Դաժան ու աննախադեպ պատժամիջոցներ. Արևմուտքը ՌԴ-ին տնտեսական մեկուսացման է տանում

ԱՄՆ-ի սանկցիաներն՝ ընդդեմ ռուսական պաշտպանական ոլորտի 22 ընկերության

Միացյալ Նահանգների իշխանություններն արգելափակող կոշտ պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի պաշտպանական ոլորտի 22 խոշոր ընկերությունների նկատմամբ: «Այդ լայնածավալ սանկցիաների հետևանքով սպառազինություններ արտադրող ռուսական ընկերությունները զգալի կորուստներ են կրելու, ընդհանուր հաշվով ցուցակում կհայտնվեն 22 կառույցներ, որոնք կապված են ռազմարդյունաբերական համալիրի հետ», - ասվում է Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտի տարածած հաղորդագրությունում: Ըստ հաղորդագրության, ցուցակում ընկերություններ են, որոնք ռուսական բանակի համար արտադրում են մարտական օդանավեր, զրահատեխնիկա, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ և անօդաչու թռչող սարքեր: Պետդեպարտամենտը նշում է, որ Միացյալ Նահանգների նպատակն է «առաջիկա տարիների ընթացքում թուլացնել Ռուսաստանի պաշտպանական ոլորտը և ռազմական հզորությունը, ինչպես նաև սահմանափակող միջոցներ ընդունել Ռուսաստանի պետական գանձարանի համար եկամուտ ապահովող առավել կարևոր աղբյուրների դեմ»:

Աշխարհի խոշորագույն ընկերությունները լքում են ՌԴ-ն, կամ դադարեցնում բիզնեսը ռուսական ընկերությունների հետ

Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների արդյունքում համաշխարհային տնտեսության տարբեր ճյուղերում առաջատար բազմաթիվ ընկերություններ՝ Apple-ից մինչև Boenig, BMW-ից մինչև Disney ու DHL հայտարարել են Ռուսաստանից հեռանալու կամ այդ երկրում իրենց գործունեությունը դադարեցնելու, սահմանափակելու մասին։ Reuters-ն ի մի է բերել այսօրվա իրավիճակը, ներկայացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ավտոարտադրողներ

Բեռնատարներ արտադրող գերմանական Daimler Truck-ը, ըստ Reuters-ի, հայտարարել է, որ սառեցնում է իր գործունեությունը Ռուսաստանում՝ ներառյալ համագործակցությունը ռուսաստանյան Камаз-ի հետ։ Միաժամանակ, Mercedes-Benz Group-ը իրավական ճանապարհ է փնտրում ազատվելու Камаз-ում իրեն պատկանող 15 տոկոս բաժնեմասից։ Շվեդական Volvo Cars-ը նշել է, որ առայժմ դադարեցնում է իր առաքումները Ռուսաստան։ 2021-ին Volvo-ն 9 հազար մեքենա է վաճառել Ռուսաստանում։ Նույն քայլին է դիմել General Motors-ը։ Հաղորդվում է, որ ամերիկյան այս ընկերությունը գործարան չունի Ռուսաստանում, անցած տարի վաճառել է 3 հազար մեքենա։ Ճապոնական Mitsubishi Motors-ի փոխանցմամբ, ընկերությունը կարող է դադարեցնել իր ավտոմեքենաների արտադրությունը և վաճառքը Ռուսաստանում, եթե տնտեսական պատժամիջոցների հետևանքով մատակարարումների շղթան չգործի։ Ֆրանսիական ավտոարտադրող Renault-ը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կասեցնելու է Ռուսաստանում մեքենա հավաքող իր գործարանների որոշ գործառույթներ, որովհետև խնդիրներ են առաջացել մատակարարումների շղթայում։ Արևմտյան ավտոարտադրողներից Renault-ն ամենից շատն է ներկայացված Ռուսաստանում, ուր ստացված եկամուտը անցած տարի կազմել է ընկերության ողջ մուտքերի 8 տոկոսը։ Renault-ն նաև վերահսկում է Автоваз-ը՝ ռուսաստանյան խոշորագույն ավտոարտադրողին։ Harley-Davidson Inc-ը դադարեցրել է մոտոցիկլետների առաքումը Ռուսաստան։ Ford Motor Co-ը տեղեկացրել է իր ռուսաստանյան գործընկեր Sollers ընկերությանը, որն ի շարս այլ ակտիվների՝ УАЗ-ի վերահսկող բաժնեմասի սեփականատերն է, թե անհապաղ կասեցնում է իր գործունեությունը Ռուսաստանում։ Ford Motor Co-ն ու Sollers-ը համատեղ ձեռնարկություն ունեն։ Թանկարժեք ավտոմեքենաներ արտադրող բրիտանական Jaguar Land Rover-ը և Aston Martin-ը դադարեցրել են իրենց մեքենաների առաքումը Ռուսաստան։ Aston Martin-ի փոխանցմամբ, ռուսաստանյան և ուկրաինական շուկաներում անցած տարի վաճառվել է իր ողջ արտադրանքի ընդամենը 1 տոկոսը։ Եվ վերջապես, գերմանական BMW-ն հայտարարել է, որ դադարեցրել է իր ավտոմեքենաների արտահանումը Ռուսաստան և կասեցնելու է այդ երկրում ավտոմեքենաների արտադրությունը։

Ավիացիա

Օդանավերի լիզինգով զբաղվող աշխարհում խոշորագույն AerCap Holdings-ը, որի կենտրոնակայանը Դուբլինում է, դադարեցնելու է իր համագործակցությունը ռուսաստանյան ավիաընկերությունների հետ։ Ընկերության համաձայն, 2021 թվականի վերջի դրությամբ իր օդանավերի 5 տոկոսն է լիզինգի կամ վարձակալության հանձված ռուսաստանյան ընկերություններին։ Ինքնաթիռներ արտադրող ամերիկյան Boeing-ը հայտարարել է, որ դադարեցրել է պահեստամասեր առաքել ռուսաստանյան ավիաընկերություններին և սպասարկել այդ ընկերություններին պատկանող Boeing ինքնաթիռները։

Բանկային ոլորտ

Աշխարհում խոշորագույն բանկերից մեկը հանդիսացող HSBC-ին նշել է, որ նվազեցնում է իր փոխգործակցությունը ռուսաստանյան բանկերի, ներառյալ պատժամիջոցների ներքո հայտնված ВТБ-ի հետ։ HSBC-ի ներկայացվածությունը ռուսաստանյան շուկայում սահմանափակ է. անցած տարի բանկի եկամուտը կազմել է 50 միլիարդ ԱՄՆ դոլար, որից ընդամենը 15 միլիոնը Ռուսաստանում, ուր բանկի աշխատակիցների թիվը մոտ երկու հարյուր է։ Սկանդինավյան Nordea-ն հայտարարել է, որ դադարեցնում է Ռուսաստանում լայնորեն ներկայացված ներդրումային ֆոնդերի առքուվաճառքը։ Ավստրիական Raiffeisen Bank International-ը պատրաստվում է հեռանալ Ռուսաստանից՝ այս մասին Reuters-ին հայտնել են ընթացքին քաջածանոթ երկու հոգի, թեև բանկի պաշտոնական ներկայացուցիչը հերքել է տեղեկությունը։ Անցած տարի բանկի ողջ եկամտի մոտ 1/3-րդը առաջացել է Ռուսաստանում։

Էներգետիկա

Ֆրանսիական TotalEnergies-ը հայտարարել է, որ այլևս միջոցներ չի տրամադրի Ռուսաստանում նոր նախագծերի համար։ Բրիտանական BP-ն հայտնել է ռուսաստանյան նավթային խոշորագույն ընկերությունում՝ Роснефть-ում իր 19,75 տոկոս բաժնեմասը վաճառելու մասին։ Բրիտանա-նիդեռլանդական Shell-ը հայտարարել է Ռուսաստանում իր ողջ գործունեությունը դադարեցնելու մասին, ներառյալ գլխավոր նախագծում՝ հեղուկ բնական գազի Сахалин-2 գործարանում, որի բաժնետոմսերի 27,5 տոկոսը Shell-ինն է, իսկ 50 տոկոսը Газпром-ինը: Նորվեգիական Equinor-ը սկսելու է Ռուսաստանում համատեղ ձեռնարկություններից դուրս գալու գործընթաց։ Ընկերությունը այդ երկրում աշխատում էր մոտ երեսուն տարի։ 2012-ին համաձայնվեց ռազմավարական համագործակցություն սկսել Роснефть-ի հետ։ Դանիական Orsted-ն իր էլեկտրակայանների համար դադարեցրել է գնել ռուսաստանյան քարածուխ և կենսազանգված, սակայն շարունակելու է Газпром-ից տարեկան գնել երկու միլիարդ խորանարդ մետր բնական գազ՝ երկարատև պայմանագրի համաձայն։ Միաժամանակ, Orsted-ը հայտարարել է, որ նոր պայմանագրեր չի կնքի ռուսաստանյան ընկերությունների հետ և կհրաժարվի ռուսաստանյան ծագում ունեցող մատակարարումներից։

Ամերիկյան Exxon Mobil-ը դուրս է գալու ավելի քան 4 միլիարդ դոլար արժողությամբ ռուսաստանյան նավթա-գազային նախագծերից և հրաժարվելու է նոր նախագծերից։ Իտալական Eni-ին ծրագրում է վաճառել Ռուսաստանից Թուրքիա ձգվող Голубой поток գազատարում իր բաժնեմասը, ուր Газпром-ի հետ համասեփականատեր է։ Eni-ին երկարատև գազային պայմանագիր ունի Ռուսաստանի հետ։ 2020 թվականին իտալական ընկերությունը գնել է 22,5 միլիարդ խորանարդ մետր ռուսական բնական գազ։ Ավստրիական OMV էներգետիկ խումբը հրաժարվել է Газпром-ի հետ համատեղ մաս կազմել մի գազահանքի շահագործման նախագծում և հայտարարել է, որ վերանայելու է իր ներգրավվածությունը Ռուսաստանը Բալթիկ ծովի հատակով Գերմանիային կապող Nord Stream-2 գազամուղում։ Centrica-ն, որը Մեծ Բրիտանիայոււմ սպառողներին գազ մատակարարող խոշորագույն British Gas ընկերության սեփականատերն է, հայտարարել է, թե չեղարկելու է գազի մատակարարման վերաբերյալ իր պայմանագրերը ռուսաստանյան ընկերությունների, հատկապես՝ Газпром-ի հետ։

Կինովարձույթ, հեռուստատեսություն

Հոլիվուդյան Disney, Warner Bros և Sony Pictures Entertainment ընկերությունները հայտնել են, որ կասեցնելու են ռուսաստանյան կինոթատրոններում իրենց նոր ֆիլմերի ցուցադրությունները։

Արդյունաբերություն

Շվեդական մետաղագործական հսկան՝ Sandvik-ը կասեցնում է իր գործունեությունը Ռուսաստանում։ 2021 թվականին ընկերության եկամտի միայն 3,5 տոկոսն է ռուսաստանյան ծագման։ Ռուսաստանում ընկերությունը արտադրություն չունի, սակայն ունի շուրջ 900 աշխատակից՝ վաճառքի և սպասարկման ոլորտում։

Լոգիստիկա

Ամերիկյան հայտնի United Parcel Service Inc (UPS)-ը և FedEx Corp-ը, որոնք լոգսիտիկայի ոլորտում աշխարհի խոշորագույն ընկերություններն են, հայտարարել են, թե կասեցնում են առաքման իրենց ծառայությունները Ռուսաստանում և Ուկրաինայում։ Deutsche Post-ը հայտարարել է, որ դադարեցնում է DHL-ի ծառայությունը Ռուսաստանում։ Նավային (կոնտեյներային) փոխադրումներ իրականացնող՝ Ocean Network Express-ը արդեն այս երկուշաբթիից դադարեցրել է դեպի Ռուսաստան և Ռուսաստանից եկող պատվերների ընդունումը։ Նույն գործն անող աշխարհահռչակ Maersk ընկերությունը հայտնել է, որ դադարեցնելու է իր գործունեությունը Ռուսաստանի ուղղությամբ։ Maersk-ը բեռներ էր տեղափոխում դեպի Սանկտ-Պետերբուրգ, Կալինինգրադ, Նովոռոսիյսկ, Վլադիվոստոկ և Վոստոչնի նավահանգիստներ ու այնտեղից բեռներ վերցնում։ Դեպի Ռուսաստան և Ուկրաինա նավային փոխադրումների ժամանակավոր դադարեցման մասին է հայտարարել նաև գերմանական Hapag Lloyd-ը։ Ծովային փոխադրումներ իրականացնող MSC ընկերությունը դադարեցրել է պատվերների ընդունումը դեպի Ռուսաստան և Ռուսաստանից, սակայն դեռ կիրականացնի սննդամթերքի ու հումանիտար բնույթի առաքումներ։ Նույն որոշումն է կայացրել լոգիստիկայի ոլորտում գործող շվեյցարական Kuehne und Nagel ընկերությունը՝ ընդգծելով, թե բացառություն կանի դեղորայքի, բժշկական պարագաների և հումանիտար առաքումների համար։

Բարձր տեխնոլոգիաներ

Apple-ը դադարեցրել է իր բոլոր պրոդուկտների վաճառքը Ռուսաստանում։ Google-ի սեփականատեր Alphabet ընկերությունը իր Play store-ում՝ հավելվածների առցանց հարթակում, արգելափակել է ռուսաստանյան պետական Russia Today և Sputnik լրատվականների հետ կապված հավելվածները։ Alphabet-ը ավելի վաղ հեռացրել էր ռուսաստանյան այդ լրատվականներին նորություններ մատուցող իր ծառայություներից։ Microsoft-ը հայտնել է, որ կհեռացնի բջջային հեռախոսների համար նախատեսված Russia Today-ի հավելվածները Windows App store-ից՝ հավելվածների առցանց հարթակից, և կարգելափակի ռուսաստանյան պետական մեդիայի համար նախատեսված գովազդը։ Համակարգիչների արտադրությամբ հայտնի ամերիկյան Dell Technologies-ը հայտարարել է, որ դադարեցնում է իր արտադրանքի վաճառքը Ռուսաստանում և Ուկրաինայում։

Հեռահաղորդակցություն

Շվեդական հանրահայտ Ericsson-ը դադարեցնում է իր արտադրանքի առաքումը Ռուսաստան։ Նույն որոշմանն է հանգել ֆիննական Nokia-ն, որն անհրաժեշտ տեխնիկա է մատակարարում ռուսաստանյան МТС, ВымпелКом, МегаФон և Tele2 ընկերություններին։

Այլ ոլորտներ

Անվադողեր արտադրող ֆիննական Nokian Tyres-ը Ռուսաստանից Ֆինլանդիա և Միացյալ Նահանգներ է տեղափոխում իր արտադրության առանցքային մասերը։ Ընկերության համաձայն, տարեկան իր՝ մոտ 20 միլիոն անվադողերի 80 տոկոսը արտադրում է Ռուսաստանում՝ 1 600 աշխատակիցներով։ Քիմիական արտադրության ոլորտում գործող ֆիննական Kemira-ն մարտի 1-ից դադարեցրել է իր արտադրանքի առաքումը Ռուսաստան և Բելառուս։ Սպորտային հագուստ, մարզակոշիկներ ու այլ պարագաներ արտադրող գերմանական աշխարհահռչակ Adidas ընկերությունը դադարեցրել է իր համագործակցությունը Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։ Nike-ը դադարեցրել է իր ապրանքների համար Ռուսաստանից պատվերների ընդունումը։ Կենցաղային տեխնիկա արտադրող շվեդական Electrolux-ը դադարեցրել է իր գործունեությունը Ռուսաստանում։

Հիշեցնենք, որ երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ նստաշրջանը բանաձև ընդունեց` դատապարտելով Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։ «Ագրեսիա Ուկրաինայի դեմ» վերնագրով բանաձևին ՄԱԿ-ի 193 անդամներից կողմ են քվեարկել 141-ը, դեմ` ընդամենը 5-ը, ձեռնապահ է մնացել 35 երկիր։ Հայաստանը ձեռնպահների թվում է, ինչպես օրինակ` Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը և այլն։ Դեմ քվեարկած 5 երկրներն են՝ Ռուսաստանը, Բելառուսը, Սիրիան, Հյուսիսային Կորեան ու Էրիթրեան։ 12 երկիր, այդ թվում՝ Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Վենեսուելան, Մարոկկոն, քվեարկությանը չի մասնակցել: ՄԱԿ-ի բանաձևը դատապարտում է Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա և վերահաստատում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերը իրավական պարտադիր ուժ չունեն, բայց արտացոլում են միջազգային ձևավորված կարծիքը։ Հատուկ նստաշրջանների դեպքում բանաձևը ընդունվելու համար պետք է ստանա ՄԱԿ-ի անդամ երկրների ձայների 2/3-ը, ձեռնպահ քվեարկությունը հաշվի մեջ չէ։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3462 անգամ
Լրահոս
Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի և հեռացնել հոգեպես թշնամուն հանձնված ՀՀ իշխանությանը. Րաֆֆի Ասլանյան Մենք դեմ ենք միջազգային սահմանների որևէ փոփոխման. Հայաստանում Իրանի դեսպան Նիկոլն եւ ադրբեջանցիները միասին` ընդդեմ Հայաստանի Այն, ինչ Ալիևը 2023-ին կատարեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի Հայաստանի քաղաքացիներին․ ՄՔԴ նախկին դատախազ Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակը Իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև ՀՀ-ի համար․ Փաշինյան Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան Զինվորը սահմանը գծել է արյան գնով, ի՞նչն ենք հետ տալու․ տավուշցին՝ ՆԳ նախարարին Հասանովը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել սահմանազատման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ Զաքարյան Սամվել Վարդանյանը ցույց է տվել խոշտանգման դեպքի վայրը, պարզվեց այն փակ տարածք է, պատկանում է ԳԱԱ-ին Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. ինչ լուր է հայտնում Պոլ լվացող Հակոբը "հիշեցնում" է իրենց քննադատողների անցյալը Ովքե՞ր են գոհ Նիկոլ Անհողի այսօրվա "սահմանազատման" որոշումից Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան Արգավանդի մի շարք հասցեներում երեկվանից դադարեցվել է գազամատակարարումը Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Անվտանգային ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ անհամեմատ աճելու Կոնջորյանի արտահայտությունը, թե իբր Տավուշից ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին՝ ՍՈւՏ է. Համբարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am