Ի՞նչ կարող է և պետք է անի Հայաստանը՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար

• 2022թ. դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, օկուպանտ Ադրբեջան անունով կեղծ կազմավորման մի խումբ ներկայացուցիչներ՝ բնապահպան անվան տակ, իսկ իրականում ուժային կառույցների նախկին և ներկա ծառայողներ, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ի Արցախում բոլոր տեսակի ռազմական գործողությունները դադարեցնելու մասին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված երկկողմ հայտարարության դրույթները, փակել են Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը միմյանց կապող միջպետական մայրուղու Լաչինի միջանցք կոչվող հատվածը՝ այդպիսով երկկողմանի կասեցնելով մայրուղու երթևեկությունը:


• 2022թ. դեկտեմբերի 13-ին օկուպանտ Ադրբեջանը նաև արգելափակել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը:
Արցախի Հանրապետությունը կտրված է արտաքին աշխարհից, խախտված են Արցախի Հանրապետության քաղաքացիների բազում իրավունքներ, այդ թվում՝ ազատ տեղաշարժի իրավունքը: Արցախի Հանրապետությունը պարենային և հումանիտար ճգնաժամի շեմին է, եթե ոչ արդեն ճգնաժամի մեջ:
Հարկ է հատուկ ընդգծել, որ մինչ այս պահը չկա պատշաճ գնահատական, արձագանք միջազգային և ոչ մի կառույցի կողմից:
Անհրաժեշտ է նշել, որ 2020թ. նոյեմբերի 9-ի վերոնշյալ հայտարարության 6-րդ կետի համաձայն՝
• Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ… մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:
• Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով:
Փաստորեն, կարող ենք արձանագրել, որ օկուպանտ Ադրբեջանը չի կատարում նշված հայտարարությամբ սահմանված և իր ստանձնած միջազգային պարտավորությունը:
Օկուպանտ Ադրբեջանը նման վարքագծով ի ցույց է դնում արցախահայությանը էթնիկ զտման ենթարկելու իր վաղեմի նպատակը:
«Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» ՄԱԿ-ի 1948թ. դեկտեմբերի 9-ի կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն՝ ի թիվս մի շարք գործողությունների ցեղասպանություն է համարվում ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը:
Փաստորեն, ՄԱԿ-ի նշյալ կոնվենցիայի իմաստով օկուպանտ Ադրբեջանի վերոնշյալ հակահումանիստական քայլերն անառարկելիորեն վկայում են այն մասին, որ Ադրբեջանը ցանկանում է լրիվ կամ մասնակի ֆիզիկապես ոչնչացնել արցախահայությանը: Այսինքն՝ արցախահայությունը կանգնած է Ադրբեջանի կողմից ցեղասպանության ենթարկվելու իրական սպառնալիքի առջև:
Ի՞նչ քայլեր է ձեռնարկել Արցախի Հանրապետության վարչակազմը ստեղծված իրավիճակում:
Համաձայն պաշտոնական հաղորդագրությունների՝
• 2022թ. դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության նախագահը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ: Գնահատելով ստեղծված իրավիճակը՝ Անվտանգության խորհուրդը որոշել է համապատասխան նամակով դիմել Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի:
• Նույն օրը Արցախի Հանրապետության Ազգային Ժողովն էլ իր արտահերթ նիստում ընդունել է հայտարարություն, որով, կարծեք թե, հիշեցման կարգով արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են ձեռնարկել առարկայական և գործուն քայլեր` Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև անխափան ցամաքային կապի վերականգնման և Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով, ինչպես նաև կոչ է արել միջազգային կառույցներին և ՄԱԿ-ի անդամ երկրներին դատապարտել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, իսկ կանխարգելման նպատակով հրատապ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ գործնական քայլեր կիրառելու համար:
Ի՞նչ քայլեր է ձեռնարկել Հայաստանի Հանրապետության վարչակազմը:
Համաձայն պաշտոնական հաղորդագրությունների՝
• 2022թ. դեկտեմբերի 12-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անխափան կապի ապահովումն ու այդ ուղղությամբ ռուսական խաղաղապահ առաքելության կողմից հետևողական քայլերի իրականացումը:
• 2022թ. դեկտեմբերի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունն էլ հանդես է եկել հայտարարությամբ, որով ողջ միջազգային հանրության, այդ թվում` ՄԱԿ Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրների հրատապ ուշադրությունն է հրավիրել, որ Ադրբեջանի գործողությունները կարող են հանգեցնել լայնածավալ հումանիտար աղետի: Ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման կամ վերագործարկման անհրաժեշտությունը և հայտնել, որ այդ նպատակով առաջիկայում խորհրդակցություններ կսկսեն միջազգային գործընկերների հետ:

Խիստ թերահավատ եմ, որ նշված քայլերը կարող են տալ անգամ նվազագույն արդյունք, եթե չասեմ, որ դժվար է ակնկալել որևէ արդյունք: Ոչ մի ակնկալիք չպետք է ունենալ և ոչ մի միջազգային կառույցից: Բանն այն է, որ 2020թ. ադրբեջանաարցախյան երրորդ պատերազմի ժամանակ, երբ Ադրբեջանը թիրախավորում էր Արցախի Հանրապետության քաղաքացիական օբյեկտները, մասսայական ոչնչացման քիմիական զենք՝ սպիտակ ֆոսֆոր էր կիրառում արցախահայության դեմ, երբ կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին կետը, ըստ որի Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, 2020թ. դեկտեմբերի 12-ին օկուպացրել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը, իսկ 2022թ. մարտի 24-ին՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը, Քարագլուխ նախկին բնակավայրը, հարակից բարձունքը, միջազգային կառույցներն ու միջազգային հանրությունը լուռ էին:
Մենք պետք է դուրս գանք մեր խնդիրներն այլոց օգնությամբ լուծելու անհուսալի մտայնությունից և դրանք լուծենք մենք և միայն մենք՝ առաջնորդվելով մեր ազգային, պետական շահերով: Ըստ այդմ՝ ի՞նչ պետք է անի Հայաստանի Հանրապետությունը:
Հաշվի առնելով՝
• Արցախահայության կամարտահայտությունը, այն է՝ միջազգային և ԽՍՀՄ իրավական ակտերի հիման վրա ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման փաստը (անկախության հանրաքվե 10.12.1991թ.),
• հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում բանակցությունները վերսկսելուց Ադրբեջանի հրաժարումը,
• Ադրբեջանի՝ արցախահայությանը ցեղասպանության ենթարկելու իրական սպառնալիքը,
Հայաստանի Հանրապետությունը կարող է և պետք է անհապաղ ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը:
Անկախության ճանաչումից անմիջապես հետո Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության հետ պետք է կնքի բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիր: Այս քայլով առաջին՝ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը դե յուրե միմյանց նկատմամբ կստանձնեն փոխադարձ պարտավորություններ, մասնավորապես՝ Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայի իրականացման դեպքում Հայաստանի Հանրապետությունը կունենա լեգիտիմ իրավունք ռազմական աջակցություն ցուցաբերել Արցախի Հանրապետությանը և երկրորդ՝ Հայաստանի Հանրապետությունն այլևս չի կարող բանակցել Արցախի Հանրապետության անունից, նրա փոխարեն, առավել ևս ստորագրել որևէ փաստաթուղթ, որն այս կամ այն չափով կարող է վերաբերել Արցախի Հանրապետությանը:

Այս ամենի հետ միաժամանակ Հայաստանի և Արցախի հայությանը ցեղասպանելու բացահայտ նպատակ ունեցող օկուպանտ Ադրբեջանի հետ պետք է խոսել ուժի դիրքերից: Պատմությունն անառարկելի փաստերով ապացուցել է, որ Ադրբեջանի համար գրոշի արժեք չունի իր կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ, նա հասկանում է միայն և բացառապես միայն ուժի լեզուն: Եթե ժամանակին ուժով հետ բերվեր Հին Թաղերն ու Խծաբերդը, Փառուխն ու Քարագլուխը, գուցե այսօր նման ճգնաժամային իրավիճակ չստեղծվեր:
Ուժով պետք է վերականգնել Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը միմյանց կապող միջպետական մայրուղու բնականոն երթևեկությունը:

 


ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ քաղաքագետ

դիտվել է 408 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am