Ալիևի պլանը պարզ է՝ Արցախի հայաթափում. հայկական անտարբերության գագաթնակետ

Բաքուն պատրաստվում է ադրբեջանցիներով վերաբնակեցնել Ադրբեջանին հանձնվող Լաչինը, Աղավնոն և Սուսը, անցյալ շաբաթ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա հավելել է, որ արդեն կարգադրել է տեղահանվածների հարցերով զբաղվող պետական կոմիտեին կապվել այդ շրջանների երբեմնի բնակիչների հետ: «Մենք վերադառնալու ենք այդ բնակավայրեր»,- հայտարարել է նա:

Սահմանային վերջին սրացման ընթացքում՝ օրեր առաջ Ստեփանակերտը տեղեկացրեց, որ Ադրբեջանը պահանջել է Արցախ-Հայաստան կապը նոր երթուղիով կազմակերպել, ինչը նշանակում էր, որ այժմ գործող Լաչինի միջանցքն իր բնակավայրերով հանդերձ անցնում է Ադրբեջանի վերահսկողությանը։ Արցախի իշխանությունները հաջորդիվ տեղի բնակիչներին հայտնեցին, որ մինչև օգոստոսի 25-ը ժամանակ ունեն իրենց տներից հեռանալու համար։

Հաջորդ «լուրը», որը հայտնել է Ալիևը դա այն է, թե՝ «Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում Ղարաբաղի հարց չկա»... «Այդ հարցը օրակարգ բերելու փորձեր եղել են, բայց ես երբեք համաձայն չեմ եղել: Հայաստանը ի՞նչ կապ ունի, դա մեր ներքին գործն է»,- ասել է Ալիևը: Նա հավելել է, որ այսօր բանակցություններում Ղարաբաղի կարգավիճակի հարց չկա, քննարկման առարկա են միայն այնտեղ ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը, որոնք, նրա պնդմամբ, Ադրբեջանն ապահովելու է։ «Ղարաբաղի հայերը պետք է ճիշտ քայլ անեն և գիտակցեն, որ իրենց ապագան միայն ադրբեջանական հասարակության մեջ ինտեգրումն է: Ղարաբաղի հայերը ո՛չ կարգավիճակ, ո՛չ անկախություն, ո՛չ էլ որևէ առավելություններ են ունենալու: Նրանք Ադրբեջանի իրավահավասար քաղաքացիներ են»,- ասել է Ալիևը:

Նա նաև հավելել է, որ պատերազմի ավարտից հետո խաղաղության բանակցություններ սկսելու առաջարկով են հանդես եկել, բայց Երևանից դրական պատասխան դեռ չեն ստացել հուսով են, որ կստանան: Ալիևի խոսքով` հայկական կողմը նաև դեմ էր սահմանազատման հանձնաժողովի ստեղծմանը, սակայն արդյունքում համաձայնեց: Նույն կերպ դեմ էին նաև «Զանգեզուրի միջանցքին», նշել է նա: «Առաջիկա շաբաթներին մենք սպասում ենք, որ նրանք կներկայացնեն Զանգեզուրի միջանցքի երթուղին:

Ղարաբաղում ապրող հայերը նույնպես կտեսնեն, որ Ադրբեջանից կարող են միայն օգուտ քաղել»,- պնդել է Ալիևը: Այս հայտարարություններն Ալիևն արել էր Իսմայիլի շրջանի Բաշգալ ավան այցի ժամանակ։ Զրուցելով ադրբեջանական հեռուստաընկերության հետ` նա նաև խոսել է վերջին շրջանի սահմանային լարվածության մասին։ Ալիևը կրկին հայկական կողմին է մեղադրել սադրանքի դիմելու համար և զգուշացրել՝ «կրակի հետ չխաղալ»: Ալիևը ռազմաշունչ հայտարարություններ է արել` պնդելով, թե վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Ադրբեջանին ոչ ոք և ոչինչ չի կարող կանգնեցնել: Միևնույն ժամանակ ասել է, թե նոր պատերազմ սկսելու մտադրություն չունեն, քանի որ հասել են իրենց նպատակին: Սակայն նա կրկնել է Բաքվի պահանջը՝ հայկական զինված ուժերը պետք է մեկընդմիշտ հեռանան Ղարաբաղից:
Հայաստանի իշխանությունը դեռ հարկ չի համարել արձագանքել Ադրբեջանի նախագահի վերոնշյալ հայտարարություններին:

Համաձա՞յն են Ալիևի հայտարարությանը, թե Արցախում ապրող հայերը «ո՛չ կարգավիճակ, ո՛չ անկախություն, ո՛չ որևէ հատուկ արտոնություններ չեն ունենա, ինչպես Ադրբեջանի քաղաքացիները, այնպես էլ նրանք»։

Ստեփանակերտից արձագանքել է արտաքին գործերի նախարարը՝ վերահաստատելով, որ Արցախի համար Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է: Դավիթ Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանը երբեք չի թաքցրել Արցախի վերաբերյալ իր ծրագրերը, Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ոչինչ չի ունենա, քանի որ Ղարաբաղն ինքը չի լինի։ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում «անկեղծության համար շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին՝ ակնարկելով՝ այս հայտարարությունն անսպասելի չէր»։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ ասել է. «Պետք է զինվել համբերությամբ և չշեղվել անկախության ուղուց»։ «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ պարբերաբար հրահրվող սադրիչ գործողություններն ուղղված են Արցախը հայաթափելուն՝ արժեզրկելով ինչպես եռակողմ հայտարարությամբ հաստատված առանց այն էլ փխրուն խաղաղությունը, այնպես էլ այդ խաղաղության պահպանման գործառույթը ստանձնած ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը», - ասել է Հարությունյանը։

Ուշադրւթյուն դարձրեք, Ալիևը այդ հայտարարություններն արեց սահմանային վերջին սրացումից հետո, որի հետևանքով հայկական կողմից երկու զինծառայող զոհվեց, 19-ը վիրավորվեցին։ Բաքուն պահանջում է Արցախ-Հայաստան կապը նոր երթուղիով կազմակերպել, ինչը նշանակում է, որ այժմ գործող Լաչինի միջանցքն իր բնակավայրերով հանդերձ անցնում է Ադրբեջանի վերահսկողությանը։ Սրան գումարած՝ Արցախի իշխանությունները տեղի բնակիչներին հայտնեցին, որ մինչև օգոստոսի 25-ը ժամանակ ունեն իրենց տներից հեռանալու համար։

Ալիևն էլ արդեն հայտարարում է՝ պատրաստվում է Ադրբեջանին հանձնվող Լաչինը, Աղավնոն և Սուսը ադրբեջանցիներով բնակեցնել։ Ու այս վիճակում՝ պաշտոնական Երևանը ոչինչ չունի՞ ասելու...

Թե՞ հայության անվտանգության հարցը միմիայն ռուս խաղաղապահների ուսերին է թողնված:

Գումարած այս ամենին, Ալիևը շարունակում է ՀՀ իշխանություններին ներկայացնել որպես ապակառուցողական կողմ: Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում օդում կախված է նոր պատերազմի վտանգը:

Ի դեպ, ամիսներ առաջ խաղաղության բանակցություններ սկսելու Ադրբեջանի հինգ սկզբունքներին Երևանը վեց կետանոց առաջարկով էր պատասխանել, որոնցում շեշտվում էր՝ հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը։

Պաշտոնական Երևանը, ամիսներ անց, սակայն դեռ չի հստակեցնում՝ ինչպիսի վերջնական կարգավիճակ է պատկերացնում Արցախի համար, միայն նշում է՝ ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների:

Ինչո՞ւ ոչ ոք չի հիշեցնում, թե ի վերջո՝ որո՞նք էին Փաշինյանի կառավարության «վեց կետանոց առաջարկները», Արցախն ի՞նչ կարգավիճակ պետք է ստանար՝ ըստ ՀՀ իշխանությունների պատկերացումների:

Ու ամենակարևորը՝ եթե Բաքուն մերժել է այդ՝ «վեց կետանոց առաջարկները», պաշտոնական Երևանն ինչպե՞ս է հիմա պատկերացնում Արցախի կարգավիճակի թեմայի հետագա արծարծումը՝ բանակցային գործընթացում:
Թե՞ սրանք ժամկետանց հարցեր էր, և արդեն Ալիևի որոշելիքն են այս հարցերը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1728 անգամ
Լրահոս
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը հասել է Սարդարապատ Տեղումնառատ ցիկլոնն արդեն սկսել է թուլանալ. առաջիկա 5 օրերին մենք ակտիվ ցիկլոնային գործունեություն չենք սպասում․ Գագիկ Սուրենյան Արման Թաթոյանն իմ հարազատ եղբայրն է, շարժման սկզբից էլ, վերջից էլ ներկա է եղել․ Բագրատ Սրբազան Ավինյանի քաղաքապետարանի «նոու հաուն»՝ ճանապարհային փոսերի դեմ պայքարում Այս բախման ժամանակ պարտվեց Հայաստան պետությունը, հայ իրավապահը, հաղթեց տղամարդ Աշոտ Սիմոնյանը «Թուրքիային նոր սահմանադրություն է անհրաժեշտ»․ Էրդողան Արամ Վարդևանյանը հաղորդում է ներկայացրել դատախազություն Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի էսքիզներից. Աննա Հովհաննիսյան Էս կարմիր բերետը այսօր մարդկանց ծեծող ընկերներին զսպում էր, պաշտպանում անօրեն ու դաժան ծեծվողին․ Արշակ Զաքարյան Որ ճանապարհներով պետք է շրջանցել փակ հատվածները` Վրաստանի սահման ուղևորվելիս Ադրբեջանցիները պղծել են օկուպացված Բերդաձորի զոհված ազատամարտիկներին նվիրված հուշահամալիրը Տիկին Մանասյան ո՞նց ես, չես արձագանքում տիկին. ոստիկանների կողմից ծեծի ենթարկված քաղաքացիները փնտրում են ՄԻՊ-ին «Reuters»-ի անդրադարձը՝ այսօրվա ակցիաներին․ Հայաստանի ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել ավելի քան 130 ցուցարարի 200-ից ավելի բերման ենթարկվածներ՝ Երևանում․ BBC-ի պարսկալեզու ծառայության անդրադարձը Եթե անհրաժեշտություն լինի, մեր ընկերներից կգան օգնության, ես դեռ մարզում եմ մնալու. ԱԺ պատգամավոր․ «Հրապարակ» Բողոքի ցույցերը պարալիզացրել են Հայաստանի մայրաքաղաքի ու մյուս հատվածների ճանապարհները՝ պահանջելով վարչապետի հրաժարականը․ գրում է Associated Press գործակալությունը Ժողովրդական շարժման զանգվածային բողոքի ակցիաները ճնշելու գործընթացը, ակնհայտորեն, փակուղի է մտնում. Դավիթ Անանյան Ի՞նչի վրա է կառուցված մեր երկիրը, լոլիկի՞, վարունգի՞․ գողացվել է մեր երկրի բովանդակությունն ու խորհրդանիշները․ Բագրատ Սրբազան Պատգամավորի հետ միջադեպից հետո ոստիկանության ծառայակիցը հեռացվել Է աշխատանքից Մեղրի - Ծավ ճանապարհի մի հատվածը միակողմանի երթևեկելի է, Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածը բեռնատարների համար փակ է Ոստիկանների կողմից ծեծվածին տեղափոխում են հիվանդանոց (տեսանյութ) 39-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խնջույքի ժամանակ հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 24-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am