Իրանական գամբիտ. Անկարայում Հայաստանի սահմանների հարցով կատեգորիկ պահանջ է դրվել

«Եվրոպան անցյալի սխալներից դասեր չի քաղել»

Հունվարի 19-ին եվրախորհրդարանի պատգամավորները ԵՄ-ին կոչ են արել ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները` մարդու իրավունքների խախտումների և Ռուսաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու մեղադրանքներով։ Առաջարկել են նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։

Ահա, Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցի՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» գլխավոր հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին քննադատել է Եվրախորհրդարանի կողմից չորեքշաբթի օրը հաստատված բանաձևը։ Փաստաթղթում պատգամավորները կոչ էին անում ԵՄ ղեկավար մարմիններին «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» դասել ահաբեկչական կազմակերպությունների թվին՝ նման քայլը պատճառաբանելով այս կառույցի կողմից բողոքի ցույցերի մասնակիցների դեմ բռնությունների կիրառմամբ և Մոսկվային իրանական արտադրության ԱԹՍ-ների վաճառքով։

«Եվրոպան անցյալում կատարած իր սխալներից այդպես էլ ոչ մի դաս չի քաղել։ Նրանց թվում է, թե այդ քայլով կարողանալու են ապակայունացնել հավատով ու կամքով լի մեր կորպուսը», -Թեհրանում հայտարարել է գեներալ Սալամին։ «Եվրոպայից հնչող նման հայտարարությունները մեզ չեն մտահոգում։ Երբ մեր թշնամիները մեզ գործելու հնարավորություն են տալիս, մենք ավելի ենք ուժեղանում։ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն» իրական աշխարհում է գործում», - հայտարարել է իրանցի զինվորականը։

«Առանց մեզ` ամերիկացիների բորբոքած ահաբեկչության կրակը կհասներ եվրոպացիներին»

Այնուհետև, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար եվրոպացիներին կոչ է արել չկրկնել անցյալի սխալները, իսկ թույլ տված սխալների համար պատասխան տալ։ «Եվրախորհրդարանի վերջին որոշումը հետևանքներ է ունենալու։ Առանց իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ ամերիկացիների բորբոքած ահաբեկչության կրակը կհասներ եվրոպացիներին և կքանդեր նրանց անվտանգությունը»,-ասել է նա: «Նրանք (նկատի ունի Եվրոպան,-հեղինակ) իրանական ժողովրդի և մեր արժեքների պաշտպանությունը համարում են ահաբեկչություն՝ միաժամանակ գլուխ գովելով ահաբեկչության դեմ պայքարի համար կամ կոծկելով ահաբեկչությունը։ Եվրոպան երկու անգամ իրեն ներքաշել է համաշխարհային պատերազմի մեջ, և նոր Եվրոպան ձևավորվել է այդ պատերազմի փլատակների վրա։ Այդ Եվրոպան դասեր չքաղեց անցյալի իր սխալներից»։

Իրանի պատասխանը` Եվրախորհրդարանի բանաձևին

Իրանը եվրոպական երկրների բանակները կհայտարարի ահաբեկչական՝ ի պատասխան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը «ահաբեկչական կազմակերպությունների» ցուցակում ներառելու մասին Եվրախորհրդարանի որոշման, նշել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նրա խոսքով, Եվրախորհրդարանի որոշումը ցույց է տվել, որ «սիոնիստամետ ճակատը եվրոպական երկրներին ստիպել է լուրջ սխալ հաշվարկներ անել»։ Նա նաև ընդգծել է, որ Թեհրանը կօգտագործի իր գործիքները նման քայլերին հակազդելու համար՝ հավելելով, որ եվրոպական երկրները Իրանի շահերի դեմ սխալ ճանապարհ են բռնել։ Ղալիբաֆը հիշեցրել է, որ, չնայած Միացյալ Նահանգների աջակցությանը, «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկչությունը տապալվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և տեղի բնակիչների կողմից՝ հավելելով, որ ԻՀՊԿ-ն աշխարհի ամենաեզակի հակաահաբեկչական կազմակերպությունն է, որը վերացրել է այս ահաբեկչական խմբավորման գլոբալ վտանգը։

Բացի այդ, Իրանը չի բացառում միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու հնարավորությունը։ Երեկ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանն ասել է, որ Իրանի խորհրդարանի որոշումը, որը կառավարությանը պարտավորեցնում է եվրոպական երկրների բանակները ճանաչել ահաբեկչական, ի պատասխան արվող քայլ է։ Խոսելով ԵՄ ԱԳ նախարար Ժոզեպ Բորելի հետ իր զրույցի մասին՝ Ամիր-Աբդոլլահիանն ասել է, որ Եվրախորհրդարանի բանաձևը պարտավորեցնող չէ և ընդամենը եվրոպացի խորհրդարանականների մի մասի զգացմունքների արտահայտությունն է։

Իրանը Պարսից ծոցում զորավարժություններ անցկացրեց

Անցյալ շաբաթ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը տեսանյութ հրապարակեցին Պարսից ծոցում անցկացված զորավարժություններից։ Հրապարակված կադրերում հրթիռներ են արձակվում նավերի վրայից և ցամաքից, ինչպես նաև երևում են անօդաչու թռչող սարքեր։ Զորավարժությունների ժամկետների, ներգրաված ռազմական տեխնիկայի ու անձնակազմի թվաքանակի մասին ոչինչ չի հաղորդվում։

Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իբրահիմ Ռայիսին օրերս քննարկեցին երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր, ներառյալ էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում համագործակցությունը: Ինչպես հաղորդեց Կրեմլի մամուլի ծառայությունը, անդրադարձ է կատարվել նաև Սիրիայում տիրող իրավիճակին: Կարևորվել է Աստանայի գործընթացի շրջանակում սերտ համակարգման շարունակումը՝ որպես սիրիական կարգավորման աջակցության առանցքային մեխանիզմ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներում շփումների պահպանման վերաբերյալ։

Ռուս-իրանական ռազմական համագործակցությունը ընդլայնվում է, սակայն Թեհրանը զգույշ է...

Թեհրանը հաստատեց՝ Մոսկվայից ժամանակակից սպառազինություն կստանա, հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Շահրիյար Հեյդարին։ Վերջին ամիսներին մամուլում շրջանառվող այս տեղեկությունը պաշտոնապես հաստատելով՝ իրանցի պատգամավորը «Թասնիմ» գործակալության հետ զրույցում նշել է, որ Թեհրանը Մոսկվայից ՀՕՊ և հրթիռային համակարգեր, ինչպես նաև ուղղաթիռներ է պատվիրել։ Հեյդարիի խոսքով՝ ռուսական սպառազինությունը՝ Су-35 (ՍՈւ 35) մակնիշի նորագույն ռազմական օդանավերը Իրան կմատակարարվեն առաջիկա ամիսներին։ Ըստ իրանական աղբյուրների՝ ռմբարկուների մի մասը նախատեսվում է տեղակայել Իրանի կենտրոնական հատվածում գտնվող Իսպահանի տակտիկական ավիաբազայում։ Ըստ «Ազատության», մի շարք լրատվամիջոցների համաձայն՝ խոսքը 24 ռուսաստանյան կործանիչների մասին է, որոնք Մոսկվան նախատեսում էր վաճառել Եգիպտոսին։ Պաշտոնական Կահիրեն, սակայն, հրաժարվել էր այդ գործարքից, մամուլի տեղեկություններով՝ ենթադրաբար Վաշինգտոնի հորդորով։

Կահիրեի կողմից մերժված և Իրանում պահանջարկ վայելող ռուսաստանյան ՍՈւ 35-ը բազմաֆունկցիոնալ կործանիչ է, որը նախատեսված է թշնամու տարածքի խորքային հարվածների համար և կարող է կրել տարբեր տրամաչափի ռումբեր ու հրթիռներ։ Ուկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանը դրանք սահմանափակումներով է օգտագործում՝ ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգերով հագեցվածության պատճառով։

Փոխարենը Մոսկվայի ձեռքում կարևոր զենք են դարձել իրանական անօդաչու թռչող սարքերը, որոնց կիրառմամբ լայնածավալ հարվածներ է հասցնում Ուկրաինայի ամբողջ տարածքի էլեկտրական ենթակառուցվածքներին և այլ քաղաքացիական թիրախներին: Պաշտոնական Կիևի համաձայն՝ խոսքը հետախուզության համար նախատեսված Mohajer-ի և Shahed տեսակի դրոնների մասին է: Դատելով իրանական մամուլում իրանցի զինվորականների հնչեցրած հայտարարություններից՝ հատկապես Shahed-ը Թեհրանի արտադրած դրոնների շարքում ամենահզորն է։

Վերջերս հայտնի դարձավ, որ ի հեճուկս Արևմուտքի զգուշացումների՝ Իրանը դրոններից բացի, պատրաստվում է նաև հրթիռներ մատակարարել Ռուսաստանին։ Իրանցի պաշտոնյաները Reuters-ի հետ զրույցում հայտնել են, որ սպառազինության վաճառքի շուրջ պայմանավորվածությունը կողմերը ձեռք են բերել ամիսներ առաջ։ Եվրամիությունը, Միացյալ Նահանգները պնդում են, որ դրոններ տրամադրելով Մոսկվային՝ Թեհրանը կոպտորեն խախտել է 2015 թվականի միջուկային համաձայնագրին հավանություն տալու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևը։ Արևմտյան մի շարք երկրներ, Եվրամիությունը պատժամիջոցներ են սահմանել Իրանի մի խումբ քաղաքացիների և ընկերությունների նկատմամբ, որոնք ներգրավված են անօդաչու թռչող սարքերի արտադրության և Ռուսաստանին զենքի մատակարարման գործընթացներում։

Պատժամիջոցների սպառնալիքը, սակայն, ոչ միայն չի կաշկանդում, այլ նաև ավելի է մերձեցրել Արևմուտքի կողմից մեկուսացված Ռուսաստանին և Իրանին։ Այդ երկրների հարաբերությունները վերածվել են լիարժեք ռազմական համագործակցության, այս մասին անցած ամիս հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին՝ շեշտելով, որ Թեհրանն ու Մոսկվան միմյանց «աննախադեպ աջակցություն» են ցուցաբերում, ինչպես նաև քննարկում անօդաչուների համատեղ արտադրության հնարավորությունները։

Դրոնների արտադրության 40-ամյա փորձ ունեցող Թեհրանը հարվածային անօդաչուներ է մատակարարում Լիբանանում, Գազայում, Եմենում, Իրաքում և Սիրիայում գործող իրանամետ խմբավորումներին։ Վերջին տարիներին հայտնի է դարձել նաև իրանական դրոնների՝ տարբեր երկրներ վաճառքի մասին։ The New York Times-ի տեղեկություններով` իրանական դրոնները գնել են Եթովպիան, Վենեսուելան, Սուդանը, իսկ Տաջիկստանում Թեհրանը նույնիսկ անօդաչուների համատեղ արտադրությամբ զբաղվող գործարան է ստեղծել։

Իրանը պնդում է, որ Ռուսաստանին անօդաչուներ չի մատակարարում
Իրանը այս տարեսկզբին կրկին պնդեց, որ Ռուսաստանին հարվածային անօդաչու թռչող սարքեր չի մատակարարում։ Թեհրանում կայացած ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։ «Այն երկրները, որոնք պարբերաբար հանդես են գալիս նման մեղադրանքներով այդպես էլ չեն կարողացել իրենց այդ պնդումները հաստատող որևէ փաստ ներկայացնել», - հայտարարել է Քանանին։

Ինչու էր Իրանի արտգործնախարարն Անկարա մեկնել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն անցյալ շաբաթ Անկարայում ընդունեց Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիաննին։ «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնակայանում տեղի ունեցած դռնփակ հանդիպման մասին թուրքական կողմը մանրամասներ չէին հայտնում։

Այցի շրջանակներում Ամիր-Աբդոլլահիանը բանակցություններ վարեց նաև թուրք պաշտոնակից Մևլյութ Չավուշօղլուի հետ։ IRNA իրանական պետական լրատվական գործակալության տվյալներով՝ թուրք-իրանական բանակցությունների օրակարգում են նաև Հարավային Կովկասի զարգացումների, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր։

Թուրքիայի մայրաքաղաք ժամանելուն պես Աբդոլլահիանը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները ճիշտ ուղու վրա են։ «Թուրքիան հարևան երկրներից մեկն է, որը լավագույն հարաբերություններն ունի իսլամական Իրանի հետ»,-ասել է նա՝ տեղեկացնելով, որ Թուրքիայում իր հանդիպումների ընթացքում քննարկվելու են տարածաշրջանային և միջազգային հարցեր։

Սակայն ուշագրավ էր Թուրքիայի ԱԳ նախարարի ուղերձը` Անկարայի բանակցությունների նախաշեմին...

Իրանը տարածաշրջանի աշխարհագրության մեջ ոչ մի փոփոխություն չի ընդունի, Անկարայում իր թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի հետ համատեղ մամլո ասուլիսում ասաց Ամիր Աբդոլլահիանը։ «Մենք կարծում ենք, որ երկրների տարածքային ամբողջականության պահպանումը հիմնարար սկզբունք է»,-ասել է նա՝ հավելելով, որ տարածաշրջանի աշխարհագրության մեջ փոփոխություններն անընդունելի են:

«Տարածաշրջանի երկրների միջև տրանսպորտային ուղիների բացումն այս համատեքստում կարևոր հարցերից մեկն է, և մենք կարծում ենք, որ այդ հարցերի լուծումը կհանգեցնի առևտրի ծաղկման և կայուն անվտանգության այս տարածաշրջանում»,-ասել է նա։

Հարավային Կովկասի կայունությունը կարևոր է թե՛ Թուրքիայի, թե՛ Իրանի համար։ Այս մասին ասել է Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում իրանցի գործընկերոջ հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։ Չավուշօղլուն նշել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են «3+3» և Ադրբեջան-Թուրքիա-Իրան ձևաչափերով բանակցությունների անցկացման հարցերը։ Նա նաև ընդգծել է, որ ենթակառուցվածքային նախագծերը, որոնք նախատեսված է իրականացնել Հարավային Կովկասում, օգտակար կլինեն բոլորի համար։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4359 անգամ
Լրահոս
Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին. վերլուծական Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն» Քայլիստ դավաճանները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը... Գագիկ Համբարյան ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am