Ալիևի «մուննաթը». Եվրոպայի գազային ագահության ծանր հետևանքները

ԵՄ-Ադրբեջան գազային համագործակցությունը ուշագրավ նրբերանգներ է ստանում...
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող պատերազմի ֆոնին Բաքուն բազմիցս հայտարարում էր, թե պատրաստվում է ավելացնել գազի մատակարարումը դեպի Եվրոպա՝ որպես այլընտրանք ռուսական գազին:

Ահա օրերս պաշտոնական Բաքուն նախօրեին զգուշացրեց՝ եթե Եվրամիությունը ցանկանում է, որպեսզի Ադրբեջանը կատարի այս տարվա հուլիսին ԵՄ-ի հետ կնքված էներգետիկ համաձայնագրի դրույթները, ապա պարտավոր է ներդրումներ կատարել խողովակաշարերի ընդլայնման նպատակով և երաշխավորել ադրբեջանական գազի գնման պայմանագրերի երկարաժամկետ բնույթը։ Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։

Ադրբեջանցի դիվանագետի խոսքով՝ առանց նոր ներդրումների Ադրբեջանն ի վիճակի չի լինի կյանքի կոչել ամռանը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի առջև ստանձնած պարտավորությունները՝ մինչև 2027-ը ադրբեջանական գազի արտահանման ծավալները ԵՄ երկրներ հասցնելով առնվազն 20 միլիարդ խորանարդ մետրի՝ ներկայիս 10-11 միլիարդի դիմաց։

«3500 կիլոմետր երկարություն ունեցող՝ Կասպից ծովից դեպի Ադրիատիկ ծով կառուցված «Հարավային գազային միջանցքի» ընդլայնումը միլիարդավոր դոլարների ներդրում է պահանջում, ինչպես նաև երկարաժամկետ պայմանագրեր, որոնցով եվրոպական ընկերությունները կպարտավորվեն 2027 թվականից հետո ևս գնել ադրբեջանական գազը», - Financial Times -ի հետ զրույցում հայտարարել է փոխարտգործնախարար Մամեդովը։

Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ «շահագրգիռ ընկերությունները՝ լինեն դրանք մասնավոր թե պետական, պետք է իրենց գրպանից ներդրումներ կատարեն, որպեսզի մենք կարողանանք մեծացնել մատակարարումների ծավալը»։

Այս հարցազրույցում Էլնուր Մամեդովը նույնիսկ թափանցիկորեն ակնարկում է, թե ուկրաինական պատերազմի և Ռուսաստանի հետ կապերը խզելու ֆոնին Եվրոպան առանձնապես մեծ ընտրություն չունի։ «Այժմ Եվրոպան գազի նոր մատակարարների ծայրաստիճան մեծ կարիք ունի։ Եվ մենք պետք է վստահ լինենք, որ սա Ուկրաինայում ծավալված պատերազմի հետևանքով ծագած րոպեական, այժմեական պահանջարկ չէ։ Մենք պետք է վստահ լինենք, որ մի օր այդ պահանջարկը չի սպառվի, և եվրոպացիները հանկարծ կրկին չեն սկսի գազ գնել Ռուսաստանից՝ ասելով մեզ, թե այլևս չունեն ադրբեջանական գազի կարիքը», - Financial Times-ի հետ զրույցում նշել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը։

Մամեդովը, սակայն, պնդում է, որ Բաքվի պահանջները Ադրբեջանի և Եվրամիության միջև աճող հակասությունների մասին չեն վկայում։ «Ես չէի ասի, որ մենք Եվրամիության հետ տարաձայնություններ ունենք, բայց վերը հիշատակված գործոնները ընդհանուր պատկերի կարևոր մասնիկներն են», - ասել է ադրբեջանցի դիվանագետը։

Financial Times-ը զրուցել է նաև էներգետիկ փորձագետ Լորան Ռուսեցկասի հետ, որն ընդհանուր առմամբ պաշտպանել է ադրբեջանական տեսակետը՝ նշելով. - «Որևէ երկիր իր վրա չի վերցնի զարգացման նպատակով միլիարդավոր դոլարներ ծախսելու ռիսկը, եթե վստահ չլինի, որ երկարաժամկետ գնորդներ կան»։

Financial Times-ը փորձել է պարզել նաև ԵՄ ղեկավարության տեսակետը։ Եվրահանձնաժողովում, սակայն, հրաժարվել են թերթին պատասխանել՝ արդյո՞ք այժմ բանակցություններ ընթանում են մասնավոր կամ պետական կառույցների հետ՝ ադրբեջանական գազային ենթակառույցներում ներդրումներ ներգրավելու նպատակով, թե՞՝ ոչ։ Եվրահանձնաժողովից միայն պատասխանել են. - «Հաշվի առնելով էներգետիկ համագործակցության դրական փորձը և «Հարավային գազային միջանցքով» մատակարարումների մեկնարկը՝ Եվրամիությունն Ադրբեջանն ընկալում է որպես էներգակիրների վաճառքով զբաղվող վստահելի և ռազմավարական գործընկեր»։
Հիշեցնենք, այս ուշագրավ գործընթացի նախապատմությունը: Եվրամիությունն ու Ադրբեջանը էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին այս տարվա հուլիսին:

Բաքվում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպումից հետո Ալիևը հպարտորեն հայտարարեց, թե սա Եվրամիության և Ադրբեջանի միջև ստորագրված արդեն երրորդ նմանօրինակ փաստաթուղթն է, և Բրյուսելի հետ կյանքի կոչված էներգետիկ ծրագրերը արդեն իսկ լիովին փոխել են Եվրոպայի էներգետիկ քարտեզը: «Այսօրվա հուշագիրը յուրատեսակ ճանապարհային քարտեզ է ապագայի համար: Հաշվի առնելով, որ մենք կյանքի ենք կոչել նախկինում ծրագրված բոլոր նախագծերը, վստահ եմ, որ մենք մեծ ձեռքբերումներ կունենանք: Իհարկե, մեր օրակարգը շատ լայն է: Մենք աշխատում ենք Եվրամիություն-Ադրբեջան նոր համաձայնագրի շուրջ: Ես հույս ունեմ, որ այդ բանակցությունները կարող ենք ավարտել առաջիկա ամիսներին: Անկասկած, սա մեծ ներդրում կլիներ մեր երկկողմ համագործակցության մեջ», - ասել է նա:

Եվրամիությունն այս գործարքով մտադիր էր ընդլայնել Ադրբեջանը Եվրոպային կապող Հարավային գազային միջանցքը և կրկնապատկել ադրբեջանական գազի մատակարարումը։ Նոր համաձայնագիրը ուղղված էր լինելու նաև արտանետումների կրճատմանն ու համագործակցության ընդլայնմանը վերականգնվող էներգիայի աղբյուրների բնագավառում: Ադրբեջանի նախագահի հետ համատեղ ասուլիսում Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, թե Բրյուսելը էներգիայի հուսալի մատակարարներ է դիմում, որոնցից մեկը Ադրբեջանն է:

«Մինչև Ուկրաինայի նկատմամբ զավթողական պատերազմը Ռուսաստանը վստահելի էներգետիկ գործընկեր չէր: Այդ պատճառով էլ Եվրամիությունը կենտրոնացել է Ռուսաստանից բացի, էներգիայի հավելյալ աղբյուրների դիվերսիֆիկացիայի վրա և սկսել է աշխատել ավելի հուսալի գործընկերների հետ: Ուրախ եմ, որ Ադրբեջանը նրանց շարքում է, ում մենք վստահում ենք», - նշել է նա:

Եվրահանձնաժողովի նախագահը ընդգծել էր, որ հուշագիրն էլ ավելի է ամրապնդում Բաքու-Բրյուսել էներգետիկ գործընկերությունը: Նրա խոսքով` երկկողմ նոր համաձայնագրի շուրջ աշխատանքները շուտով կավարտվեն: Նախատեսվում է արդեն հաջորդ տարի 12 մլրդ խորանարդ մետր ադրբեջանական գազ հասցնել Եվրամիություն՝ նվազեցնելով կախումը ռուսականից և զգալիորեն ապահովելով մատակարարումների անվտանգությունը: Այժմ արտահանման ծավալը ութ միլիարդ է։

Եվրոպացի պաշտոնյաների Բաքու այցի շեմին շրջանառության մեջ էր դրվել մի փաստաթղթի նախագիծ, որի համաձայն` Եվրամիության ղեկավարությունն առաջարկում էր ռուսական գազը փոխարինել ադրբեջանականով: Գործակալության հաղորդմամբ՝ այդ նախագծով Եվրահանձնաժողովն առաջարկում է ԵՄ անդամ պետություններին համաձայնություն ձեռք բերել Ադրբեջանի հետ՝ մեծացնելով այդ երկրից բնական գազի ներկրման ծավալները, ինչպես նաև ընդլայնել Ադրբեջանից Եվրոպա գնացող խողովակաշարերի ցանցը։

2021-ին Ռուսաստանից դեպի Եվրամիություն 155 մլրդ խորանարդ մետր գազ է արտահանվել, ինչը կազմում է գազի ընդհանուր սպառման 40 տոկոսը: Բրյուսելը ծրագրում է մինչև 2027-ը ադրբեջանական հարավային գազային միջանցքով տարեկան առնվազն 20 մլրդ խորանարդ մետր գազ հասցնել Եվրամիություն, հավանական է նաև Բալկաններ։

Այսօր եվրոպացի բազմաթիվ պատգամավորների, փորձագետների ու մեկնաբանների կողմից Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը բավական քննադատությունների է արժանանում դիկտատոր Ալիևի հետ նման գործարք կնքելու համար:

Բայց, ինչպես ասում են, իրադարձություններն այլ հունով զարգացան... Փոխանակ ԵՄ-ն Ադրբեջանից անհրաժեշտ գազային մատակարարումներ պահանջի, պարզվում է Բաքուն է այսօր ԵՄ-ի առջև պահանջներ դնում՝ «ներդրումներ արեք, որ կարողանանք գազ ապահովել»:

Նկատենք, որ Բրյուսելի և Բաքվի միջև կնքված գազային պայմանագիրը դեռ ամռանը բավական քննադատության արժանացավ:

Եվրամիության ու Ադրբեջանի միջև կնքված գազային պայմանագիրը հակասում է դաշինքի բնապահպանական նպատակներին ու մարդու իրավունքների չափանիշներին, Politico հանդեսում գրել էր իրավապաշտպանությամբ զբաղվող Bankwatch ցանցի փորձագետ Գլիգոր Ռադեչիցը: Բնապահպան ակտիվիստը պնդում է՝ Բրյուսելի ու Բաքվի միջև անցած ամիս ստորագրված գազային հուշագիրը Եվրամիության հերթական սխալն է, որից շահելու է նաև Ռուսաստանը:

Իրավապաշտպանները քննադատել էին Բրյուսելին՝ հիշեցնելով Ալիևի վարչակազմի բռնությունները ընդդիմադիրների ու լրագրողների դեմ:

Politico-ի հոդվածագիրը նշում է՝ շատ ավելի քիչ է խոսվել այն մասին, որ Կասպից ծովից Եվրոպա գազ հասցնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքները պատկանում են նաև ռուսական «Լուկօյլ» ընկերությանը, որը սերտ կապեր ունի Պուտինի վարչակազմի հետ։

Ռուսական ընկերությունը Ուկրաինայի դեմ սկսված պատերազմից մի քանի օր առաջ 1.45 միլիարդ դոլարով ձեռք բերեց Շահ Դենիզի ևս տասը տոկոս բաժնետոմս՝ իր մասնաբաժինը հասցնելով 20 տոկոսի և դառնալով երկրորդ ամենախոշոր բաժնետերը բրիտանական British Petroleum-ից հետո: Բացի Շահ Դենիզից, «Լուկօյլը» փորձում է Ադրբեջանում նաև այլ ոլորտներում ընդարձակվել: Անցած տարի, օրինակ, ռուսական ընկերությունը British Petroleum-ից գնել է Ապշերոնի թերակղզու մերձակայքում նավթ և գազ որոնելու համար ստեղծված ընկերության 25 տոկոսը, գրում է Politico-ի սյունակագիրը:

«Լուկօյլը» նաև Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի բաժնետերերից է, ևս 16 տոկոսը բաժնեմաս էլ ունի ադրբեջանական գազամատակարարման ընկերությունում՝ ադրբեջանական SOCAR-ի, British Petroleum-ի ու թուրքական Petrolleri-ի հետ:
Այս ֆոնին հոդվածագիրը հիշեցրել էր Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը, թե Ադրբեջանը «կարևոր» և «հուսալի» մատակարար է, շեշտելով՝ Ադրբեջանի գազային ոլորտի առանցքային հատվածներում ռուսական ներգրավվածությունը կասկածի տակ է դնում էներգետիկ անվտանգության որևէ պնդում:

«Լուկօյլը» Ռուսաստանում խոշոր հարկատու է, որը կարող է օգտագործել Ադրբեջանից ստացված շահույթը պուտինյան պատերազմական մեքենան ֆինանսավորելու համար: Բացի այդ, ըստ հոդվածի հեղինակի, մասնակցելով ադրբեջանական բազմաթիվ նախագծերի, ռուսական ընկերությունը կարող է նաև այնպիսի տեղեկություններ ստանալ, որոնք կարող են ծառայեցվել Կրեմլի շահերին: «Վաղուց ժամանակն է, որ հանձնաժողովը դասեր քաղի էներգետիկ անվտանգության իր նախկին սխալներից և գործարքների չգնա բռնապետական վարչակազմերի հետ», - եզրակացրել էր բնապահպան ակտիվիստը Politico-ում հրապարակած հոդվածում:

Բրյուսելի ու Բաքվի միջև կնքված գործարքը քննադատել էին նաև մի շարք հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններ։ «Ադրբեջանը օգտագործում է իր նավթն ու գազը՝ լռեցնելու Եվրամիության քննադատությունը մարդու իրավունքների հիմնարար հարցերում»,- հայտարարել էր Human Rights Watch միջազգային կազմակերպության Եվրոպայի գծով գործադիր տնօրեն Ֆիլիպ Դամը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2272 անգամ
Լրահոս
Հայաստանի և Ադրբեջանի միջև երեկվա պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհին մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ Նիկոլի լկտի սուտը «Եթե կարծում եք՝ հարցը Երևանում է, հա, ճիշտ եք, միայն թե ըտեղ սկսեք պրոցես իրականացնել». Հովհաննես Իշխանյանը՝ Կիրանցից «Իզվեստիա» թերթի թղթակից Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ Կրեմլ Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի և հեռացնել հոգեպես թշնամուն հանձնված ՀՀ իշխանությանը. Րաֆֆի Ասլանյան Մենք դեմ ենք միջազգային սահմանների որևէ փոփոխման. Հայաստանում Իրանի դեսպան Նիկոլն եւ ադրբեջանցիները միասին` ընդդեմ Հայաստանի Այն, ինչ Ալիևը 2023-ին կատարեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի Հայաստանի քաղաքացիներին․ ՄՔԴ նախկին դատախազ Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակը Իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև ՀՀ-ի համար․ Փաշինյան Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան Զինվորը սահմանը գծել է արյան գնով, ի՞նչն ենք հետ տալու․ տավուշցին՝ ՆԳ նախարարին Հասանովը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել սահմանազատման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ Զաքարյան Սամվել Վարդանյանը ցույց է տվել խոշտանգման դեպքի վայրը, պարզվեց այն փակ տարածք է, պատկանում է ԳԱԱ-ին Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. ինչ լուր է հայտնում Պոլ լվացող Հակոբը "հիշեցնում" է իրենց քննադատողների անցյալը Ովքե՞ր են գոհ Նիկոլ Անհողի այսօրվա "սահմանազատման" որոշումից Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան Արգավանդի մի շարք հասցեներում երեկվանից դադարեցվել է գազամատակարարումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am