ՌԴ-ի դեմ նոր նավթային էմբարգո. Պառակտում ԵՄ-ում՝ ընդդեմ Պուտինի պատժամիջոցների

Եվրախորհրդարանում ներկայացվեց ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը

Պատժամիջոցների վեցերորդ փաթեթը նախօրեին Եվրախորհրդարանում ներկայացրեց Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Եվրահանձնաժողովն առաջարկել է խստացնել Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցներն ու նավթային էմբարգո մտցնել։ Պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, ըստ «Ազատության» Եվրախորհրդարանում ներկայացրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը. - «Մենք առաջարկում ենք վեց ամսից հրաժարվել ռուսական նավթից, իսկ նավթամթերքից՝ մինչև այս տարվա վերջ»։ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայում ամենամեծ ռազմական ագրեսիայի պատճառով Արևմուտքը Ռուսաստանի նկատմամբ պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցներն է սահմանել։

Միացյալ Նահանգներն ու մի շարք այլ երկրներ արդեն հրաժարվել են ռուսական նավթից, գազից և ածուխից, բայց նրանք եվրոպական երկրների համեմատ Ռուսաստանից ավելի քիչ էին նավթ ու գազ գնում։ Մինչդեռ Եվրամիության երկրները գազի գրեթե 40 և նավթի գրեթե 30 տոկոսը գնում են հենց Ռուսաստանից։ Նավթն և գազը Ռուսաստանի պետական բյուջեի եկամուտների գրեթե կեսն են կազմում։ Ընդ որում, ռուսական գազի արտահանման 70 տոկոսը և նավթի ու նավթամթերքի 60 տոկոսը բաժին է հասնում Եվրամիության երկրներին։ Պատերազմի երկուս ու կես ամիսների ընթացքում Եվրամիությունը Ռուսաստանին ավելի քան 20 միլիարդ եվրո է վճարել նավթի և ավելի քան 30 միլիարդ՝ գազի համար։

Եվրամիության պատժամիջոցների վեցերորդ փաթեթը նախատեսվում է նաև միջազգային SWIFT-ից անջատել ռուսական խոշորագույն Sberbank-ը, արգելել ռուսական երեք պետական հեռուստաալիքների հեռարձակումը և ընդլայնել պատժամիջոցների ցանկում ընդգրկված անձանց շրջանակը։ Սև ցուցակում կհայտնվեն նաև Բուչայի խաղաղ բնակիչների սպանությունների մեջ ներգրավված ռուս զինվորականները։
Վկայակոչելով իր ձեռքի տակ հայտնված մի փաստաթուղթ՝ France-Presse-ը հայտնում է, որ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակներում սահմանափակումներ են նախատեսված նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլիի, Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կնոջ, դստեր և որդու նկատմամբ։

Պաշտոնապես նոր ցուցակում ներառված անունները հայտնի կդառնան մի քանի օրից, երբ Եվրահանձնաժողովի առաջարկները քննարկեն և հաստատեն միության անդամ բոլոր 27 երկրների դեսպանները։ Հնարավոր է, որ ԵՄ-ն այս նոր փաթեթը պահի մինչև պատերազմի հաջորդ սրացումը, ինչը որոշ դիտորդներ ակնկալում են մայիսի 9-ից:
Հաղթանակի օրը, տարբեր աղբյուրների համաձայն, Ռուսաստանի նախագահը կարող է պաշտոնապես հայտարարել պատերազմի և համընդհանուր մոբիլիզացիայի մասին։ Ուկրաինայի դեմ փետրվարին սկսած պատերազմը Կրեմլը մինչ օրս «հատուկ գործողություն» է անվանում։ Համընդհանուր մոբիլիզացիայի համար հսկայական ծախսեր են անհրաժեշտ և նավթային էմբարգոն կարող է ստիպել Ռուսաստանի իշխանություններին հրաժարվել մոբիլիզացիայի ծրագրից, եթե այն կա։

Վերլուծաբաններ նաև ընդգծում են, որ պաշտոնապես պատերազմ հայտարարելով Կրեմլը լուծում է կարևոր մի հարց՝ կարողանում է օրինական կերպով ավելացնել զորակոչիկների թիվը։ Կրեմլի խոսնակը նման ծրագրի առկայությունն այսօր հերքել է ՝ մայիսի 9-ին պատերազմ հայտարարելու Մոսկվայի ծրագրի մասին արևմտյան աղբյուրների տարածած տեղեկությունը անվանելով անհեթեթություն։

Էնթոնի Բլինքեն. «Վաղ թե ուշ ռուսները կսկսեն իրենց վրա զգալ այս ամենի հետևանքները և կհարցնեն, թե ինչո՞ւ է այդպես»

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մայիսի 3-ին՝ Մամուլի միջազգային օրը, խոսել է Ռուսաստանում մամուլի վիճակի մասին: «Ընդամենն անցած հինգշաբթի՝ ապրիլի 28-ին, ռուսական բանակի հարվածից իր բնակարանում սպանվել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Վիրա Հիրիչի: Վիրան, ըստ Լրագրողների պաշտպանության կոմիտեի, Ուկրաինայում սպանված 11 լրագրողներից մեկն է», - ըստ «Ազատության», ասել է Բլինքենը, հավելելով, որ մարտի 1-ին էլ ռուսների կրակից Իրպենում սպանվել է ամերիկացի լրագրող Բրենթ Ռենոն: Պետքարտուղարը համեմատել է Ուկրաինայում և Ռուսաստանում մամուլի վիճակը: Նրա խոսքով, թե՛ ագրեսիայի ենթարկվելուց առաջ և թե՛ հիմա Ուկրաինան ունի աներևակայելի աշխույժ և ազատ մամուլ, որը պատմում է այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում, և դա անգնահատելի է:

Մինչդեռ, Ռուսաստանում ամենօրյա տեղեկատվություն ստանալը տարիներ շարունակ լուրջ մարտահրավեր է: «Լրատվական տարածքը, որն առանց այն էլ չափազանց սահմանափակ էր, անցած վեց ամիսների ընթացքում տառացիորեն փակ է, նման վիճակը հնարավոր չէ մի գիշերում ուղղել», - ասել է Բլինքենը: Պետքարտուղարը Մոսկվային կոչ է արել չկիրառել ռեպրեսիվ օրենքները, որոնք ուղղվում են խաղաղ նպատակներով գործող կազմակերպությունների և քաղաքացիների, այդ թվում՝ լրագրողների դեմ: «Ռուս ժողովուրդը, ինչպես և բոլոր մարդիկ, իրավունք ունի ազատ խոսել, ստեղծել խաղաղ միավորումներ: Նրանք իրավունք ունեն ազատ արտահայտվելու և իրենց ձայնը լսելի դարձնել ազատ և արդար ընտրությունների միջոցով»,- ասել է Բլինքենը: Նրա փոխանցմամբ, Ռուսաստանում անհրաժեշտ է Ուկրաինայում տեղի ունեցողը կոչել իր անունով՝ «պատերազմ», այլ ոչ թե «Օրուելյան լեզվով» անվանել «հատուկ ռազմական գործողություն»: Այդպես չի գործում ժողովրդի իրական վստահությունը վայելող որևէ կառավարություն»,- ասել է Բլինքենը:

Պետքարտուղարը նշել է, որ չնայած այդ հետապնդումներին, Ռուսաստանում կան լրագրողներ, ովքեր փորձում են հնարավորությունների սահմաններում ազնվորեն կատարել իրենց մասնագիտական պարտքը: Դա են անում նաև արտասահմանում աշխատող ռուսաստանցի լրագրողները: «Դժվար է ամբողջությամբ թաքցնել ճշմարտությունը: Իսկ այն շատ պարզ է՝ ի՞նչ է տալիս Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիան ռուս ժողովրդին: Բացարձակ ոչինչ, ընդհակառակը, դա հարված է հասցնում հենց երկրին, որը սկսում է պատասխանատվություն կրել իր ղեկավարների աղետալի որոշումների համար»,- ասել է Էնթոնի Բլինքենը:

Նրա փոխանցմամբ, Ռուսաստանը Պուտինի քաղաքականության հետևանքով վերածվում է վտարանդի պետության, որից հեռանում են բոլոր առաջատար ընկերությունները: «Ժամանակի ընթացքում ռուս ժողովուրդն իր վրա կզգա այս ամենի հետևանքները: Եվ մարդիկ կսկսեն իրենք իրենց հարցնել՝ «ինչու՞ է այսպես»: Մարդիկ կսկսեն որոնել տեղեկատվության աղբյուրներ», - ասել է Բլինքենը:

ԵՄ-ն՝ ընդդեմ Ռուսաստանից նավթի ներկրման

Միաժամանակ ԵՄ անդամները չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ Ռուսաստանում արդյունահանված էներգակիրների՝ նախ և առաջ նավթի ներկրումների նկատմամբ էմբարգո սահմանելու հարցում։ Դա պարզ դարձավ օրերս Բրյուսելում ավարտված հավաքից հետո, որին մասնակցում էին դաշինքի անդամ երկրների էներգետիկայի նախարարները։ Մոսկվայի դեմ նավթային էմբարգո սահմանելու գլխավոր հակառակորդները արևելաեվրոպական երկու պետություններն են՝ Հունգարիան և Սլովակիան։

«Հունգարիան չի կարող երաշխավորել իր տնտեսության անխափան գործունեությունը առանց ռուսական նավթի։ Դա է պատճառը, որ մենք չենք պատրաստվում քվեարկել այն պատժամիջոցների օգտին, որոնք կարող են վտանգել Հունգարիայի էներգետիկ անվտանգությունը։ Այնպես որ, Ռուսաստանից նավթի և գազի ներկրումների օգտին մենք չենք քվեարկելու, և դա քաղաքական որոշում չէ», - ըստ «Ազատության», նշել էր Հուգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն։ Բուդապեշտի, նաև հունգարացիների հետ այս հարցում դաշնակցած սլովակների մոտեցումը զուտ տնտեսական առումով ավելի քան հասկանալի է։ Այս երկրների տնտեսությունները լրջորեն կախված են ռուսական նավթի մատակարարումներից։ Պաշտոնական տվյալների համաձայն` Սլովակիայի ներքին շուկայում ռուսական նավթի չափաբաժինը 2021 թվականին կազմում է 96, իսկ Հունգարիայում՝ 58 տոկոս։ Դա է պատճառը, որ այս երկրները բացառում են նավթային էմբարգոյին կողմ քվեարկելու տարբերակը, ինչը իր հերթին անհնարին է դարձնում ԵՄ կողմից ռուսական նավթի ներկրման արգելքի սահմանումը։ Բանն այն է, որ ԵՄ ներսում գործող կանոնների համաձայն` բոլոր որոշումներն այս կառույցում պետք է կայացվեն միաձայնության սկզբունքի հիման վրա։ Երկուշաբթի երեկոյան, սակայն, մի պահ թվում էր, որ ԵՄ մյուս անդամներին հաջողվել է կոտրել Հունգարիայի և Սլովակիայի դիմադրությունը, և նավթային էմբարգոյի սահմանումը ժամերի հարց է։

ԵՄ-ն կարող է մայիսի 10-ին ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 6-րդ փաթեթը

«Ռուսաստանի դեմ նավթային էմբարգոն ավելի ու ավելի հավանական է դառնում։ ԵՄ բարձրաստիճան աղբյուրները քիչ առաջ հաղորդեցին, որ Հունգարիան, Սլովակիան և այս հարցում որոշակի վերապահումներ ունեցող Ավստրիան պատրաստ են քվեարկել էմբարգոյի օգտին», - գերմանական ZDF-ի երեկոյան եթերում հաղորդել է հեռուստաընկերության Բրյուսելի թղթակից Գունար Քրյուգերը։ Քիչ անց, սակայն, Հունգարիայի վարչապետի խոսնակ Զոլտան Կովաչը պաշտոնապես հերքեց այս տեղեկությունները՝ Ֆեյսբուքի իր էջում գրելով. «Նավթային և գազային էմբարգոյի հարցում Հունգարիայի մոտեցումն անփոփոխ է։ Մենք դրանց դեմ ենք»։

Դատելով արևմտյան լրատվամիջոցների հրապարակումներից` ԵՄ ներսում քննարկումները շարունակվում էին ողջ գիշեր։ Առավոտյան կողմ արդեն Reuters գործակալությունը հաղորդեց փոխզիջումային լուծման հնարավորության մասին։ Ըստ դրա` Եվրամիությունը պատրաստ է բացառության կարգով թույլ տալ Հունգարիային և Սլովակիային ռուսական նավթ գնել։ Մեկ այլ տարբերակի համաձայն էլ` այդ երկու երկրների համար կարող է անցումային շրջան սահմանվել, որի ընթացքում Բուդապեշտն ու Բրատիսլավան, ըստ ամենայնի, ստիպված կլինեն աստիճանաբար հրաժարվել ռուսական նավթից։

Իսկ միության առաջատար արդյունաբերական պետությունը՝ Գերմանիան, էներգետիկ էմբարգոյի հարցում շարունակում է հանդես գալ միջանկյալ դիրքերից։ Բեռլինում կողմ են նավթային, բայց ոչ գազային էմբարգոյին։ «Գերմանիան դեմ չէ Ռուսաստանից նավթի ներկրման արգելքին։ Դա, իհարկե, ծանր բեռ է մեզ համար, սակայն մենք դրան պատրաստ ենք», - հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը։

Հունգարիան մտադիր չէ կողմ քվեարկել ռուսական նավթի ԵՄ ներկրման լիակատար արգելքին

Բուդապեշտը չի պատրաստվում կողմ քվեարկել Ռուսաստանում արդյունահանված նավթի ներկրման լիակատար արգելք սահմանելու Եվրահանձնաժողովի առաջարկի օգտին։ Չորեքշաբթի երեկոյան նման հայտարարությամբ հանդես եկավ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ Հունգարական դիվանագիտության ղեկավարն ընդգծում է, որ իրենց չեն բավարարում անգամ այն բացառությունները, որ պատրաստ է սահմանել ԵՄ ղեկավարությունը Հունգարիայի և Սլովակիայի համար։ «Բրյուսելի կողմից շրջանառության մեջ դրված պատժամիջոցների փաթեթով արգելվում են ռուսական նավթի բոլոր մատակարարումները Եվրոպա, այն էլ՝ բավական կարճ ժամանակահատվածում։ Հունգարիայի պարագայում դա հաջորդ տարեվերջն է», - նշում էր Սիյարտոն։

Նկատենք, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ռուսաստանի դեմ սահմանվող պատժամիջոցների վեցերորդ փաթեթի մանրամասները ներկայացրեց նախօրեին։ Դրանով մասնավորաբար առաջարկվում է մինչև այս տարեվերջ արգելել Ռուսաստանում արդյունահանված նավթի և ռուսական գործարաններում արտադրված նավթամթերքի՝ մասնավորաբար դիզելային վառելիքի և բենզինի ներկրումը ԵՄ անդամ պետություններ։ Ռուսական նավթից առավել մեծ կախում ունեցող երկու երկրների՝ Հունգարիայի և Սլովակիայի համար Եվրահանձնաժողովը համաձայնել է ռուսական նավթից հրաժարվելու անցումային շրջան սահմանել՝ մինչև 2023 թվականի դեկտեմբեր։ «Բայց նույնիսկ այս պայմաններով, Բուդապեշտը չի պատրաստվում կողմ քվեարկել նավթային էմբարգոյին», - հայտարարում է Հունգարիայի արտգործնախարարը։

«Մենք այս պատժամիջոցներին կհամաձայնենք միայն մի դեպքում՝ եթե բացառվի դրանց կիրառումը խողովակաշարերով մատակարարվող չվերամշակված նավթի վրա։ Այդ դեպքում Հունգարիայի էներգետիկ անվտանգությունն ապահովված կլինի։ Հակառակ պարագայում՝ Բրյուսելի կողմից առաջարկված պատժամիջոցների փաթեթը պարզապես խարխլելու է Հունգարիա էներգակիրների մատակարարման ամբողջ մեխանիզմը»․ - հայտարարում էր Պետեր Սիյարտոն։

«Արևմտյան փորձագիտական շրջանակները ևս որոշակի կասկածներ ունեն, թե անգամ պատժամիջոցների հաստատման դեպքում Եվրոպան ի վիճակի կլինի հրաժարվել ռուսական նավթի օգտագործումից», - գրում է Reuters գործակալությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ անգամ պատժամիջոցների ուժի մեջ մտնելուց հետո եվրոպական երկրները կարող են շարունակել գնել ռուսական նավթը՝ անգամ տեղյակ չլինելով դրա ծագման մասին։ «Նավթի ծագումը, որպես կանոն, հնարավոր է պարզել դրա քիմիական բաղադրիչներին ծանոթանալով։ Նախկինում, սակայն, նավթի ծագումը թաքցնող կեղծ փաստաթղթերի միջոցով որոշ գնորդների մոլորության մեջ էին գցում ։Այդ մեխանիզմը կիրառվել է պատժամիջոցների տակ գտնվող այնպիսի պետությունների դեպքում, ինչպիսին են Վենեսուելան և Իրանը», - հիշեցնում է Reuters-ը։

«Մենք պետք է վստահ լինենք, որ դրանում ներառվելու է նաև նավթային էմբարգոն». Զելենսկի

Բրյուսելում ընթացող այս քննարկումներին զուգահեռ պաշտոնական Կիևը շարունակում է ամբողջական նավթային էմբարգո սահմանելու և Ռուսաստանը ֆինանսական շրջափակման ենթարկելու կոչեր հնչեցնել։ «Այս պահին, երբ Եվրամիությունը քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, մենք պետք է վստահ լինենք, որ դրանում ներառվելու է նաև նավթային էմբարգոն, ինչպես նաև բացառելու են տարատեսակ ստվերային սխեմաները, որոնք կարող են թույլ տալ Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները», - այսօր ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Այն նույն ժամերին, երբ Զելենսկին այս ճառով դիմում էր Ալբանիայի խորհրդարանի պատգամավորներին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր ստորագրեց, որով արգելվում է գործարքներ կնքել, հումք կամ արտադրանք արտահանել այն արտերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք թշնամական վերաբերմունք են ցուցաբերում Ռուսաստանի հանդեպ։ Երկրի կառավարությանը այդ ոչ բարեկամ կազմակերպությունների և գործիչների ցանկը կազմելու համար տրվել է տասն օր։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3066 անգամ
Լրահոս
Հայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-ի Ալե՛ն, Նիկո՛լ, գալիս են ձեր հետևից, դե սպասեք․․․ Միկա Բադալյան (video) Ի՞նչ կարգավիճակ ունի Ռուբեն Վարդանյանը Բաքվում․ ի՞նչ է սպասվում նրա ճակատագրին (video) Ոսկեպար, Բաղանիս․․․ Ադրբեջանը Հայաստանի ներսից պատերազմ է սկսում․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ կիրառելով մոտ 100 անօդաչու, «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռ Հռոմի պապն այցելել է բանտ և լվացել 12 կնոջ ոտքերը. առաջին անգամ ծեսին մասնակցել են միայն կանայք (լուսանկարներ) Փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ iPhone Ի՞նչ է պատասխանել Պուտինը Փաշինյանի՝ ինչու է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, հարցին Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath «Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է…». Համբարյան «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին Ալե՛ն, եթե այդքան փխրուն ես, բա ասելիք չունե՞ս, երբ քեզ ասացին՝ «անբարոյականի վաստակ»․ Աննա Մկրտչյան (video) «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Արցախի ղեկավարների հարցազրույցները եթեր չեն գնացել Մենք իշխանություն ճանկռելու, գրկելու, կրծելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 191 Փաշինյանն այս անգամ էլ գնացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետևից․․․ խուզարկություններ են անում (video) Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video) Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան «Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am