորդը մահացել է Ձեզանից ո՞ր մեկն է ստում․ ժողովուրդը ուղիղ պատասխան է պահանջում․ Կրպեյանը՝ Միրզոյանին (video) «Քովիդի» գործով անցնող Գևորգ Սիմոնյանի փաստաբանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան Հիմա լսեք՝ Նիկոլի արտախորհրդարանական «եթիմները» ոնց են սրան ֆռացրել․ Սամվելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 25-ին,ժամը 13:00-ին, Նկարիչների միության տանը՝ 2-րդ հարկում, տեղի կունենա Радуга արվեստի կենտրոնի հաշվետու ցուցահանդեսը՝ Գույների ուժը խորագրով: Հեռ. 094241111 Մարտի 24-ին,ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Մարտի 24-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մարտի 24-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին դատախազ Սոկրատ Հովսեփյանը: Մարտի 24-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է երգչուհի Արմինե Գրիգորյանը։ Մարտի 24-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահրամ Սահակյանը Մարտի 24-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 23-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Իսագուլյանը Մարտի 23-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am