Ֆրանսիայի հրապարակում գեներացվել է այն ուժը, որն ունակ է և պետք է իրավիճակ փոխի երկրում․ Տիգրան Ներսիսյան

«Մշակույթի ոլորտում առաջիններից մեկն եմ եղել, որ շատ հստակ արտահայտել եմ դիրքորոշումս՝ օրվա իշխանությունների դեմ և մինչ օրս համոզմունքս անփոփոխ է»,-«Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է Գ. Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնի դերասան, արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Ներսիսյանը, խոսելով երկրում ստեղծված ներքաղաքական լարված ճգնաժամի մասին։

Դերասանը հավելում է՝ Ֆրանսիայի հրապարակում գեներացվել է այն ուժը, որն ունակ է և պետք է իրավիճակ փոխի երկրում. «Այնտեղ հավաքվածները սկսել են ու գնում են փոփոխությունների ճանապարհով։ Թե ո՞ւր կհասնեն շարժման ղեկավարներն ու իրենց շուրջ համախմբված մարդիկ, սա, արդեն, ցույց կտա ժամանակը։ Կարող եմ միայն հավելել, որ ես էլ նրանցից մեկն եմ, որը քայլում է նույն ճանապարհով»,- ասում է Տիգրան Ներսիսյանը։

Հարցին՝ ի՞նչն է դերասանին առավել զայրացրել՝ օրվա իշխանությունների ցուցաբերած վարքագծում, վերջինս նկատում է՝ զայրացնել եզրույթն, այս պարագայում, խիստ մեղմ է՝ նկարագրելու այն, ինչ զգում է ինքը՝ վերջին մի քանի տարիներին. «Փորձեք պատկերացնել, որ սա զայրույթ չէ, այլ ավելի սարսափելի մի բան՝ ընդվզում, պոռթկում…Ինչ ուզում եք անվանեք դրան։ Իրականությունն այն է, որ պարտված և կապիտուլյացիա ստորագրած ղեկավարը չի կարող և իրավունք չունի շարունակել ղեկավարել մի երկիրը, որն ինքը խայտառակ կերպով գլխիվայր շուռ է տվել։ Նրան ոչինչ պետք է չասվեր այս մասին, նա պետք է այնքան արժանապատվություն ունենար, որ լուռ և սեփական նախաձեռնությամբ հրաժարական ներկայացներ ու հեռանար նոյեմբերի 9-ին, բայց այդպես չեղավ։ Աշխարհում, անգամ, նման նախադեպ չկա, գոյություն չունի, երբ կապիտուլյացիա ստորագրած ղեկավարը շարունակի պաշտոնավարումը։ Եվ խնդիրը պատերազմում մեր տարած պարտությունը կամ ձախողված արտաքին քաղաքականությունը չէ միայն։ Ամբողջ պետական համակարգը՝ տնտեսությունը, գյուղատնտեսությունը, առողջապահությունը, կրթությունը, մշակույթն է ջախջախված վիճակում։ Ոչ մի բան իր տեղում չէ երկրում, բացի ղեկավարից, որ շարունակում է կառչած մնալ աթոռից։ Հավանաբար, նա շատ է սիրում պաշտոնը և ոչ մի կերպ չի կարողանում բաժանվել դրանից, կամ էլ՝ մեծ վախեր ունի, որ կորցնելով այն՝ ստիպված է լինելու պատասխանատվության ենթարկվել այն ամենի համար, որ կատարել և թույլ է տվել իր պաշտոնավարման ընթացքում։ Կամ, գուցե, գոյություն ունի ավելի սարսափելի մի վարկած՝ նա դեռևս անելիք ունի իր տերերի առաջ՝ երևի դեռ մինչև վերջ չի քանդել այս երկիրն ու վերջնականորեն անդունդը չի գլորել մեզ»,- ասում է Տիգրան Ներսիսյանը։

Ամենաանբարոյականն այս իրավիճակում, ըստ դերասանի, օրվա իշխանությունների որդեգրած քաղաքականությունն է՝բացառապես ամեն բան բարդել, այսպես կոչված, նախկինների վրա. «Ինչ ասում ես, պատասխանում են՝ դա մենք չենք, նախկիններն են դրա մեղավորը։ Դա նման է նրան, որ ես դուրս գամ բեմ, տապալեմ ներկայացումը, խայտառակեմ ինքս ինձ ու մեր թատրոնը և պատճառաբանեմ, արդարանամ, թե մեղավորը ես չեմ, նախկինների օրոք կառուցված թատրոնի շենքը, պատերը, բեմը կամ լույսերն են մեղավոր, որ ես չեմ կարողանում, ինչպես հարկն է, կատարեմ իմ աշխատանքը՝ դերասանությունը։ Սա, ուղղակի, անբարոյականություն է, այլ մեկնաբանություն չեմ գտնում՝ նկարագրելու այս անհեթեթ երևույթը»,- ասում է Տիգրան Ներսիսյանը։

Խոսելով երկրում ստեղծված իրավիճակում լոյալություն և լռության քաղաքականություն որդեգրած իր կոլեգա արվեստագետների և մտավորականների մասին՝ դերասանը նկատում է՝ նրանց մեջ խոսում է կոնֆորմիզն ու վախը՝ կորցնելու տաքուկ անկյունը. «Նրանք վախենում են։ Դա սովորական կոնֆորմիստ մտավորականի պարզունակ վախ է, որ, ասենք, մանր -մունր հարցերով էլ պետության աջակցությունը չեն ստանա, ինչ – ինչ կենցաղային բնույթի էժանագին հարցեր իրենց համար չեն կարողանա լուծել, որոնք նրանց հաջողվում է այս կամ այն պաշտոնյային քծնելու արդյունքում և այլն։ Գիտե՞ք, երբ այդպիսի վախեր է ունենում ասենք, երիտասարդը, դեռ, ինչ – որ տեղ, փորձում ես հասկանալ, բայց երբ երկրի ու պետության համար օրհասական այսպիսի իրավիճակում վախենում է խոսել Ազգային հերոսի կոչում ստացած արվեստագետը (անուններ չտանք), սա, արդեն, ուղղակի, բոլոր տեսակի բացատրություններից դուրս է։ Բա էլ ինչո՞ւ ես դու հասել այդ տարիքին և վայելում «Ազգային հերոս»-ի բարձրագույն կոչումը, որ վախենում ես օրհասական այս պահին բարձրացնել քո ձայնը։ Լա՜վ, ինչի՞ց ես դու վախենում, այ մարդ, էլ ի՞նչ ունես կորցնելու։ Վախենում ես, որ քեզ Պանթեոնում չեն թաղի…Ամոթ է, ուշքի եկեք»։

Դերասանը նկատում է՝ երբ ինքն է բարձրաձայնում իր բողոքն ու ընդվզումը, շատ լավ հասկանում և հաշիվ է տալիս ինքն իրեն, որ, նմանօրինակ իշխանությունների պարագայում, դա անհետևանք չի մնալու. «Եվ, ահա, որպես հետևանք եղավ այն, որ Հանրային հեռուստաընկերությունը մի գեղեցիկ օր կասեցրեց ինձ հետ իր ունեցած աշխատանքային պայմանագիրը։ Բայց մի՞թե այդ, այսպես ասած, անհաջողությունը հավասարազոր է այն արհավիրքին, որի առաջ հիմա հայտնվել է մեր երկիրը, այն է՝ բառացիորեն չլինելու վտանգի մասին է խոսքը», -ասում է Տիգրան Ներսիսյանը։

Ամփոփելով զրույցը, դերասանից փորձեցինք հասկանալ՝ ի՞նչ է մտածում ԿԳՄՍ-ի նոր նախաձեռնության մասին, որով վերջիններս պատրաստվում են չեղարկել վաստակավորի և Ժողովրդականի կոչումները։ Տեղեկացնենք, որ որպես հիմնավորում նշվում է, թե աշխարհի որևէ զարգացած երկրում նման պրակտիկա չկա։

Տիգրան Ներսիսյանին հարցն անակնկալի է բերում, ասում է՝ տեղյակ չէր, առաջին անգամ մեզանից է լսում, որ նման նախաձեռնություն կա. «Գիտե՞ք, երբ սրանք իրենց այս կամ այն անհեթեթությունն արդարացնելու համար օրինակ բերում աշխարհին, մարդու ծիծաղը գալիս է։ Գուցե աշխարհում Վաստակավորի և Ժողովրդականի պրակտիկա չկա, բայց սրանք, գոնե, տեղյա՞կ են, թե աշխարհի այդ զարգացած երկրներում ինչպե՞ս են մեծարում իրենց արժանի մտավորականներին ու արվեստագետներին։ Ֆրանսիայում, օրինակ, այնպիսի հեղինակավոր կոչում կա, «Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ»-ը, որ պետությունը՝ շնորհելով իր այս կամ այն մտավորականին, ողջ աշխարհի առաջ մեծարում և ցույց է տալիս, թե ինչպիսի վաստակ ունի այդ անձն իր երկրում։ Իսկ ի՞նչ են անում սրանք՝ իրենց այս նախաձեռնությամբ… Հերթական անգամ նվաստացնո՞ւմ են մտավորականին, որովհետև, եթե նրանք չեղարկում են Վաստակավորի և Ժողովրդականի կոչումները, ասո՞ւմ են, թե ինչպե՞ս են փոխարինելու վաստակի արժևորման երևույթը։ Ի վերջո, խոսքը կոչումների կամ մեդալների մասին չէ, այլ երևույթի, ինչը, հերթական անգամ, փորձում է ջնջել այս իշխանությունն, ինչպես ամեն լավ ավանդույթ։ Տեղյակ են, արդյո՞ք, այդ կոչումները չեղարկող քաղաքական գործիչները, որ այսօր հասարակ ավտոբուսի վարորդ լինելը տասնապատիկ ավելի եկամտաբեր է, քան, թատրոնի արտիստ լինելը։ Այս մասին այդ օրենքը չեղարկողները տեղյա՞կ են։ Եվ հետո, ինձ շատ հետաքրքիր է՝ գնալու են, ասենք, արդեն լուսահոգի Վաստակավորների և Ժողովրդականների շիրմաքարերի վրայից ջնջե՞ն այդ կոչումները կամ ի՞նչ են անելու այն արվեստագետների հետ, ովքեր դրանք արդեն ունեն։ Հասկանում եք չէ՞, որ արժեքների հերթական խեղաթյուրման հետ գործ ունենք։ Արժեքային համակարգը մի երևույթ է, որ, այդպես էլ, չհանդուրժեց այս իշխանությունը՝փորձելով ամեն տեղից ջնջել ու մաքրել դա։ Հետևաբար, ես միայն մի առաջարկ ունեմ օրվա իշխանություններին՝ այս մարդիկ թող գնան ԴՆԹ-ի թեստ հանձնեն, գուցե պարզվի, որ իրենք հայ չեն ու որևէ կապ և առնչություն չունեն հայ տեսակի հետ»,-ամփոփելով զրույցն ասում է դերասան, արվեստի Վաստակավոր գործիչ Տիգրան Ներսիսյանը։

Աղբյուր՝ «Փաստինֆո»

դիտվել է 484 անգամ
Լրահոս
Կարո՞ղ է Հայաստանը դուրս գալ ՀԱՊԿ–ից. ռուս լրագրողը՝ Զախարովային (video) Ոտքի՛ հայ կանայք, հա՛յ մայրեր․ կանանց կոչը (video) Մի հատ էլ էդ ձողերից վերցրեք, ձևի համար Ջերմուկում դրեք. Խաչատրյանի ելույթից հետո իրավիճակը սրվեց (video) Ապուշնե՛ր, ավելի լավ է հիմա մեռնեմ էստեղ, քան թե իմ գերեզմանը պղծեն սրանք․ քաղաքացին՝ ՆԳՆ-ի դիմաց (video) Հարցվածների 54%-ը Անդրանիկ Քոչարյանի խոսքերի համարում է թուրքական ծրագիր (video) Ձեր մեջքի հետևում նստած Արշակյանի բռնությունն արդարացնու՞մ եք․ Աննա Գրիգորյանը՝ գլխավոր դատախազին (video) Աննա Վարդապետյա՛ն, դու հենց հիմա հանցագործություն ես կոծկում․ քաղաքացի (video) 82% հարցված ՀՀ քաղաքացիները Բաքվի հետ պատրաստ չեն ապրել․ «GALLUP»-ի արդյունքները (video) Այո՛, վրիպակ է տեղի ունեցել. Գլխավոր դատախազը՝ Աշոտյանի գործի մասին (video) «Յաշման» եկավ, բրավո՛. Կիրանցում քաղաքացիները դիմավորում են սև բերետավորներին (video) Գլխավոր դատախազը՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ միջադեպի մասին (video) Դրանից հետո էլի կարող եք շարունակել լռել՝ ձևացնելով, թե արտառոց ոչինչ չկա. Վարդան Ոսկանյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին ՇՏԱՊ․ Հենց հիմա կիրանցիները շրջափակման մեջ են․ ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյան (video) Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել Աշխարհի 12 հայկական ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը Կարո՞ղ եք ասել, որ ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ. ընդդիմադիր պատգամավորը՝ գլխավոր դատախազին (video) Այս տվյալները ցույց են տալիս, որ ժողովուրդը դեմ է Հայոց ցեղասպանությունը մոռանալու գնով Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականությանը․ Բենիամին Մաթևոսյան Գլխավոր դատախազի աբսուրդային հայտարարությունը 44-օրյա պատերազմի պարտության վերաբերյալ (video) Շվեդիայի համայնքային խորհուրդը դատապարտում է Փաշինյանի միակողմանի զիջումները «Մալյան, Մախսուդյան․․․հոդվածները ծանր չեն, կալանք է կիրառվել», «Կարծում էի՝ ավելի պատրաստված կլինեք» (video) Մինչ Հայկազն իր մյուս հաստագլուխների հետ ծեծում է նվիրյալ հայերին, ես և ընկերներս ուժեղացնում ենք իր հարազատ Ջիլ գյուղի դիրքերը․ Հոխիկյան Ոտքի՛ կանգնենք, Հայաստանը չպետք է կրկնի Արցախի ճակատագիրը․ «Մայր Հայաստանի» ակցիան՝ Վանաձորում (video) Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․ Գառնիկ Դանիելյան Ռուսաստանի օգնությունից հրաժարվելը Հայաստանի համար մահացու է. Անատոլի Մատվիյչուկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am