Պուտինը տանում է դեպի՝ արագ ինտեգրում. Դաժան պատերազմի ծանրացող հետևանքները

Ռուսաստան-Արևմուտք առճակատումը հասել է նոր գագաթնակետի, փոխադարձ մեղադրանքները արդեն հասել են հրթիռակոծությունների ուղղություններին:

Արևմուտքի ճնշումը ստիպում է Ռուսաստանին և Բելառուսին ավելի արագ ինտեգրվել, ասաց Պուտինը

Մինչ Կիևում ծափահարությամբ էին դիմավորում ԵՄ դրոշը, ՌԴ նախագահը հայտարարեց Ռուսաստանի և Բելառուսի միջև ինտեգրացիոն գործընթացները արագացնելու մասին։ Վլադիմիր Պուտինը, դիմելով Ռուսաստանի և Բելառուսի տարածաշրջանների ֆորումի մասնակիցներին, հայտարարել է, որ Արևմուտքի ճնշումը ստիպում է իրենց երկրներին ավելի արագ ինտեգրվել։ «Այսպես կոչված հավաքական Արևմուտքի աննախադեպ քաղաքական և պատժամիջոցային ճնշումը մեզ ստիպում է արագացնել միավորման գործընթացները։ Ի վերջո, միասին ավելի հեշտ է նվազագույնի հասցնել անօրինական պատժամիջոցների վնասը», ըստ «Ազատության», ասել է Պուտինը։ Ալեքսանդր Լուկաշենկոն իր հերթին ֆորումի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում ասել է, որ նախկին ԽՍՀՄ երկրները «պետք է անկեղծորեն շահագրգռված լինեն Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության հետ մերձեցմամբ՝ «եթե, իհարկե, նրանք ցանկանում են պահպանել իրենց ինքնիշխանությունը և անկախությունը»։

ՌԴ-ն դադարեցրեց մասնակցությունը Եվրոպայի խորհրդի հետ համաձայնագրերին

Ռուսաստանը դադարեցրեց իր մասնակցությունը Եվրոպայի խորհրդի մասնակի և ընդլայնված համաձայնագրերին, այս մասին հրամանագիրը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Խոսքը ութ համաձայնագրի մասին, որոնց մասնակցությունը ավարտվում է 2023թ. մարտի 16-ից: Եվրոպայի խորհուրդը Ուկրաինայի վրա հարձակման հաջորդ օրը՝ փետրվարի 25-ին ընդունել է կազմակերպության կանոնադրական կառույցներում Ռուսաստանի ներկայությունը «սառեցնելու խտրական որոշում»: Մարտի 15-ին էլ Ռուսաստանը դուրս եկավ Եվրոպայի խորհրդից: Եվրոպայի խորհուրդը Հին մայրցամաքի միջպետական հնագույն կազմակերպությունն է, այն ստեղծվել է 1949-ին: Կառույցի հիմնական նպատակը եվրոպական երկրների համագործակցությունն է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Ռուսաստանը Եվրոպայի խորհրդին անդամակցել է 1996-ին:

Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի վրա Ուկրաինայից հրթիռային հարձակումը կանխելու մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, թե բելառուս զինվորականները որսացել են մի քանի օր առաջ Ուկրաինայից արձակված հրթիռները։ «Մեզ սադրում են»,- հուլիսի 2-ին, ըստ «Ազատության», Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում բելառուսական պետական BELTA գործակալությունը։ Ռուսական «Կոմերսանտ»-ը նշում է, որ նա ելույթ է ունեցել Բելառուսի Անկախության օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր հանդիպմանը: Լուկաշենկոն պնդել է` Բելառուսը չի ձգտում կռվել Ուկրաինայում, սակայն կպայքարի հարձակման դեպքում։ Լուկաշենկոն նշել է, որ զինվորականներին հրահանգել է «թիրախավորել» «Մինսկի հակառակորդների» որոշումների կայացման կենտրոնները։ Նա նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը «շահագրգռված են նոր սադրանքներով» Ռուսաստանի և Բելառուսի դեմ։ Լուկաշենկոյի խոսքերի վերաբերյալ ուկրաինական կողմից դեռ մեկնաբանություններ չեն եղել։

Հրթիռակոծվել է Օդեսայի մարզը. ուկրաինական կողմը հայտնում է զոհերի ու վիրավորների մասին

Օրերս հրթիռակոծվել է Ուկրաինայի Օդեսայի մարզը։ Զոհների և վիրավորների մեջ կան նաև երեխաներ։ Ուկրաինական կողմի տվյալներով՝ մեկ հրթիռ ընկել է ինը հարկանի բնակելի շենքի, մյուսը՝ Բելգորոդ-Դնեստրովսկի շրջանի հանգստի կենտրոնի տարածքում գտնվող շենքի վրա։ ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Օդեսայի մարզում զոհերի մասին լուրերը, ասել է, որ «ՌԴ զինված ուժերը հատուկ ռազմական գործողության ընթացքում չեն թիրախավորում քաղաքացիական ենթակառուցվածքները»։ Ուկրաինայի իշխանությունները, սակայն, պնդում են՝ ռուսական զորքերի թիրախավորած օբյեկտները ռազմական ենթակառուցվածքի հետ կապ չունեն։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարեց Սև ծովի ուկրաինական Զմեինի կղզուց կայազորի դուրսբերման մասին, բացատրելով դա «որպես բարի կամքի քայլ»։ Ուկրաինացի զինվորականներն, իրենց հերթին, հայտնել էին, որ ռուսները թողել են կղզին ուկրաինական ուժերի գնդակոծություններից հետո։

Սև ծովի հյուսիս-արևմտյան մասում գտնվող կղզու նկատմամբ վերահսկողությունը էական նշանակություն ունի Օդեսայի տարածաշրջանի ափերի և Օդեսայի նավահանգստի վերահսկողության համար: Թեև ռուսները օրեր առաջ դուրս էին եկել ռազմավարական նշանակություն ունեցող կղզուց, իրավիճակը ռազմադաշտում ընդհանուր առմամբ փոքր-ինչ փոխվել է հօգուտ ռուսական ուժերի։ Ըստ Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի, ռուսական ուժերը մասնակի հաջողություններ են գրանցել Լիսիչանսկի նավթավերամշակման գործարանի և Լիսիչանսկ քաղաքի շրջակայքում: Բացի այդ, ռուսական զորքերը շարունակում են հարձակողական գործողությունները Խարկովի և Դոնեցկի շրջաններում։ Այնուամենայնիվ, որոշ հատվածներում էլ ուկրաինական հակահարձակողական գործողությունների արդյունքում ռուսական ուժերը ստիպված են եղել ոչ թե առաջ գնալ, այլ՝ պաշտպանվել։

Ուկրաինան, դառնալով ԵՄ անդամի թեկնածու, ստացել է «շատ հստակ եվրոպական հեռանկար», պնդում են եվրոպացի պաշտոնյաները

Մինչ ռազմական դաշտում փորձագետները արձանագրում են ռուսական ուժերի հերթական առաջխաղացումը՝ Կիևում նշեցին ուկրաինական կողմի դիվանագիտական հաղթանակը։ Ուկրաինայի Գերագույն ռադայում տեսակապի միջոցով ելույթ էր ունեցել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նրա խոսքով՝ Ուկրաինան, դառնալով Եվրամիության անդամության թեկնածու, ստացել է «շատ հստակ եվրոպական հեռանկար»։ Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքերին պատգամավորները ծափերով դիմավորեցին. Դահլիճ էր բերվել Եվրամիության դրոշը։ Ուկրաինայի Գերագույն Ռադայի ղեկավար Ռուսլան Ստեֆանչուկը նշել է, որ խորհրդարանը կձգտի մինչև 2025թ. ընդունել ԵՄ-ին միանալու Կիևի պարտավորությունների հետ կապված բոլոր օրենքները։ Երբ կանդամակցի Ուկրաինան Եվրամիությանը, դեռ պարզ չէ, շատ բան, թերևս, նաև պատերազմի ավարտից կախված կլինի։

Ուկրաինան դիմեց Թուրքիային՝ խնդրելով կալանել ուկրաինական ցորենով բեռնված ռուսական նավը

Ուկրաինան պաշտոնապես դիմել է Թուրքիային՝ խնդրելով կալանել ենթադրաբար ուկրաինական ցորենով բեռնված ռուսական նավը, որը Ազովի Բերդյանսկ նավահանգստից հասել է Թուրքիա։ Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլ Բոդնարը հուլիսի 1-ին ասել է, որ Բերդյանսկից դուրս եկած ռուսական դրոշով նավարկող նավը մտել է թուրքական Կարասուի նավահանգիստը։ Դեսպանը Թվիթերում գրել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազության հանձնարարության հիմքով դիմել են թուրքական կողմին՝ խնդրելով համապատասխան միջոցներ ձեռնարկել։ Դեսպանը չի նշել, թե ինչ բեռ կա նավի վրա, սակայն Ուկրաինայի Զապորոժիեի մարզի ռուսական կողմից նշանակված վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին հունիսի 30-ին Տելեգրամի իր էջում գրել է, որ «Բերդյանսկից առևտրային նավը դուրս է եկել յոթ հազար տոննա ցորենով և ուղևորվել բարեկամական երկրներ»։

Ուկրաինան պնդում է, որ ռուսական ուժերը ֆոսֆորային զենքով ռմբակոծել են Զմեինի կղզին

Ուկրաինայի զինված ուժերը օրերս տեսանյութ հրապարակեցին, որն ինչպես ասվում է՝ ցույց է տալիս ռուսական ուժերի կողմից Զմեինի կղզու ռմբակոծումը։ Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին ասել է, թե ռուսական Սու-30 երկու ռազմական օդանավեր կղզին ռմբակոծել են ֆոսֆորային զենքով։

Կադիրովը հայտնեց Լիսիչանսկը ամբողջովին գրավելու մասին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Տելեգրամի իր էջում օրերս գրել է, որ «հաղթանակի կարմիր դրոշը տեղադրվել է Լիսիչանսկի կենտրոնական այգում»։ «Մեր ստորաբաժանումներին, դաշնակից ուժերի հետ միասին, մի քանի ժամը բավականացրեց քաղաքն ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելու համար»,- գրել է նա։ Ուկրաինական կողմից այս պահին մեկնաբանություններ չկան։

ՌԴ ՊՆ-ը հայտնեց ուկրաինական բանակի կորուստների մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ռուսական տանկերի առաջընթացը ցուցադրող տեսանյութ է հրապարակել։ Իսկ նախարարության մամուլի խոսնակ գեներալ Իգոր Կոնաշենկովը օրեր առաջ ներկայացնելով մարտական գործողությունների արդյունքները, ասել է, որ ռուսական ավիացիան գերճշգրիտ հրթիռներով զինամթերքի երեք պահեստ ոչնչացրել է Զապորոժիեի շրջանում, երկուսը՝ Նիկոլաևի շրջանում։ Նրա խոսքով՝ ավիացիան երեք տասնյակից ավելի շրջաններում հարվածել է ուկրաինական բանակի ռազմական տեխնիկայի ու կենդանի ուժի կուտակումներին, ինչպես նաև կառավարման հինգ հենակետի։ Իսկ հակաօդային պաշտպանության համակարգը Նիկոլաևի մոտ ուկրաինական Միգ-29 կործանիչ է խոցել։ Նրա բերած տվյալներով՝ պատերազմի սկզբից ի վեր ռուսական ուժերը ուկրաինական հարյուրավոր օդանավեր, ուղղաթիռներ են ոչնչացրել, մի քանի հազար տանկ ու զրահամեքենա։

Ուկրաինական կողմը հերքում է Լիսիչանսկի ընկնելու մասին լուրերը

Ուկրաինայի Ազգային գվարդիայի մամուլի խոսնակ Ռուսլան Մուզիչուկը հերքեց Լիսիչանսկը ռուսական ուժերի կողմից ամբողջությամբ գրավելու մասին լուրերը։ «Լիսինչանսկի մոտ կատաղի մարտեր են ընթանում, քաղաքը շրջապատված չէ և գտնվում է ուկրաինական զորքերի վերահսկողության տակ»,- ասել է նա։ Ռուսական ուժերը Լուգանսկի գրեթե ամբողջ մարզը գրավել են։ Լիսիչանսկը մարզի վերջին խոշոր բնակավայրն է, որի համար մարտերը շարունակվում են։

Բելգորոդը և Կուրսկը գնդակոծվել են, պնդում է ռուսական կողմը

Ռուսաստանի Բելգորոդի շրջանում հուլիսի 3-ի գիշերը տեղի ունեցած մի շարք պայթյունների հետևանքով զոհվել է երեք մարդ, չորսը՝ վիրավորվել, հայտնում է նահանգապետ Վյաչիսլավ Գլադկովը: Նրա խոսքով` ենթադրաբար, հակաօդային պաշտպանության համակարգերն են աշխատել: Նախնական տեղեկություններով՝ վնասվել է 11 բազմաբնակարան շենք և առնվազն 39 առանձնատուն, որոնցից հինգն ամբողջությամբ ավերվել են։ Ուկրաինական կողմը չի մեկնաբանել իրավիճակը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հաղորդել է, որ ուկրաինական զինուժը հրթիռներով և ԱԹՍ-ներով գնդակոծել են Կուրսկի և Բելգորոդի մարզերի տարածքները:

Ուկրաինական կողմը հայտնում է Կրամատորսկի գնդակոծության մասին «Սմերչ» կայանքներից

Հուլիսի 3-ին ռուս զինվորականները գնդակոծել են Դոնեցկի շրջանի Կրամատորսկը «Սմերչ» հրթիռային համակարգերով, ասել է քաղաքապետ Ալեքսանդր Գոնչարենկոն։ «Օկուպանտները երկրորդ օրն է, ինչ «Սմերչ MLRS»-ով հարվածում են Կրամատորսկին, ոչնչացնում են քաղաքացիական ենթակառուցվածքները, հարվածում են խաղաղ բնակչությանը»,- ասել է Գոնչարենկոն։ Հուլիսի 3-ի առավոտյան Դոնեցկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոն հայտնել է, որ նախորդ օրվա ընթացքում Դոնեցկի մարզում ռուսական հրթիռակոծության հետևանքով չորս մարդ է զոհվել, հինգը վիրավորվել են (այդ թվում՝ երկու երեխա)։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2709 անգամ
Լրահոս
Շուտով կլսենք և Երասխի, և միջանցքի հանձման մասին Ժամը 13.00-ի դրությամբ` Երևանի ճանապարհները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Նիկո՛լ, Արմենուհի Կյուրեղյանն ասել է՝ ձեր նմանների հետ փողոցում ինչ են անում․ Դավիթ Մկրտչյան (video) Թուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, պիտի խափանենք հող տալու գործընթացը (video) Լա՛վ լսեք՝ ոստիկանների մեջ «մլիցեք» կան, բայց էդ հարցը լուծվելու է․ ժողովու՛րդ, պետք է գործենք․ Դավիթ Մկրտչյան (video) Պարգևատրման արարողություն Կիրանցում (video) Հլը թո՛ղ ձեռքս․ ոստիկանը քաշում է պատգամավորի ձեռքից (video) Որտեղ էլ հայտնվի Փաշինյանը, պետք է վանկարկել՝ «Ցեղասպան Փաշինյան»․ Անդրանիկ Միհրանյան (video) Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը «6 տարի առաջ այս օրը Հրապարակում հայտարարեց, որ՝ եթե չընտրվի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա…». Ռոբերտ Հայրապետյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Հողը խաբար չտա Ալմա Աթիի հռչակագրում չկա որեւէ խոսք «ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների» մասին. Հակոբ Բադալյան Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել «Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում Չարբախը նույնպես փակ է Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից Փակ է նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am