Պահանջում են դատել Պուտինին ու նրա գեներալներին

Ջո Բայդենը Վլադիմիր Պուտինին «պատերազմի հանցագործ» է անվանել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսել է Բուչայի ողբերգության մասին: «Նախ մի նկատառում: Կհիշեք, ինձ քննադատել էին, երբ ես ասել էի, որ Պուտինը պատերազմի հանցագործ է, դե ճշմարտությունը տեսաք Բուչայում: Դա վկայում է, որ նա պատերազմի հանցագործ է: Բայց հարկ է ինֆորմացիա հավաքել»,- ասել է Բայդենը:

Նրա խոսքով, Միացյալ Նահանգները կշարունակի զենք տրամադրել Ուկրաինային, որ այդ երկիրը կարողանա պաշտպանվել: Նա ասել է նաև, որ Վաշինգտոնը կշարունակի մանրամասն տեղեկություններ հայթայթել Բուչայի իրադարձությունների մասին: «Ուստի, դա կարող է դառնալ դատավարություն պատերազմի հանցագործության մեղադրանքով: Այդ տղան դաժան է, և այն, ինչ կատարվում է Բուչայում, սարսափելի է: Եվ բոլորը դա տեսան»,- ըստ «Ազատության», ասել է Բայդենը: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Բուչայում տեղի ունեցածը ցեղասպանություն է, Բայդենն ասել է, թե իր համոզմամբ, դա ոչ թե ցեղասպանություն է, այլ պատերազմի հանցագործություն: Նա ավելացրել է, որ Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ կսահմանի:

Ուկրաինան հաղորդեց Բուչայի փողոցներում տասնյակ սպանվածների դիերի մասին

Լրագրողներն ու ուկրաինական իշխանությունների ներկայացուցիչները հայտնել են Կիևից հյուսիս-արևմուտք գտնվող Բուչա քաղաքի փողոցներում տասնյակ զոհվածների մասին։ Քաղաքացիական հագուստով մարդկանց լուսանկարները` երբեմն ձեռքերը կապած, հրապարակել են Reuters-ը, AFP-ն: 16 մահացած մարդ, ըստ AFP-ի, ընկած է մայթեզրին, մի քանիսը` ճանապարհին:

Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը ենթադրում է, որ լուսանկարներում պատկերված մարդիկ սպանվել են ռուս զինվորականների կողմից։ «Փողոցներում ձեռքերը կապած մարդկանց դիեր են, որոնց գնդակահարել են ռուս զինվորները, այդ մարդիկ զինվոր չեն եղել, զենք չեն ունեցել, ոչ մի վտանգ չեն ներկայացրել, էլի քանի՞ նման դեպք է կատարվում այս պահին օկուպացված տարածքներում»,- գրել է Պոդոլյակը Թվիթերում։ Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկի խոսքով՝ ավերված քաղաքը «սփռված է տեղի բնակիչների դիակներով», որոնց, ըստ նրա, գնդակահարել են։ Նա նաև նշել է, որ ուկրաինական իշխանությունները ստիպված են եղել 280 մարդու հուղարկավորել Բուչայում զանգվածային գերեզմաններում։ Reuters-ին տված հարցազրույցում նա հայտնել է ավելի քան 300 զոհերի մասին:

«Ռուսաստանն «Իսլամական պետությունից» վատն է», ասում է Կուլեբան

Կիևը «Ցեղասպանություն, վայրագություն, պատերազմի հանցագործություն, աներևակայելի գազանություն»՝ այս և բազում ուրիշ խիստ մեղադրանքներ են այսօր՝ պատերազմի 40-րդ օրը, հնչեցվում Ռուսաստանի հասցեին: Միջազգային համայնքի ցասումն ու վրդովմունքն առաջացրել են դաժան լուսանկարներն ու տեսագրությունները Բուչա անվամբ բնակավայրից, որտեղից մարտի 30-ին հեռացել են ռուսաստանցի զինծառայողները: Լուսանկարներում և տեսագրություններում կապված ձեռքերով գնդակահարված մարդիկ են, բռնաբարված կանայք և կտտանքների ենթարկված բնակիչներ: «Այն, ինչ տեսել ենք Բուչայում և դրա մերձակայքում, մեզ թույլ է տալիս առանց չափազանցության փաստել, որ Ռուսաստանն «Իսլամական պետությունից» վատն է»,- ըստ «Ազատության», ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան: Կիևը հայտարարել է, որ Բուչայում և զավթիչներից ազատագրված բոլոր մյուս բնակավայրերում տեղի ունեցած վայրագությունների մասին փաստերն ու վկայությունները կփոխանցվեն միջազգային պատկան կառույցներին, որոնք պետք է դատական պատասխանատվության կանչեն Ռուսաստանի բանակի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինին և նրա ենթակայության տակ գտնվող բարձրաստիճան զինվորականներին:

AP լրատվական գործակալության թղթակիցները պնդում են, որ Բուչայի փողոցներում տեսել են առնվազն 21 գնդակահարվածի, ընդ որում այդ մարդկանցից 9-ի դիակները եղել են մի փողոցում, որի հարևանությամբ դեռ անցած շաբաթ ռուսների ջոկատն է տեղակայվել: Բոլոր սպանվածները քաղաքացիական հագուստով են և գնդակահարվել են մոտ տարածությունից: Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Կիևին հարակից բնակավայրերում առնվազն 410 խաղաղ բնակիչների դիակներ են հայտնաբերվել:

«Պատերազմի հանցագործություն և ցեղասպանություն»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին այցելել է Բուչա: Լրագրողների հետ զրույցում նա ասել է, թե «Ռուսաստանն Ուկրաինայում պատերազմի հանցագործություններ և ցեղասպանություն է իրականացնում»: Նա խոսել է նաև ճգնաժամի կարգավորման կարևորության մասին, ասելով, որ Կիևը Ռուսաստանի հետ խաղաղության բանակցությունների կողմնակից է: «Մենք կշարունակենք դիվանագիտական և ռազմական ջանքերը», ասել է նա:

«Բուչան Կիևի ռեժիմի կողմից բեմադրված հերթական ներկայացումն է», ասում է Մոսկվան

Ռուսաստանը կտրականապես հերքում է այդ սպանությունների հետ առնչությունը և պնդում է, որ ուկրաինացիները միջազգային հանրությանը կեղծ լուսանկարներ և տեսագրություններ են տրամադրել: Կրեմլը պնդում է, որ Բուչայում տեղի ունեցածը սարսափելի սադրանք է, որը կազմակերպել են Ուկրաինայի ղեկավարները և նրանց արևմտյան հովանավորները: Ռուսաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Մարիա Զախարովան ասել է, թե ոչ մի փաստ չներկայացնելով՝ Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն կեղծ վկայություններ են մոգոնել և փորձում են Բուչայի ողբերգությունների համար մեղքը Ռուսաստանի վրա բարդել: «Այն, որ նրանց՝ արևմտյան երկրների ղեկավարների, հայտարարությունները հնչեցվել են այսպես կոչված` փաստերի հրապարակումից ընդամենը րոպեներ անց, կասկած չի թողնում, թե ով է Ռուսաստանին վարկաբեկող նյութերի իրական պատվիրատուն»,- ասել է Զախարովան:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է, թե «առանց արժանահավատ փաստերի հրապարակված Բուչայի լուսանկարները ոչ այլ ինչ են, եթե ոչ Կիևի ռեժիմի կողմից բեմադրված հերթական ներկայացում»: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ ըստ «Ազատության», ասել է, թե ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության մասնագետների, «այդ տեսահոլովակներն արժանահավատ չեն, քանի որ կեղծվել են»: Այդ է պնդել նաև Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն, ով այսօր Մոսկվայում ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիտսին: «Վերջերս հերթական ֆեյք-գրոհն է եղել Կիևի շրջանի Բուչա ավանում այն բանից հետո, երբ ծրագրի և պայմանավորվածության համաձայն ավանից դուրս են եկել ռուսաստանցի զինծառայողները: Դրանից օրեր անց այնտեղ մի բեմականացում են սարքել և այն հիմա բոլոր խողովակներով տարածում են ուկրաինացիներն ու նրանց արևմտյան հովանավորները»,- ասել է Լավրովը: Նրա խոսքով, Բուչայի քաղաքապետը դեռ մարտի 31-ին հրապարակավ հայտարարել է, թե ամեն ինչ կարգին է, և մեկ էլ երկու օր անց այդ ֆեյքն է սարքվել: Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտարարել է, թե հետաքննություն է սկսում Բուչայի իրադարձությունների վերաբերյալ «Ռուսաստանին վարկաբեկող կեղծ տեղեկատվություն միտումնավոր տարածելու փաստով»:

Վաշինգտոնն այս շաբաթ կհայտարարի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների մասին

Միացյալ Նահանգներն այս շաբաթ կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ Բուչայում ռուս զինվորականների կողմից քաղաքացիական անձանց սպանության մասին լուրերի ֆոնին։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ Ըստ Սալիվանի՝ Արևելյան Ուկրաինայի վրա կենտրոնանալու Ռուսաստանի ծրագրերը հուշում են, որ մոտ ապագայում կարող են տասնյակ հազարավոր զինվորներ տեղակայվել Դոնբասում։ Այդ կապակցությամբ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է Ուկրաինային տրամադրել լրացուցիչ սպառազինություն, այդ թվում՝ խորհրդային ժամանակների համակարգեր, որոնք ունեն նախկին Վարշավայի պայմանագրի երկրները։

Մակրոնն առաջարկում է Բուչայի սպանդից հետո հրաժարվել ռուսական ածխից և նավթից

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի մերձակայքում գտնվող ավաններում խաղաղ բնակիչների սպանությունների կապակցությամբ Եվրոպական միությունը ծրագրում է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ: Եվրոպական միության լիդերները պնդում են, որ Ուկրաինայի տարածքում այս սպանությունները և մի շարք այլ պատերազմական հանցագործություններ ռուսաստանցի զինծառայողներն են կատարել: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն առաջարկել է Եվրամիությանն ընդհանրապես հրաժարվել Ռուսաստանում արդյունահանված ածխից և նավթից: Նոր պատժամիջոցների խնդիրը կքննարկվի ապրիլի 6-ին:

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավյեցկին առաջարկել է Բուչայում խաղաղ բնակիչների սպանդի խնդրով գումարել Եվրամիության ղեկավարների արտակարգ գագաթնաժողով: Նրա փոխանցմամբ, նոր պատժամիջոցներ սահմանելու գաղափարին դեմ է հատկապես Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը: Մինչդեռ, ինքը` կանցլերը երեկ հայտարարել է, որ ի պատասխան Բուչայի կոտորածի` անհրաժեշտ է խստացնել Մոսկվայի նկատմամբ գործող պատժամիջոցները:

Բուչայի մասին հայտարարություններ են հրապարակել Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը, Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան: Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը «ցեղասպանություն» է անվանել ռուս զինծառայողների ենթադրյալ գործողությունները Բուչայում:

Գերմանիան 40 ռուսաստանցի դիվանագետների է արտաքսում

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը որոշել է արտաքսել 40 ռուսաստանցի դիվանագետներ: Այդ մարդիկ պետք է 5 օրվա ընթացքում լքեն Գերմանիայի տարածքը: «Բուչայից ստացված լուսանկարները վկայում են ռուսաստանյան ղեկավարության և դրա պրոպագանդայով առաջնորդվողների աներևակայելի դաժանության մասին: Նրանց միավորում է ոչնչացման անսահման ձգտումը»,- Der Spiegel հանդեսին ասել է նախարար Աննալենա Բերբոկը:

«Բուչան է ռուսների վարած պատերազմի իրական դեմքը»

Եվրոպական միությունը հայտարարել է, որ բոլոր մեղավորներն անխուսափելիորեն պետք է ենթարկվեն դատական պատասխանատվության: «Խաղաղ բնակիչների շրջանում մեծ թվով զոհերի և վիրավորների, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքի ոչնչացման ապացույցները ցույց են տալիս Ուկրաինայում Ռուսաստանի վարած այս դաժան պատերազմի իրական դեմքը: Բուչայում և Ուկրաինայի այլ քաղաքներում զանգվածային սպանությունները կներառվեն եվրոպական հողի վրա կատարված վայրագությունների ցանկում: Պատասխանատվությունը Ռուսաստանն է կրելու, որովհետև ըստ օկուպացիայի մասին միջազգային օրենքի, հանցագործությունները տեղի են ունեցել ռուսաստանյան զինված ուժերի հսկողության տակ գտնվող տարածքներում»,- ըստ «Ազատության», նշել է Եվրամիությունը: Եվրոպական միությունը նաև իր աջակցությունն է հայտնել Միջազգային քրեական դատարանին և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության Քննչական կոմիտեին, որոնք քննում են Ուկրաինայում պատերազմի հանցագործությունները և մարդկայնության դեմ հանցագործությունները:

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան․ «ՌԴ-ի անդամությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին խեղկատակություն է»

Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան առաջարկում են Ռուսաստանին վտարել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից: Այդ առաջարկով երկու երկրները հանդես են եկել Ուկրաինայում ռուսական բանակի բիրտ գործողությունների և մասնավորապես Բուչա ավանում պատերազմի ենթադրյալ հանցագործությունների մասին տեղեկատվության հրապարակման կապակցությամբ: «Ռուսաստանի անդամությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին խեղկատակություն է: Դա սխալ բան է, և հենց այդ պատճառով մենք գտնում ենք, որ եկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ռուսներին այդ խորհրդից քվեարկությամբ վտարելու ժամանակը», - ըստ «Ազատության», ասել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:

Նրա խոսքով՝ «Բուչայից ստացված պատկերները պարտադրում են խոսքը գործով ապացուցել»: Այդ մասին ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչն ասել է Ուկրաինայի հետ սահմանակցող Ռումինիայի մայրաքաղաքում:

Լինդա Թոմաս-Գրինֆիլդը Բուխարեստ է մեկնել տեսնելու, թե ինչպես են Ռումինիայի իշխանությունները կազմակերպում ուկրաինացի մեծ թվով փախստականներին տեղավորելու և անհրաժեշտ օգնություն տրամադրելու գործընթացը: Երեկ ԱՄՆ-ի առաջարկին միացել է Բրիտանիան: «Հաշվի առնելով պատերազմի հանցագործությունների մասին վկայող համոզիչ տեղեկությունները, այդ թվում՝ զանգվածային գերեզմանների և Բուչայում մարդկանց սարսափելի սպանդի մասին տեղեկությունները, հարկ է փաստել, որ Ռուսաստանն այլևս չպետք է լինի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ»,- հայտարարել է Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը:

Երեկ Վարշավայում նա ասել է, որ Պուտինին պետք է պարտության մատնել Ուկրաինայի պատերազմում: «Այս շաբաթ ավելի ուշ Մեծ յոթնյակի և ՆԱՏՕ-ի արտգործնախարարները կհանդիպեն: Մենք կհաղորդենք նոր պատժամիջոցների մասին: Փաստն այն է, որ փողն Արևմուտքից դեռ հոսում է Ռուսաստան և ֆինանսավորում է Պուտինի պատերազմի մեքենան: Դրան պետք է վերջ տալ», - ասել է Թրասը: Ռուսաստանին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից դուրս հանելու համար անհրաժեշտ կլինի, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այդ առաջարկի օգտին քվեարկի 193 անդամ պետությունների առնվազն երկու երրորդը:

Լիտվան և Լատվիան արտաքսում են Ռուսաստանի դեսպաններին

Բալթյան երկու հանրապետությունները՝ Լիտվան և Լատվիան, արտաքսում են իրենց երկրներում հավատարմագրված Ռուսաստանի դեսպաններին՝ Ուկրաինա ներխուժմանն ու Բուչայում տեղի ունեցած իրադարձություններին ի պատասխան։ Պաշտոնական Վիլնյուսի կայացրած որոշման մասին այսօր հայտարարել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը՝ հավելելով, որ որոշում է կայացվել Կլայպեդայում գործող ռուսաստանյան հյուպատոսարանի փակման մասին։ Լատվիան ևս հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակի նվազեցման և Մոսկվայից դեսպանի հետկանչի մասին։

Ուկրաինայի իշխանությունները պահանջում են Արևմուտքից գոնե տնտեսապես կործանել Ռուսաստանը

Ուկրաինայի իշխանություններն արդեն չեն խնդրում Արևմուտքից ընդունել Ուկրաինային ՆԱՏՕ և պատերազմել Ռուսաստանի դեմ, չեն պահանջում նաև, որ փակեն Ուկրաինայի օդը, որպեսզի ռուսական հրթիռներն ու ռումբերը չկարողանան ավերել ուկրաինական քաղաքներն ու սպանել խաղաղ բնակչությանը: Ուկրաինայի իշխանությունները պահանջում են Արևմուտքից գոնե տնտեսապես կործանել Ռուսաստանը, որ ռուսական զինվորներն ի զորու չլինեն նոր «բուչաներ» ստեղծել երկրի տարածքում: Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան «Մեծ յոթնյակ»-ից ու Եվրամիությունից պահանջում է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ. «Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթը պետք է ներառի առանցքային մի շարք կետեր՝ SWIFT-ից անջատել ռուսական բոլոր բանկերը, էմբարգո ռուսական էներգակիրների՝ գազի, նավթի և ածուխի համար, փակել բոլոր նավահանգիստները ռուսական ապրանքի ու նավերի համար»:

Ըստ փորձագետների, Ռուսաստանը կարող է այս տարի ռեկորդային բարձր եկամուտներ ստանալ նավթի ու գազի վաճառքից Արևմտյան փորձագետները կանխատեսում են՝ չնայած աննախադեպ պատժամիջոցներին, Ռուսաստանը կարող է այս տարի ռեկորդային բարձր եկամուտներ ստանալ նավթի ու գազի վաճառքից՝ էներգակիրների շուկայում բարձրացող գների պատճառով:

Հաշվի առնելով ներկայիս պատժամիջոցները Ռուսաստանի արժույթի զգալի ներհոսքը կարծես թե կշարունակվի, հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ մեջբերելով Միջազգային ֆինանսների ինստիտուտի տնտեսագետների վերջին ուսումնասիրությունը: Զեկույցում, մասնավորապես, նշված է. «Այս տարի Մոսկվան էներգիայի արտահանումից կարող է վաստակել գրեթե 321 միլիարդ դոլար, ինչը 1/3-ից ավելի է, քան 2021-ին: Ռուսաստանը կարող է ունենալ նաև ընթացիկ հաշվի ռեկորդային ավելցուկ, որն ըստ տնտեսագետների գնահատականների, կարող է հասնել 240 միլիարդ դոլարի»: Ընդորում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հանձնարարել էր ոչ բարեկամ երկրներին գազը վաճառել բացառապես ռուբլով: Նա ասել էր, որ Ռուսաստանը կհրաժարվի նման պայմանագրերի համար վճարումներ ընդունել արտասահմանյան արժույթներով, այդ թվում՝ դոլարով և եվրոյով: Պուտինի այս ծրագրով Եվրոպական երկրները «Գազպրոմբանկում» պետք է ռուբլու և արտարժույթի հատուկ հաշիվներ բացեն՝ մատակարարումների դիմաց վճարելու համար: Նրանք արտարժույթ կփոխանցեն «Գազպրոմբանկին», որը բորսաներում կգնի ռուբլի և կփոխանցի ներկրողների հատուկ հաշիվներին:

Ռուսաստանցի փորձագետների կարծիքով՝ այս ձևով Ռուսաստանի իշխանությունների կհաջողվի փրկել ռուբլին կտրուկ արժեզրկումից: Եվրոպական երկրները, թեև հայտարարեցին, որ հրաժարվում են գազը գնել ռուբլով, այդուամենայնիվ, կարծես թե համաձայն են աշխատել Կրեմլի ներկայացրած սխեմայով: Financial Times-ի պնդմամբ՝ ԵՄ-ը պատրաստվում է քննարկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ
Բուչայի սպանությունները, սակայն, նոր թափ են հաղորդել լիակատար էմբարգո սահմանելու կոչերին։ Financial Times-ի փոխանցմամբ՝ Եվրամիությունը պատրաստվում է ապրիլի 6-ին քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ։ Բրիտանական թերթը պնդում է, որ ավելի վաղ ԵՄ որոշ երկրներ առաջարկել էին ընդլայնել արտահանման սահմանափակումները, էներգակիրների, այդ թվում՝ նավթի, ածուխի և գազի էմբարգո սահմանել, ինչպես նաև թույլ չտալ, որ ռուսական նավերը մտնեն արևմտյան նավահանգիստներ։

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի ղեկավարության նկատմամբ

The Washington Post-ը գրում է՝ ԱՄՆ իշխանությունները ևս դիտարկում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հնարավորությունը։ Ըստ թերթի աղբյուրների՝ Բայդենի վարչակազմը քննարկել է ռուսական հանքարդյունաբերության, տրանսպորտի և ֆինանսական հատվածին ուղղված նոր սահմանափակումները։ Որոշում, սակայն, դեռ չի կայացվել։ Մոսկվայում, սակայն, համոզված են՝ գոնե առաջիկա տարիներին եվրոպական երկրները, հատկապես Գերմանիան, չեն կարողանա հրաժարվել ռուսական գազից, դրանից հետո էլ Կրեմլում հույս ունեն, որ Ռուսաստանը կկարգավորի արևելյան երկրներին, հատկապես Չինաստանին, էներգակիրների կրկնակի, նույնիսկ եռակի ծավալների մատակարարման լոգիստիկան։ Այսօր ռուսական գազն ապահովում է Գերմանիայի «կապույտ վառելիքի» ընդհանուր սպառման 40-50 տոկոսը։

Ընդորում՝ Գերմանիային վաճառվող գազը կազմում է «Գազպրոմի» ընդհանուր արտահանման մոտ մեկ երրորդը: Այսինքն՝ եթե հիպոթետիկ ենթադրենք, որ Գերմանիան հրաժարվում է ռուսական գազից, «Գազպրոմը» կկորցնի իր եկամուտների առնվազն մեկ երրորդը։ Առնվազն, որովհետև եվրոպական երկրներին Ռուսաստանը գազ վաճառում է ավելի թանկ, քան, օրինակ, Չինաստանին։

Ընդորում՝ նավթն ու գազը կազմում են Ռուսաստանի արտահանման մոտ կեսը և անցյալ տարի ապահովել էին բյուջեի եկամուտների մոտ 40 տոկոսը։ Ռուսաստանցի անկախ վերլուծաբանները նշում են, որ չնայած աննախադեպ պատժամիջոցների, Կենտրոնական բանկի պահուստային հաշիվների սառեցման և առանձին ոլորտներում արդեն բացահայտ ճգնաժամի, ռուսական պետությունը, այդ թվում նաև էներգակիրների վաճառքի շնորհիվ, կկարողանա գոնե առաջիկայում կատարել իր սոցիալական պարտավորությունները՝ վճարել թոշակներ ու աշխատավարձ պետության համար ծառայողներին։ Համեմատելու համար՝ Խորհրդային Միությունը, որի տնտեսությունը նույնպես մեծ կախման մեջ էր էներգակիրների վաճառքից, փլուզվեց հինգ տարում, երբ բարձր և նորմալ գներից հետո 1986- ին նավթի մեկ բարելի գինը իջավ 12 դոլարի։ Սովետական կայսրության տնտեսությունը սկսեց քայքայվել, և նավթի գնի որոշակի աճը 1987-1991-ին՝ մինչև 15-23 դոլար, չփրկեց նրան։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2961 անգամ
Լրահոս
Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան Վաղ թե ուշ Արևմուտքը նույնանալու է Փաշինյանի վարկաբեկված իշխանության հետ. այն դարձել է ավտորիտար լուզեր Փաշինյանի «կնքահայրը». Սուրենյանց Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փոխնախարարի ձերբակալության առնչությամբ պաշտոնական տեղեկությունների վրա «Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան Ջուր չի լինելու «Քանի կա գիտակցությունը, միշտ էլ կա հաղթելու հնարավորություն». Վարուժան Գեղամյան Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Թուրքիան կոչ է անում աջակցել Հայաստանի հետ կարգավորման գործընթացին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Երեկ արդեն պարզ ասում էին՝ հո դուք անասուն չե՞ք, հո դուք վայրենի չե՞ք․ Գեղամ Մանուկյան (video) Ես սարսափեցի․ երեկ տեսնեիք՝ ադրբեջանական ալիքներն ինչ էին խոսում Նիկոլի մասին․ քաղաքացի (video) Ի՞նչ խուլիգանություն․ Սուրենը մեզ հետ պայքարել է հանուն հողի․ էս ի՞նչ ստեր են տարածում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am