Պուտինն, այնումանայնիվ, սկսեց Դոնբասի ճակատամարտը

Մի քանի շաբաթ ռուսական կողմից ստացվող հավաստիացումները՝ «մեծ ճակատամարտի» մասին, կարծես, իրականություն են դառնում...

Ռուսական զորքերը սկսել են մարտը Դոնբասի համար, հայտնեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ավանդական դարձած երեկոյան տեսաուղերձում։ «Հիմա արդեն կարող ենք փաստել, որ ռուսական զորքերը սկսել են Դոնբասի համար մարտը, որին երկար ժամանակ են պատրաստվում», - ասել է նա։ Ուկրաինացի զինվորականներն արդեն ներկայացրել են առաջին տվյալները երկրի արևելքում տիրող իրավիճակի մասին: Ըստ նրանց՝ ռուսական զորքերը փորձում են ճեղքել ուկրաինական պաշտպանությունը Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում՝ տարածաշրջանում լիակատար վերահսկողություն հաստատելու համար։ Ռուսաստանը նաև շարունակում է օգտագործել Բելառուսի տարածքը ուկրաինական բնակավայրերը գնդակոծելու համար:

«Ռուսաստանը սկսել է գրոհը Ուկրաինայի արևելքում»

Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովն ապրիլի 18-ին հայտարարեց, որ Ռուսաստանը սկսել է գրոհը երկրի արևելյան շրջանում: «Սա պաշտոնական հայտարարություն է: Այսօր առավոտյան ամբողջ ռազմաճակատի գծով Դոնեցկի, Լուգանսկի և Խարկովի շրջաններում զավթիչները փորձել են ճեղքել մեր պաշտպանությունը: Բարեբախտաբար, մեր զինծառայողները դիմանում են, միայն երկու քաղաքներում են նրանք [ռուսական բանակը] անցել` դա Կրեմեննայան է և մի ուրիշ փոքրիկ քաղաք», - ասել է Դանիլովը: Նրա խոսքով, մարտերը շարունակվում են: Ռուսների նպատակն է մինչև ապրիլի 24-ը՝ ուղղափառների Զատիկը, ամբողջությամբ գրավել Դոնեցկի և Լուգանսկի շրջանները: Ուկրաինայի արևելքում ռուսների գրոհի մեկնարկի մասին է հայտնել նաև Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը:

Փորձագետները նախկինում կարծիք են հայտնել, որ Մոսկվայի նպատակն է մինչև Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ը, գրավել Դոնբասը: Վերլուծաբան Օլեգ Ժդանովի փոխանցմամբ՝ ռուսները դեպի Կրամատորսկ կշարժվեն Իզյում և Գուլյայպոլե ավաններից, նպատակ ունենալով օղակել այդ քաղաքը:

Մակրոնը, Բայդենը և այլ լիդերներ այսօր քննարկում են Ռուսաստանի նկատմամբ նոր սանկցիաների հարցը

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ապրիլի 19-ին Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի և արևմտյան մի շարք այլ երկրների ղեկավարների հետ քննարկելու է Ուկրաինայի վրա հարձակման կապակցությամբ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը: Այդ մասին Մակրոնն ասել է France 5 հեռուստակայանի թղթակցի հետ զրույցում: Մակրոնը՝ ն, որ ինքն ամեն ինչ կանի «պատերազմի մեջ չներքաշվելով այն ավարտելու համար»:

Խոսելով ռուսական էներգակիրների մատակարարման մասին՝ Մակրոնն ասել է, թե «չկա և ոչ մի խողովակաշար, որը Ռուսաստանից կհասներ Ֆրանսիա, սակայն որոշ երկրներ կախվածության մեջ են»։ «Եվրոպական շուկան փոխկապակցված է, պետք է հիմա պատրաստվել հաջորդ ձմռանը, գուցե կգա մի օր, որ ստիպված կլինենք մի փուլում հրաժարվել ռուսական գազից», - ասել է Ֆրանսիայի ղեկավարը: Նրա փոխանցմամբ՝ ռուսական ածխի և նավթի նկատմամբ սահմանափակումները կարևոր են և թույլ են տալիս դադարեցնել ռուսական ագրեսիայի ֆինանսավորումը:

Սպիտակ տունը, իր հերթին, հաղորդում է․ - «ԱՄՆ Նախագահը պաշտպանված տեսակապի միջոցով կզրուցի դաշնակիցների և գործընկերների հետ՝ քննարկելու Ուկրաինային աջակցելու շարունակականությունը և Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու ջանքերը»։ Սպիտակ տունը դեռ չի հստակեցրել, թե որ երկրների ղեկավարները կմասնակցեն զրույցին։ Նշվում է, որ այն կանցկացվի մամուլի համար փակ ռեժիմում։

Ռուս փորձագետներն արձանագրում են՝ «Մոսկվա» հածանավի խորտակումը ռուսական կողմի ամենամեծ կորուստն է

Ռուսաստանցի ռազմական փորձագետներն, ըստ «Ազատության», արձանագրում են, որ «Մոսկվա» հածանավի խորտակումը ռուսական կողմի ամենամեծ կորուստն է Ուկրաինայում, որն անչափ զայրացրել է Պուտինին: Նույնիսկ քարոզչության հիմնական դերակատարներն են այս օրերին բարձրաձայնում՝ ինչպե՞ս պատահեց, որ ռուսական նավատորմի լեգենդը խոցվեց ու խորտակվեց և ո՞վ է սրա համար պատասխան տալու։ Իսկ Կրեմլից անկախ փորձագետներն ու լրագրողները փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվել անձնակազմի հետ: Ռուսաստանի Սևծովյան նավատորմի դրոշակակիր «Մոսկվա» հածանավի խորտակումից հետո ռուսական տարբեր աղբյուրներ սկսեցին հայտնել նաև անձնակազմի մի մասի մահվան մասին։ Հածանավի նավաստի Մարկ Տարասովի մայրը՝ Ուլյանան, օրինակ, VKontakte սոցիալական ցանցում հայտնել է Սև ծովում նավը խորտակվելուց հետո իր որդու անհետացման մասին։ "Агенство"-ն այսօր մեջբերումներ է Ուլյանայի գրառումը։

Տարասովը զորակոչվել է անցյալ տարվա վերջին, ծառայության է անցել դեկտեմբերի 15-ին։ Նավաստիի ընկերը "Агенство"-ի հետ զրույցում հաստատել է, որ նա բանակ է գնացել. իր Instagram-ում նա նավաստու լուսանկար է հրապարակել։ Տարասովը երկրորդ նավաստին է, ում անհետացման մասին հայտնի է դարձել ապրիլի 17-ին։ Ավելի վաղ Յալթայի բնակիչ Դմիտրի Շկրեբեցը հայտարարել էր որդու՝ 20-ամյա Եգոր Շկրեբեցի անհետացման մասին։ Ժամկետային նավաստի Եգոր Շկրեբեցի մայրը The Insider-ին պատմել է, որ ինքը և իր ամուսինը գտնվում են Սևաստոպոլի ռազմական հոսպիտալում, որտեղ հածանավից վիրավորներին են բերել։ Այնտեղ, նրա խոսքով, մոտ 200 վիրավոր նավաստի է եղել։ Ընդհանուր առմամբ, ըստ Շկրեբեցի մոր, նավի վրա եղել է ավելի քան 500 մարդ։ «Մենք նայեցինք յուրաքանչյուր այրված երեխայի: Չեմ կարող արտահայտել, թե որքան դժվար է, բայց որդուս չգտա։ Այնտեղ ընդամենը երկու հարյուր մարդ կար, իսկ հածանավում հինգ հարյուրից ավելի մարդ կար։ Ո՞ւր են մյուսները», - ասել է Իրինա Շկրեբեցը: Բացի այդ, «Ազատության» ռուսական ծառայությունը հայտնել է միջնավավար Իվան Վախրուշևի մահվան մասին: Վախրուշևի այրին հայտնել էր նաև, որ հածանավի անձնակազմի 27 անդամներ անհայտ կորածների ցուցակում են։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը «Մոսկվա» նավի խորտակման մասին հայտարարել էր ապրիլի 14-ին։ Նախօրեին ուկրաինացի պաշտոնյաները հայտնել էին, որ ռուսական նավը կործանել է ուկրաինական ուժը՝ «Նեպտուն» թևավոր հրթիռներով։ Ռուս զինվորականները չեն մեկնաբանել այս տեղեկությունը, սակայն ռուս պրոպագանդիստները հորդորում էին ուժգին հարված հասցնել Կիևի կենտրոնին «Մոսկվա» նավը կործանելու համար։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ նավի ողջ անձնակազմը տարհանվել է զինամթերքի պայթյունից և բռնկված հրդեհից հետո։ Թե քանի մարդ է եղել նավում, չի հաղորդվում։ Հրթիռային հածանավի անձնակազմը, ըստ տարբեր աղբյուրների, կարող էր լինել 500-ից մինչև 700 մարդ։

Ապրիլի 16-ին Ռուսաստանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար Նիկոլայ Եվմենովը հանդիպել է «Մոսկվա»-ի նավաստիների հետ և հայտնել, որ հածանավի անձնակազմը գտնվում է Սևաստոպոլում։ Խոսելով նավաստիների հետագա ճակատագրի մասին՝ Եվմենովը նշել է նաև «զորակոչիկներին», որոնք «օրենքով սահմանված կարգով մայիսից հուլիս կազատվեն ծառայությունից և կմեկնեն զինվորական հաշվառման»։ Միևնույն ժամանակ, ավելի վաղ ռուսական իշխանությունները, չնայած բազմաթիվ հաղորդումների, նախ հերքեցին ժամկետային զինծառայողների մասնակցությունը Ուկրաինա ներխուժմանը, ապա դա հայտարարեցին որպես առանձին դեպքեր, որոնք կքննվեն։

Ըստ Պեսկովի, Պուտինը հանձնարարել է պարզել, թե ինչպես են ոչ պրոֆեսիոնալ զինվորականները հայտնվել Ուկրաինայում

Ապրիլի 17-ի երեկոյան համացանցում հայտնվեց մի լուսանկար, այնուհետև՝ կարճ տեսանյութ, որում իբր այրվող «Մոսկվա» հածանավն է: Ով է արել լուսանկարը և տեսագրությունը հայտնի չէ, բայց պատկերված նավի ուրվագծերը նման են «Մոսկվա» հածանավի լուսանկարներին, և վնասի բնույթը համապատասխանում է նրան, որ հածանավը կարող էր ստանալ նավում տեղակայված հրթիռների պայթեցումից։ Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ Կրեմլում այդ կադրերը տեսել են, սակայն չեն կարող ասել, թե արդյոք դրանք իսկական են։ Ռազմական հարցերով փորձագետ Յուրի Ֆյոդորովն էլ ասում է, թե «Մոսկվա» հածանավի կործանումը շատ լուրջ հարված էր Կրեմլին։ «Սա մեծ սիմվոլիկ նշանակություն ունի նաև։ Ցանկացած սպայի համար նման նավի կործանումը նշանակում է, որ ռուսական ուժերի համակարգը, մեղմ ասած, վատ վիճակում է։ Ցանկացած մարդու, ոչ միայն ռազմական փորձագետների համար, ակնհայտ է՝ սա շատ լուրջ ձախողման վկայություն է», - ասել է փորձագետը:

Ուկրաինայի ժողովուրդը ցանկանում է իրեն զգալ Եվրոպայի, Եվրամիության մաս, ասում է Զելենսկին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում Եվրամիության պատվիրակության ղեկավարին է հանձնել լրացված հարցաթերթիկը, որն անհրաժեշտ քայլ է երկրի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի նախագահի գրասենյակից։ «Նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Մատի Մաասիկասիին է հանձնել լրացված հարցաթերթիկը, որպեսզի մեր երկիրը ստանա ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ», - ասվում է Ուկրաինայի նախագահի կայքում հրապարակված հաղորդագրությունում։ Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի ժողովուրդը ցանկանում է իրեն «Եվրոպայի մաս զգալ, Եվրամիության մաս»։

Նա շնորհակալություն է հայտնել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին և Մատի Մաասիկասիին՝ հարցաթերթիկը տրամադրելու հարցում արագ աշխատելու համար։ «Մենք հավատում ենք, որ աջակցություն կստանանք և կդառնանք անդամակցության թեկնածու, դրանից հետո կսկսվի հաջորդ՝ եզրափակիչ փուլը», - նշել է Ուկրաինայի նախագահը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2984 անգամ
Լրահոս
«Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 անձի բերման են ենթարկել․ Քոչարյան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է, կան բերման ենթարկվածներ Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են Էքսկլավների հարցն ավելի բարդ է․ Ալիև Ինչպես է քաղաքացին ճանապարհի մեջտեղում կանգնեցրել մեքենան՝ միանալով ակցիային (video) Նաիրա Զոհրաբյանը նստեց Չարենց փողոցի վրա․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (video) Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց Պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա կոպտություն չէ՝ նախապայման է. Ալիև Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am