Սև «ամպեր»՝ Էրդողանի գլխավերևում. Մոսկվա-Անկարա բախում է հավանական

Մոսկվայի և Անկարայի շահերը կրկին բախվեցին Սիրիայում

Մի կողմից սրվում է Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները, մյուս կողմից՝ Թուրքիա-Հունաստանը հռետորաբանությունն է վերջին օրերին ավելի ու ավելի մտահոգիչ դառնում...

Ռուս-թուրքական հարաբերությունները հերթական փորձության միջով են անցնում, Մոսկվայի և Անկարայի շահերը կրկին բախվել են Սիրիայում: Կրեմլը չի հավատում, որ Սիրիայում քրդերի դեմ Թուրքիայի նոր գործողությունը կնպաստի Սիրիայի կայունությանը և անվտանգությանը, այսօր հայտարարել էր Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք հավատում, որ այս հատուկ գործողությունը կնպաստի Սիրիայի Արաբական Հանրապետության կայունությանը և անվտանգությանը», - ընդգծել է Պեսկովը:

Նուր-Սուլթանում Սիրիայի հարցով այսօրվա բանակցություններից առաջ Սիրիայի հարցով Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևն էլ հայտարարել էր, որ Մոսկվան Անկարային կոչ կանի հրաժարվել այդ քայլից և խնդիրները երկխոսության միջոցով լուծել։ Ղազախստանում Աստանայի գործընթացի շրջանակներում Սիրիայի կարգավորման բանակցություններին, ըստ «Ազատության», մասնակցում էին Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, ինչպես նաև սիրիական կառավարության և ընդդիմության ներկայացուցիչները։ Բանակցություններից առաջ Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնացը նաև ընդգծել էր, որ օրակարգում է Իսրայելի կողմից սիրիական օդանավակայանի գնդակոծման հարցը։ «Իհարկե, մենք կքննարկենք Իսրայելի կողմից Սիրիայի ուժեղացված գնդակոծման հարցը։ Դա անընդունելի է։ Ավելին, հարձակում է կատարվել միջազգային օդանավակայանի վրա և ավերվել է թռիչքուղին, ինչը թույլ չի տալիս իրականացնել և ընդունել միջազգային թռիչքներ և ապահովել Սիրիայի քաղաքացիների տարանցումն ու ժամանումը արտերկրից», - նշել է Լավրենտևը։

Կրեմլը քննադատում է և՛ Իսրայելի, և՛ Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայում, իսկ Սիրիայում հատուկ գործողություն անցկացնելու մասին Թուրքիայի նախագահի որոշումն անցանկալի է համարում։

Էրդողանը մայիսի վերջին էր հայտարարել Սիրիայի հյուսիսում քրդական բանվորական կուսակցության դեմ նոր հատուկ գործողության մասին։ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ դա կարող է տարածաշրջանում հակամարտության սրացում հրահրել։ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան մտադիր է ընդլայնել նախկին ստեղծած երեսուն կիլոմետրանոց անվտանգության գոտին, և դրա մեջ ներառել Եփրատի ափերի՝ այս պահին սիրիական քրդերի կողմից վերահսկվող տարածքները։
Հիշեցնենք, որ այս կիրակի թուրքական հրետանին գնդակոծել էր Ռաքքա նահանգի հյուսիսում գտնվող Սայդան և Մուալլաք գյուղերը։ Ռուսական կողմը շեշտում է, թե չնայած Ուկրաինայում ընթացող այսպես կոչված «հատուկ օպերացիային», Սիրիան մնում է Մոսկվայի ուշադրության կենտրոնում։

Լավրենտև Նուր-Սուլթանում այսօր մեկնարկած բանակցություններից առաջ խոսել է նաև այդ մասին. «Շատերն ասում են, թե Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության պատճառով Ռուսաստանի ուշադրությունը Սիրիայի նկատմամբ թուլացել է։ Եվրոպական մի շարք երկրներ ցանկանում են տեսնել Սիրիայում իրավիճակի զարգացումը ըստ իրենց օրինաչափությունների»:

Վերջին շաբաթներին տարածաշրջանի մի շարք երկրներ, մասնավորապես, Իսրայելը և Հորդանանը Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆոնին նույնպես մտահոգություն են հայտնել Սիրիայում ռուսական ներկայության ճակատագրի վերաբերյալ։ Այս երկրները կարծում են՝ քանի դեռ Ռուսաստանն այժմ զբաղված է Ուկրաինայով, Սիրիայում կմեծանա Իրանի դերը:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Էրդողանը հայտնեց, որ Թուրքիան սկսում է Սիրիայի հյուսիսում իրականացվող գործողության հերթական փուլը... «Թուրքիան մուտք է գործում Սիրիայի հետ սահմանի երկայնքով 30 կիլոմետրանոց անվտանգություն գոտի ստեղծելուն ուղղված գործողության հերթական փուլ», -Անկարայում, իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը։ «Առաջիկայում թուրքական բանակը Թել-Ռիֆաաթի և Մանբիջի շրջանները կզտի այստեղ գործող ահաբեկչական կառույցներից։ Աստիճանաբար այդ գործողությունները կտարածվեն նաև [Սիրիայի հյուսիսի] մյուս շրջանների վրա», - ասել է Թուրքիայի նախագահը։

Մոսկվան Թուրքիային կոչ արեց խաղաղ կարգավորել իրավիճակը Սիրիայում

Մոսկվան խելամիտ չի համարում Թուրքիայի հնարավոր գործողությունը Սիրիայի տարածքում և Անկարային կոչ է անում հարցը խաղաղ լուծել, լրագրողներին ասել էր Սիրիայի գծով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։ Սիրիայի վերաբերյալ Աստանայի բանակցությունների սկզբում նա նշել էր, որ դրա մասնակիցները քննարկելու են իրավիճակը։ «Դա հատկապես կարևոր է Թուրքիայի նախագահի՝ քրդական կազմավորումների դեմ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություն իրականացնելու պլանների համատեքստում։ Մենք կարծում ենք, որ դա խելամիտ քայլ չէր լինի, այն կարող է հանգեցնել իրավիճակի ապակայունացման, լարվածության սրման և զինված դիմակայության նոր պտույտի այդ երկրում»,- ասել է Լավրենտևը։

Նրա խոսքով՝ Մոսկվան մտադիր է Անկարային հորդորել հրաժարվել այդ քայլից և փորձել Թուրքիային անհանգստացնող հարցը լուծել խաղաղ ճանապարհով։ «Մեր կողմից՝ մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել դրան»,- ավելացրել է հատուկ ներկայացուցիչը։ Լավրենտևն ընդգծել է, որ հնարավոր գործողության համատեքստում Աստանայի բանակցություններում նախատեսվում է քննարկել նաև փախստականների հարցը։

Հակաթուրքական շրջանակները Հունաստանին թույլ են տալիս իրեն պահել երես առած երեխայի պես, Էրդողանը սպառնում է

Հունաստանը գործիք է հակաթուրքական շրջանակների ձեռքում. Աթենքում կա՛մ դա չեն գիտակցում, կա՛մ պատրաստ են նման երկրորդական դերի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` Անկարայում ելույթ ունենալով Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում։ Թուրք նախագահի խոսքով՝ նման գործողությունները Հունաստանին ոչ մի դրական բան չեն բերի, գրում է Anadolu գործակալությունը։ Մինչդեռ ekathimerini.com կայքը գրում է, որ Էրդողանն իր խոսքում նաև ասել է, որ Հունաստանն աջակցում է Թուրքիայի դեմ ուղղված միջազգային արշավին։ «Մենք հստակ ուղերձ ենք հղել բոլորին, ովքեր մտահոգված են Էգեյան ծովի զարգացումներով: Մենք տեսել ենք, թե ինչպես են խաղում մեր երկրի հաշվին։ Նրանք թույլ են տալիս Հունաստանին իրեն պահել երես առած երեխայի պես, ինչպես դա արել են անցյալում»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ Հունաստանը մեծ գին կվճարի «նույն սխալը թույլ տալու» համար։

Գերմանիան մտահոգված է Հունաստանի նկատմամբ Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանությամբ

Թուրքիայի կառավարության վերջին հայտարարությունները «չեն նպաստում կառուցողական երկխոսությանը և կայունությանը» տարածաշրջանում, մինչդեռ «Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանությունը, ինչպես նաև Հունաստանի օդային տարածքի խախտումները մտահոգիչ են», նշել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Վագները՝ պատասխանելով երեկ Բեռլինում Գերմանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի պաշտոնյաների հանդիպման մասին հարցին։ Նա հավելել է, որ Գերմանիայի կառավարությունը «ջանասիրաբար աշխատում է գործընկերների հետ՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածում երկխոսության և դեէսկալացման համար», ըստ news.am-ի՝ հայտնում է Kathimerini-ն։

Հունական կղզիների ռազմականացման հարցում Գերմանիայի դիրքորոշման մասին հարցին ի պատասխան՝ Վագները կրկնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի հայտարարությունից մի հատված. «Հունաստանը կարևոր դեր է խաղում Միջերկրածովյան տարածաշրջանի անվտանգության հարցում: Այն ժամանակ, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ֆունդամենտալ մարտահրավեր է նետում Եվրոպայի անվտանգության համակարգին, մենք պետք է միասնական լինենք՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ և եվրոպացի գործընկերներ: Խնդիրները պետք է լուծվեն քննարկումների, ոչ թե լարվածության սրման միջոցով»:

Հուլուսի Աքարն ու հույն պատգամավորները վիճաբանել են

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և հույն պատգամավորները բախվել են Ստամբուլում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի և Միջերկրական և Մերձավոր Արևելքի հարցերով աշխատանքային խմբի համատեղ հանդիպման ժամանակ։ Վիճաբանություն է սկսվել, երբ պատգամավորներ Սպիլիոս Լիվանոսը, Մանուսոս Վոլոդակիսը, Թեոդորա Ցակրին և Անդրեա Լովերդոսը արձագանքել են Աքարի հայտարարությանը, որ Հունաստանը պետք է ապառազմականացնի իր կղզիները՝ կասկածի տակ դնելով նրանց ինքնիշխանությունը, ինչպես նաև օդային տարածքը և ծովային գոտիները, ըստ News.am-ի, գրում է Kathimerini-ն։ «Ինչպե՞ս կարող է Թուրքիան մի կողմից հղում անել ՆԱՏՕ-ին, իսկ մյուս կողմից սպառնալ Հունաստանին casus belli»,-ասել է հույն պատգամավոր Սպիլիոս Լիվանոսը՝ ընդգծելով, որ Թուրքիան խոսում է պետությունների ինքնիշխանության մասին, «մինչդեռ նա է ներխուժել Կիպրոս»։

Ակնհայտորեն նյարդայնացած Աքարը պատասխանել է․ «Եթե օկուպացիա ասում եք հյուսիսային Կիպրոսի համատեքստում, դա նշանակում է, որ ուզում եք վիճել։ Թուրքիան Կիպրոսի հյուսիսի օկուպանտ չէ։ Մինչև 1974-ը այնտեղ տեղի են ունեցել ջարդեր ու հեղաշրջումներ»,-ասել է նա։ Դիմելով Աքարին՝ Վոլոդակիսը հայտարարել է, որ «օր չի անցնում առանց Թուրքիայի կողմից պատերազմի սպառնալիքի, թուրքական կործանիչները թռիչքներ են իրականացնում հունական բնակեցված կղզիների վրայով»։ Աքարն անդրադարձել է նաև թռիչքների խնդրին և ընդգծել, որ «հունական ինքնաթիռները ապրիլի 27-ին ժամանել են մայրցամաք և խախտել Թուրքիայի օդային տարածքը։ «Ի՞նչ եք ակնկալում մեզնից: Կան ռադարային պատկերներ։ Մենք դրանք տրամադրել ենք դաշնակից երկրներին։ Ապրիլի 28-ին մենք արձագանքեցինք այդ գործողություններին»,-ասել է Աքարը՝ պնդելով, որ Հունաստանը «աջակցում է ահաբեկիչներին», ինչն առաջացրել է հույն օրենսդիրների կտրուկ արձագանքը:

Հունաստանի վարչապետն «անհեթեթություն» է անվանել Թուրքիայի դիրքորոշումը

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն «անհեթեթություն» է անվանել Էգեյան ծովում իր կղզիների նկատմամբ Հունաստանի ինքնիշխանության հետ կապված Թուրքիայի դիրքորոշումը։ Միցոտակիսի խոսքով՝ Թուրքիայի կառավարության դիրքորոշումը բարդացնում է երկու երկրների միջև տարաձայնությունների կարգավորման հարցով բանակցությունները։ «ՄԱԿ-ին ուղղված վերջին նամակներում ձևակերպված Թուրքիայի դիրքորոշումը բացարձակ անհեթեթություն է, քանի որ հարցեր է առաջանցում իր կղզիների նկատմամբ Հունաստանի ինքնիշխանության մասին»,-ասել է Միցոտակիսը։ Միցոտակիսը հավելել է, որ ինքն ու Էրդողանն անխուսափելիորեն կհանդիպեն։ «Մենք պետք է հանդիպենք և քննարկենք․․․Մենք պետք է համաձայնեցնենք տարաձայնությունների կարգավորման համար շրջանակները»,-հավելել է Հունաստանի վարչապետը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4851 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am