Կրեմլը «մտահոգված» է, խորհուրդ են տալիս սպասել՝ Պուտին-Էրդողան վաղվա հանդիպմանը

Իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված, այսօր կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով՝ պիտի աշխատեն այդ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։ Սրացմամբ Ադրբեջանը մի նպատակ ունի՝ վերացնել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և խուսափել արձանագրված իրողությունների ամրագրումից՝ Լեռնային Ղարաբաղ, շփման գիծ, Լաչինի միջանցք, նշեց նա՝ շեշտելով՝ այս երեք ինստիտուտների դեմ է Ադրբեջանի այսօրվա պայքարը։ «Հայաստանը կատարել է իր ստանձնած բոլոր պարտավորությունները, Ադրբեջանն էլ պետք է կատարի իր երեք պարտավորությունները՝ ընդունի Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ արձանագրված Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը, պիտի հարգի Լեռնային Ղարաբաղում շփման գծի առկայությունը և պիտի հարգի Լաչինի միջանցքի գոյությունը, որը Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապը ապահովող կարևորագույն ինստիտուտն է», - ասաց նա՝ հավելելով՝ հակառակ պարագայում Հայաստանը պետք է դիմի միջազգային մեխանիզմների գործարկմանը, որպեսզի դրանցով Ադրբեջանը հարգի իր ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները։

«Եռակողմ ֆորմատով հաստատված որևէ պլան գոյություն չունի»

Ընթացիկ էսկալացիայի համար Ադրբեջանը որպես պատրվակ օգտագործում է Լաչինի միջանցքի նոր երթուղու հարցը, ասաց Փաշինյանը՝ այն ևս համարելով եռակողմ հայտարարության կոպիտ խախտում. «Իբր ինքն ավարտել է Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցման աշխատանքները և հետևաբար գործող միջանցքի մի շարք հատվածներ պետք է հանձնվեն իր հսկողությանը։ Ադրբեջանի նման ձևակերպումը և հայտարարությունները նույնպես եռակողմ հայտարարության կոպիտ խախտում են»։
Վկայակոչելով նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը, որում ասվում է, որ «կողմերի համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում, մինչև 2023թ. նոյեմբերի 9-ը, կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար», Փաշինյանը վերահաստատեց՝ եռակողմ ֆորմատով հաստատված որևէ պլան գոյություն չունի, և հայկական կողմը մի քանի անգամ առաջարկել է և հիմա էլ առաջարկում է հաստատել եռակողմ ֆորմատով պլան։ «Խոսքը ոչ թե նոր ճանապարհի կառուցման, այլ կառուցման պլանի և խաղաղապահ զորքերի վերատեղաբաշխման մասին է, որը եռակողմ գործընթաց է, բարդ գործընթաց է, մեզ նման պլանի նախագիծ չի էլ ներկայացվել», - ասաց նա։

Շփման գծի լարվածության այս ֆոնին Ստեփանակերտը հայտնեց, որ Բաքուն պահանջել է Արցախ-Հայաստան երթևեկությունը նոր երթուղով կազմակերպել։ Թե ի՞նչ ժամկետներում ու արդյոք հայկական կողմը համաձայն է ադրբեջանական կողմի պահանջին, չէր հստակեցվել։ Երեկ Արցախի նախագահականից էլ չպարզաբանեցին։
Բաքվի պահանջին ավելի ուշ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձավ՝ հայտարարելով, որ Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ։ Գրիգորյանը նաև նշեց, որ Հայաստանն արդեն իսկ առաջարկել է եռակողմ ձևաչափով համաձայնեցնել և ստորագրել պլանն ու համաձայնեցված ժամանակացույցով ու ճանապարհային քարտեզով գնալ առաջ: «Դա այն է, ինչ նախատեսված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ», - ասել է Ա.Գրիգորյանը՝ չհստակեցնելով, թե Հայաստանի առաջարկած ժամանակացույցը ինչ ժամկետներ է ենթադրում։

«ԼՂ-ում ՀՀ զինծառայող չկա»

Անդրադառնալով Բաքվի մեկ այլ շահարկմանը, թե Հայաստանը դուրս չի բերել իր զինված ուժերն Արցախից՝ Փաշինյանն այսօր վստահեցրեց՝ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Հանրապետության զինծառայող չկա։ Արցախում Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը պետք է դուրս հանի զորքերը Լեռնային Ղարաբաղից և ապահովի հաղորդակցությունը Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև՝ վկայակոչելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը։

Խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտում

Ռուսաստանի խաղաղապահների ներկայությամբ շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները, Լեռնային Ղարաբաղի հայությանը, խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը, պարզապես անընդունելի են, այսօր ասաց Փաշինյանը՝ խիստ անհրաժեշտ համարելով Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը։ Նա խոստովանեց՝ սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե, բայց գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը։

«Մենք ակնկալում ենք, որ երկկողմ ֆորմատով ստորագրված այդ մանդատը գործի իր ամբողջ ծավալով», - ասաց Փաշինյանը՝ շեշտելով՝ ՀՀ-ՌԴ ստորագրությունները բավարար են այդ մանդատն ամբողջությամբ իրագործելու համար, հակառակ դեպքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ:

Վկայակոչելով եռակողմ հայտարարության 3-րդ կետը՝ Փաշինյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղում կա շփման գիծ, որի երկայնքով էլ տեղակայվում են խաղաղապահ ուժերը. «Հենց այս տարածքն է կոչվում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, և մենք ակնկալում ենք, որ շփման գծի ցանկացած փորձ կասեցվի խաղաղապահ խմբի կողմից իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերվեն»։

Հիշեցնենք, որ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում են՝ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում: Համաձայնագրով՝ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից։ Բաքուն, սակայն պարբերաբար հայտարարում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր։

Ադրբեջանի նախագահի մեկ այլ դժգոհությանը, թե ինչու են Պաշտպանության բանակի զինվորները տեղակայված շփման գծի երկայնքով, Փաշինյանն այսպես արձագանքեց՝ եթե Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը, Պաշտպանության բանակը մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա։ «Նման անհրաժեշտություն առաջացել է այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը և շարունակաբար խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթները, այդ թվում՝ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին, որը վերը նշված փաստաթղթի բուն էությունն է», - ասաց գործադիրի ղեկավարը։

Կրեմլը ինչպես միշտ՝ «մտահոգված է»

Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ «Կրեմլը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմամբ և կողմերին զսպվածության ու եռակողմ պայմանավորվածությունների իրականացման կոչ է անում»։ Պեսկովը նաև ասել է, որ վաղը Սոչիում կայանալիք հանդիպմանը Պուտինն ու Էրդողանը կարող են կարծիքներ փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ։

ՀԱՊԿ-ը կոչ է անում կողմերին՝ տարաձայնությունները հաղթահարել բացառապես դիվանագիտական մեթոդներով

ՀԱՊԿ քարտուղարությունը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած զինված բախումների առնչությամբ, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի, այսօր հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ ցավակցություն հայտնելով զոհված զինվորների ընտանիքներին և հարազատներին։ «Կոչ ենք անում հակամարտող կողմերին՝ զերծ մնալ ուժի կիրառումից և օգտագործել բացառապես դիվանագիտական մեթոդներ՝ առկա տարաձայնությունները հաղթահարելու համար», - ասված է Զասի հայտարարությունում։

ԱՄՆ Պետդեպը լարվածությունն անհապաղ թուլացնելու կոչ է անում

Միացյալ Նահանգները հայտարարում է, որ խորապես մտահոգված է և ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ինտենսիվ մարտերին, որոնք հանգեցնում են մարդկային կորուստների։ «Մենք կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա սրացումից խուսափելու համար։ Լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը» ,- ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունում։

ԵՄ-ն կողմերին կոչ է անում՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

ԵՄ-ն Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները, ասվում է Եվրոպական միության արտաքին գործերի ծառայության հայտարարության մեջ։ «Եվրամիությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք բռնկվել են Ադրբեջանի և Հայաստանի ուժերի միջև Լաչինի միջանցքի շուրջ և շփման գծի այլ մասերում: Ցավոք, այդ բախումներն արդեն հանգեցրել են մարդկային զոհերի և տուժածների», - ասվում է հայտարարության մեջ։ «Անհրաժեշտ է թուլացնել լարվածությունը, լիովին հարգել հրադադարը և վերադառնալ բանակցային սեղան, որպեսզի դրանց հիման վրա գտնվեն իրավիճակի կարգավորման ուղիներ», - ասվում է նաև փաստաթղթում։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1622 անգամ
Լրահոս
Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան Պետական դավաճանության հոդվածով քրեական հետապնդում է հարուցված Ադրբեջան անցած լրտես Վահան Մարտիրոսյանի ու Սյուզան Ջաղինյանի նկատմամբ Երևան-Սևան մայրուղու հատվածում լարված իրավիճակ է Վազգեն Սարգսյանն ամենասարսափելի վիճակում 500 մահապարտ հավաքեց ու հաղթեց․ Միհրանյան (video) Նիկոլի Հայաստանում Անժելա Թովմասյանի ու Զոհրաբյանի նկատմամբ գիտե՞ք՝ ինչ են անում․ Գագիկ Համբարյան (video) Նաիրա Զոհրաբյանը Ոստիկանության պետ Խուդինյանին ներկայացնում է իրենց նկատմամբ վայրագությունները (video) Ձեր արյան մեջ թուրքի արյու՞ն են լցրել․ քաղաքացին՝ մարդկանց ծեծող ոստիկաններին (video) Ոստիկանները ուժով բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (video) Շուռ արի, դեմքդ մարդիկ տեսնեն․ ոստիկանները խայտառակ ձևով հարձակվել են մարդկանց վրա․ Արման Ղազարյան (video) Մենք չենք ուզում թուրքի հետ ապրել, ոտքի՛․ Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում այս պահին (video) Իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում «Մի գոռա վրե՛ս»․ Ոստիկանության պարեկային ծառայող Սահակյանը հիստերիայի մեջ է․ ճվճվում է, գոռում (video) Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Նիկո՛լ, եթե սա մեր հողը չի, ինչի եք մեզ կադաստրի վկայականները տվել․ Կիրանցի (video) ՔՊ-ական պատգամավորի համար տարբերություն չկա՝ Ադրբեջանից գազ կգնի, թե այլ երկրից Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Աննա Հակոբյանը բազմաթիվ թիկնապահների հետ այցելել է Գյումրի Ռուսաստանաբնակ հայ գործարարներ, ովքեր ներդրում են անում ու աջակցում Նիկոլին՝ դավաճան են․ Բաղդասարով (video) Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան Ուշադիր եղեք, այսօր անակնկալներ են սպասվում․ Աբրահամ Գասպարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am