Էլ Փառուխ, էլ ռուս խաղաղապահ, էլ նոյեմբերի 9-ի ստատուս քվո... Իշխանություն չէ, Աստծո «նվեր»

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկվանից Երևանում է: Արդեն իսկ ԱԳՆ-ում կայացել է Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը։ Այսօր նախատեսված են նաև հանդիպումներ նախագահ Վահագն Խաչատրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Մինչ Լավրովը ԱԳՆ-ում էր՝ զուգահեռ ընթանում էր ընդդիմության ցույցը։ Ընդդիմությունը հստակ ուղերձ ունեն Լավրովին։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, մասնավորապես ասաց, որ Հայաստանի գործող իշխանությունների հետ «ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն առոչինչ է, որովհետև իրենք չունեն մանդատ ժողովրդի կողմից երկիրը նոր զիջումների տանելու»։

Ու մինչ ընդդիմությունը փողոցում Լավրովին ուղերձ էր հղում, թե Փաշինյանը լեգիտիմ մանդատ չունի ժողովրդին անունից որոշումներ կայացնելու՝ Լավրովը ԱԳՆ-ում բացահայտեց, թե Հայաստան-Ադրբեջան համաձայնություններն արդեն ինչ մակարդակում են գտնվում:

«Մենք համակարծիք ենք, որ անհրաժեշտ է անշեղորեն կատարել Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել 2020-ի նոյեմբերի 9-ին և 2021-ի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը: Նա իր խոսքում անդրադարձավ նաև Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին՝ նշելով, որ երախտապարտ են այս զորակազմի կայունացնող դերն ընդունելու համար: Բացի այդ, Լավրովը գոհունակություն է հայտնել հունիսի 3-ին Մոսկվայում երեք երկրների փոխվարչապետերի մակարդակով տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման արդյունքների վերաբերյալ:

Լավրովի խոսքով՝ քննարկվել է նաև ՌԴ աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման թեման: Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, մարդասիրական հարցերի լուծմանը, ինչպես նաև ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկը:

Անդրադառնալով Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, նշել է՝ կասկած չկա, որ վերջնական պայմանավորվածություններ ձեռք կբերվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Ռուս պաշտոնյայի խոսքով՝ տվյալ գործընթացը շարժվում է, միգուցե ցանկալի էր, որ տեմպերն ավելի արագ լինեին, սակայն գործընթացը գնում է, ձեռք են բերվում էական, առայժմ միջանկյալ, բայց դրական արդյունքներ: «Իհարկե, կողմերն ունեն իրենց սպեցիֆիկ տեսլականները, որոնք միշտ չէ, որ համընկնում են այն հարցում, թե ինչպես աշխատել տվյալ փուլում»,- ասել է Լավրովը՝ ընդգծելով, որ բոլոր կողմերը, այնուամենայնիվ, շատ հստակ գիտակցում են, որ երեք եռակողմ հայտարարությունները հանդիսանում են ճանապարհային քարտեզներ, որոնցով բոլորը պետք է առաջնորդվեն:

Խոսելով սահմանազատման մասին՝ Լավրովն ասել է, որ Մոսկվան պատրաստ է ոչ միայն խորհրդատվական, այլև քարտեզագրական աջակցություն ցուցաբերել այս գործընթացին: «Վստահ եմ, որ հարաբերությունների ամբողջական կարգավորումից բացի այլ ուղի գոյություն չունի...Այն ինչ մենք անվանում ենք «խաղաղության պայմանագիր», հիմնվում է Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկների և ի պատասխան Հայաստանը ներկայացրել է իր տեսլականը: Հաշվի առնելով այս երկու փաստաթղթերը՝ ընթանում է գործընթաց, որին մենք պատրաստ ենք մասնակցել միջնորդի, խորհրդատուի և աջակցող երկրի դերում»,- եզրափակել է Լավրովը:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդգծում է, որ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման շրջանակներում ներդրվելիք ռեժիմը հենվելու է բացարձակապես Հայաստանի տարածքի սուվերենության վրա: «Ինչպես գիտեք երկաթուղային երթուղին համաձայնեցված է, հիմա ավարտվում է ավտոմոբիլային երթուղու համաձայնեցումը, ինչպես նաև ավարտվում է այն ռեժիմի համաձայնեցումը, որը ներդրվելու է: Այն հենվելու է բացարձակապես Հայաստանի տարածքի սուվերենության վրա: Այստեղ երկիմաստություններ չեն կարող լինել»,- ասաց Լավրովը:

Գալով Արցախին, ասել է, որ Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակը առաջնահերթություն է ռուս զինվորականների համար: Լավրովի խոսքով՝ այնտեղ արդեն կան որոշակի արդյունքներ իրավիճակի ապաէսկալացման տեսանկյունից: «Եվ մենք ունենք գիտակցումն առ այն, որ սահմանազատման հարցով արդեն սկսվող առարկայական աշխատանքի շրջանակում այս հարցերը կքննարկվեն ու անպայման կլուծվեն», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Հիշեցնենք, որ շուրջ երեք ամիս է անցել, ինչ Արցախում ռուս խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանական զինուժը նոր դիրքեր էր գրավել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ՝ զբաղեցնելով նաև կարևոր նշանակություն ունեցող Քարագլուխ բարձունքի մի մասը։ Թեև պաշտոնական հայտարարություններում նշվում էր, որ ռուսական կողմը իր պատասխանատվության գոտուց պետք է ապահովի ադրբեջանցիների դուրսբերումը, տեղացիների փոխանցմամբ՝ Փառուխում և Քարագլխում որևէ փոփոխություն չկա։ Ադրբեջանական բանակը շարունակում է դիրքավորված մնալ Փառուխից մի քանի մետր հեռավորության վրա, գյուղում ռուսներ են, իսկ հայերը չեն կարողանում վերադառնալ հարազատ գյուղ։

Հաջորդ կարևոր արձանագրումը, որ Երևանում արել է Լավրովը՝ «Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկաթուղային ճանապարհի ապաշրջափակման ուղիները արդեն համաձայնեցված են»: Լավրովի խոսքերով՝ «երեք փոխվարչապետերի հանդիպումները շարունակվում են և ռիթմիկ են». «Ինչպես գիտեք, երկաթուղային ճանապարհը համաձայնեցված է, հիմա ընթանում են ավտոճանապարհի համաձայնեցման բանակցությունները։ Ճանապարհային անցման ռեժիմը պարզեցված կլինի և կհամապատասխանի երկրների ինքնիշխանության սկզբունքներին»։

Կառուցողական և անկեղծ, այսպես գնահատեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Լավրովի հետ հանդիպումը։ Միրզոյանը վերահաստատեց Երևանի պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու տարածաշրջանում կայունության և խաղաղության հասնելու ուղղությամբ՝ առանցքային համարելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հասցեագրումը, որը կներառի Արցախի ժողովրդի անվտանգության և բոլոր իրավունքների ապահովման և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշման առանցքային կետերը։ ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքները մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից, նշեց ԱԳ նախարարը՝ շեշտելով՝ Հայաստանը շահագրգռված է ակտիվացնելու միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատով օժտված այս ձևաչափի գործունեությունը։

Խոսելով խաղաղապահ առաքելությունից՝ Միրզոյանը շեշտել է՝ Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն ի վիճակի է վերականգնելու նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված ստատուս քվոն՝ մարտի 23-ի դրությամբ առկա իրավիճակը, որը խախտվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարտի 24-ին Փառուխ գյուղ ներխուժմամբ։

Հրատապ համարելով հայ ռազմագերիների վերադարձը՝ Միրզոյանը նշեց՝ ռազմական գործողությունների ավարտից գրեթե երկու տարի անց Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, խափանում է հայտարարության դրույթների կատարումը և հրաժարվում վերադարձնել գերիներին՝ հույս հայտնելով, որ ռուսական կողմն էլ ավելի մեծ ջանքեր կգործադրի այս ուղղությամբ։

Օրակարգում էին նաև տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման, ինչպես նաև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերը։ «Տարածշրջանային հաղորդակցությունների բացումը կարող է նոր հնարավորություն ստեղծել, այդ թվում՝ դիվերսիֆիկացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև լոգիստիկ կապը։ Հուսով ենք, որ փոխվարչապետերի մակարդակով հանձնաժողովը դրական արդյունք կգրանցի», - ասաց Միրզոյանը։

Այսպես, պաշտոնական Երևանը ի լուր աշխարհի և մասնավորապես՝ Լավրովի, շեշտել է, որ ՀՀ-ն շարունակում է հավատալ, որ խաղաղապահ առաքելությունն ի վիճակի է վերականգնել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված ստատուս քվոն... Նրա խոսքով. «Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը՝ որպես սադրանքները կանխելու և Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու գործոն, կոչված է պայմաններ ստեղծելու մեր տարածաշրջանում բնականոն կյանքի վերականգնման, կայունության և անվտանգության ապահովման համար: Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն ի վիճակի է վերականգնել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված ստատուս քվոն, մարտի 23-ի դրությամբ առկա իրավիճակը, որը խախտվել էր Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից մարտի 24-ին ԼՂ Փառուխ գյուղ ներխուժմամբ»:

Ուշագրավ է թե ինչ ենթատեքստով է Միրզոյանը խոսել. «Մենք բարձր ենք գնահատում ՌԴ ջանքերը՝ ուղղված 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, որոնց թվում չափազանց արդիական և հրատապ է հայ ռազմագերիների վերադարձի հարցը: Այս ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ հայ գերիների մի մասի վերադարձը հայրենիք: Միևնույն ժամանակ ռազմական գործողությունների ավարտից գրեթե 1.5-2 տարի անց Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, խափանում է հայտարարության դրույթների կատարումը և հրաժարվում վերադարձնել հայ ռազմագերիներին և մյուս պահվող անձանց»: Միրզոյանը հույս է հայտնել, որ ռուսական կողմն էլ ավելի մեծ ջանքեր կգործադրի այս ուղղությամբ:

Այսինքն, հրապարակավ, Փաշինյանի իշխանությունը որոշել է ցույց տալ, որ Հայաստանի ու Արցախի անվտանգության համար ավելի կարևոր շեշտադրումներ է անում հենց Լավրովի «դեմքին», քան՝ ընդդիմությունը: Էլ Փառուխ, էլ ռուս խաղաղապահներ, էլ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված ստատուս քվո... Ի՜նչ սրտացավ իշխանություն ունենք...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2954 անգամ
Լրահոս
Իրանի դեսպանի արձագանքը՝ Տավուշի գյուղերը ադրբեջանցիներին հանձնելու որոշմանը (video) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ Դուք վիժվածքից էլ ավել եք․ դե փորձե՛ք բոլորիս կալանավորել․ Աշոտ Անդրեասյան (video) Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել Նիկոլը յուրաքանչյուրիս համար պատրաստել է այս սարսափելի տառապանքները․ Աննա Մկրտչյան (video) Արցախի վերնախավը հավաքվել էր Խուճապ էր, բոլորը լացում, գոռում էին. Աբու Դաբի-Երևան չվերթի կայծակնահարված օդանավի ուղեւորը մանրամասներ է պատմում Փաշինյա՛ն, հա՛, դու վախենում ես, դրա համար էլ այս մարդկանց պահում ես բանտերում․ ակցիա Երևանում (video) Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից «Կիրանցի դպրոցից 50 մետրի վրա են ուզում Ռամիլ Սաֆարովներին բերել» (video) Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով Մինչդեռ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է Նայե՛ք, հայերին քնած ժամանակ սպանող ադրբեջանցիներին ուզում են բերել այս դպրոցի մոտ կանգնեցնել (video) ՇՏԱՊ․ Գյուղերը հանձնեց․ բոլորս 12։00-ին իջնում ենք Հանրապետության Հրապարակ․ Էդգար Ղազարյան (video) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են Էդգար Ղազարյանը և Արթուր Խաչիկյանը հավաք են հրավիրում Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am