ԱԹՍ-ներով իրանական Սպահան քաղաքի վրա հարձակման «առեղծվածը». Տարածաշրջանը փորձում են պայթեցնել

Այն, որ հարևան Իրանի նկատմամբ դավեր հյուսողների պակաս չկա ու ինչ-որ բան նախապատրաստվում է, վերջին ամիսներին միջազգային փորձագետները չէին բացառում:

Իրանի իշխանությունների տարածաշրջանային ակտիվությունը, հայտարարությունները, ցուցաբերվող ակտիվ դիվանագիտությունը նույնպես վկայում էին այն մասին, որ Թեհրանն էլ հստակ պատկերացնում էր, որ երկրի դեմ կարող են գործողություններ իրականացվել:

Ահա, կիրակի օրը ստացվեցին մտահոգիչ լուրեր... Մինչ այդ, ուշագրավ է, որ Իսրայելից ստացվեցին տեղեկություններ:

Իրան-Իսրայել հնարավոր բախումը, ադրբեջանական գործոնը վաղուց է քննարկվում:

Միակ միտքը, որն այսօր հետաքրքրում է շատերին, արդյո՞ք Իրանի նկատմամբ հարձակումն իրականացնելիս օգտագործվել է Ադրբեջանի տարածքը, և արդյոք այս լարվածությունը կարող է վերաճելի պատերազմի...

Երուսաղեմի սինագոգի վրա զինված հարձակման հետևանքով 7 մարդ զոհվեց, 3-ը՝ վիրավորվեցին

Այսպես, նախ` հունվարի 27-ի երեկոյան Երուսաղեմում զինված տղամարդը կրակ է բացել սինագոգի այցելուների վրա։ Հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ։ Վիրավորվել են ևս 3-ը` այդ թվում 15-ամյա դեռահաս։ Իսրայելական աղբյուրների համաձայն, հարձակվողը` Երուսաղեմի պաղեստինաբնակ թաղամասի 21-ամյա բնակիչ, սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ։ Ոստիկանության ներկայացուցիչ Յակով Շաբթայի խոսքով՝ հարձակվողը «սկսել էր կրակել բոլոր նրանց վրա, ովքեր կանգնած էին իր ճանապարհին»:

Զինված այս միջադեպը հաջորդում է հունվարի 27-ի գիշերը իսրայելական բանակի կողմից Գազայի հատվածին հասցված հրթիռային հարվածներին, որոնց հետևանքով կան զոհեր՝ այդ թվում խաղաղ բնակչության շրջանում։ Իսրայելական ուժերը պնդում են, որ թիրախը պաղեստինցի զինյալներն էին:

Հետաքրքրական է, որ տարածաշրջանում իրավիճակը սրվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մերձավորարևելյան շրջագայությանն ընդառաջ։ Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հունվարի 29-30-ը նախատեսում է այցելել Եգիպտոս, Իսրայել և Հորդանան գետի Արևմտյան ափ։

Նոր կրակոցներ Երուսաղեմում

Երուսաղեմում հունվարի 28-ին սինագոգի այցելուների վրա հարձակումից մեկ օր անց հերթական հրաձգությունն էր տեղի ունեցել, որի հետևանքով երկու մարդ վնասվածքներ էին ստացել, նրանցից մեկը վիճակը գնահատվում էր ծանր։ Հաղորդվում էր, որ տուժածները հայր ու որդի են։

Տեղից ստացվող հաղորդումների համաձայն՝ զինված հարձակումն իրականացրել է Արևելյան Երուսաղեմից մի 13-ամյա դեռահաս, վերջինս ձերբակալված է: Ոստիկանությունը տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն։ Հրաձգությունը տեղի է ունեցել Իր-Դավիդի (Դավթի քաղաք) տարածքում։ Սա Երուսաղեմի ամենահին թաղամասն է:

Իրանի ՊՆ-ն հաղորդեց ԱԹՍ-ներով իր արտադրական գործարաններից մեկի վրա «անհաջող հարձակման» մասին

Երուսաղեմում 2 հարձակումներից 2 օր անց` հունվարի 29-ին, Իրանի զինված ուժերի պաշտպանության նախարարությունը հաղորդեցին Սպահան քաղաքում գերատեսչության արտադրական գործարաններից մեկի վրա անօդաչու թռչող սարքերի կողմից «անհաջող հարձակման» մասին։ Ըստ հաղորդագրության՝ հրթիռներից մեկը խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգով, ևս երկուսը հայտնվել են պաշտպանական թակարդների մեջ և պայթել։ Սպահան քաղաքում Իրանի պաշտպանության նախարարության արտադրական համալիրներից մեկի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասվել է արտադրամասի տանիքը, ասվում էր հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ հետ է մղել անօդաչու թռչող սարքերի հարձակումը Սպահանում գտնվող պաշտպանական համալիրի ուղղությամբ։ Նախարարությունը հայտնել է, որ իր համալիրներից մեկի վրա մի քանի անօդաչու թռչող սարքեր են հարձակվել, սակայն համալիրի հակաօդային պաշտպանության համակարգերը հաջողությամբ հետ են մղել հարձակումը։ «ԱԹՍ-ներից մեկը խոցվել է համալիրի հակաօդային պաշտպանության կրակից, իսկ մյուս երկուսն ընկել են նրա պաշտպանական թակարդները և պայթել», - ասվում է հաղորդագրության մեջ։ Նախարարությունը նշեց նաև, որ անհաջող հարձակումը չի հանգեցրել մարդկային զոհերի, այլ միայն չնչին վնաս է հասցրել արտադրամասի տանիքին։ Համալիրը հարձակումից հետո շարունակում է իր բնականոն աշխատանքը։

Նկատենք, որ պաշտոնական հայտարարության մեջ Թեհրանը, սակայն, չնշեց, թե ում կողմից է եղել այս հարձակումը։

Սպահան քաղաքում գործարաններից մեկի վրա անօդաչու թռչող սարքերի կողմից «անհաջող հարձակումից» օր առաջ տարօրինակ իրադարձություններ տեղի ունեցավ Թեհրանում, որը զուգադիպություն հազիվ թե կարելի էր համարել...

Զինված հարձակում Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա

Հունվարի 27-ին միջազգային լրատվականները հաղորդեցին, որ Թեհրանում զինված հարձակում է կատարվել Ադրբեջանի դեսպանատան վրա, մեկ մարդ է զոհվել, երկուսը վիրավորվել, հարձակվողը ձերբակալվել է։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդեց, որ հարձակումը կատարվել է ուրբաթ առավոտյան Բաքվի ժամանակով առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում։ Կալաշնիկով ինքնաձիգով զինված անձը սպանել է դիվանագիտական առաքելության անվտանգության ծառայության ղեկավարին։ Հարձակումը հետ մղելիս վիրավորվել են դեսպանատան անվտանգության ևս երկու աշխատակից, որոնց վիճակը բավարար է։ Փոքր-ինչ ուշ հրապարակվեց զոհվածի անունը՝ Օրհան Ասկերով։

Սոցցանցերում ու Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակվեցին դեսպանատան տեսախցիկների ձայնագրությունը, որտեղ երևում է, որ արագ ընթացող մեքենան մոտենում է դեսպանատանը, արգելակելիս հարվածում դիմացի կանգնած մեքենային ու մոտեցած մեքենայից վայրկենապես մի մարդ է դուրս գալիս ավտոմատը ձեռքին ու մտնում դեսպանատան շենք։ Ներսի տեսագրությունը ցույց է տալիս, թե ինչպես է նա կրակ բացում փախչող աշխատակիցների վրա։ Հակառակ կողմից մեկ ուրիշ աշխատակից հարձակվողի հետ ձեռնամարտի է բռնվում փորձելով խլել զենքը, տեսագրության շարունակությունը չի հրապարակվել։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջադեպը ահաբեկչություն որակեց։

«Վճռականապես դատապարտում եմ ահաբեկչական գործողությունը, որն այսօր կատարվել է Թեհրանում մեր դեսպանության դեմ։ Մենք պահանջում ենք հետաքննել այդ ահաբեկչական գործողությունը և շուտափույթ պատժել ահաբեկիչներին։

Դիվանագիտական ներկայացուցչության դեմ ահաբեկչական գործողությունը անընդունելի է»,- Թվիթերում գրել էր Ալիևը, խորը ցավակցություն հայտնելով դեսպանատունը պաշտպանելու ժամանակ զոհված անվտանգության ծառայության ղեկավար ավագ լեյտենանտ Օրհան Ասկերովի հարազատներին և մտերիմներին ու դեսպանատան աշխատակիցներին։

Թեհրանի ոստիկանապետը նշեց, թե հարձակվողն «առաջնորդվել է անձնական դրդապատճառներով»

Թեհրանի ոստիկանության պետ Հոսեյն Ռահիմին լրագրողներին ասել է, որ հարձակվողն «առաջնորդվել է անձնական դրդապատճառներով»։ Իրանի դատական համակարգին մոտ կանգնած Mizan News-ը փոխանցեց Թեհրանի քրեական դատախազ Մոհամադ Շահրիյարիի խոսքերը՝ նրա ասելով մեղադրյալը պնդել է, որ անցած տարվա ապրիլին իր կինը գնացել է Ադրբեջանի դեսպանատուն և չի վերադարձել։ Չնայած նա բազմիցս այցելել է դեսպանատուն իր կնոջ գտնվելու վայրը պարզելու նպատակով, բայց ոչ մի պատասխան չի ստացել։ Հարցաքննության ժամանակ մեղադրյալը ցուցմունք է տվել, ասելով, որ Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվել է անձնական և ընտանեկան խնդիրների պատճառով։

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակվողը 50-ն անց տղամարդ է։ Նախնական տեղեկություններով դեսպանատան շենքին մոտեցած նրա ավտոմեքենայում են եղել նրա անչափահաս երկու երեխաները՝ 14-ամյա աղջիկն ու 7 տարեկան տղան։

Անմիջապես այս միջադեպից հետո, կայծակնային արագությամբ, Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն հայտարարեց, թե աշխատանքներ են տարվում դեսպանատան անձնակազմին և նրանց ընտանիքների անդամներին որքան հնարավոր է շուտ Ադրբեջան տարհանելու համար։

Ադրբեջանի արտգործնախարարությունը Իրանի իշխանություններին մեղադրել է դեսպանության և նրա աշխատակիցների անվտանգությունը պատշաճ կերպով չապահովելու մեջ։ Իսկ Բաքվում Իրանի դեսպան Սեիդ Աբաս Մուսավին կանչվեց Ադրբեջանի արտգործնախարարություն, որտեղ նրան բողոք էր ներկայացվել։ Դեսպանին նաև ասվել է, որ Իրանում վերջին շրջանում հակաադրբեջանական պլանավորված արշավ է տարվում։

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին խստորեն դատապարտել է հարձակումը և ցավակցություն հայտնել զոհված աշխատակցի ընտանիքին։ «Երկրի քաղաքական և անվտանգության իշխանությունների հատուկ ցուցումով հարցը քննվում է առաջնահերթության կարգով և զգայնությամբ՝ պարզելու այս գործողության չափերն ու հարձակվողի դրդապատճառները», - հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակը, միաժամանակ նշելով, որ նախնական տվյալները ցույց են տալիս հարձակման անձնական շարժառիթներ։

Թուրքիայի նախագահը, արտգործնախարարը խստորեն դատապարտել են կատարված հարձակումը, բայց այդ մասին նրանց թվիթերյան գրառումներում «ահաբեկչություն» որակումը չկա՝ Էրդողանն ու Չավուշօղլուն օգտագործել են «նենգ հարձակում» արտահայտությունը։

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցների տարհանման համար հատուկ չվերթ կազմակերպվեց

Ադրբեջանական իշխանությունները մտադիր են մոտ ժամանակներս տարհանել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին: Այդ մասին, «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ, շաբաթ օրը հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը: Վերջինիս խոսքով՝ այդ նպատակով Բաքու-Թեհրան-Բաքու հատուկ չվերթ է կազմակերպվել։ Ադրբեջանցի պաշտոնյան տարհանման հստակ ժամկետներ չի նշել:

Թեհրանը Բաքվին առաջարկեց համատեղ հետաքննել դեսպանատան զինված միջադեպը
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած զինված միջադեպը հեռախոսով քննարկել են երկու երկրների արտգործնախարարները։ «Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Բայրամովի հետ զրույցում դատապարտել է Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը՝ միաժամանակ մատնանշելով միջադեպի շուրջ երկու երկրների թշնամիների կողմից այսօրվա չարաշահումները»,- փոխանցում է իրանական ISNA գործակալությունը։
Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Բաքուն և Թեհրանը չպետք է թույլ տան, որ տեղի ունեցածը բացասաբար ազդի երկկողմ հարաբերությունների վրա։ «Կատարվածի տարբեր ասպեկտները պարզաբանելու համար Աբդոլլահիանը առաջարկել է երկու երկրների անվտանգության մարմիններին հետաքննել այդ հարցը միմյանց հետ սերտ համագործակցությամբ»,- ասվում է իրանական կողմի պաշտոնական հաղորդագրությունում:

Իրանի Սպահան քաղաքում գտնվող պաշտպանական օբյեկտի վրա հարձակման հետևում Իսրայելն է․ Wall Street Journal

Իրանի Սպահան քաղաքում գտնվող պաշտպանական օբյեկտի վրա հարձակման հետևում Իսրայելն է կանգնած, ըստ News.am-ի, գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ մարդկանց։ Հրատարակության տվյալներով՝ սա Իսրայելի առաջին հարվածն է այն բանից հետո, երբ վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցյալ ամիս վերադարձել է իշխանության՝ նշելով, որ դա տեղի է ունեցել Թել Ավիվի և Վաշինգտոնի միջև՝ Թեհրանին հակազդելու նոր ուղիների շուրջ բանակցությունների ֆոնին։ Աղբյուրի համաձայն՝ անօդաչու թռչող սարքերը թիրախավորել են Իրանի Տիեզերական հետազոտությունների կենտրոնին պատկանող օբյեկտի մոտ գտնվող զինամթերքի գործարանը, որը գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ՝ բալիստիկ հրթիռների վրա ենթադրյալ աշխատանքներ տանելու համար:

ԱՄՆ ՌՕՈՒ-ն և «մեկ այլ երկիր» մասնակցել են ԻԻՀ ռազմական համալիրի վրա ԱԹՍ-ների հարձակմանը. The Jerusalem Post

4ԱՄՆ ռազմաօդային ուժերը և «մեկ այլ երկիր» մասնակցել են Իրանի ռազմական համալիրի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակմանը, պնդում է Al-Arabiya-ն՝ հղում տալով իր աղբյուրներին։ Նշվում է, որ հարվածը հասցվել է բալիստիկ հրթիռների պահեստին։

Ըստ News.am-ի, մինչդեռ, The Jerusalem Post-ը, վկայակոչելով արևմտյան հետախուզության աղբյուրները, պնդում է, որ, հակառակ Իրանի պնդումներին, Սպահանում անօդաչու թռչող սարքի հարձակումը «շատ հաջող է եղել»: «Չորս պայթյուն է տեղի ունեցել, որոնք նույնիսկ կարելի է տեսնել սոցիալական ցանցերում, առաջադեմ զենքեր մշակող հաստատությունում, և վնասը գերազանցում է «տանիքի փոքր վնասը», որը պնդում է Իսլամական Հանրապետությունը», գրում է պորտալը։

Մինչ Իսրայելը լռում է, «արևմտյան հետախուզության և իրանական աղբյուրների մեծ մասը Մոսադին վերագրում են Իրանի միջուկային հաստատությունների դեմ նույնքան հաջող հարձակումները Նաթանզում 2020թ. հուլիսին, մեկ այլ միջուկային օբյեկտի վրա Նաթանզում 2021թ. ապրիլին, մեկ այլ միջուկային օբյեկտի վրա՝ Քարաջում՝ 2021թ. հունիսին, 2022թ. փետրվարին իրանական մոտ 120 կամ ավելի անօդաչու թռչող սարքերի ոչնչացումը»։

Նշենք, որ այս իրադարձությունների ֆոնին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Al-Arabiya հեռուստաալիքին ասել է, որ ԱՄՆ-ը դիտարկում է բոլոր տարբերակները, որպեսզի թույլ չտա Իրանին միջուկային զենք ստանալ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4228 անգամ
Լրահոս
Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել. Ղազարյան Դատախազությունը Քաջարանի համայնքապետ Փարամազյանից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք, 1 միլիարդ 13 միլիոն դրամ Բլոգեր Միկա Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Մոլդովա Հովիկ Աղազարյանը պատրաստ է Նիկոլ Փաշինյանի փոխարեն Բաքու մեկնել ԱԱԾ աշխատակիցները Կիրանցում փորձում են խոչընդոտել լրագրողներին, իսկ բնակիչներին՝ վախեցնել. Անի Գևորգյան Արտերկրում որոշ ուժերի զայրացրել է այն, որ Վրաստանը մինչ օրս Ռուսաստանի հետ դիմակայության «երկրորդ ճակատ» չի բացել․ Կոբախիձե Օլիմպիական խաղերից առաջ իրաքցի մարզիկը որակազրկվել է՝ դոպինգ ընդունելու համար Բելգիան ողջունում է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելու որոշումը Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Միրզոյանը Կիպրոս կմեկնի Սպասվում է անձրև և ամպրոպ Ալավերդի համայնքի՝ ՌԴ քաղաքացի ղեկավարը Ռուսաստանում սնանկ է ճանաչվում․ մոտ մեկ տասնյակի գույք չի հայտարարագրել. «Հետք» 53-ամյա տղամարդը փոստային բաժանմունքում, օգտվելով աշխատակցի բացակայությունից, աշխատասեղանի վրայից գումար էր գողացել Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության 5 անդամ մանդատը վայր է դրել Հերթական անկրակոց, գաղտնի զիջումն է արվել․ Երասխի հատվածում մեր մարտական հենակետի վրա ծածանվում է թշնամու դրոշը․ Րաֆֆի Ասլանյան Սյունիքի ճանապարհներին բեռնատարները չեն կարողացել շարունակել ընթացքը, առաջացել է խցանում Փարիզի Օլիմպիական խաղերի բյուջեն 11 միլիարդ եվրո է կազմում Սանկտ-Պետերբուրգից գրեթե հազար աշխատանքային միգրանտ կարտաքսվի Թշնամուն հողեր հանձնելով՝ ոչ միայն Կիրանցը դարձրին խիստ վտանգված, այլև Աճարկուտը․ Ավագանու անդամ Վեհափառ Հայրապետը ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին Կամրջի վրա է ,,սրանց արձակուրդ գնալը բռնել,, Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին․ ՆԳՆ Ռոբերտ Քոչարյանը, ըստ ամենայնի, կրկին կկանգնի դատարանի առջև, բայց եթե նույնիսկ նա մեղավnր ճանաչվի, նա չի ազատազրկվի․ փաստաբան ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակարանային ապահովման ծրագիրը ժամանակավորապես դադարեցվել է Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է՝ ինչպես է Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակը երեխային ծեծում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Նոր ձևաչափ՝ արցախցիների խնդիրները հայաստանյան պետական մարմիններում ներկայացնելու համար Հուլիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բենիամին Մաթևոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am