Հարևան Իրանի հզոր խաղը Մոսկվայի հետ՝ ընդդեմ Արևմուտքի. Իրանական զինված խմբավորում՝ Ադրբեջանո՞ւմ

Իրանը վերջին շաբաթներին խոշոր տարածաշրջանային խաղով է հանդես գալիս՝ շարունակելով մերժել Արևմուտքին ու գործընկերությունը խորացնելու ուղղությամբ՝ այլ պետությունների ու խաղացողների հետ հանդես գալով սեփական յուրօրինակ խաղով:

Իրանի նավթային եկամուտները աճել են 8 անգամ

Անցյալ ամսվա վերջին Իրանի կառավարության հրապարակած պաշտոնական զեկույցում նշվեց, որ Իրանի նավթային եկամուտները մարտ-օգոստոս ամիսներին ութ անգամ աճել են՝ անցյալ տարվա համեմատ: Նավթից եկամուտների զգալի աճը տեղի է ունենում՝ չնայած երկրի դեմ կոշտ տնտեսական պատժամիջոցներին, որոնք, ի թիվս տնտեսության այլ ճյուղերի, ուղղված են Իրանի նավթային հատվածին՝ հարվածելու երկրի եկամտի հիմնական աղբյուրներից մեկին:

Զեկույցը ցույց է տալիս, որ Իրանի կառավարությանը՝ նախագահ Էբրահիմ Ռաիսիի գլխավորությամբ, հաջողվել է չեզոքացնել պատժամիջոցները։ Վիճակագրությունը նաև ցույց է տալիս, որ Իրանի ոչ նավթային տնտեսական աճը գարնանը հասել է 4,3%-ի՝ նախորդ տարվա 3,1%-ի դիմաց։

ԱՄՆ-Իրան բանակցությունները վերսկսվել են

Իրանի տնտեսական որոշակի աճի ֆոնին ուշագրավ տեղեկություն ստացվեց: ԱՄՆ-ն Իրանին տեղեկացրել է միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցությունները շարունակելու պատրաստակամության մասին։ Այդ մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը։
Բայց հետաքրքրականն այն է, որ Իրանն էլ ի պատասխան Արևմուտքի պատժամիջոցների՝ իր հերթին շարունակում է պատժամիջոցներ կիրառել:
Իրանը պատժամիջոցներ սահմանեց ԱՄՆ-ից 10 ֆիզիկական անձանց և չորս կազմակերպությունների դեմ։ Պատժամիջոցների են ենթարկվել ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլի Ադեյեմոն, ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար Մայքլ Կուրիլան, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Էնն Նոյբերգերը և այլ ամերիկացի զինվորականներ և պաշտոնյաներ: Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանվել Կենտրոնական հետախուզական գործակալության, Ազգային գվարդիայի, ԱՄՆ ռազմաօդային ուժերի 9-րդ ռազմաօդային ուժերի և «Միջուկային Իրանի դեմ միավորում» ՀԿ-ի դեմ։

Թեհրանն ասում է, որ պատժամիջոցներն ընդունվել են, մասնավորապես, Իրանի ներքին գործերին ԱՄՆ միջամտության համար: Օրերս Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալլին ասել է, որ Վաշինգտոնը կքննարկի Իրանի դեմ ռազմական ուժի կիրառումը, եթե նրա հետ միջուկային համաձայնագրի վերականգնման բանակցությունները չաշխատեն։

Իրանն ընդլայնել է նաև ԵՄ-ի դեմ պատժամիջոցները: Թեհրանը պատժամիջոցների ցուցակում ներառել Է Եվրամիության հետ կապված 12 ֆիզիկական և ութ իրավական անձանց՝ ի պատասխան Իսլամական հանրապետության դեմ նրա կողմից սահմանված սահմանափակող միջոցների: Այդ մասին, ասվում է Իրանի ԱԳՆ-ի՝ հոկտեմբերի 26-ին տարածված հայտարարության մեջ: Պատժամիջոցների ցուցակում, ի թիվս այլ կազմակերպությունների, ներառել են Deutsche Welle գերմանական մեդիաընկերության և Radio France internationale ֆրանսիական ռադիոկայանի պարսկական խմբագրությունները: Բացի այդ, Իսլամական հանրապետությունը պատժամիջոցներ Է սահմանել գերմանական Bild թերթի գլխավոր խմբագիրների և Եվրախորհրդարանի մի քանի անդամների դեմ:

Իրանը նոր միջուկային ռեակտոր է կառուցում

Անցյալ շաբաթ հաղորդվեց, որ սկսել է 10 մեգավատ հզորությամբ նոր միջուկային հետազոտական ռեակտորի կառուցումը Սպահան քաղաքում։ Այդ մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։ Ռեակտորի կառուցման նախագծի բացման արարողությունը տեղի է ունեցել Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի մասնակցությամբ։ Գործակալության տվյալներով՝ նոր ռեակտորը լողավազանային տիպի է։ Այն կգործի 20%-ով հարստացված պլաստիկային վառելիքով և կօգտագործվի բժշկության ու արդյունաբերության մեջ օգտագործվող ռադիոիզոտոպերի արտադրության, նեյտրոնային ճառագայթման ոլորտում հետազոտությունների զարգացման և միջուկային վառելիքի նյութերի փորձարկման համար։ Ռեակտորի նախագծումն ու կառուցումն իրականացնում են բացառապես իրանցի մասնագետները։

Իրանը պատրաստ է տարանցիկ միջանցք ստեղծել Հայաստանի և Պարսից ծոցի միջև

Մեր տարածաշրջանում ևս Իրանը շարունակում է բավական ակտիվ գործունեություն ծավալել: Իրանի ավտոմոբիլային ճանապարհների նախարար Ռոստամ Ղասեմին հայտարարել է, որ իրանական ընկերությունները պատրաստ են զարգացնել Իրանի և Հայաստանի միջև փոխադրումները և նոր տարանցիկ միջանցք ստեղծել Հայաստանի և Պարսից ծոցի միջև՝ Արևելյան Ադրբեջանի Նորդուզ գյուղով: Ռոստամ Ղասեմին այս հայտարարությունն արել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ հանդիպման ընթացքում, որի ընթացքում որոշում է կայացվել, որ իրանական ընկերությունները պետք է համագործակցեն Հայաստանի հետ թունելների, ճանապարհների և շենքերի կառուցման գործում: Ելնելով երկու երկրների միջև կնքված համաձայնագրից ՝ նախարարները որոշել են ավարտել և զարգացնել Հյուսիս-Հարավ միջանցքը Նորդուզի սահմանից մինչև Վարզեqան և Թավրիզ: Ղասեմիի խոսքով, քանի որ Իրանը լավ փորձ ունի «ազգային բնակարանային շարժում» անվանումով բնակարանաշինության ոլորտում, իրանական շինարարական ընկերությունները կսկսեն իրենց գործունեությունը Հայաստանում: «Իրանի հյուսիսում ավելի քան 200 միլիոն տոննա բեռ է փոխադրվում, ինչը կարելի է լավ հնարավորություն համարել երկու երկրների միջև փոխանակումների զարգացման համար»,- նշել է իրանցի նախարարը:

ՌԴ-ն Ադրբեջանին և Իրանին առաջարկել է միասնական լոգիստիկ օպերատոր ստեղծել «Հարավ-Հյուսիս» միջանցքի համար

Իրանի ակտիվությանը զուգահեռ՝ Ռուսաստանն է ակտիվորեն օգտվում է Թեհրանի հավակնոտ քայլերից:

Ռուսաստանն Ադրբեջանին և Իրանին առաջարկել է միասնական լոգիստիկ օպերատոր ստեղծել Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքում՝ արդեն գործող ЕРА միավորված տրանսպորտային-լոգիստիկ ընկերության (ՄՏԼԸ) մոդելով, որը հավասար սկզբունքներով տնօրինում են Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի երկաթուղիները։ Բայց, ի տարբերություն, ЕРА ՄՏԼԿ-ի, նոր ուղղությամբ երկաթուղին անբավարար է զարգացած, այն նույնիսկ լրիվ էլ չէ։ Ուղիների զարգացումն ավելի ակտիվ է Ռուսաստան-Ադրբեջան գծով, քան Իրանի հետ Ադրբեջանի սահմանով, որտեղ բեռնահոսքը չի գերազանցում 500 հազար տոննան, իսկ Ռուսաստանի համար աշխատանքը տարածաշրջանում բարդանում է Ադրբեջանի և Հայաստանի հակամարտությամբ, ինչպես փոխանցում է News.am-ը, այս մասին օրերս գրել է ռուսաստանյան «КоммерсантЪ»-ը։ «Առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը հոկտեմբերի 28-ին Բաքվի Եվրասիական համաժողովում առաջարկել է արևմտյան երթուղում ձևավորել Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցք (ՄՏՄ) (Ռուսաստանից Անդրկովկասով Իրան և հետո Հնդկաստան և այլ երկրներ) Ռուսաստան-Ադրբեջան-Իրան համատեղ երկաթուղային օպերատորով, որը «կապահովի միջանցիկ սպասարկում և լոգիստիկ ծառայությունների բարձր մակարդակ»։ Որպես նման նախագծի օրինակ պաշտոնյան նշել է ՄՏԼԿ-ն՝ ՌԵՈւ-ի կոնտեյներային օպերատորին, «Ղազախստան թեմիր ժոլին» և Բելառուսական երկաթուղին. «Օպերատորը կատարելու է նաև առաքման գործառույթներ, միմյանց կապել բեռնափոխադրման ծառայությունները, ծովային նավահանգիստների անցումները, զբաղվել բեռնափոխադրումների մաքսային և այլ ուղեկցմամբ։

ՌԴ տրանսպորտի փոխնախարար Վալենտին Իվանովն հավելել է, որ նախատեսում է Իրանի և Ադրբեջանի հետ կնքել համաձայնագիր լոգիստիկ սպասարկումների կազմակերպման մասին. «Համաձայնագրի առարկա կդառնա տրանսպորտային-առաքման ծառայությունների համակարգային սպասարկումը «միասնական պատուհանի» ձևաչափով՝ մասնակից երկրների հաճախորդների համար։ Այս ձևաչափը ներառում է արտաքին առևտրային և տարանցման փոխադրումների կազմակերպումը ՌԴ-ի, Ադրբեջանի, Իրանի և երրորդ երկրների միջև։ Նախատեսված կլինեն նաև փոխադրավարձերի, տարանցիկ մաքսային ձևակերպման ծառայությունների վճարում, բեռնափոխադրման տեղեկատվական ուղեկցում, բեռնման, բեռնաթափման և երկաթուղային տերմինալներում պահելու և այլ ծառայություններ»։ Խոսնակները չեն նշել՝ խոսքը վերաբերում է բոլո՞ր բեռներին, թե՞ միայն կոնտեյներներին, ինչպես ՄՏԼԿ-ում։
ՄՏԼԿ-ն մասնակիցների հարաբերությունների բարդ պատմությունից հետո՝ 2018թ., ձևավորվել է ներկա տարբերակով, որտեղ երեք երկրներից յուրաքանչյուրն ունի 33,3 տոկոս։ Այդ ժամանակվանից այն աշխատում է «առանց ակտիվների» մոդելով՝ աննշան բացառություններով։ ЕРА ՄՏԼԿ-ի կոնտեյներային բեռնափոխադրումների ծավալը Չինաստան-Եվրոպա-Չինաստան երթուղով մասնակից երկրների տարածքով արագ աճել է և 2021թ. հասել 692,1 հազար TEU-ի։ Բայց Եվրոպայի հետ հարաբերությունների կտրուկ վատացումը հարվածել է կոնտեյներային տարանցմանը և հատկապես ЕРА ՄՏԼԿ-ին։ Տարվա արդյունքներով փոխադրումների նվազումը պետք է կազմի 1,8 տոկոս՝ 68 հազար TEU։

Ի տարբերություն ՄՏԼԿ-ի երթուղու՝ Հյուսիս-Հարավ միջանցքի երկաթուղային ենթակառուցվածքն անբավարար է զարգացած և անգամ ամբողջական չէ. չի ավարտված Ռեշտ-Աստարա հատվածն Իրանում, որը կառուցում են արդեն երկար տարիներ։ Այնտեղ բեռներն ընդունում է ավտոտրանսպորտը։ Հյուսիս-Հարավ միջանցքի ապրանքաշրջանառությունն ավելանում է, բայց առանձին տեղամասերում։ ՌԵՈւ ԲԲԸ-ն տեղեկացրել է, որ ինն ամսում Ադրբեջանի Սամուր-Յալամա սահմանային անցմամբ անցել է 5,3 մլն տոննա բեռ՝ 55 տոկոսով ավելի, քան մեկ տարի առաջ։

Բայց խոսքը Ռուսաստան-Ադրբեջան հաղորդակցության մասին է, որտեղ, ՌԵՈւ ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վադիմ Միխայլովի խոսքով, երկաթուղուն բաժին է ընկնում երկրների միջև բեռնափոխադրումների 87-90 տոկոսը։ Իրանում իրավիճակն ավելի բարդ է։ Ինչպես համաժողովում տեղեկացրել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևը, ըստ Բաքվի հռչակագրի, որը ստորագրվել է սեպտեմբերի 8-9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի կառավարությունների կողմից, Ադրբեջանը նպատակադրվել է մինչև 2030թ. տարանցիկ բեռնափոխադրումների ծավալը Հյուսիս-Հարավ ՄՏՄ արևմտյան միջանցքով հասցնել 15 մլն տոննայի։ «Սա շատ լավ թիվ է, վերաբերում է միայն երկաթուղային փոխադրումներին։ Եթե հաշվի առնենք, որ երկաթուղով այս ուղղությամբ Իրանի տարածքում երկաթուղային բեռնային տերմինալի օգնությամբ (որը կառուցել է Ադրբեջանը) փոխադրվում է ընդամենը 500 հազար տոննա բեռ»։

«Infoline-Аналитика»-ի ղեկավար Միխայիլ Բուրմիստրովի կարծիքով՝ «Հյուսիս-Հարավ ՄՏՄ միասնական օպերատորի ստեղծումը կնպաստի պատնեշների վերացմանը։ Բայց ՌԴ-ի համար աշխատանքը տարածաշրջանում բարդանում է ադրբեջանա-հայկական հակամարտությամբ։ Վերլուծաբանի կարծիքով՝ Ռուսաստանի համար այստեղ ընտրություն կատարելու հարց կա Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման կամ արտահանվող բեռնահոսքի նվազման ռիսկի միջև։ Հայկական երկաթուղին ՌԵՈւ ԲԲԸ-ի կառավարման տակ է։ Բաքուն առաջ է մղում Զանգեզուրի երկաթուղային միջանցքի նախագիծը՝ Ադրբեջանի Նախիջևանի հանրապետության հետ կապի համար՝ հիմնականում Հայաստանի տարածքով, իսկ հոկտեմբերի 29-ին վերջինի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարել է, որ այդ միջանցքը չի բացվելու»։

ՌԴ-ն ու Իրանն արդեն սկսել են էներգակիրների փոխարինող մատակարարումները

Ռուսաստանն ու Իրանն արդեն սկսել են էներգակիրների փոխարինող մատակարարումները, մասնավորապես նավթամթերքի և պայմանավորվել են ընդլայնել մատակարարվող ապրանքների ցանկը, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, հաղորդեց ՌԻԱ Նովոստին։«Արդեն սկսվել են նավթամթերքի փոխարինող մատակարարումները, մենք պայմանավորվել ենք ընդլայնել համապատասխան ապրանքների անվանացուցակը։ Սա նույնպես մեր համագործակցության հեռանկարային ուղղությունն է»,- ասել է Նովակը ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսում։

SWIFT-ի ռուսական անալոգին իրանական բանկերի միացման աշխատանքներ ենընթանում

SWIFT-ի ռուսական անալոգին իրանական բանկերի միացման աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ «Կենտրոնական բանկերի մասով նույնպես ամեն ինչ ընթանում է բնականո հունով։ Ամռանը ստորագրվել է ճանապարհային քարտեզ երկու երկրների կենտրոնական բանկերի միջև»,-ասել է նա։ Ռուսական մի շարք խոշոր բանկեր անջատվել են SWIFT-ից այն բանից հետո, երբ Ռուսաստանը հատուկ գործողություն է սկսել Ուկրաինայում։ Իրանը համակարգից անջատվել է 2018 թվականի նոյեմբերին։

Բայդենը պատրաստ է ռազմական միջոցներ կիրառել, որպեսզի «կանխի» Իրանին կողմից միջուկային զենքի ձեռքբերումը

Այն բանից հետո, երբ տեղեկություն ստացվեց Ռուսաստանի կողմից Իրանին ու Ադրբեջանին արված այսպիսի առաջարկի մասին, ինչպես նաև ռուս-իրանական տնտեսական այլ ոլորտներում բանակցությունների հարցով՝ չուշացավ նաև ԱՄՆ-ի արձագանքը: Ջո Բայդենի վարչակազմն այս պահին չի պատրաստվում «ժամանակ վատնել» Իրանի միջուկային համաձայնագիրը վերականգնելու փորձերի վրա՝ «հաշվի առնելով ցուցարարների նկատմամբ ճնշումները, Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին Իրանի աջակցությունը և միջուկային ծրագրի նկատմամբ Իրանի դիրքորոշումը»,- ասել է Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մելլին։ Նրա խոսքով՝ Իրանի հետ բանակցություններում ոչ մի առաջընթաց չկա այն բանից հետո, երբ իրանցի պաշտոնյաները մերժեցին ԵՄ առաջարկը և լրացուցիչ պահանջներ առաջադրեցին օգոստոսի վերջին և սեպտեմբերի սկզբին: Նա նշել է, որ դրանից հետո Իրանում բողոքի ակցիաներ են սկսվել, և «Ուկրաինայում Ռուսաստանին Իրանի աջակցության մասին ավելի ու ավելի շատ ապացույցներ են հայտնվել»: Մելլիի խոսքով՝ Բայդենի վարչակազմն այժմ կենտրոնացած է այս երկու հարցերի վրա։

Բայդենի վարչակազմի մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա վերջերս Axios-ին ասել է, որ միջուկային բանակցությունների հարցում Սպիտակ տան դիրքորոշումն ավելի է կոշտացել: «Թեհրանի արձագանքը ցույցերին, զուգորդված Իրանի աջակցությամբ Ռուսաստանի պատերազմին Ուկրաինայում, հիմնովին փոխել են իրավիճակը, և, հետևաբար, նույնիսկ եթե Իրանն այսօր վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ և ասի, որ ցանկանում է միջուկային համաձայնագիր, ԱՄՆ-ը դժվար թե առաջ շարժվի»: Պաշտոնյան հավելել է, որ վարչակազմն արդեն նայում է իրավիճակին այնպես, կարծես միջուկային գործարք չկա, և քայլեր է ձեռնարկում, որ ԱՄՆ-ը պատրաստ ռազմական տարբերակ ունենա։ Մելլին ասել է, որ Բայդենի վարչակազմը չի հրաժարվել Իրանի միջուկային հարցը լուծելու դիվանագիտական ճանապարհից, սակայն նշել է, որ նախագահ Բայդենը «պատրաստ է ռազմական միջոցներն օգտագործել որպես ծայրահեղ միջոց, որպեսզի «կանխի» Իրանին կողմից միջուկային զենքի ձեռքբերումը»: Նա նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է կենտրոնանալ պատժամիջոցների և ճնշման այլ գործիքների կիրառման վրա։ «Չկա մի բան, որը մենք չենք անի, քանի որ մտածում ենք ապագայում հնարավոր միջուկային գործարքի մասին։ Մենք մեր ձեռքերը չենք կապում»,- ասել է նա։

Սպիտակ տունը պնդում է, որ Իրանը մտադիր է «երկիր-երկիր» դասի հրթիռներ մատակարարել Ռուսաստանին

Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների գծով համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ Իրանը մտադիր է «երկիր-երկիր» դասի հրթիռներ մատակարարել Ռուսաստանին։ Ավելի վաղ Մոսկվան և Թեհրանը հերքել են, որ Իրանը սպառազինություն է մատակարարում Ռուսաստանին։ «Այսօր մենք չենք տեսնում ապացույցներ, որ այդ մատակարարումներն իրականացվում են, սակայն շարունակում ենք ուշադիր հետևել։ Մենք հիմքեր ունենք կարծելու, որ դա տեղի է ունենում, սակայն դեռ նշաններ չկան, որ դա արդեն տեղի է ունենում»,-ասել է Քիրբին։ Նման կերպ ԱՄՆ վարչակազմն ավելի վաղ հայտարարել է, որ Իրանը, իբր, անօդաչու թռչող սարքեր է մատակարարել Ռուսաստանին, որոնք օգտագործվել են Ուկրաինայում։

ԱՄՆ-ը մտահոգված է Սաուդյան Արաբիայի հասցեին Իրանի «սպառնալիքներով», Իրանի ԱԳՆ-ն հերքում է

Միջազգային լրատվամիջոցներով օրերս սկանդալային տեղեկություն հաղորդվեց, իբր Wall Street Journal-ը հայտնել էր, որ Սաուդյան Արաբիան հետախուզական տվյալներ է փոխանցել Միացյալ Նահանգներին՝ նախազգուշացնելով թագավորության վրա Իրանի «անխուսափելի հարձակման» մասին: Հրատարակության համաձայն՝ Սաուդյան Արաբիայի հետախուզությունը հայտնել է, որ Իրանն իբր «ահաբեկչություններ» է նախապատրաստում թագավորությունում և Էրբիլում, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը, որպեսզի «շեղի ուշադրությունը երկրում տեղի ունեցող ցույցերից»։
Իրանի ԱԳՆ-ն մինչդեռ, հերքել է Սաուդյան Արաբիայի վրա նախապատրաստվող հարձակման մասին լուրերը։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը պահպանում է բարիդրացիության քաղաքականությունը, գործում է փոխադարձ հարգանքի հիման և միջազգային իրավունքի հիման վրա և շարունակում հարևան երկրների հետ կառուցողական փոխգործակցությունը»,-ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, հաղորդում է Reuters-ը։

ԱՄՆ-ը մտահոգված է Սաուդյան Արաբիայի հասցեին Իրանի «սպառնալիքներով» և «առանց վարանելու կպատասխանի անհրաժեշտության դեպքում», ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը, հաղորդում է Reuters-ը։ «Մենք մտահոգված ենք սպառնալիքներով և կապի մեջ ենք սաուդցիների հետ ռազմական ու հետախուզական խողովակներով»,- ասել է Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը: «Մենք կգործենք առանց վարանելու՝ տարածաշրջանում մեր շահերն ու գործընկերներին պաշտպանելու համար»։

Գերմանիայի կառավարությունն իր քաղաքացիներին հորդորել է լքել Իրանը


Գերմանիայի կառավարությունն իր քաղաքացիներին հորդորել է լքել Իրանը, հակառակ դեպքում նրանք կհայտնվեն «կամայական ձերբակալությունների և երկարատև բանտարկության» վտանգի առջև, հաղորդում է Reuters-ը։ «Գերմանիայի քաղաքացիներին խնդրում ենք լքել Իրանը»,-ասվում է Գերմանիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ «Գերմանիայի քաղաքացիների համար կա կամայական ձերբակալության, հարցաքննվելու և երկարաժամկետ ազատազրկման դատապարտվելու ռիսկ: Առաջին հերթին վտանգված են երկքաղաքացիություն ունեցող անձինք»,-նշվում է հաղորդագրության մեջ։

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ֆիզիկական անձանց և ընկերությունների նկատմամբ՝ իրանական նավթ վաճառելու համար

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել մի խումբ անձանց, ընկերությունների և նավերի դեմ, որոնք, նրա պնդմամբ, կապված են նավթի մաքսանենգությամբ զբաղվող կազմակերպության հետ, որը, ինչպես նրանք են ասում, օգուտ է տալիս լիբանանյան «Հըզբոլլահ»-ին և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, հաղորդում է AP-ն: Ավելի քան մեկ տասնյակ ընկերություններ, վեց ֆիզիկական անձինք և 11 նավեր՝ Ջիբութիից մինչև Պանամա տարբեր երկրների դրոշների ներքո, ներառված են պատժամիջոցների փաթեթում՝ այն սխեմային ենթադրյալ մասնակցության համար, որով պատժամիջոցների տակ գտնվող իրանական նավթը խառնել և արտահանել են: Ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության վարչությունը հայտնել է, որ Վիկտոր Արտյոմովը, Էդման Նաֆրիեն, Ռուզբեհ Զահեդին, Մուհամմեդ Էլ Զեյնը և ուրիշներ տասնյակ ընկերություններ են օգտագործել անօրինական գործունեություն իրականացնելու համար։

«Այդ ապօրինի սխեման ղեկավարող անձինք օգտագործում են կեղծ ընկերությունների ցանցը և խարդախ մարտավարություն, ներառյալ փաստաթղթերի կեղծումը, որպեսզի քողարկեն իրանական նավթի ծագումը, վաճառեն այն միջազգային շուկայում և խուսափեն պատժամիջոցներից»,- ասել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ահաբեկչության և ֆինանսական հետախուզության հարցերով տեղակալ Բրեյն Նելսոնը:

Բաքուն հայտարարում է Իրանի վերահսկողության տակ գործող զինված խմբավորման բացահայտման մասին

Իրանի ուղղությամբ համակ ուշադրություն է ցուցաբերում Ադրբեջանը: Իսկ Իրանը չի վստահում Ադրբեջանին՝ հաշվի առնելով Իսրայելի հետ Ալիևի խորը համագործակցությունը:

Ադրբեջանի անվտանգության պետական ծառայությունը հայտարարեց երկրում Իրանի հատուկ ծառայությունների վերահսկողության տակ գործող զինված խմբավորման բացահայտման մասին, հաղորդեց «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունը։ Նշվում էր, որ խմբավորման պարագլուխները, որոնք հետախուզվում են Ադրբեջանի իրավապահների կողմից, գործել են կրոնական գաղափարախոսության քարոզչության քողի տակ և այժմ թաքնվում են Իրանում: «Գերատեսչությունը բազմակողմանի քննություն է իրականացնում՝ կապված Ադրբեջանի քաղաքացիների՝ երկրից դուրս զորավարժություններում գաղտնի կերպով ներգրավելու, պետական անվտանգության շահերի դեմ օգտագործելու նպատակով նրանց ֆինանսավորելու հետ», - ասվում է հաղորդագրությունում։

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը պնդում է, որ զինված խմբավորման կողմից հավաքագրված անձինք նախ տեղափոխվել են Իրան, ապա կեղծ փաստաթղթերով ուղարկվել Դամասկոս, որտեղ էլ, աղբյուրի համաձայն, ռազմական պատրաստություն են անցել։

Պաշտոնական Թեհրանն առայժմ չի արձագանքել Բաքվի մեղադրանքներին։

Այսպես, Ադրբեջանում հայտարարել են «ԻԻՀ հատուկ ծառայությունների հսկողության ներքո» գործող ադրբեջանցիների «բացահայտման» մասին։ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է. «Պարզվել է, որ կրոնական-արմատական գաղափարների տարածման հետևում թաքնվող անօրինական զինված խմբավորման ղեկավարության անդամներ Իբրահիմբեյլի Թոհիդ Ալիմ օղլուն, Ասկերով Ռովշան Էլչին օղդուն, Մամեդով Օրխան Քամրան օղլուն, Հաջիև Էլշադ Էլչինը, 2018-ից հետախուզման մեջ են և այժմ Իրանում են գտնվում։ Անցած ժամանակաշրջանի ընթացքում ապօրինի զինված խմբավորման մեջ հիմնականում ներգրավված են եղել մարդիկ, որոնք նախկինում դատապարտվել են տարբեր հանցագործությունների համար, ինչպես նաև իրենց համարել են «Մուսուլմանական միասնության շարժում» կոչվող կազմակերպության անդամ։ Երրորդ երկրների միջոցով տեղափոխվելով Թեհրան՝ նրանք այնտեղ ապահովվել են բջջային հեռախոսներով և անձնագրերով, ծպտվելու կանոնները պահպանելու ցուցումներ են ստացել, նրանց տվել են կրոնական մականուններ, որից հետո բեռնատար ինքնաթիռներով, կեղծ փաստաթղթերով տեղափոխվել են Դամասկոս։ Սիրիայում խմբի անդամներին սովորեցրել են հրազենի օգտագործում, մարտերի վարման մարտավարության, տարբեր չափերի դրամական միջոցներ են տրամադրել։

Հետաքննությունը պարզել է Ադրբեջանի 19 քաղաքացու մասնակցությունը անօրինական զինված կազմավորումներին։ Հավաքվել են զորավարժություններին նրանց մասնակցության բազմաթիվ ապացույցներ, ինչպես նաև գաղտնի կերպով Ադրբեջան տեղափոխված գրքեր և տեսանյութեր, որոնք, որոնք Ադրբեջանի աշխարհիկ պետական համակարգի դեմ արմատական, կրոնական-ծայրահեղական վերաբերմունք քարոզող նյութեր են պարունակել: Նաև նյութեր են հայտնաբերվել Ռուհուլլա Ահունձադեի և ներկայումս Իրանում հաստատված այլ անձանց կողմից խմբի անդամներին տարբեր առաջադրանքներ տալու մասին։ Խմբավորման անդամ Օրխան Ֆարման օղլուն ձերբակալվել է երրորդ երկրում ահաբեկչություն իրականացնելու փորձի ժամանակ։
Հետաքննության ընթացքում հիմնավոր կասկածներ են ծագել նաև, որ նշված զորավարժություններին մասնակցած Մամեդով Ֆագան Սադրեդդին օղլին կազմակերպել է կրոնական կարգախոսներով շապիկների բաժանումը, որոնք Իրանի դեսպանատան մեքենայով Ադրբեջան են առաքվել՝ երկրի տարբեր շրջաններում նախատեսված կրոնական ակցիաների ժամանակ օգտագործելու համար»,- ասված է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։

Ադրբեջանական քարոզչամեքենան սոցցանցերում հակաիրանական բովանդակության լուրեր է տարածում

Ադրբեջանական քարոզչամեքենան սոցցանցերում հակաիրանական բովանդակության լուրեր է տարածում։ Հարավային Ադրբեջանի (Իրան) քաղաքներում ի հայտ են եկել պաստառներ, որոնցում պատկերված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Սոցցանցերում տարածված տեղեկությունների համաձայն՝ Թավրիզում, Արդբիլում և այլ քաղաքներում Ալիևի պատկերով պաստառների վրա գրված է․ «Հարավային Ադրբեջանը Ձեզ հետ է, պարո՛ն նախագահ»։ «Այդ հաղորդագրությունները ստուգել դեռ չի հաջողվել»,-գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ խոստովանելով հրապարակվող հաղորդագրությունների կեղծ լինելը։

Ակնհայտ է, որ չնայած Իրանի և Ադրբեջանի իշխանությունների միջև հանդիպումներին, բանակցություններին ու բարեկամական հայտարարություններին՝ աճում է երկու երկրների միջև լարվածությունը: Իսկ Իրանի վերջին հայտարարությունները Հայաստան-Ադրբեջան սահմանի անխախտելիության պահանջի մասով վկայում է այն մասին, որ Բաքվի «տարածքային ագրեսիան» Իրանը երկար հանդուրժել չի պատրաստվում։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3960 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am