Փողը տվել են, միջոցառումը դեռ չկա

«Հրապարակ օրաթերթը» գրում է. Նիկոլ Փաշինյանի իշխանության խորհրդանիշներից մեկը՝ նրա հորինած «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, հայտնի չէ, թե երբ կկայանա կամ, ընդհանրապես՝ կկայանա՞, թե՞ ոչ, սակայն սահմանված ընդհանուր գումարի մեծ մասն արդեն, ըստ պայմանագրի, վճարվել է ընկերություններին։ Հիշեցնենք, որ այս մրցանակաբաշխությունը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 21-ին, Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո այն փոխարինում է անկախության օրվա միջոցառումներին, իր բնույթով այս միջոցառումը Փաշինյանի մեծարման երեկո կարելի է համարել, քանի որ վերջինս մրցանակներ է հանձնում, իր կարծիքով, «մեր ժամանակների» հերոսներին։ Օրինակ, 2020-ին այս մրցանակին արժանացել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի «COVID-19» կլինիկայի ղեկավար Սարգիս Ղազարյանը, ժամկետային զինծառայող Նարեկ Հակոբյանը, «Մարկոս թոյս» ընկերության հիմնադիր Սեւակ Մարկոսյանը:
Կառավարության լրատվական վարչության պետ Արմեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ միջոցառման անցկացման օրը դեռեւս հայտնի չէ։ Իսկ գումարը փոխանցվե՞լ է միջոցառումը կազմակերպող ընկերություններին, Խաչատրյանն այս հարցին չպատասխանեց՝ ասելով, որ տեղեկություն չունի, պետք է գրավոր հարցում ուղարկենք։

Այս տարի այդ միջոցառման համար նախատեսվել է 155 մլն դրամ, որը մեկ անձից գնման ընթացակարգով՝ առանց մրցույթի, բաժանվել է 3 ընկերությունների միջեւ․ «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ-ին՝ 33 մլն 750 հազար դրամ, 40 մլն 410 հազար դրամ՝ «Բրիջդ» ՍՊԸ-ին, եւ 80 մլն 183 հազար դրամ էլ՝ «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ին։ Այս ընկերություններն այդ գումարով սեպտեմբերի 21-ին Գառնու տաճարում պիտի կազմակերպեին ու անցկացնեին հանդիսավոր միջոցառումը, սակայն սեպտեմբերի 19-ին կառավարությունը հայտարարեց, որ միջոցառումն անժամկետ հետաձգվում է։ Հետաձգման պատճառը, ըստ ամենայնի, Ադրբեջանի սկսած ռազմական գործողություններն էին մեր սահմաններին։

Բանն այն է, սակայն, որ, ըստ այս ընկերությունների հետ կնքված պայմանագրերի, վարչապետի աշխատակազմն արդեն իսկ գումարների մեծ մասը փոխանցել է ընկերություններին՝ որպես կանխավճար։ Օրինակ՝ «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ-ին սեպտեմբերի համար նախատեսված է եղել 20 մլն 250 հազար դրամ կանխավճար, այսինքն՝ ընդհանուր գումարի 60 տոկոսի չափով։ «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ին որպես կանխավճար է տրվել 48 մլն 110 հազար՝ դարձյալ 60 տոկոս, իսկ «Բրիջդ» ՍՊԸ-ին՝ 12 մլն 122 հազար դրամի չափով, այսինքն՝ 30 տոկոս։ Ստացվում է, որ միջոցառման համար նախատեսված 155 մլն դրամից մոտ 80 մլն-ն վարչապետի աշխատակազմն արդեն տրամադրել է որպես կանխավճար։

Մենք փորձեցինք կապվել այս ընկերությունների հետ եւ հասկանալ, թե գումարի որ մասն են ստացել, որը՝ ոչ, ինչ աշխատանքներ են արել այդ գումարի դիմաց, եւ երբ է տեղի ունենալու միջոցառումը։ «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ի աշխատակիցը, որը չներկայացավ, ասաց, որ տնօրեն Վազգեն Պողոսյանն այս պահին Հայաստանում չէ, միայն նա է իրավասու այդ հարցերին պատասխանել։ Նշենք, որ այս ընկերության մասին բաց աղբյուրներում գրեթե տեղեկություն չկա։ Ընկերության ֆեյսբուքյան էջը ստեղծվել է այս տարվա մայիսի 20-ին։ Տնօրեն Վազգեն Պողոսյանը եղել է նախկին նախագահ Արմեն Սարգսյանի օգնականը, Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունից 5 օր հետո՝ մարտի 18-ին, ազատվել է այդ պաշտոնից։

«Սթեյջ Սթայլ» ընկերությունից եւս մեր հարցերին չպատասխանեցին, փոխտնօրենն ասաց, որ իրենց ընկերությունը մեծ է, եւ վարչապետի աշխատակազմի հետ կնքված պայմանագրի կատարման ընթացքից տեղյակ չէ։ Առաջարկեց հարցերը գրավոր ուղարկել։ Ինչ վերաբերում է «Բրիջդ» ՍՊ-ին, ապա այս ընկերության մասին եւս գրեթե ոչ մի տեղեկություն չկա բաց աղբյուրներում, միայն հայտնի է, որ տնօրենը Նարեկ Չախոյանն է, ընկերությունը գրանցվել է 2015 թվականին։

Սույն ընկերությունների եւ վարչապետի աշխատակազմի միջեւ կնքված պայմանագրում մի հետաքրքիր դրվագ էլ կա, որը վերաբերում է անհաղթահարելի ուժին՝ «ֆորսմաժորին», որը սովորաբար գրվում է պայմանագրերում։ Ըստ այդ կետի՝ «Սույն պայմանագրով եւ սույն պայմանագրի հիման վրա կնքված համաձայնագրերով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետեւանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, եւ որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական եւ արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը եւ այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը։ Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3  ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին»։

Նշենք, որ Հայաստանն Ադրբեջանին կամ հակառակը՝ Ադրբեջանը Հայաստանին պատերազմ չի հայտարարել, ռազմական կամ արտակարգ դրություն չի սահմանվել, հետեւաբար` ֆորսմաժոր եւ պայմանագիրը լուծելու հիմք կառավարությունը չունի։ Սակայն փողը հետ ստանալու ձեւ էլ չունի, որովհետեւ նրանք կարող են ասել, որ գումարները ծախսել են` նախնական ծախսեր են արել եւ չեն կարող վերադարձնել: Գուցե փողի մնացած մասը չստանան, բայց 80 միլիոն դրամ` ոչինչ չանելու դիմաց, քիչ չէ:

Ուղղակի արձանագրենք, որ գործ ունենք հանրային միջոցների հերթական մսխման, վատնման հետ, եւ սա առաջին դեպքը չէ, որ այս իշխանությունները բյուջեից փողեր են դուրս գրում, իսկ դրա դիմաց հասարակությունը ոչինչ չի ստանում:

 

դիտվել է 383 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am