Թուրքիայում որոշ քաղաքացիներ զանգել են փլատակների տակ մնացածներին եւ ծաղրել. քրեական գործեր են հարուցվել
Թուրք իրավապահները ձերբակալել են Ստամբուլի երկու բնակիչների, ովքեր ծաղրել են փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի պատճառով փլատակների տակ մնացած մարդկանց, գրում է թուրքական Hürriyet լրատվական գործակալությունը։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ երկրաշարժից հետո փլատակների տակ մնացած շատ քաղաքացիներ սոցցանցերում օգնության գրառում են արել եւ տվել հեռախոսահամար։ Սակայն որոշ քաղաքացիներ օգնելու փոխարեն զանգահարել են փլատակների տակ գտնվող քաղաքացիներին եւ ծաղրել։
Մեղադրող կողմի տվյալներով՝ փլատակների տակ ընկած քաղաքացիները կասկածյալներից ահազանգեր են ստացել Discord-ի միջոցով։ Ամբաստանյալները փլատակների տակ մնացած մարդկանց ասել են. «Գալիս ենք ձեզ փրկելու», ինչը ուղեկցվել է ծիծաղով ու ծաղրական մեկնաբանություններով։ Սոցցանցերում հրապարակվել են այդ տեսանյութերը։