«Հա՞յ ես». Միշուստինն իր հայերեն հարցով զարմացրեց լուսանկարչին. Sputnik Արմենիա
Նոյեմբերի 19-ին Երևանում անցկացվեց Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը։ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը աշխատանքի ամենաթեժ պահին որոշեց զրուցել ֆոտոլրագրողների հետ, գրում է Sputnik Արմենիան։
«- Ձեր մատները չե՞ն հոգնել այդքան նկարելուց,– հարցրեց նա։
Լուսանկարիչները կարծեցին, թե խանգարում են, ու որոշեցին հեռանալ, բայց վարչապետը կանգնեցրեց նրանց:
- Ո՛չ, ո՛չ։ Չմտածեք, թե ասում եմ` գնացեք այստեղից։
Մի քանի վայրկյան անց, երբ ֆոտոթղթակիցներն ավարտեցին իրենց գործն ու սկսեցին հեռանալ, Ռուսաստանի վարչապետը հայերեն դիմեց Sputnik Արմենիայի լուսանկարիչ Ասատուր Եսայանցին։
- Հա՞յ ես:
- Այո:
Միշուստինը ժպտաց և շարունակեց աշխատանքը։ Լուսանկարիչը զարմացավ, բայց ահա այսպիսի դրական կադր ստացվեց»,- գրում է կայքը։
Հիշեցնենք, որ տարիներ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, թե Միխայիլ Միշուստինինը կիսով չափ հայ է: Այնուամենայնիվ, այս տեղեկությունը ոչնչով հիմնավորված չէ։
Ավելին, ըստ Fip.am-ի, ամենայն հավանականությամբ, այս վարկածը 10 տարի առաջ մի անհայտ ռուս ազգայնականի հնչեցրած «մեղադրանքի» արդյունք է։