Պուտինի մտերիմ, ՌԴ-ում Ադրբեջանի թիվ մեկ լոբբիստ՝ Գոդ Նիսանովը, Մարիա Զախարովան՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր փաթեթում

ԱՄՆ-ը պատժամիջոցների տակ հայտնված անձանց նոր ցուցակ հրապարակեց

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է պատժամիջոցների նոր ցուցակ, որում ներառված են 17 ռուսաստանցիներ և 16 ընկերություններ Ռուսաստանի Դաշնությունից։ Սահմանափակումները սառեցնում են ակտիվները, արգելում որևէ բիզնես վարել և գործարքներ կնքել այդ մարդկանց և ընկերությունների հետ։ Ցուցակում հայտնված անձանց արգելվում է նաև մուտք գործել Միացյալ Նահանգներ:

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում ընդգրկված անձանց թվում են Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը, տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը, թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինը, ով համարվում է Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկերը, գործարար Ալեքսեյ Մորդաշովը գրեթե ողջ ընտանիքի հետ:
Ի դեպ, Միացյալ Նահանգները պատժամիջոցներ են սահմանել նաև ռուսաստանցի ձեռնարկատեր Գոդ Նիսանովի նկատմամբ, ով համարվում է Ռուսաստանում Ադրբեջանի շահերի գլխավոր լոբբիստը:

Ռուսական հետախուզության ղեկավարը, ըստ “Проект”-ի հետաքննության, օգտվում է ադրբեջանցի միլիարդատիրոջ ակտիվից

Ով է Գոդ Նիսանովը, բացի՝ ՌԴ-ում Ադրբեջանի լոբբիստ լինելը... Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը և նրա ընտանիքի անդամներն օգտվում են ադրբեջանցի միլիարդատեր Գոդ Նիսանովի ակտիվից, դեռ 2 տարի առաջ պարզել էր “Проект” հարթակը, որը հաճախ է նման լրագրողական հետաքննություններ անցկացնում, որոնց հիմնական հերոսները ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաներ են, երկրի իշխանությունների ամենակարկառուն ներկայացուցիչները: Ինչպես հաղորդում էր «Ազատությունը», Նիսանովը Մոսկվայում «Եվրապեյսկի» առևտրի կենտրոնի և «Ուկրաինա» հյուրանոցի սեփականատերն է, համարվում է Ռուսաստանում ամենահաջողակ ռանտյեն՝ 2,7 մլրդ դոլար կարողությամբ:

Հետաքննության հեղինակները տեսագրությունում պատմել էին. «Լեռնային Ղարաբաղի համար պատերազմի թեժ պահին Ռուսաստանը չի օգնել Հայաստանին` իր ռազմական դաշնակցին։ Միլիարդատեր Գոդ Նիսանովի կապերն ու ընկերությունը Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ կարող են բացատրել Մոսկվայի նման որոշման պատճառը: Այդ կապերն այնքան սերտ են, որ հակամարտության թեժ պահին ռուսական հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը ժամանակ էր անցկացնում Նիսանովի անձնական լողավազանում Ադրբեջանի փոխվարչապետի ընտանիքի անդամի հետ»։ Նրանք պնդում են, որ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարն ամեն օր լողում է Նիսանովի անձնական լողավազանում` «Եվրապեյսկի» առևտրի կենտրոնում: Բացի այդ, Նարիշկինի ընտանիքի անդամները, լրագրողների տվյալներով, բազմիցս օգտվել են միլիարդատիրոջ անձնական բիզնես ջեթից, օրինակ՝ ուղևորվել են այդ բիզնես ջեթով դեպի Բաքու և Ավստրիա։ Իսկ Նարիշկինի դուստր Վերոնիկան աշխատում է միլիարդատիրոջ «Ֆուդ-կլաստեր դեպո»-ում և իր 30-ամյակը նշել է Նիսանովին պատկանող «Ռեդիսոն Ֆլոտիլիա» նավի վրա իր ընկերուհու՝ Ադրբեջանի նախագահի դուստր Լեյլա Ալիևայի հետ։

Բացի այդ, Նարիշկինը, Նիսանովը և Ադրբեջանի ղեկավարությունը բիզնես գործընկերներ են: “Проект”-ը, մասնավորապես, պատմել էր անշարժ գույքի հետ կապված տարօրինակ գործարքների մասին։ 2011 թվականին Վերոնիկա Նարիշկինան դարձել է Նոր Արբատի շրջանում «կոմպոզիտորական տան» էլիտար 200 մետրանոց բնակարանի սեփականատեր ավելի քան 100 մլն ռուբլի շուկայական արժեքով: Ընդամենը երկու ամիս անց Վերոնիկա Նարիշկինան այդ բնակարանը փոխարինել է Լոմոնոսովի բնակելի համալիրում բնակարանի հետ: Նարիշիկինի դուստրն իր բնակարանը փաստորեն փոխանակել է Ադրբեջանի փոխնախագահի մտերիմ բարեկամ Էլման Բայրամովին պատկանող բնակարանի հետ: Բայրամովը ոչ միայն աշխատում է Նիսանովի հետ, այլև Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովի ընտանիքի անդամ է (նրա դուստրն ամուսնացած է քաղաքական գործչի որդու հետ): Բայրամովը Նարիշկինի հետ ամեն օր նույն ժամին այցելում է Նիսանովին պատկանող անձնական լողավազան, ընդ որում, այնտեղ է գալիս Ադրբեջանի դիվանագիտական համարանիշերով մեքենայով։

“Проект”-ի մի քանի բարձրաստիճան աղբյուրներ պնդել էին, որ Նիսանովը նաև ընկերություն է անում նախագահ Պուտինի մտերիմ ընկերների` Ռոտենբերգ եղբայրների հետ: «Եվ սա նույնպես ավելին է, քան բարեկամությունը։ Սա բիզնես է», - ընդգծում են լրագրողները։

Հիշեցնենք` Գոդ Նիսանովին պատկանող «Ֆուդ սիթի» առևտրի կենտրոնից էր սկսվել հայկական ծիրանների հետ կապված սկանդալը, երբ Հայաստանից արտահանված ծիրանները հրաժարվում էին ընդունել մոսկովյան առևտրի կենտրոններից շատերը։

Գոդ Նիսանովի ընկերությունում, այնուամենայնիվ, աշխատում են տասնյակ հայեր, հայ գործարարներից շատերն էլ ունեն բիզնես կապեր Նիսանովի հետ։ Ինքը Նիսանովն ազգությամբ հրեա է, ծնվել է Ադրբեջանում և իսկապես մտերիմ կապեր ունի Ռուսաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ: Իսկ թե Նիսանով-Նարիշկին ընկերությունը որևէ կապ ունի ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ռուսաստանի դիրքորոշման հետ, իհարկե դժվար է ասել, “Проект”-ի լրագրողները ընդամենը հարցեր են բարձրաձայնում։

«Ազատությունը» հիշեցրել էր, որ մինչ Մոսկվայի հայ համայնքի տարբեր ներկայացուցիչներ ամեն առիթով խոսում են Ռուսաստանի իշխանությունների հետ մտերիմ կապերի մասին, Ադրբեջանի իշխանությունները ակտիվ աշխատում են Կրեմլին մոտ կանգնած ռուսաստանցի կշիռ ունեցող գործիչների հետ` ծախսելով դրա վրա հսկայական գումարներ և ծառայեցնելով այդ կապերը Ադրբեջանի պետական շահերի համար։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7077 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am