Խառը ժամանակներ. Հավաքվում են Էրդողանի մոտ, մինչ այդ՝ Փաշինյանը Փարիզում է

Փաշինյանը Փարիզում է, ի՞նչ է ուզում Մակրոնը

Ռուսաստան-Արևմուտք աննախադեպ սրված հարաբերությունների ֆոնին, Ֆրանսիայի նախագահի հրավերով՝ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Փարիզ, որտեղ բանակցություններ է վարելու նախագահ Էմանյուել Մակրոնի հետ։

Երեկ երեկոյան տեղեկացնելով, որ Հայաստանի կառավարության ղեկավարը մարտի 8-9-ը աշխատանքային այցով Ֆրանսիայում է լինելու՝ վարչապետի մամուլի ծառայությունը մանրամասնում է. - «Այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ:

Այնուհետև երկու երկրների առաջնորդները Փարիզում կմասնակցեն «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովին: Միջոցառման ընթացքում Հայաստանի ու Ֆրանսիայի կառավարությունների անդամները կքննարկեն տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Համաժողովին ելույթներ կունենան վարչապետ Փաշինյանը և նախագահ Մակրոնը»:

Արդեն մի քանի օր է, ինչ փորձագետները Մակրոնի հրավերը և Փաշինյանի մեկնելը դիտարկում են երկու հարթության համատեքստում․ ապրիլին Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են, նախընտրական քարոզարշավը կարևոր շրջան է մուտք գործել, և Էմանյուել Մակրոնը, բնականաբար, նպատակ ունի շահել նաև ֆրանսահայերի քվեները։

Մյուս կողմից աննախադեպ լարում կա Եվրոպայի և Ռուսաստանի մեջ, որը փորձագետներն անվանում են՝ «Սառը պատերազմ, մաս 2», կամ «Սառը պատերազմ 2»:

Նշվում է, որ Եվրոպան այլևս երկարաժամկետ պլանավորման է գնում։ Հետևաբար, Եվրոպական միությունը և դրա առաջատար երկրները պետք է որոշակի ներկայություն ունենան բոլոր տարածաշրջաններում, որոնք որ կենսական կարևորություն ունեն Ռուսաստանի համար, դրանցից առաջինը Հարավային Կովկասն է, իսկ Հարավային Կովկաս մուտք գործելու համար Ֆրանսիայի համար ամենահարմար պետությունը Հայաստանն է։

Մոտ մեկ շաբաթ առաջ, Հայաստանի ու Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ վարչապետ Փաշինյանին հղած ուղերձում նախագահ Մակրոնը, Փարիզ հրավիրելով Փաշինյանին և խոսելով սպասվող հանդիպման մասին, միաժամանակ ընդգծել էր, որ երկխոսության այս հարթակի նպատակը դեպի ապագա ուղղորդելն է և այն հնարավորություն կընձեռի նախանշել երկարաժամկետ կառուցվածքային նախագծեր՝ նպաստելու Հայաստանի զարգացմանը։ «Կարող եք ապավինել Ֆրանսիայի վճռական մոբիլիզացմանը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման նպատակով դեէսկալացիոն միջոցառումների ընդունմանը և իրականացմանը», - գրել էր Մակրոնը։

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Երևան ժամանեցին Ֆրանսիայի նախագահի միանգամից երկու թեկնածուներ։ Նախ՝ Էրիկ Զեմուրը, այնուհետև՝ Վալերի Պեկրեսը, ով այցելեց նաև Ստեփանակերտ։

Վերջին տասնամյակում առաջին բարձրաստիճան հայ պաշտոնյան Թուրքիա է մեկնում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մի քանի օրից կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական երկրորդ ֆորումին, այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից՝ առանց այլ մանրամասների, թե ֆորումի ընթացքում նախատեսվո՞ւմ է Միրզոյանի հանդիպումը թուրք գործընկերոջ կամ հայ-թուրքական կարգավորման գործընթացում Թուրքիայի ներկայացուցչի հետ, և արդյոք Անթալիա կմեկնի՞ նաև Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։

Միրզոյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանն «Ազատությանը» հայտնել է, որ այս պահի դրությամբ, Անթալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանը ներկայացնելու է նախարար Արարատ Միրզոյանը։

Անթալիա են մեկնում նաև Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները: Ֆորումն այս տարի անցկացվելու է մարտի 11-13-ը։ Ըստ պաշտոնական կայքի, ֆորումին ներկա կգտնվեն ավելի քան 2000 առաջնորդներ, դիվանագետներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։ Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին նախատեսվում է նաև Ռուսաստանի ու Ուկրաինայի արտգործնախարարների բանակցությունը՝ թուրքական կողմի մասնակցությամբ։ «Դա փորձում են Թուրքիայում ներկայացնել որպես թուրքական դաոս, դա է հիմնական նպատակը: Տարբեր երկրների ներկայացուցիչներ, արտգործնախարարներ, նախագահներ, հայտնի լրագրողներ մասնակցում են և եթե այդտեղ ներկայացված լինի նաև Հայաստանը արտգործնախարարի մակարդակով, կարծում եմ, այդտեղ ոչ մի վնասակար բան չկա», - նշել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Վերջին տասնամյակում սա առաջին բարձրաստիճան հայ պաշտոնյայի այցն է Թուրքիա: Վերջին անգամ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր այցելել հարևան պետություն, այսպես կոչված, ֆուտբոլային դիվանագիտության շրջանակներում։
Ի դեպ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի՝ Թուրքիա կատարելիք այցից անմիջապես հետո՝ մարտի 10-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես կայցելի Թուրքիա: Էրդողանը հայտնել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի թեմայով բանակցություններ է վարել ավելի քան 20 պետությունների ղեկավարների հետ։ Բանակցություններն էլ դեռ շարունակվում են։

Էրդողանը՝ 2 «քարի» արանքում

Ինչ վերաբերում է Անթալիայում Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների բանակցություններին, ապա ըստ Մևլյութ Չավուշօղլուի, եռակողմ հանդիպումը նախատեսված է առաջիկա հինգշաբթի՝ մարտի 10-ին։ Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները կբանակցեն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում, նշել է Թուրքիայի արտգործնախարարը՝ հավելով, որ ինքը ևս կմասնակցի քննարկումներին։ «Լավրովը հայտարարեց, թե պատրաստ է Անթալիայում մասնակցել այս հանդիպմանը: Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ևս մեզ հայտնեց, որ կմասնակցի հանդիպմանը: Երկու նախարարն էլ պնդեցին, որ ես նույնպես ներկա գտնվեմ: Այս պատճառով հանդիպումը եռակողմ կանցկացվի», - ասել է թուրք նախարարը: Ըստ Մևյլութ Չավուշօղլուի, եռակողմ հանդիպումը նախատեսված է առաջիկա հինգշաբթի՝ մարտի 10-ին։ Դիվանագիտական ֆորումը մեկնարկելու է մարտի 11-ին և կտևի մինչև մարտի 13-ը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր զրուցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցել ուկրաինական ճգնաժամի խաղաղ ու շուտափույթ հանգուցալուծմանը։ Սրան հաջորդել էին Թուրքիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հեռախոսազրույցները ուկրաինացի և ռուս գործընկերների հետ։ Էրդողանը Պուտինի հետ զրույցում կոչ էր արել հրատապ հրադադար հաստատել տարածաշրջանի մարդկանց մտահոգությունը փարատելու և քաղաքական լուծում գտնելու հնարավորություն ստեղծելու համար: Թուրքիայի նախագահը ընդգծել էր կրակը դադարեցնելու, հումանիտար միջանցք բացելու և խաղաղության համաձայնագիր կնքելու համար շտապ քայլեր ձեռնարկելու կարևորությունը: Միևնույն ժամանակ, Էրդողանը նշել էր, որ մշտական կապի մեջ է ուկրաինական կողմի և մյուս երկրների հետ և շարունակելու են ջանքերը ընդգրկուն բանակցություններ անցկացնելու և արդյունքի հասնելու համար:

Էրդողանի համար ուկրաինական ճգնաժամը և՛ հնարավորություն է, և՛ վտանգ. Süddeutsche Zeitung

Միջազգային մամուլը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր գրում է Թուրքիայի ակտիվացած միջնորդական դերի մասին։ Գերմանական Süddeutsche Zeitung-ը, օրինակ, կարծում է, որ Էրդողանի համար ուկրաինական ճգնաժամը և՛ հնարավորություն է, և՛ վտանգ: «Երկարատև պատերազմը բացասական հետևանքներ կունենա թուրքական տնտեսության վրա: Միևնույն ժամանակ, Անկարան շահեկան դիրքում է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ ունեցած լավ հարաբերությունների շնորհիվ: Միջազգային հարթակում վատ հեղինակություն ունեցող Էրդողանը վերջապես կարող է առանցքային ֆիգուր դառնալ: Այսպիսով Էրդողանը կարող է առաջ մղել երկար ժամանակ տարվող քաղաքականությունը, այն է՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր անկախ միջնորդի դեր ստանձնել Ռուսաստանի և Արևմուտքի միջև», - ըստ «Ազատության», եզրակացնում է պարբերականը։ Իսրայելական Jerusalem Post-ը նկատում է. - «Ուկրաինայում ստեղծված իրադրությունը Թուրքիայի համար լավ հնարավորություն է վերադառնալ միջազգային հարաբերությունների խաղասեղան, ինչպես նաև բարելավել հարաբերությունները ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ»։

Թուրքիայում Եվրամիության դեսպանը ևս հայտարարել է, որ Բրյուսելը երախտապարտ է Անկարային Ուկրաինայի հարցում ակտիվ դիվանագիտական ջանքեր գործադրելու և համագործակցելու համար: «Եվրամիությունը, անդամ երկրները, ՆԱՏՕ-ն և Թուրքիան՝ որպես դաշինքի անդամ, միասին բախվեցին այս ագրեսիային: Մենք պետք է համատեղ գործենք», - ասել է եվրոպացի դիվանագետը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3960 անգամ
Լրահոս
Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 անձի բերման են ենթարկել․ Քոչարյան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է, կան բերման ենթարկվածներ Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են Էքսկլավների հարցն ավելի բարդ է․ Ալիև Ինչպես է քաղաքացին ճանապարհի մեջտեղում կանգնեցրել մեքենան՝ միանալով ակցիային (video) Նաիրա Զոհրաբյանը նստեց Չարենց փողոցի վրա․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (video) Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց Պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա կոպտություն չէ՝ նախապայման է. Ալիև Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am