Ստորացման նոր «ժեստ», փաշինյանական մերժում. Երևանյան թունդ երեկո

Պուտինը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի

Հույս ունեմ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի, ՀԱՊԿ գագաթնաժողովին հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա նշեց, որ այսօրվա հանդիպմանը կքննարկեն երկու հարևան երկրների հարաբերությունների համալիր կարգավորման հարցը։ «Մեր ուշադրությունը կենտրոնացած կլինի հայ-ադրբեջանական համալիր կարգավորման ջանքերի ամրապնդմանն առնչվող հարցերին։ Դա բնականաբար սուր հարց է, որ մեր ուշադրության կարիքն ունի», - ըստ «Ազատության», նշեց Ռուսաստանի ղեկավարը՝ հավելելով, որ Սոչիում կայացած եռակողմ բանակցությունները լավ հիմք են հետագա հիմնարար հարցերի լուծման համար:

«Կարևոր էր, որ համատեղ հայտարարությունում բարձր մակարդակով վերահաստատվեց հավատարմությունը եռակողմ հայտարարություններին, ինչպես նաև մեր համատեղ ֆորմատի առանցքային դերին՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը։ Միայն այդ պայմանավորվածությունները հետևողական կատարելու դեպքում՝ սահմանների դելիմիտացիայի, տրանսպորտային ապաշրջափակման, հումանիտար հարցերի լուծման դեպքում կարելի է հասնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորմանը։ Հույս ունենք, որ դա ի վերջո թույլ կտա հասնել խաղաղության պայմանագրի կնքմանը Երևանի և Բաքվի միջև»:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, նախագահ Պուտինը Երևանում նաև առանձին հանդիպում կունենա վարչապետ Փաշինյանի հետ։ ՌԴ նախագահն ասաց, որ իր թվարկած հարցերը նաև Հայաստանի վարչապետի հետ երկկողմ հանդիպման ժամանակ կքննարկեն։

Վլադիմիր Պուտինը շեշտեց, որ ռազմական կառույցում դրական զարգացումներից բացի, գրանցվել են թերացումներ, որոնց մասին խոստացավ ավելի մանրամասն խոսել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ փակ հանդիպմանը

Ըստ Լուկաշենկոյի՝ Երևանը փաստաթղթում լրացում էր առաջարկել, բայց՝ այդ երկու կետը չեն ընդունվել

«Մեր գործը չէր Ադրբեջանին զսպելը։ Եկեք շարժվենք ռուսական խաղաղության միջնորդության ճանապարհով։ Այո, Նիկոլ Վովաևիչ, լուրջ նրբություններ կան։ Բայց մենք կարող ենք այս կոնֆլիկտը, որը կարող է կրկին սրվել, լուծել հիմա», սա Երևանում արված Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերն են, որը կարծես, Հայաստանին լրացուցիչ անգամ ստորացնելու «ժեստ» լիներ:

Հայկական կողմը ստորագրվելիք փաստաթղթում լրացում էր առաջարկել, բայց «որոշեցինք այդ երկու կետը չընդունել, չխորանալ դրանց մեջ», հայտարարեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախագահությունը Հայաստանից ընդունող Բելառուսի նախագահը կառույցի անդամ երկրների ղեկավարների ընդլայնված կազմով հանդիպմանը։

Ալեքսանդր Լուկաշենոն, սակայն, չասաց, թե ինչի մասին էին այդ կետերը։

Երևանը դաշինքից ռազմական աջակցությունից բացի, նաև հստակ քաղաքական գնահատական էր ակնկալում ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ։ Պաշտոնական Երևանը մինչ այս պահը չի հստակեցրել, թե ինչ լրացումներ է առաջարկել։ «Բայց առաջին անգամ մենք համաձայնեցինք, որ մոտեցման կետեր կան, որ համաձայնության գանք։ Ինչպես հասկացանք գործող նախագահողից, այս հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, եթե այնպես գործենք, ինչպես այսօր քննարկել ենք, կավարտվի։ Եվ խաղաղության պայմանագիր կկնքվի։ Նիկոլ Վովաևիչը լռում է, ուրեմն նա էլ է համաձայն է իմ ասածի հետ», -ըստ «Ազատության», ասել է Լուկաշենկոն։

«Այս տեսքով ես պատրաստ չեմ ստորագրել այս փաստաթղթերը». Փաշինյանը հրաժարվեց ստորագրել ՀԱՊԿ փաստաթուղթը 

ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին փաստաթուղթը գրեթե պատրաստ է, սակայն որոշ լրամշակման կարիք ունի։ Ամփոփելով երևանյան գագաթնաժողովը՝ լրագրողներին տեղեկացրեց ռազմական դաշինքի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ «Ընդհանուր առմամբ, համաձայնեցվել են համալիր միջոցառումներ՝ Հայաստանին այս դժվարին իրավիճակում օգնություն ցուցաբերելու վերաբերյալ, որը, բնականաբար, կապված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի լարվածության հետ։ Փաստաթուղթն, ընդհանուր առմամբ պատրաստ է, բայց պետք է լրամշակվի։ Հանձնարարություն է տրվել մշակել այն և ներկայացնել երկրների ղեկավարներին», - նշեց նա։

ՀԱՊԿ պետությունների ղեկավարների համատեղ նիստում ընդունվել է 15 որոշում, և միայն երկուսն են վերանայման ուղարկվել, որոնցից մեկը, փաստորեն, Հայաստանին էր առնչվում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նեղ կազմով նիստում դարձյալ ասել է, որ Երևանը կազմակերպությունից քաղաքական գնահատական է ակնկալում, որը սակայն, այդպես էլ չհնչեց։ Փաշինյանը հայտնել է, որ դաշինքի քաղաքական գնահատականի բացակայության պատճառով ինքը պատրաստ չէ ստորագրել այդ փաստաթուղթը։ Թե ինչ ձևակերպումներ են եղել փաստաթղթում, հայտնի չէ։ «Այս պայմաններում իրավիճակի քաղաքական հստակ գնահատականի բացակայությունը և վերը նշված որոշումը չկայացնելը կարող է նշանակել ոչ միայն ՀԱՊԿ-ի կողմից դաշնակցային պարտավորություններից հրաժարում, այլ նաև Ադրբեջանի կողմից մեկնաբանվել որպես ՀԱՊԿ-ի կողմից կանաչ լույս Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար», - ասել է ՀՀ ղեկավարը։

ՀԱՊԿ անդամ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստում Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի որոշումը Հայաստանին օգնելու վերաբերյալ ընդհանուր առմամբ համաձայնեցվել է։

Ավելի ուշ ընդլայնված նիստում ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանից ընդունող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պարզաբանել էր, որ հայկական կողմը ստորագրվելիք փաստաթղթում լրացում էր առաջարկել, բայց որոշել են հետաձգել այդ հարցի քննարկումը։ «Բայց առաջին անգամ մենք համաձայնեցինք, որ մոտեցման կետեր կան, որ համաձայնության գանք։ Ինչպես հասկացանք գործող նախագահողից, այս հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, եթե այնպես գործենք, ինչպես այսօր քննարկել ենք, կավարտվի, և խաղաղության պայմանագիր կկնքվի։ Նիկոլ Վովաևիչը լռում է, ուրեմն նա էլ է համաձայն է իմ ասածի հետ», - մասնավորապես ասել էր Բելառուսի առաջնորդը:

Իր ելույթում Փաշինյանը հերթական անգամ քննադատեց ռազմական այս կառույցի աշխատանքը՝ ընդգծելով՝ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին որևէ կերպ չզսպեց Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, ինչին ի պատասխան՝ Լուկաշենկոն ասաց, թե «իրենց գործը չէր Ադրբեջանին զսպելը», առաջարկեց շարժվել ռուսական խաղաղության միջնորդության ճանապարհով՝ շեշտելով՝ իրենք կարող են հիմա լուծել «այս կոնֆլիկտը, որը կրկին կարող է կրկնվել»: «Մեզ բոլորիս խաղաղություն է պետք»,- շարունակելով իր խոսքը ասաց Բելառուսի նախագահը՝ թվարկելով, թե որոնք են լինելու իր երկրի նախագահության ժամանակ ռազմական դաշինքի առաջնահերթությունները։

«Վերջին շրջանում ԶԼՄ-ներում մի թեզ է շրջանառվում, որ ՀԱՊԿ-ի ճակատագիրը կախված է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ օպերացիայից (Ռուսաստանն Ուկրաինայի դեմ ծավալած պատերազմն այսպես է անվանում-խմբ.)։ Այսինքն` եթե Ռուսաստանը հաղթի, ՀԱՊԿ-ը կշարունակի ապրել, եթե Աստված մի արասցե չհաղթի, ապա ՀԱՊԿ-ն այլևս գոյություն չի ունենա։ Զգում եմ, որ մենք միասնական որոշման ենք եկել` եթե ՌԴ-ն քանդվի, մենք կմնանք ավերակների տակ. մենք պետք է իրար պաշտպանենք», - հայտարարեց Ալեքսանդր Լուկաշենկոն։ Բելառուսի ղեկավարը խոսեց նաև փոփոխվող մարտահրավերներին և սպառնալիքներին ՀԱՊԿ-ը հարմարեցնելու անհրաժեշտության մասին՝ նշելով, որ կազմակերպությունը դրա համար ունի հավաքական հզոր ներուժ: Նա նաև առաջարկեց ՀԱՊԿ-Չինաստան ռազմավարական երկխոսություն սկսել։

ՀԱՊԿ-ից որևէ արձագանք չենք ստացել Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ, նորից հիշեցրեց Փաշինյանը

Մի քանի ժամ Երևանում տևած ՀԱՊԿ գագաթնաժողովը՝ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ կարևոր էր նրանով, որ 2020թ. պատերազմից հետո առաջին անգամ Հայաստան է ժամանել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Փաշինյանը, փաստորեն, կառույցի հասցեին կոշտ քննադատությամբ սկսեց իր ելույթը: Մասնավորապես հիշեցնելով սեպտեմբերյան արյունալի դեպքերը, երբ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժեցին Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի մինչև այս պահն էլ գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում՝ օկուպացնելով այն, Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ մինչև այս պահը ՀԱՊԿ-ից պատշաճ արձագանք չի ստացել:

«Ավարտվում է Հայաստանի նախագահությունը ՀԱՊԿ-ում, բավականին հագեցած ժամանակահատված էր: Մենք նշեցինք ՀԱՊԿ-ի պայմանագրի ստորագրման 30-ամյակը և դաշինքի ստեղծման 20-ամյակը: Չնայած հոբելյաններին՝ մեր տրամադրությունը, ցավոք, բոլորովին էլ հոբելյանական չէ՝ վերջին երկու տարիների ընթացքում ՀԱՊԿ անդամ Հայաստանը առնվազն երեք անգամ հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից», - ասաց Հայաստանի ղեկավարը՝ շարունակելով. «Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին որևէ կերպ չզսպեց Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, և փաստացի մինչև հիմա մենք դաշինքից որևէ արձագանք չենք ստացել Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ, ինչը մեծ հարված է հասցնում ՀԱՊԿ-ի իմիջին: Ես սա համարում եմ Հայաստանի նախագահության ամենամեծ անհաջողությունը»:

Այսօր նախքան ՀԱՊԿ գագաթնաժողովը տեղի էր ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների ընդհանուր նիստը, որի ընթացքում կառույցի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարեց, թե Հայաստանին օգնելու՝ ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի որոշումը, ընդհանուր առմամբ, համաձայնեցվել է: Այլ մանրամասներ մամուլի համար նախատեսված հեռարձակման ընթացքում նա չհայտնեց:

«Կովկասյան տարածաշրջանում դրական դեր են խաղում Հայաստանի կառավարության և այլ մասնակիցների ջանքերը խաղաղ պայմանավորվածությունների հասնելու, սահմանների իրավական ձևակերպման և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման ուղղությամբ: Դրա հետ մեկտեղ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է, այն տեղեկատվությունը, որ հաղորդվում է ՀԱՊԿ հակազդման կենտրոններից, հաստատում է, որ փաստացի ամեն օր փոխհրաձգություն է տեղի ունենում հայ-ադրբեջանական սահմանին:

Հայաստանի համար այս սպառնալիքի քննարկմանն են նվիրված եղել ՀԱՊԿ անվտանգության խորհրդի վերջին երեք արտահերթ նիստերն այս տարվա մայիսին, սեպտեմբերին ու հոկտեմբերին: Հայաստանին աջակցության տրամադրման նախագիծը, որը կազմվել է ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության արդյունքների հիման վրա, ընդհանուր առմամբ համաձայնեցվել է», - նշեց նա:

Լրագրողներին խոստացել էին նաև հայտարարություն հաղորդել, սակայն այն այդպես էլ տեղի չունեցավ, իսկ այդ ընթացքում պատահաբար ուղիղ եթերում հեռարձակվեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքը, որտեղ լսվում էր, թե ինչպես է նա ասում. «Եթե մենք առկախում ենք Հայաստանին օգնության հարցը, ի՞նչ ենք գնալու հիմա հայտարարելու»:

Իսկ դրանից հետո, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, ուղիղ եթերը խլացվեց, և հնարավոր չի եղել լսել շարունակությունը:

«Ես ներողություն եմ խնդրում, Վլադիմիր Վլադիմիրովիչն այստեղ հարցի անդրադարձավ, որն օդում կախված է: Եթե մենք առկախում ենք Հայաստանին օգնության տրամադրման որոշումը, ապա ի՞նչ է լինելու հռչակագրի և հայտարարության հետ, որոնք մենք... ինձ թվում է փաթեթային որոշում կար, դրա համար կարծում եմ՝ մենք հետո աշխատանքային ձևաչափով կստորագրենք»:

Ահա, այսպիսի անորոշ, երևանյան թունդ ռեպլիկներով լի երեկո...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3935 անգամ
Լրահոս
Սկսում ենք ընկնել ընդդիմության ետևից՝ բա դուք ո՞ւր եք, շուտ արեք, սրանց հեռացրեք՝ Ղարաբաղից յան են տվել․ Սևակ Հակոբյան «Ի պատասխան ընդերքի և բնապահպանական հարցերի վերաբերյալ ադրբեջանական շահարկումների»․ ԱՀ բնապահպանության կոմիտեի հայտարարությունը Երևանի Սիլիկյան թաղամասում ավտոմեքենան կամրջից շրջվել է․ կա տուժած Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը տարածել է հերթական ապատեղեկատվությունը. Պաշտպանության բանակ Տարադրամի փոխարժեքները Մենք ապրում ենք մեր դարավոր պատմության ամենադաժան ժամանակահատվածը. Թովմասյան (լուսանկար) Ստեփանակերտ տանող ճանապարհի փակումը ռուս խաղաղապահներին Արցախից հանելու նպատակ ունի. Գևորգյան Մի շարք հասցեներում լույս չի լինի Կիևում անջատվել է էլեկտրաէներգիան Հանրապետության հրապարակում և Մարզահամերգային համալիրում ոստիկանությունը մետաղորսիչների միջոցով ստուգելու է քաղաքացիներին և նրանց իրերը Դուք հաղթելու եք այս կռվում, մի քիչ դիմանալ է պետք. Գեղամ Մանուկյան Խրախճանք` ժանտախտի ժամանակ. սա՛ է այս իշխանությունների որդեգրած քաղաքականությունը․ Հռիփսիմե Ստամբուլյան Եվրոպան՝ առանց ռուսական նավթի Ինչպես էին ադրբեջանցիները փակել Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը (տեսանյութ) 76-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ որդու և հարսի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը շարունակում է ձեւական աճուրդներով, շուկայականից էժան գներով համայնքի հողերն օտարել Երեւանի բնակիչների Իրանը կոչ է արել ամրապնդել կապերը Ռուսաստանի հետ Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ձյուն Ու երբ բացեն ճանապարհը, չմոռանաք կարևոր հարց տալ.ինչի դիմաց Պեմզաշենի դեպքով կալանավորվածներից մեկը փորձել է ինքնասպան լինել Առաջիկա երկու օրերին երեւանցիներն ավտոբուսներում եւ միկրոավտոբուսներում ավելի են կծկվելու,նսեմանալու Հայաստանում մոտ 1.5 միլիոն քաղաքացի համարվում է աղքատ, իսկ թերսնվածների թիվը կրկնապատկվել է ԵԽ պատգամավորը ԵՄ-ին առաջարկում է որպես Ադրբեջանին զսպող առաջնային քայլ հրաժարվել գազային գործարքից Դեռ ավելի վատ է լինելու, քանի դեռ Հայաստանում իշխում են դե-ֆակտո օկուպացիոն ուժեր, որոնք չեն սպասարկում մեր ազգային շահերը․ Էլբակյան Ինչի դիմաց են թուրքերը համաձայնել բացել ճանապարհը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին, ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Դեկտեմբերի 5-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը: Դեկտեմբերի 5-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը: ԹԵՄԱ՝ սահմանային լարվածություն. նոր պատերազմի ռիսկերը. ներքաղաքական զարգացումներ: Դեկտեմբերի 2-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է ՍԱՊԾ նախկին նախագահ Գրիգոր Գրիգորյանը։ Դեկտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը: Դեկտեմբերի 2-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub