«Օղակը» սեղմում են 4 կողմից. Ինչու Պուտինը սեփական երկրի քաղաքացիներին առաջին անգամ «դավաճաններ ու տականքներ» անվանեց

Ռուսաստան-Ուկրաինա առճակատման մեջ չնայած ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշմանը, թե ԱՄՆ-ը կողմնակից չէ փակել Ուկրաինայի օդային տարածքը, քանի որ այն, ըստ Բայդենի վարչակազմի՝ Ռուսաստանի դեմ պատերազմ կնշանակի, իրականում ամեն ինչ արդեն վաղուց պատերազմյա ռեժիմի մեջ է գտնվում, և բավական խորը՝ ճգնաժամի:

Մոսկվան հայտարարել է հատուկ օպերացիա Ուկրաինայում, իսկ իրականում, ամբողջ աշխարհը հիմա պատերազմում է Ռուսաստանի դեմ բոլոր հնարավոր ճանապարհներով՝ Ռուսաստանի մեկուսացմամբ՝ քաղաքականից մինչև տնտեսական: Նախօրեին Պենտագոնը մեղադրեց ռուսական ուժերին Ուկրաինա արյունալի ներխուժման ժամանակ ռազմական հանցագործություններ կատարելու մեջ՝ հայտնելով, որ ապացույցները հավաքագրվում են։

Ուկրաինայի ու Ռուսաստանի իշխանությունների վերջին օրերի հայտարարություններից արդեն ակնհայտ է, որ պաշտոնապես չհայտարարված պատերազմի, ամեն ինչ պահպանվում է խորը պատերազմական ռեժիմում:

Բանակցություններում համաձայնեցված ցանկացած հավանական գործարք կներկայացվի հանրաքվեի, ասում է Զելենսկին

Ռուսաստանի հետ պատերազմին վերջ տալու համար խաղաղ բանակցություններում համաձայնեցված ցանկացած հավանական գործարք կներկայացվի ուկրաինացի ժողովրդին՝ հանրաքվեի միջոցով, հայտարարել է Ուկրաինայի նախագահը տեղական լրատվական կայքին տված հարցազրույցում: «Հետևաբար, ես պատրաստ եմ անել այն, ինչ անհրաժեշտ է, եթե մեր ժողովուրդը աջակցի իմ որոշումներին», հավելել է Զելենսկին՝ վերահաստատելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «ցանկացած ձևաչափով» հանդիպելու անհրաժեշտությունը՝ մարտերը դադարեցնելու համար։ «Ես կարծում եմ, որ առանց այս հանդիպման անհնար է լիովին հասկանալ՝ ինչի դիմաց նրանք կհամաձայնեն դադարեցնել պատերազմը», - ասել է Զելենսկին։

Մոսկվան փորձում է ոչնչացնել Ուկրաինան, պնդում է Զելենսկին

Մոսկվան փորձում է «ոչնչացնել» Ուկրաինան, տեղական լրատվամիջոցներին ասել է Վլադիմիր Զելենսկին։ Կիևը չի կարող կատարել ռուսական վերջնագրերը, ընդգծել է Ուկրաինայի նախագահը։ «Նախ մեզ պետք է ոչնչացնել, հետո նրանց վերջնագիրը կիրականացվի։ Ռուսները ցանկանում են, որ Ուկրաինան հանձնի Կիևը, Խարկովը, Մարիուպոլը, սակայն ո՛չ ուկրաինացի ժողովուրդը, ո՛չ ես՝ որպես նախագահ, չենք կարող դա անել», նշել է Զելենսկին:

Ուկրաինացիները հրաժարվում են հանձնել Մարիուպոլը

Պատերազմներում ռազմական հաղթանակի վերջնական վավերացումն ու խորհրդանիշը, սովորաբար, մայրաքաղաքի գրավումն է դառնում, բայց մինչ այդ անհրաժեշտ է լինում հսկողության տակ առնել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող մի շարք բնակավայրեր: Ուկրաինայի պարագայում այդպիսի քաղաքներից է Ազովի ծովի հյուսիսային ափին գտնվող և վարչական պատկանելության առումով Դոնեցկի շրջանի մաս կազմող Մարիուպոլը, որտեղ կատաղի մարտեր էին ընթանում: Ռուսական կողմը նախօրեին հերթական անգամ վերջնագիր է ներկայացրել, պահանջելով հանձնել քաղաքը: «Բանակը զենքը չի հանձնի և քաղաքից չի հեռանա»,- մարտի 21-ին վաղ առավոտյան հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը: Նրա խոսքով, Ուկրաինայի կառավարությունը ռուսական կողմից պահանջում է անհապաղ բացել մարդասիրական միջանցք, որով Մարիուպոլի բնակիչները կկարողանան հեռանալ դեպի Զապորոժիե: Մարիուպոլի պաշարումը գրեթե 3 շաբաթ է ընթանում: Ռուսները ցանկանում են գրավել Մարիուպոլը, քանի որ դա հետագայում կընձեռի դեպի 2014-ին բռնակցված Ղրիմի թերակղզի ցամաքային ճանապարհ բացելու հնարավորություն: Ռուսներն ընդունում են, որ Մարիուպոլում տեղակայված են Ուկրաինայի բանակի առավել մարտունակ և լավ կազմակերպված ու նահանջելու միտք չունեցող ստորաբաժանումները:

Զոհվել է ՌԴ Սևծովյան նավատորմի հրամանատարի տեղակալը

Ինչպես ուկրաինական կողմը, այնպես էլ ռուսական կողմը լուրջ կորուստներ է կրում: Հաղորդվեց, որ Մարիուպոլի, ինչպես Մոսկվան է նշում, «ազատագրման համար մղած մարտերում», զոհվել է Սևծովյան նավատորմի հրամանատարի տեղակալ, առաջին ռանգի կապիտան Անդրեյ Պալին: Ըստ Սևաստոպոլում գործող ForPost տեղեկատվական կայքի, հրամանատարներն արդեն պատրաստել էին Պալիին փոխծովակալի կոչում շնորհելու փաստաթղթերը: Ճակատագրի բերումով նա ծնվել է Կիևում: Նա ժամանակին հրաժարվել է հանդիսավոր երդմամբ ստանձնել Ուկրաինայի զինված ուժերում ծառայելու պարտավորությունը և տեղափոխվել է ծառայության Ռուսաստանի Հյուսիսային նավատորմում: Պալին մասնակցել է ռուս-վրացական պատերազմին և զբաղեցրել է Սիրիայում ռուսական ուժերի հրամանատարի տեղակալի պաշտոնը:

Ըստ ուկրաինացիների, ռուսներն այս պատերազմում արդեն առնվազն 5 գեներալ են կորցրել: Մոսկվան այդ թեման չի մեկնաբանում և պնդում է, թե ուկրաինական կողմը շատ ավելի մեծ թվով կորուստներ ունի:

Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին գնդապետ, ռուսների կողմն անցած Վասիլի Պրոզորովի փոխանցմամբ, «Մարիուպոլը կարևորագույն հանգույց է այս պատերազմում: Ռուսական ուժերի կողմից Մարիուպոլի գրավումը բարոյահոգեբանական հսկայական խթան կլինի Լուգանսկի և Դոնեցկի համար և, համապատասխանաբար, ծանրագույն կորուստ Կիևի համար»:

«Նույնիսկ եթե ռուսները գրավեն քաղաքը՝ դիմադրությունը կշարունակվի»

Լոնդոնում Chatham House անվամբ հայտնի միջազգային հարաբերությունների արքայական ինստիտուտի Ուկրաինայի զարգացումների հարցով վերլուծաբան Օրիսիա Լուցևիչի փոխանցմամբ, Մարիուպոլի համար ճակատամարտը խորհրդանշական կարևորություն ունի և՛ Մոսկվայի, և՛ Կիևի համար, քանի որ Մարիուպոլում են գտնվում «Ազովի գումարտակ» կոչվող ուկրաինական աջակողմյան ազգայնական աշխարհազորի ջոկատները: «Նույնիսկ եթե ռուսները գրավեն Մարիուպոլը և այնտեղ խամաճիկ քաղաքապետ կամ խամաճիկային զինվորական վարչակազմ նշանակեն, դիմադրությունը քաղաքում միևնույն է կշարունակվի, դրա համար էլ քաղաքը չի հանձնվում»,- ասել է Chatham House-ի վերլուծաբանը:

Ջո Բայդենը Եվրոպա այցի ընթացքում կայցելի Լեհաստան

ԱՄՆ-ի նախագահն այցելում է Բրյուսել, ապա կմեկնի Լեհաստան։ Այս քայլով, թերևս, ի ցույց կդրվի՝ Ուկրաինայի հետ առճակատման հարցում բացահայտ աջակցություն և ընդդեմ Ռուսաստանի հստակ քայլ:

Նկատենք, որ Լեհաստանն ուկրաինական ճգնաժամում ԱՄՆ-ի ամենակարևոր դաշնակիցն է. Այն ոչ միայն հյուրընկալել է ամերիկացի հազարավոր զինվորականների, այլ նաև ընդունել է ուկրաինացի փախստականների ամենամեծ հոսքը: Այստեղ է այս պահին գտնվում ավելի քան 2 միլիոն փախստական Ուկրաինայից:

Ջո Բայդենը Վարշավայում երկկողմ հանդիպում կունենա Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ, ինչը նախատեսված է շաբաթ օրը՝ մարտի 26-ին։ Նրանք քննարկելու են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սկսված պատերազմի արդյունքում առաջ եկած հումանիտար ճգնաժամին առնչվող հարցեր: Իր այցից առաջ, Բայդենը կքննարկի Եվրոպայում ռազմական իրավիճակը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի և Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։

Ինչպես հայտնում է Սպիտակ տունը, նախագահ Բայդենն այս պահին չի նախատեսում այցելել Ուկրաինա, հիշեցնում են, որ մարտի առաջին կեսին Լեհաստանում գտնվող ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարճ ժամանակով այցելել էր Ուկրաինա՝ ի համերաշխություն արտաքին ագրեսիայի դեմ ուկրաինացի ժողովրդի պայքարին։ Ջո Բայդենը հինգշաբթի կժամանի Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի արտակարգ գագաթաժողովին։ Նա կմասնակցի նաև Մեծ յոթնյակի հանդիպմանը։ Երկու ֆորումների նպատակն է քայլեր ձեռնարկել Մոսկվայի գործողություններին ի պատասխան, Արևմուտքի արձագանքը խստացնելու համար։

ԵՄ երկրները քննարկում են ՌԴ-ի էներգետիկ ոլորտի դեմ պատժամիջոցները

Եվրամիությունը ծրագրում է նոր պատժամիջոցներ: Բրյուսելում էին հավաքվել Եվրամիության արտաքին գործերի և պաշտպանության նախարարները: Ենթադրվում է, որ սանկցիաների թիրախը կդառնա էներգետիկան: «Ռուսները պատերազմի հանցագործություններ են կատարում, հենց այդ եզրույթն է պետք կիրառել: Այն, ինչ նրանք անում են Մարիուպոլում՝ պատերազմի խոշոր հանցագործություն է, դա նողկալի է, քաղաքը ոչնչացվում է, մարդիկ կոտորվում են»,- ասել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

Եվրամիությունը պետք է խստացնի պատժամիջոցները Ռուսաստանի էներգետիկ հատվածի դեմ, երեկ հայտարարեց Իռլանդիայի և Լիտվայի արտաքին գործերի նախարարները։ Այս հայտարարությունները հնչում են մի շարք ինտենսիվ դիվանագիտական շփումների սկզբում: «Տեսնելով, թե ինչ ավերածություններ են տեղի ունենում այսօր Ուկրաինայում՝ շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես մենք կարող են չմիջամտել Ռուսաստանի էներգետիկ, հատկապես նավթ և ածխարդյունաբերության ոլորտներում», - ԵՄ-ի նախարարների հանդիպմանն ընդառաջ, ասել է Իռլանդիայի արտգործնախարար Սայմոն Քովենին։

Սակայն ռուսական նավթային հատվածի դեմ պատժամիջոցների կիրառման հարցը դյուրին խնդիր չէ ԵՄ-ի երկրների համար, որոնք իրենց բնական գազի մոտ 40%-ը ստանում են Ռուսաստանի Դաշնությունից։ Դիվանագետները Reuters-ին ասել են, որ Բալթյան երկրները առաջ են քաշում բեռնարգելք սկսելու պահանջը, մինչդեռ Գերմանիան, որի տնտեսությունը մեծապես կախված է ռուսական գազի մատակարարումներից, հանդես է գալիս դեմ ու կոչ է անում չդիմել հապճեպ քայլերի: Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն ասել է, որ ԵՄ-ն դեռ կախված է ռուսական նավթից և գազից և չի կարող փոխել իրավիճակը մեկ գիշերվա ընթացքում:

Իսկ Մոսկվան նախազգուշացրեց, որ ռուսական նավթի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցները կարող են ստիպել իրեն փակել դեպի Եվրոպա գազատարը:

Պուտինն ավելի կոշտացրեց հայտարարությունները

Պուտինն անցյալ շաբաթվանից ավելի կոշտացրեց իր դիրքորոշումը և դա բնական է: Արդեն մեկ ամիս շարունակվող պատերազմը հստակություն է պահանջում աշխարհի տարբեր երկրներից՝ Ռուսաստանի վերաբերյալ, և ոչ միայն, նաև՝ ՌԴ քաղաքացիներից, որտեղից, սկսվել է, այսպես ասած՝ «առնետավազքը»:

Մինչ անցյալ շաբաթ Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարեց, թե ուկրաինական կողմի հետ բանակցություններում առկա է որոշակի առաջընթաց, Պուտինն էլ ավելի կոշտացրեց գնահատականները։ Պուտինը պնդեց, թե Ուկրաինայի դեմ իր հատուկ գործողությունն ընթանում է ըստ ծրագրվածի, իսկ նրանք, ովքեր ընդդիմանում են, «դավաճաններ են երկրի ներսում»: Պուտինն ընդունեց, որ Ռուսաստանի նկատմամբ սահմանված արևմտյան աննախադեպ պատժամիջոցները հսկայական վնաս են հասցրել տնտեսությանը, ինչն անխուսափելիորեն ազդելու է բնակչության վրա։

Վիճակագրությունը արդեն փաստում է, որ մարտի սկզբին Ռուսաստանի ՀՆԱ-ն ավելի շատ է նվազել, քան 1998 թվականի դեֆոլտի ժամանակ։

Պուտինը կրկին մեղադրեց Արևմուտքին ու արևմտյան արժեքները դավանող ռուսներին։ Ընդ որում, խոսելով հինգերորդ շարասյան մասին` Պուտինը պնդեց, թե դավաճանները մեծամասամբ լավ ապրող ռուսաստանցիների շրջանում են:

«Անշուշտ, նրանք` Արևմուտքը, կփորձեն օգտագործել այսպես կոչված նացիոնալ դավաճաններին, նրանց, ովքեր փող են աշխատում այստեղ Ռուսաստանում, իսկ ապրում են այնտեղ` Արևմուտքում։ Եվ ապրում են ոչ այնքան աշխարհագրական իմաստով, այլ իրենց մտքերով, իրենց ճորտական գիտակցությամբ։ Ես, իհարկե, չեմ դատապարտում նրանց, ովքեր վիլաներ ունեն ֆրանսիական Ռիվիերայում կամ Մայամիում, խնդիրը պարզապես այն է, որ նրանցից շատերն իրենց էությամբ մեր ժողովրդի, Ռուսաստանի հետ չեն», - հայտարարեց Պուտինը:

Որևէ խոսք չասելով այն մասին՝ ինչու են հազարավոր ռուսաստանցիներ այսօր լքում հայրենիքը, Պուտինը պնդեց. «Հասարակության այդ բնական ու անհրաժեշտ ինքնամաքրումը միայն կամրապնդի Ռուսաստանը»: Ռուս ժողովուրդը, Պուտինի խոսքով, «միշտ կարողացել է իրական հայրենասերներին տարբերել տականքներից ու դավաճաններից»։

Ռուսաստանի ղեկավարի այս ելույթը, ինչպես նկատել էր «Ազատությունը», աննախադեպ էր իր կոշտությամբ, թեև նրա երկարատև իշխանավարումը մինչ այդ էլ երբեք աչքի չէր ընկել մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանությամբ։ Վերջին տարիներին և ընդդիմադիրներ են բանտարկվել, լրատվամիջոցներ ու կազմակերպություններ` արգելվել՝ որակվելով «օտարերկրյա գործակալ», սակայն արևմտյան արժեքներ դավանող ռուսաստանցիներին՝ «դավաճաններ ու տականքներ» Պուտինն առաջին անգամ անվանեց։

Ռուսաստանցի բլոգերները, արտասահմանում բնակվող ընդդիմադիրները, անկախ մտավորականներն էլ իրենց այսպես են արդարացնում, նշելով, թե՝ որքան երկար է շարունակվում պատերազմը, ինչքան շատ ռուսաստանցի զինվորական է զոհվում Ուկրաինայում, ինչքան շատ է սեղմվում օղակը քաղաքակիրթ աշխարհից մեկուսացված Ռուսաստանի շուրջ, այնքան էլ ավելի ագրեսիվ է դառնում Պուտինը, և նրա «ագրեսիվությունը այսօր ոչ միայն Արևմուտքին է ուղղված, այլև պատերազմին չաջակցող ռուսաստանցիներին, հատկապես դեպի նրանց, ովքեր այս մի քանի շաբաթվա ընթացքում լքել են երկիրը»։

Այնուամենայնիվ ակնհայտ է, որ գնում է Ռուսաստանին ճնշելու լայնածավալ օպերացիա՝ դրանից բխող պայթյունավտանգ նորանոր սպառնալիքներով՝ ամբողջ աշխարհի համար: ԱՄՆ-ի բոլոր նախագահները իրենց վարած ռազմատենչ քաղաքականությամբ՝ այլ երկրներում հարձակումներով, այսօր չեն ներում Ռուսաստանի՝ իր երկրի սահմանները պաշտպանելու կեցվածքը: Զելենսկին գործիք է՝ Արևմուտքի ձեռքում, ընդդեմ Պուտինի: Եվ կարելի է ասել, Զելենսկիին դուր է գալիս՝ իր «դերը»: Նա մի կողմից ժամանակ առ ժամանակ փաստում է, որ Արևմուտքից սպասում է ավելի կոշտ պատժամիջոցներ Ռուսաստանի ու ռուսական վերնախավի նկատմամբ, մյուս կողմից Արևմուտքի պլանն է իրականացնում՝ Ուկրաինայի ու այդ երկրի բնակիչների կյանքի գնով, պատժելու Պուտինին ամենահնարավոր բոլոր տարբերակներով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 9413 անգամ
Լրահոս
Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ԶՊՄԿ Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video) Լա՛վ լսեք՝ տղերքի գլուխները Շուշիում կերան․ քաղաքացիներ (video) Բագրատաշենում ոստիկանները սպառնում են քաղաքացիներին միացած վարորդներին (video) «Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am