ՌԴ-ն արցախյան ու ադրբեջանական կողմերի միջև հանդիպում է կազմակերպել. Մոսկվայի ուղերձները` Փաշինյանին և Արևմուտքին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ մամլո ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում մի շարք ուշագրավ տեղեկություններ է հայտնել հայ-ադրբեջանական թեմայով, Արցախում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Հայաստանում Եվրամիությունից դիտորդական առաքելություն հրավիրելու՝ Հայաստանի իշխանությունների որոշման առնչությամբ:

Արցախի ներկայացուցիչները Լաչինի հարցով հանդիպել են Ադրբեջանի ներկայացուցիչների հետ

 Ղարաբաղի ներկայացուցիչները օրերս Լաչինի հարցով հանդիպել են Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար Ա․ Վոլկովի մասնակցությամբ, երեկ, ըստ «Ազատության», հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Հիշեցնելով, որ ինքը նաև հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանցի գործընկերոջ հետ, Սերգեյ Լավրովը պնդել է, թե ճանապարհի բացման հարցը շուտով կլուծվի։ Թե որն է նման լավատեսության պատճառը, նա չի հստակեցրել: Խոսելով շրջափակման պատճառներից էլ՝ որևէ խոսք չասաց էկոակտիվիստների վերաբերյալ։
«Ադրբեջանցիները տվյալներ են ներկայացրել, թե հայկական կողմը Լաչինի միջանցքով ականներ է տեղափոխել։ Հիմա մեր զինվորականները ուսումնասիրում են այդ տվյալները։

Մենք շատ պարզ բան ենք առաջարկել․ խաղաղապահ առաքելությունը, որը Ռուսաստանն ուղարկել է, եռակողմ հայտարարության համաձայն՝ օժտված է շարժը վերահսկելու լիազորություններով։ Եվ այդ առաքելությունն ունի բոլոր հնարավորությունները ստուգելու՝ արդյոք տրանսպորտային միջոցներում արգելված, ոչ հումանիտար ու քաղաքացիական նշանակության իրեր կան»,- ասել է Լավրովը։

«Հայ գործընկերները սկսեցին պնդել, որ լինի կոշտ քննադատություն Ադրբեջանի հասցեին», ասում է Լավրովը

Երեկվա ասուլիսում, որի ընթացքում ՌԴ արտգործնախարարը ամփոփում էր անցած տարվա զարգացումները, Լավրովը անդրադարձավ նաև ՀԱՊԿ-ում առկա տարաձայնություններին, այդ թվում՝ Հայաստանի մասով։ Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են դաշինքի անդամ երկրները ժամանակ առ ժամանակ միմյանցից տարբերվող տեսակետներ հայտնում միջազգային զարգացումների վերաբերյալ, Լավրովն ասել է, թե ՀԱՊԿ-ում, ի տարբերություն ՆԱՏՕ-ի, միանման քվեարկելու պահանջ չկա, այս համատեքստում հիշատակեց դիրքորոշումները Ադրբեջանի վերաբերյալ։

«Մեր հայ գործընկերները առաջ էին տանում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի հետ սահմանին կայունություն ապահովելու համար։ Եվ մենք երևանյան գագաթնաժողովում համաձայնեցրել էինք այդ փաստաթուղթը, առաքելության չափորոշիչները, բայց այն ընդունել չհաջողվեց, քանի որ հայ գործընկերները սկսեցին պնդել, որ լինի կոշտ քննադատություն Ադրբեջանի հասցեին։ Մենք բացատրեցինք, որ եթե խոսքը դատապարտման մասին է, հռետորաբանության, դիրքորոշումների արտահայտման, ապա ամեն ոք իրավասու է անել, ինչ ուզում է։ Իսկ եթե ուզում ենք ՀԱՊԿ առաքելություն ուղարկել, դա, պարտադիր չէ, որ պայմանավորված լինի ինչ-ինչ հայտարարություններով, հատկապես՝ կոշտ», - շեշտեց ԱԳ նախարարը։

Չհստակեցնելով՝ դաշինքի անդամներից որը կամ որոնք են խուսափել կոշտ արտահայտվել Ադրբեջանի հասցեին, Լավրովը միաժամանակ պնդեց, թե «ՀԱՊԿ-ը դեռևս մնում է պատրաստակամ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման»։

Հայկական կողմը նախընտրում է պայմանավորվել, որ այնտեղ երկարատև կտրվածքով ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայվի

Լավրովը նաև հարկ է համարել խոսել նաև Եվրամիությունից դիտորդական առաքելություն հրավիրելու՝ Հայաստանի իշխանությունների որոշման մասին։ «Չնայած, որ մենք դաշնակիցներ ենք, և ՀԱՊԿ այդ առաքելությունը լիովին պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է պայմանավորվել, որ այնտեղ երկարատև կտրվածքով ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայվի։ Իհարկե, դա Հայաստանի իրավունքն է, բայց պետք չէ մոռանալ, որ խոսքը Ադրբեջանի հետ սահմանի մասին է, և երևի թե, եթե այդ առաքելությունը տեղակայվի առանց Ադրբեջանի համաձայնության, դա կարող է հակառակ արդյունքը տալ, և վստահությունը ամրապնդելու փոխարեն կարող է հավելյալ խնդիրներ ստեղծել», - զգուշացրեց Լավրովը։

Նույնը նաև Ադրբեջանի նախագահն էր հայտարարել։ Մեկ շաբաթ առաջ տված հարցազրույցում Իլհամ Ալիևը պնդել էր, թե Ադրբեջանը համաձայնել էր միայն եվրոպացիների նախորդ՝ երկամսյա դիտորդությանը, և սպառնացել, թե նրանց նոր, երկարաժամկետ առաքելությունը «տարածաշրջանի անվտանգությանը չի նպաստի»։
Հայկական կողմը, մինչդեռ, հայտարարում է, թե կարևոր է, որ դաշինքը դատապարտի ադրբեջանական ագրեսիան Հայաստանի նկատմամբ և դրանով իսկ արձանագրի՝ որտեղ է կարմիր գիծն ու իր պատասխանատվության գոտին։

«Ի պատասխան մեր հարցումների և դիմումների՝ ստացել ենք դիտարկում այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները դեմարկացված չեն: Այս համատեքստում առաջացել է բովանդակային հակասություն՝ այդ դեպքում որտեղո՞վ է անցնում այն կարմիր գիծը, որն արդեն մենք միջպետական հարաբերություններում արձանագրել ենք: Երևանում կայացած գագաթնաժողովում մեր առաջադրած հիմնական խնդիրն այն է, որ ոչ միայն տեսականորեն, այլև գործնական խնդիր ունենք ի ցույց դնելու և հասկանալու, թե որն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում»,- օրեր առաջ ասել էր Փաշինյանը:

Նույն օրը Փաշինյանը ուղիղ պատասխան չէր տվել հարցին՝ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, թե ոչ։ Ռուսաստանի արտգործնախարարն այսօր պնդել է, թե չնայած տարաձայնություններին՝ դաշինքում ստանձնած պարտավորությունները կասկածի տակ դնել որևէ մեկը չի պատրաստվում։ «Մեր բոլոր դաշնակիցները հասկանում են և ընդգծում, որ ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունների մասով որևէ հակասություն չի լինելու։ Նման հավաստիացումներ են տալիս նաև մեր հայ բարեկամները։ Այստեղ, ինձ թվում է, պետք է անկեղծ ու բաց խոսակցություն լինի, և մենք այդ դեպքում կարող ենք գտնել լուծումներ», - հավելեց նա։

Լավրովը` տարածքային ամբողջականության ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին

Լավրովն այսօր խոսել է նաև տարածքային ամբողջականության ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին։ Հարցին, թե միջազգային որ օրենքով է Ռուսաստանը հարձակվել Ուկրաինայի վրա և սեփականը ճանաչում այդ երկրի մի շարք տարածքներ, արտգործնախարարը ՄԱԿ-ի կանոնադրությունն է հիշատակել, որտեղ ժողովուրդների ինքնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքները դրված են նույն հորիզոնականի վրա։ «Շարունակ հարց էր հնչում՝ այդ սկզբունքներից որն է առաջնային: Ստեղծվեց հատուկ ընթացակարգ, որի արդյունքում 1970-ին ի հայտ եկավ և մինչ այժմ ուժի մեջ է գլխավոր վեհաժողովի հռչակագիրը։ Այնտեղ մի ամբողջ հատված կա ինքնորոշման վերաբերյալ, և ասվում է, որ բոլորը պարտավոր են հարգել տարածքային ամբողջականությունը այն պետությունների դեպքում, որոնց կառավարությունները պահպանում են ինքնորոշման իրավունքը և ներկայացնում են այդ տարածքում ապրող բոլոր ժողովուրդների շահերը», - նշեց նա։

Լավրովը Ուկրաինայի նախագահի խոսքերն է մեջբերել, թե «եթե որևէ մեկն իրեն ռուս է համարում, թող հեռանա Ռուսաստան», խոսել Դոնբասի ու Դոնեցկի գնդակոծություններից, թե դա ցույց է տալիս, որ Կիևը նրանց շահերը չի ներկայացնում, և այդ շրջաններում ապրողներն ինքնորոշման իրավունք ունեն։

Ասուլիսում ներկաներից որևէ մեկը, սակայն, չի հարցրել՝ արդյոք Մոսկվան պատրաստ է նույն սկզբունքն առաջ տանել նաև Ղարաբաղի դեպքում, որը պարբերաբար հայտնվում է ադրբեջանական կրակի տակ, և մեկ ամիս է՝ գտնվում է շրջափակման մեջ։

Ինչևէ, Լավրովի շուրթերով երեկ Մոսկվան հստակ ուղերձներ հղեց Երևանին ու Արևմուտքին, որ Մոսկվան կշարունակի Արցախի ու Ադրբեջանի միջև հանդիպումներ կազմակերպել, իսկ Հայաստանում եվրոպական դիտորդական առաքելության տեղակայումը Մոսկվայի շահերին դեմ է:

Մնացածն, ինչպես ասում են, Փաշինյանի որոշելիքն է...

Վաշինգտոնը վերջին շրջանում «հետընթաց» է տեսնում, երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին

Իսկ ահա Վաշինգտոնը հետընթաց է տեսնում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում...

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հունվարի 18-ին տեղի ունեցած ճեպազրույցում ասել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղ ունեցած հեռախոսազրույցից հետո պատրաստվում է զրուցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Հարցին՝ արդյոք դա նշանակում է, որ ԱՄՆ-ը նոր հանդիպում է նախապատրաստում, Փրայսն ասել է. «Մենք պատրաստվում ենք անել այն, ինչն ի վերջո առավել օգտակար է: Անցած տարեվերջին մի քանի հանդիպումներ եղան գործընկերների հետ՝ պետքարտուղարի նախագահությամբ, եռակողմ հանդիպում եղավ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ: Մենք դա արեցինք Բլեր Հաուսում: Մենք դա արեցինք Նյու Յորքում:

Իհարկե, վերջին շրջանում մենք հետընթացի ենք ականատես եղել, երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Մենք ցանկանում ենք տեսնել, որ կառուցողական երկխոսությունը կվերադառնա հունի մեջ: Մենք պատրաստ ենք երկկողմանի համագործակցության. մենք պատրաստ ենք համագործակցել գործընկերների հետ, ԵԱՀԿ-ի հետ կամ, եթե և երբ տեղին է, եռակողմ ձևով, ինչպես դա արել ենք նախկինում»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2060 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am