Փաստաթուղթ են ստորագրում՝ «միջանցք» բառը չգործածելով

Հայաստանի կառավարությունը վերաձևակերպել է «Հյուսիս-Հարավ» նախագիծը՝ դարձնելով «Հյուսիս-Հարավ/Արևելք-Արևմուտք» կամ «Հայկական խաչմերուկ», և հույս ունի այն մեծ տեմպերով իրականացնել՝ երեկ կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության նիստում, սակայն, ոչ ոք չբարձրաձայնեց, որ ավելի քան 12 տարիների ընթացքում Հայաստանի կառավարություններին հաջողվել է կյանքի կոչել Վրաստանն Իրանին կապող «Հյուսիս-Հարավ» 556 կիլոմետրանոց մայրուղու ընդամենը 5 տոկոսը՝ այն էլ անորակ մի ավտոճանապարհի տեսքով։ «Այդ ճանապարհի ճյուղերից մեկը, նկատի ունեմ Հյուսիս-hարավ, արևելք-արևմուտք, կամ եթե կարճ ասենք՝ հայկական խաչմերուկի ճյուղերից մեկը, կկապի հյուսիսը հարավին, այսինքն, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, մյուս ճյուղը, ըստ էության, Ադրբեջան, Հայաստան և հետագայում՝ դեպի Նախիջևան, Թուրքիա», - ներկայացրեց վարչապետը:

Պակաս ուշագրավ չէր Փաշինյանի հաջորդ հայտարարությունը, թե Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերագործարկման վերաբերյալ առաջիկայում սպասվում է փաստաթղթի ստորագրում։ Փաշինյանը, սակայն, մանրամասներ չհայտնեց. օրինակ՝ արդյո՞ք այն վերջակետ է դնելու ամիսներ շարունակ Երևանի ու Բաքվի միջև հրապարակային բանավեճին, թե ինչ իրավազորության ներքո են գործելու Ադրբեջանը Նախիջևանին կապող երկաթուղային և ավոտոմոբիլային ճանապարհները։

Կամ՝ արդյո՞ք փաստաթուղթը ստորագրվելու է Հայաստանի ու Ադրբեջանի միջև, թե՞ այն լինելու է եռակողմ՝ նաև Ռուսաստանի ներգրավվածությամբ, քանի որ երկաթուղու վերագործարկման բանակցություններին նախորդ շաբաթներին մասնակցում էին «Ռուսաստանյան երկաթուղիներ» ընկերության ներկայացուցիչները։

«Իհարկե, Արևելք-արևմուտքի նախագծային հատվածն արված չէ, բայց հընթացս քաղաքական պայմանավորվածությունների և համաձայնությունների ձեռքբերման համատեքստում մենք շատ արագ կիրականացնենք նաև այդ հատվածը: Գիտեք նաև, որ մենք հիմա կոնկրետ աշխատանքներ ենք իրականացնում Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայկական հատվածի կառուցման համար: Ըստ էության, չնայած տեխնիկական և նախագծային աշխատանքներն արդեն մեկնարկել ենք, առաջիկայում հույս ունենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կարձանագրվեն որևէ փաստաթղթի տեսքով և արդեն նաև դե յուրե գործընթացն ամբողջ թափով կծավալվի», - նշեց Փաշինյանը:

Վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը, ով երկաթուղու վերականգնման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավարն է, նախորդ շաբաթ «Ազատությանն» ասել էր, թե Հայաստան - Ադրբեջան երկաթուղու հայկական կողմի վերականգնվող երկու հատվածներում մինչև ամսվա վերջ մասնագետները կսկսեն տեղում ուսումնասիրություններ իրականացնել, ինչի հիման վրա էլ հետագայում նախագիծ կմշակվի։

Փաշինյանը երեկ նշեց. - «Հյուսիս-հարավ հատվածում մենք բնականոն գործող ճանապարհներ ունենք, արևելք-արևմուտք հատվածում բնականոն գործող ճանապարհներ չունենք: Իհարկե, հույս ունենք նաև Արևելք-արևմուտք հատվածով հնարավորինս արագ հասնել լուծումների և, ըստ անհրաժեշտության, ունենալ ժամանակավոր գործող ճանապարհ և հետագայում՝ այս նախագծի ամբողջացման կոնտեքստում ունենալ նաև հիմնական, արդեն վերջնական, այս նախագծի համատեքստում գործող ճանապարհ»: Նա անդրադարձավ ճանապարհներին, որովհետև երեկ կառավարությունը հայտարարեց «Հյուսիս-Հարավ» մայրուղու Սիսիան-Քաջարան 60 կիլոմետրանոց հատվածի կառուցման նախաորակավորման մրցույթի մեկնարկի մասին։ Առաջիկա 70 օրվա ընթացքում ընկերությունները հայտեր են ներկայացնելու, որից հետո որոշվելու է, թե որ ընկերություններն են համապատասխանում պահանջներին։ Այս փուլից հետո էլ արդեն որակավորված ընկերությունները կմասնակցեն ճանապարհահատվածի շինարարության մրցույթին։ Նա հույս հայտնեց, որ ողջ գործընթացը կավարտվի մինչև տարվա վերջ, որից հետո կսկսվի ճանապարհի կառուցումը։

Այսպես, երկաթուղու վերագործարկման վերաբերյալ առաջիկայում սպասվում է փաստաթղթի ստորագրում, սա կարևոր մեխն էր: Բնականաբար Փաշինյանը խուսափեց «միջանցք» բառից: Ու չի կարելի բացառել, որ այս պայմաններում, Հայաստանն ու Ադրբեջանը որոշեն, որ խուսափում են «միջանցք» բառի գործածումից, սակայն այն, այնուամենայնիվ, կգործի՝ անկախ անվանումից:

Փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբում «ամենակոնկրետը քննարկվել է» երկաթգծի հարցը, այն գործելու է մաքսային և սահմանային հսկողության ներքո, «Ազատության» հետ զրույցում երեկ իր հերթին նշել է այդ խմբում Հայաստանը ներկայացնող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նրա խոսքով` նոր պայմանավորվածություններ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու շահագործման առումով չկան, սակայն գործընթացի մեկնարկից առաջ պետք է լինի նաև գրավոր ձևակերպված փաստաթուղթ` ըստ իրավական պահանջների: «Կան ընդհանուր ընկալումներ սիմետրիկ առ այն, որ ապաշրջափակման, մասնավորապես երկաթգծի հետ կապված հնարավորությունները տեսանելի են, և ըստ այդմ, իհարկե, նման միջոցառում սկսելուց առաջ պետք է լինի նաև գրավոր ձևակերպում պայմանավորվածության, որովհետև ներդրումները մեծ են և իհարկե, ենթադրում են պայմանավորվածության ձևակերպում: Այս պահի դրությամբ բոլոր համաձայնությունների շուրջ եղել են պաշտոնական հրապարակումներ», - նշեց նա:

Անդրադառնալով Փաշինյանի երեկվա հայտարարությանը, թե հույս ունեն, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կարձանագրվեն որևէ փաստաթղթի տեսքով, և արդեն նաև դե յուրե գործընթացն ամբողջ թափով կծավալվի, փոխվարչապետն ասաց. «Հույս հայտնել նշանակում է, որ կա հույս, որ կլինի առաջընթաց: Մենք եռակողմ աշխատանքային խմբի հարթակում ունեցել ենք 8-9 հանդիպումներ, և այո, քննարկումները եղել են ըստ էության, քննարկվել են բավականին կոնկրետ»:

Հիշեցնենք, որ Խորհրդային միության փլուզումից հետո չգործող Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղին վերագործարկելու վերաբերյալ պայմանավորվածության մասին կողմերը հստակ հայտարարեցին նախորդ տարեվերջին Սոչիում, ապա Բրյուսելում՝ երկու երկրների ղեկավարների հանդիպումներից հետո։ Հայաստան- Ադրբեջան երկաթուղու Երասխի հատվածը վերականգնելու համար ամիսներ են պետք, իսկ Մեղրիի հատվածում, որտեղ 45 կիլոմետրանոց երկաթգիծ պետք է կառուցվի, կառավարության հաշվարկով սա մոտ 200 միլիոն դոլար կարժենա:

Մհեր Գրիգորյանի փոխանցմամբ` յուրաքանչյուր երկիր իր մասի ենթակառուցվածքը կառուցելու է իր միջոցների հաշվին. «Մեր դեպքում ամենայն հավանականությամբ դա կլինի պետական նախաձեռնություն, պետական ենթակառուցվածք, կարծում եմ` այս իրավիճակում և այս դեպքում ճիշտ է, որ դա լինի պետական ենթակառուցվածք»:

Երկաթուղու վերագործարկման բանակցություններին նախորդ շաբաթներին մասնակցում էին նաև «Ռուսաստանյան երկաթուղիներ» ընկերության ներկայացուցիչները։ Մհեր Գրիգորյանը շեշտել է` ընկերության հետ ինտենսիվ համագործակցում են. «Անկախ եռակողմ հարթակի աշխատանքներից` երկկողմ հարաբերությունների բազմաթիվ քննարկումների կարիք ունենք, և անկախ ապաշրջափակման հանգամանքներից` ռուսական երկաթուղու դուստր ձեռնարկությունը մեր օպերատորն է և կոնցեսորը: Դա նշանակում է, որ բոլոր տեսակի տեխնիկական փաստաթղթերի հետագա շահագործման հետ կապված, իհարկե, ճիշտ է քննարկել գործընկերների, ի վերջո իրենք են լինելու շահագործողը»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի մեղադրանքներին, որ հայկական կողմը տապալում է ապաշրջափակումը, Հայաստանի ներկայացուցիչը շեշտեց` «բարդ գործընթացներ են` քաղաքական իմաստով»:

Փոխվարչապետերի աշխատանքային խմբի վերջին հանդիպումը դեկտեմբերի 1-ին էր կայացել: Մհեր Գրիգորյանը չի հստակեցրել, թե երբ կլինի հաջորդ հանդիպումը, սակայն նշեց` ենթադրաբար աշխատանքները կշարունակվեն այդ հարթակում: «Մեր վերջնական նպատակը ապաշրջափակման այնպիսի սցենար ունենալն է, որը տարածաշրջանային կայունություն կբերի, և ենթակառուցվածքները կսկսեն այլևս ունենալ տարածաշրջանային նշանակություն: Դա նշանակում է, որքան շատ լինեն կապուղային հնարավորությունները, այդքան ավելի արդյունավետ կլինեն մեր ծախսերը, և այդքան ավելի արդյունավետ կգործեն մեր ենթակառուցվածքները, և այդքան ավելի տնտեսապես արդյունավետ կլինի մեր նախաձեռնությունը», - հավելել է նա:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2943 անգամ
Լրահոս
Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի Ալե՛ն, 44-օրյայի ժամանակ դու պախկված էիր, այսօրվա փողոց փակողներն Արցախում էին․ կիրանցի (video) Շուտով կլսենք և Երասխի, և միջանցքի հանձման մասին Ժամը 13.00-ի դրությամբ` Երևանի ճանապարհները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Նիկո՛լ, Արմենուհի Կյուրեղյանն ասել է՝ ձեր նմանների հետ փողոցում ինչ են անում․ Դավիթ Մկրտչյան (video) Թուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, պիտի խափանենք հող տալու գործընթացը (video) Լա՛վ լսեք՝ ոստիկանների մեջ «մլիցեք» կան, բայց էդ հարցը լուծվելու է․ ժողովու՛րդ, պետք է գործենք․ Դավիթ Մկրտչյան (video) Պարգևատրման արարողություն Կիրանցում (video) Հլը թո՛ղ ձեռքս․ ոստիկանը քաշում է պատգամավորի ձեռքից (video) Որտեղ էլ հայտնվի Փաշինյանը, պետք է վանկարկել՝ «Ցեղասպան Փաշինյան»․ Անդրանիկ Միհրանյան (video) Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը «6 տարի առաջ այս օրը Հրապարակում հայտարարեց, որ՝ եթե չընտրվի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա…». Ռոբերտ Հայրապետյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Հողը խաբար չտա Ալմա Աթիի հռչակագրում չկա որեւէ խոսք «ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների» մասին. Հակոբ Բադալյան Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել «Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում Չարբախը նույնպես փակ է Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am